ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄՇՈՒՇՈՏ ԱՊԱԳԱՆ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ պայմանագիրը ստորագրելու մասին ՌԴ կառավարության առաջարկը: Նույն գործընթացը պետք է անցկացվի նաեւ ԵՏՄ անդամ մյուս երկու երկրներում. Ղազախստանի ու Բելառուսի նախագահները եւս պետք է համաձայնություն տան իրենց կառավարություններին՝ ստորագրել այդ պայմանագիրը: Սակայն, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անընդհատ ձգձգվում է:
Այս համատեքստում պատահական չէին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարությունները, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի՝ սեպտեմբերի 8-9-ը Հայաստան նախատեսված այցը տեղի չի ունենա: Ընդ որում, ընդամենը օրեր առաջ՝ օգոստոսի 18-ին, Աբրահամյանը բոլորովին այլ բան էր պնդում. նա վստահեցրել էր, որ Մեդվեդեւը սեպտեմբերին կգա Հայաստան, նույնիսկ այցի հստակ ժամկետ էր մատնանշել: Բայց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ու անձամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շտապեցին «գուժել»՝ Մեդվեդեւը չի գա Հայաստան: «ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի այցը Հայաստան նախատեսված էր ԵՏՄ վարչապետերի ընդհանուր այցի շրջանակներում, սակայն կառավարությունների ղեկավարների հանդիպումը տեղափոխվել է նախագահների գործունեության դաշտ»,-ասել է Հովիկ Աբրահամյանը:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, նախատեսված էր՝ Մեդվեդեւի այցի ժամանակ ստորագրել ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագիրը: Բայց քանի որ փաստաթղթի ստորագրումը հերթական անգամ հետաձգվում է, Մեդվեդեւի այցն էլ չի կայանա:
Ընդհանրապես, վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ ԵՏՄ-ի գլխին սեւ-մութ ամպեր են կուտակվել: ԵՏՄ անդամ երկրների մեջ հարաբերությունները կարծես թե նախկինի նման ջերմ չեն, եւ միության ձեւավորումից երեք ամիս անց ՌԴ եւ Ղազախստանի նախագահների միջեւ հեռակա բախումներ են սկսվել, այն էլ՝ հրապարակային դաշտում: Ինչպես հայտնի է, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը չի բացառել, որ իրենց երկիրը դուրս գա ԵՏՄ կազմից: «Եթե կանոնները, որոնք նախկինում հաստատվել են համաձայնագրում, չեն իրագործվում, ապա Ղազախստանն իրավունք ունի հրաժարվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից: Աստանան երբեք չի լինի կազմակերպության կազմում, որը վտանգում է Ղազախստանի անկախությունը»,-ասել է Նազարբաեւը` հավելելով,-մեր անկախությունն ամենաթանկ գանձն է, որի համար պայքարել են մեր պապերը: Առաջինը` մենք երբեք չենք հանձնի մեր անկախությունը, եւ երկրորդը` մենք կանենք ամեն հնարավորը, որ պաշտպանեք այն»: Ղազախստանի նախագահի այս հայտարարությունները բուռն արձագանք են գտել ՌԴ-ում. Վլադիմիր Պուտինը մի քանի օր անց հակադարձել է` ասելով, թե Ղազախստանը ստեղծվել է մի տարածքում, որտեղ երբեք չի եղել պետություն, որ «ղազախները երբեք պետականություն չեն ունեցել»:
Նկատենք, որ ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների միջեւ հեռակա բանավեճն ուշագրավ է. Նազարբաեւն անուղղակի կերպով լուրջ մեղադրանքներ է ներկայացրել ՌԴ-ին` ակնարկելով, որ Պուտինը ԵՏՄ-ի ստեղծմամբ վերականգնում է ԽՍՀՄ-ը` սպառնալով իրենց երկրի անկախությանը: Պատահական չէ, որ Նազարբաեւը խոսում է ԵՏՄ համաձայնագրի դրույթները չպահպանելու եւ Ղազախստանի անկախությանը սպառնալիքի դեպքում ԵՏՄ-ն լքելու մասին: Իհարկե, նախկինում էլ, հատկապես ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Բելառուսի եւ Ղազախստանի դիրքորոշումները չեն համընկել ՌԴ իշխանությունների տեսակետների հետ: Բայց սա առաջին անգամն է, երբ նրանք հրապարակային մեղադրանքներ են ներկայացնում միմյանց: Ընդ որում, ԽՍՀՄ-ը վերականգնելու մեղադրանքներ ՌԴ հասցեին բազմիցս հնչել են հատկապես Արեւմուտքից: Սակայն առաջին անգամ է, որ այս մասին բարձրաձայնում է ԵՏՄ հիմնադիր երկիրը: Թե ինչ ընթացք կստանան իրադարձությունները, ցույց կտա ժամանակը: Սակայն արդեն իսկ կարելի է պնդել, որ ԵՏՄ-ն դեռ չստեղծված, արժեզրկվել է: Ի վերջո, ԵՏՄ-ն կայացած կհամարվեր, եթե վերջինիս կազմի մեջ մտներ նաեւ Ուկրաինան: Այնինչ, վերջինս, թեկուզ տարածքային կորուստների գնով, նախընտրեց զարգացման եվրոպական ուղղությունը՝ ստորագրելով Եվրոասոցացման պայմանագիրը: Արդյունքում Ուկրաինայի քայլը մեծ հարված եղավ ԵՏՄ-ին՝ արժեզրկելով ու անարդյունավետ դարձնելով այն:
Սրան զուգահեռ, հիմա էլ Ղազախստանն է սպառնում՝ կամ դուրս կգա ԵՏՄ-ից, կամ ՌԴ-ն կհամաձայնվի իր պայմաններին: Հասկանալի է, որ Ղազախստանն ու Բելառուսը փորձում են ՌԴ-ից «քամել» հնարավորինս առավելագույնը՝ առաջ տանելով սեփական շահը: Ընդ որում, դեռ հայտնի չէ՝ նրանց շահը որքանով է համընկնում ԵՏՄ ընթացող Հայաստանի շահի հետ (հիշեցնենք, որ Ղազախստանն Ադրբեջանի հիմնական գործընկերն է եւ ԵՏՄ-ում նրա խոսափողը):
Նկատենք, որ ստեղծված իրավիճակը կարող է ծառայել Հայաստանի օգտին. ՀՀ իշխանության շատ ներկայացուցիչներ մասնավոր զրույցներում պնդում են, որ Հայաստանի անդամակցության դեպքում լուրջ խնդիրներ կարող են ծագել՝ կապված մաքսային դրույքաչափերի, դրա հետեւանքով սակագների բարձրացման հետ: Հիմա սա առիթ է՝ գործընթացից խուսափելու, գործընթացը ձգձգելու համար: Սակայն Սերժ Սարգսյանի իշխանությունն ամենեւին չունի դիվանագիտական ճկունություն, այս իրավիճակում խաղարկելու համար: Դատելով Սերժ Սարգսյանի պահվածքից, նա ի վիճակի չէ պաշտպանել Հայաստանի շահն ու բարձրաձայն իր անհամաձայնությունն արտահայտել, գոնե՝ Նազարբաեւի նման «հաթաթա» տալով: Մինչդեռ, հիմնականում Նազարբաեւի ջանքերով Պուտինին չհաջողվեց Եվրասիական միությունը դարձնել քաղաքական միություն եւ բավարարվեց տնտեսական միությամբ: Նազարբաեւի կոշտ դիրքորոշման շնորհիվ հիմնադիր պայմանագրից դուրս մնացին այն կետերը, որոնք սահմանափակում են անդամ երկրների ինքնիշխանությունը:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՊԱՐՏՔԵՐԻ ԵՐԿԻՐ
ՀՀ կառավարությունը նվազեցրել է Հայաստանի արտաքին պարտքը. 2014թ. հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է մոտ 3 մլրդ 899 մլն դոլար, իսկ օգոստոսի 1-ին դարձել է 3 մլրդ 834 մլն, ասել է թե՝ նվազել է 16 տոկոսով: Այս ամենը, բնականաբար, տեղի է ունենում ՀՀ քաղաքացիներիս գրպանի հաշվին, քանի որ արտաքին պարտքը մարվում է ՀՀ պետբյուջեի միջոցներով: Ավելին՝ ՀՀ արտաքին պարտքն այնքան մեծ է, որ կառավարությունը դեռ Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ «ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2014-2016թթ. ռազմավարական ծրագիր» էր ընդունել, որտեղ նախանշել էր իր գործողությունների հիմնական ուղղությունները: Ընդ որում, տարեցտարի ավելի ու ավելի մեծ գումարներ պիտի ուղղվեին այդ նպատակով: Մինչդեռ՝ եթե ժամանակին ՀՀ իշխանությունները պարտք չկուտակեին, ապա պետբյուջեի միջոցները հիմա կարող էին ուղղվել մեր երկրի բարեկեցության ծրագրերի իրագործմանը: Նշենք, որ ներկայիս կառավարությունն էլ հետ չի մնում իր նախորդից. կառավարության վերջին նիստում գործադիրը համաձայնեց Միջազգային զարգացման ընկերակցությունից 21.2 մլն դոլար հերթական վարկը վերցնել՝ սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի համար: Իսկ իրականում, թերեւս, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության որոշ աշխատակիցների լրացուցիչ եկամուտներով ապահովելու եւ հարստացնելու համար:
ԳԾԵՐԻ ՄԻՋՈՎ
Թեեւ վերջերս պարբերաբար խոսվում է, որ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի դիրքերը գնալով թուլանում են, «նրան գծերից գցել են», այնուամենայնիվ, նրա որդուն նոր՝ բավականին «յուղոտ» պաշտոնի են նշանակել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Դավիթ Սեդրակյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ: Նշեք, որ Դավիթ Սեդրակյանը Երեւանի ավագանու անդամ է եւ կշարունակի համատեղել պաշտոնն ու հասարակական հիմունքներով ավագանու աշխատանքը:
ԱՐՏԱԿԱՐԳ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օգոստոսի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի 25 շենքում: Գիշերը՝ ժամը 2:00-ի սահմաններում, շենքի բնակիչներից մեկը գոռալով օգնություն է կանչել: Հարեւանությամբ գտնվող շենքի բնակիչները կարծել են, թե թաղային մակարդակի հերթական կռիվն է: Սակայն մի փոքր ուշ պարզվել է, որ 25 շենքի մի քանի հարկերում հրդեհ է եւ բնակիչները ոչ մի կերպ չեն կարողանում դուրս գալ իրենց բնակարաններից: Գիշերվա կեսին դեպքի վայր են ժամանեկ ոստիկաններն ու փրկարարները՝ հորդորելով մարդկանց լքել բնակարանները: Նրանց մի մասը երեխաներին հասցրել է քնած վիճակում անկողիններից հանել եւ դուրս վազել, քանի որ հրդեհի հետեւանքով վտանգ կար, որ կարող էին պայթել շենքի գազի խողովակները: Բնակիչներից շատերը, ովքեր իրենց մեքենաները կայանում են շենքի հարակից տարածքում, շտապ հեռացնում էին շենքի բակից:
Ժամը 4:00 սահմաններում փրկարարներին հաջողվեց մարել հրդեհը:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՍԵՓԱԿԱՆ ԿԱԴՐԵՐՈՎ
Aravot.am-ի տեղեկություններով՝ ԱԺ իրավաբանական վարչության պետի տեղակալ է նշանակվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի թոռը՝ Գարեգին Պետրոսյանը: Նա ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահի տեղակալն էր: Ուշագրավ է, որ ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանը վերջին շրջանում լծված է իր լավագույն կադրերին տարբեր գերատեսչություններում պաշտոնների նշանակելու գործով: Արդյունքում մի քանի տասնյակ երիտհանրապետականներ պաշտոններ են ստացել ՀՀ տարբեր գերատեսչություններում՝ նախարարություններ, մարզպետարաններ, բուհեր, առողջապահական հաստատություններ:
ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է
«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանի համար անհասկանալի է, թե ինչու Քառյակից ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը հրաժարվեցին կուտակային կենսաթոշակային նոր օրենքը Սահմանադրական դատարանում (ՍԴ) վիճարկելուց: «ՍԴ դիմելու պատրաստակամություն են հայտնել ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Ես կարող եմ հարցադրում բարձրացնել` ինչու ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը հրաժարվեցին ՍԴ դիմելուց` հաշվի առնելով, որ Քառյակի 12 կետերից հենց առաջինը կուտակայինին էր վերաբերում: Եթե հրաժարվում են ՍԴ դիմելու պայքարի այդ ձեւից, ապա պետք է առաջարկեն պայքարի առանձին ձեւ, ինչը մենք դեռ չենք լսել»,-Aravot.am-ին ասել է Խաժակյանը:
ՆՇԱՆԱԿՎԵԼ Է
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով՝ ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Շահեն Տոնոյանը նշանակվել Է Արարատի մարզի դատախազության դատախազ:
ԱՆՀԵՏ ԿՈՐԵԼ Է
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 1995 թ. ծնված Համո Մարգարյանը, որը օգոստոսի 30-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, դուրս է եկել Երեւան քաղաքի Անդրանիկի 148 շենքի 45 բնակարանից եւ մինչ օրս չի վերադարձել: Ովքեր որեւէ տեղեկություն ունեն անհայտ կորածի վերաբերյալ՝ խնդրում ենք զանգահարել ոստիկանության Մալաթիայի բաժին հետեւյալ հեռախոսահամարներով` 010-39-02-02, 010-39-97-74, 093-73-00-43 կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։