ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՐՁԱԿԱԾ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ
Օգոստոսի 29-ի գիշերը Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արսեն Ավագյանը, ով առավել հայտնի է Տուգո անվանմամբ, կրակել էր 51-ամյա Սուրեն Իսահակյանի ուղղությամբ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրանք համատեղ բիզնես են ունեցել, որի հետեւանքով պարտք ու պահանջի հարց է ծագել՝ հանգեցնելով զենքի գործադրման:
Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ կրակոցները հնչել էին ժամը 20.20-ին: Ծնկի շրջանում հրազենային վնասվածք ստացած Սուրեն Իսահակյանը տեղափոխվել էր Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, որտեղ ասել էր, որ Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում պատահական ավտոմեքենայից կրակել են իր ոտքին: Ավելի ուշ պարզվել էր, որ Սուրենին իր՝ «Բերետա BER-237755» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակից կրակել էր 53-ամյա Արսեն Ավագյանը:
Ով է Արսեն Ավագյանը
Կրակոցների հեղինակ Արսեն Ավագյանը եղել է ԲՀԿ նախկին պատգամավոր, ինչպես նաեւ հանդիսանում է «Աստաֆյան» զվարճանքների կենտրոն ՓԲԸ-ի նախագահ: Նշենք, որ մինչ ՓԲԸ-ի նախագահ լինելը, Արսեն Ավագյանը «Աստաֆյան» կոոպերատիվում աշխատել էր որպես առաքիչ եւ միայն 2007թ. էր կարողացել լիարժեք տիրանալ նույն այդ «Աստաֆյան» ՓԲԸ-ին` ընտրվելով ընկերության նախագահ: Նշենք, որ «Աստաֆյան» համալիրի կառուցման շինարարությունը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց: Բանն այն է, որ հայր եւ որդի Ավագյանների «Աստաֆյան» համալիրը կառուցվեց կենտրոնաբնակ երեւանցիներից մի քանիսի սեփականության հաշվին՝ մասնավորապես Աբովյան 5/1 տուն 8 հասցեում բնակվող եւ 9 հոգուց բաղկացած ընտանիքի պապական տան հաշվին, որոնց առաջարկվել էր «Աստաֆյան»-ի կառուցման համար տրամադրել իրենց սեփականությունը գումարային փոխհատուցման դիմաց, սակայն նրանք հրաժարվում էին, քանի որ առաջարկվող գումարով կենտրոնում անգամ մեկսենյականոց բնակարան չէին կարող գնել:
Բայց Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀ Էներգետիկայի ներկայիս նախարար Երվանդ Զախարյանի «թեթեւ ձեռքով» ավելի ուշ աճուրդի հանվեց նույն հասցեի՝ 160 քմ տարածքի կառուցապատման իրավունքը, որտեղ հաղթող ճանաչվեց «Աստաֆյան» ՓԲԸ-ն: Ու մինչ բնակիչները հնարավոր բոլոր օղակներն օգտագործում էին՝ իրենց պապական ունեցվածքը փրկելու համար, այնուամենայնիվ ջանքերն ապարդյուն անցան:
«Կռիվ կինո-2»
«Նորաշեն 2007» կոոպերատիվի պատմությունը հայտնի է բոլորին ոչ միայն իր խճճվածությամբ, այլեւ հարուցված քրեական գործի մութ կողմերի ու ներքաշված հերոսների քանակով: Կմտածեք, թե ինչ կապ ունի բնակարանների խաբեության այս պատմությունը Տուգոյի հետ: Պարզվում է՝ ունի:
Դեռեւս 2007-ին «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանը եւ նրա գործընկեր Լուսաբեկ (Լյովա) Սամվելյանը կոոպերատիվի շահառուների հետ կնքել էին նախավճարի պայմանագրեր, այսինքն՝ երբ կառուցվող բնակարանների համար ապագա տերերն ըստ սահմանված ժամանակացույցի կատարեին ողջ մուծումը, նրանց հետ պետք է կնքվեին առքուվաճառքի պայմանագրեր: Սակայն որոշ անց խնդիրներ էին առաջացել կոոպերատիվի 3 շենքերի շինարարության հարցում, ինչը «Նորաշեն 2007»-ի ղեկավարներին ստիպել էր գումարներ փնտրել՝ գործն ավարտին հասցնելու համար: Գտնվել էին մարդիկ, ովքեր տվել էին գումար, բայց ոչ թե սովորական պարտքի տեսքով, այլ՝ տոկոսադրույքով, ինչը համարվում է վաշխառություն եւ պատժվում օրենքով: Ավելի ուշ պարզվել էր, որ այդ մարդիկ շատ հայտնի դեմքեր էին:
Այս ամենը հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում եւ դեռ ավելին՝ գործը 2011թ. մտել է դատարան: Գործով ամբաստանյալները բարձրաձայնել էին մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների անուններ՝ մասնավորապես տվել էին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, նրա ամուսնու՝ պետեկամուտների կոմիտեի տարածքային հարկային տեսչության (ՏՀՏ) նախկին պետ Դավիթ Բեգլարյանի, Պաշտպանության նախարարության աշխատակից, գնդապետ Արթուր Պողոսյանի եւ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, «Աստաֆյան» համալիրի սեփականատեր Արսեն Ավագյանի անունները:
Ավելին՝ մեղադրյալներից Արմեն Թադեւոսյանը դեռեւս 2012թ. նամակ էր գրել Սերժ Սարգսյանին՝ նշելով, թե ճաղերից դուրս են նրանք, ովքեր կոոպերատիվի ղեկավարներին տոկոսով գումար են տվել, ինչը վաշխառություն է՝ օրենքով արգելված գործունեություն: Պարզվում է՝ խարդախության, չարամտորեն հարկերից խուսափելու հոդվածներով հարուցված քրեական գործն արդեն երեք տարի է, ինչ քննվում է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Ու մինչ Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե «խոշոր ձկներին» պետք է «գլխից բռնել», փորձը ցույց է տալիս, որ մանրներն են «կարթն ընկնում»՝ հայտնվելով ճաղերի հետեւում:
Համատեղ բիզնեսի հետեւանքը
Ինչպես նկատեցիք, նախկին պատգամավորը բիզնես գործունեության հարցում այնքան էլ մաքուր չէ եւ մշտապես հայտնվել է աղմկալի պատմությունների կիզակետում: Ուստի, օգոստոսի 29-ին Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում հնչած կրակոցներն ամենեւին էլ անակնկալ չի կարելի համարել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արսեն Ավագյանը՝ Տուգոն, 51-ամյա Սուրեն Իսահակյանի հետ համատեղ բիզնես ունի: Եվ, ամենայն հավանականությամբ, նրանց միջեւ առաջացած պարտք ու պահանջի խնդիրներն են հանգեցրել կրակոցների: Իսկ թե կոնկրետ ինչու է նախկին պատգամավորը կրակել իր բիզնես գործընկերոջը, դեռեւս անհասկանալի է մնում: Իսկ թե ինչ ճակատագիր է սպասվում Արսեն Ավագյանին, դեռ վաղ է ասել: Կհաջողվի՞ նրան այս պատմությունից չոր դուրս գալ, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում, արձանագրենք, որ նախկին պատգամավորը ձերբակալված է: Կատարվում է քննություն:
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՄՈՒՄ Է ԴԱՏԱՐԱՆ
Օգոստոսի 28-ի համարում «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Սեւան քաղաքի Նաիրյան 151 հասցեում գրասենյակ կառուցելու խնդրի շուրջ ծեծի է ենթարկվել «Հզոր ապագա» կուսակցության ղեկավար Արկադի Կիրակոսյանը:
Կուսակցության առաջնորդն ասել էր, որ Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանն իրենց թույլատրել է նշված հասցեում գրասենյակ կառուցել, սակայն Ծովագյուղից 4-5 տղաներ արգելել են շինարարությունը եւ ծեծի ենթարկել իրեն:
«Ժողովուրդ»-ին Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը նախօրեին պաշտոնապես հայտնեց. «Նաիրյան 151 շենքից արեւելք ընկած հատվածից 67.95քմ մակերեսով հողատարածքի վրա խանութ կառուցելու համար Սեւանի քաղաքապետի կողմից 2008թ. մայիսի 19-ին տրվել է որոշում Չարենցի փողոցի թիվ 118 տան բնակչուհի Հասմիկ Անտոնյանին: Սա նշանակում է, որ կառուցապատողը «Հզոր ապագա» կուսակցության նախագահը չէ եւ նա չի կարող գրասենյակ կառուցել, երբ թույլտվությունը վերաբերում է խանութ կառուցելուն»:
Ըստ քաղաքապետի՝ ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 2 N 91 «ՀՀ-ում շինարարության թույլտվության եւ քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» որոշման 27 -րդ կետը սահմանում է. «Կառուցապատողը շինարարական աշխատանքներ իրականացնելուց առնվազն 3 օր առաջ տեղեկացնում է համապատասխան իրավասու մարմիններին, եթե թույլտվության այլ ժամկետ նախատեսված չէ: Հասմիկ Անտոնյանը որեւէ տեղեկանք չի ներկայացրել համապատասխան մարմիններին, ինչի հիման վրա էլ կասեցվել են Նաիրյան 151 հասցեի հողատարածքի շինարարական աշխատանքները»:
Նկատենք, որ քաղաքապետի պատասխանում խոսք անգամ չկա Արկադիին ծեծի ենթարկելու մասին, ինչը, թերեւս, ունի երկու բացատրություն. կա՛մ Ռուդիկ Ղուկասյանն ինքն է ուղարկել՝ ծեծելու Արկադի Կիրակոսյանին՝ այդպես կասեցնելով չթուլատրված շինարարությունը, կա՛մ էլ իրականում տեղյակ չէ տարածքային վեճի հետեւանքների մասին:
Այնուամենանիվ, «Ժողովուրդ»-ը զրուցեց Արկադի Կիրակոսյանի հետ՝ պարզելու, թե ով է Հասմիկ Անտոնյանը եւ ինչու անձամբ չի ներկայացել քաղաքապետարան՝ ինչպես պահանջում է օրենքը: Պարզվեց՝ Անտոնյանի որդին Արկադիի ընկերն է: «Այս գործի մի մասը գտնվում է ոստիկանությունում, իսկ ահա շինարարության կասեցման հարցով մենք գնում ենք դատարան եւ դատարանով ամեն ինչ կպարզաբանենք»,-հայտարարեց ՀԱԿ նախագահը:
Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
ԲԼԹ
«Եթե հասարակությունը, պաշտոնավորները, չինովնիկները ուզում են մաքրվել կամ բյուրեղանալ, ապա տարեկան մի քանի անգամ պետք է դպրոց մտնեն»:
Գալուստ Սահակյան Yerkir.am
ԱԺ նախագահը, ինչպես գիտենք, իր կյանքի զգալի մասը հենց դպրոցում է անցկացրել, եղել է ուսուցիչ եւ դպրոցի տնօրեն: Բայց նույնիսկ այդքան տարիների ընթացքում նա ոչ թե մաքրվեց կամ բյուրեղացավ, այլ դարձավ կարկառուն ՀՀԿ-ական եւ ՀՀԿ-ի ծերակույտի անբաժան մասնիկ, ավելին՝ հեղեղեց լրատվամիջոցներն իր «մտքի գոհարներով»: Այդ պատճառով է, երեւի, Գ. Սահակյանը մյուս չինովնիկներին խորհուրդ տալիս ընդամենը տարին մեկ մտնել դպրոց, այլ ոչ՝ ամեն օր, որպեսզի հանկարծ հետագայում որեւէ մեկը չհավակնի գրավել իր տեղը ծերակույտում եւ չհասնի Գրիգորիչի բյուրեղային մաքրությանը:
«Իսկ մարդիկ, այս արժանապատիվ պահը մի կողմ դրած, իրենց համար Սահմանադրության փոփոխությունների դաշտ են ստեղծում»:
Ռուբեն Գեւորգյան 7or.am
ԵԿՄ-ի այլընտրանքը ստեղծած՝ «այլընտրանքային» օլիգարխ-պատգամավորն ի սկզբանե Երդվյալ ազատամարտիկների միության մասին ասում էր, թե այն ապաքաղաքական կառույց է, հետեւաբար իրենց հանդիպումների ընթացքում միության անդամները պետք է որ քաղաքական հարցեր չքննարկեին: Այնինչ, որպես «Ծաղիկ Ռուբո» հայտնի Ռուբեն Գեւորգյանը երկար չդիմացավ եւ բացահայտ հայտնեց իր ստեղծած կառույցի քաղաքական, իսկ ավելի շուտ՝ «այլընտրանքային» էության մասին: Նրանց, ինչպես եւ ԲՀԿ-ին, հետեւաբար՝ ինչպես եւ Ռոբերտ Քոչարյանին, մտահոգում են սահմանադրական բարեփոխումները:
«Բացարձակապես նման բաներ չկան, դրանք հերյուրանքներ են… Բոլոր ինքնաշատրվանող ապօրինի հորերը փակում ենք»:
Արամայիս Գրիգորյան 168.am
Ինչպես մյուս պաշտոնյաները, այնպես էլ բնապահպանության նախարարը, բոլոր այն լուրերը, որոնք իրեն դուր չեն գալիս կամ ուղղակի ձեռնտու չեն, հերյուրանք է անվանում: Բոլորիս էլ հայտնի է, որ Հովիկ Աբրահամյանի մերձավորները Արարատի մարզում ձկնաբուծությամբ են զբաղվում եւ այդ նպատակով կարող են արտեզյան նոր հորեր փորել: Իհարկե, գովելի կլինի, եթե պարզվի, որ նախարարը հաշվի չի առնի վարչապետի բարեկամ լինելու արտոնությունը, սակայն քիչ հավատալի է, քանի որ Գրիգորյանն իր պահվածքով մեզ արդեն ցույց է տվել, որ իր մոտ ավելի լավ ստացվում է աշխատակիցներին վիրավորելը:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ