Ի՞ՆՉ ԱՐԺԵՆ 2-ՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԾԱՆՐԱԿՇԻՌ ՓԱՍՏԵՐԸ
«Վիկիլիքս»-ի կողմից հրապարակված ԱՄՆ դիվանագիտական արխիվի հերթական փաստաթուղթը ներկայացնում է Հայաստանում այդ երկրի գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինայի եւ Ռոբերտ Քոչարյանի՝ 2007թ. հուլիսին տեղի ունեցած զրույցի մանրամասները: 90 րոպե տեւած հանդիպման վերաբերյալ իր զեկուցագրում Փերինան ներկայացնում է Քոչարյանի մոտեցումները ներքին մի շարք հիմնահարցերի` մասնավորապես Ալեքսանդր Արզումանյանի ձերբակալության ու Լեւոն Գուլյանի սպանության առնչությամբ:
Փերինան նախ եւ առաջ նշում է, որ հանդիպումը տեղի է ունեցել ամերիկյան կողմի խնդրանքով, որն ակնկալում էր լսել Քոչարյանի կարծիքը հրատապ հիմնահարցերի առնչությամբ: Եթե Լեւոն Գուլյանի գործի կապակցությամբ Քոչարյանը արտահայտել է իր վստահ համոզմունքը, թե այն հետաքննված է բազմակողմանիորեն ու բոլոր հարցերի պատասխանները հայտնի են, ապա Արզումանյանի ձերբակալության առնչությամբ նա խոստացել է հապշտապ միջոցներ ձեռք առնել: Քոչարյանը նկատել է, որ հայ քննիչները աշխատանքներ են տանում Ռուսաստանում՝ փորձելով ապացույցներ գտնել Արզումանյանի ու նրա մի խումբ ընկերների կողմից փողերի լվացման գործում: Նա հավելել է, որ իր հնարավորությունները չեն ներում Ռուսաստանում ընթացող հետաքննությանն արագ ընթացք հաղորդելու հարցում, սակայն լիահույս է, որ «շուտով առնվազն հստակ կլինի, թե որքան ժամանակ այդ գործընթացը կարող է խլել»: Քոչարյանն ավելացրել է, որ եթե արտերկրում ընթացող հետաքննությունը չավարտվի կարճ ժամկետներում, ապա ինքը պատրաստ կլինի Արզումանյանին ազատ արձակել գրավի դիմաց, մինչեւ որ նախաքննությունը հասնի իր ավարտին: Հետաքրքիր է, որ Քոչարյանը, տուրք տալով արեւելյան իր մտածողությանը, սեփական անձը կրկին վեր է դասել երկրում առկա բոլոր օրենքներից, հաղթականորեն արհամարհել է ՀՀ Սահմանադրության՝ իշխանության տարանջատման սկզբունքները եւ իրեն վերապահել դատարանի գործառույթները: Այս մարդն ակնհայտորեն չի կարողանում հասկանալ, որ քաղաքացուն կալանավորելու կամ ազատ արձակելու իրավասությունը պատկանում է բացառապես դատարանին: Արդ, եթե Քոչարյանն անգամ որոշել էր գրավի դիմաց ազատ արձակել Արզումանյանին, արդյոք տրամաբանական չէ, որ վերջինիս ձերբակալելու որոշումն էլ կայացրել էր անձամբ ինքը: Ի վերջո, նման ինքնախոստովանություն ունենալով մեր տրամադրության տակ՝ կարող ենք նաեւ վստահաբար եզրակացնել, որ 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած ապօրինի ձերբակալությունները եւս կատարվել են անձամբ Քոչարյանի հրամանով, ուստի խնդրի հիմքում ընկած են եղել բացառապես քաղաքական դրդապատճառները:
Շարունակելով թեման՝ Քոչարյանը նշել է, որ խիստ կարեւորում է համապատասխան հետաքննության անցկացումը՝ հատկապես որ գործում «կրիմինալ գործունեության բավականին ծանրակշիռ փաստեր կան»: Այնպիսի տպավորություն է, որ Քոչարյանը ծանրակշիռ փաստեր է համարում բացառապես սեփական կարծիքը: Այլապես անհնար է հասկանալ, թե ինչպես կարող է նախագահի բարձր պաշտոնը զբաղեցնող մարդը խոսել ծանրակշիռ փաստերի մասին, բայց մի քանի ամիս անց պարզվի, որ իրականում ոչ մի ապացույց էլ չկա, ինչի ականատեսը եղանք նաեւ հենց այս քրգործում: Ի վերջո, շատերը կհիշեն, թե ինչպես էր Քոչարյանը 2008թ. մարտի 1-ին հայտարարում, որ մի քանի հոգի կրակում էին ոստիկանների վրա, ու թաքնվում ցուցարարների թիկունքում: Մարտի 1-ի ողբերգությունից անցել է 6 տարի, մինչդեռ ցայսօր ոչ ոք չի տեսել խոստացված կադրերը, իսկ Քոչարյանի «ծանրակշիռ» փաստերը հերթական անգամ դատարկ դուրս եկան: Հատկանշական է, որ Քոչարյանն առիթը բաց չի թողել կշտամբելու ԱՄՆ-ին՝ շեշտելով, թե Հայաստանը փողերի ապօրինի լվացման դեմ օրենքներն ընդունել է ԱՄՆ խորհրդով, ուստի «բավականին հեգնական է, երբ հենց ԱՄՆ-ն է կասկածի տակ դնում դրանք»: Փերինան հարկ է համարել Քոչարյանին հիշեցնել, որ իրենք մտահոգված են բացառապես հետաքննության թափանցիկության ու արդարության համար:
Դիվանագետը նաեւ արտահայտել է իր ու իր կառավարության մտահոգությունները Լեւոն Գուլյանի մահվան առնչությամբ: Քոչարյանը պատասխանել է, որ գործի քննությունը ավարտված է, ավելին՝ միջազգային հեղինակավոր մասնագետներն էլ են զբաղվել դրանով, իսկ եզրակացությունն այն է, որ ոչ մի ապօրինություն տեղի չի ունեցել: Այս կապակցությամբ, Փերինան նշել է, որ գործի քննությանն առնչություն են ունեցել եվրոպացի դատաբժիշկները: Վերջիններիս եզրակացությունը, ըստ Փերինայի, այնքան էլ վստահելի չի կարող համարվել, քանզի օտարերկրյա մասնագետներն անցկացրել են միայն երկրորդ փորձաքննությունը, որը տեղի է ունեցել Գուլյանի մահից բավականին ուշ: Ըստ հեղինակի՝ փորձաքննությունն ընդամենը հավաստել է, որ Գուլյանը մահացել է բարձրությունից ընկնելու միջոցով, մինչդեռ հայտնի չէ՝ դա ինքնասպանություն էր, թե՝ նրան հրել են պատուհանից: Հետաքրքիր է, որ Փերինան ուղղակիորեն կասկածի տակ է դրել Քոչարյանի պնդումները՝ արտահայտելով իր թերահավատությունը նրա ներկայացրած «ծանրակշիռ» փաստերի վերաբերյալ: Նման գնահատականի արժանանալով հանդերձ՝ Քոչարյանն այսօր շարունակում է իր կառավարման տարիները դրական գնահատել՝ ի հեճուկս հարյուրավոր ճակատագրերի խեղման, գաղտնի ու հրապարակային ապօրինությունների եւ անգամ անզեն մարդկանց գնդակահարելու փաստերի:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ ՄՈՆՈՊՈԼԱՑՐԵԼ Է ԼԱՅՄԻ ԲԻԶՆԵՍԸ
Ցիտրուսային լայմ տեսակի միրգն արագ եւ լայն տարածում է գտել տեղացի սպառողների շրջանակներում: Մոտ օրերս «Ժողովուրդ» օրաթերթին դիմած սննդի օբյեկտների սեփականատերերը նշեցին, որ լայմից ավելի շատ օգտվում են Հայաստանի զբոսաշրջիկները, քանի որ ավելի ծանոթ են ցիտրուսային այդ մրգին եւ այն հատկապես օգտագործում են ոգելից խմիչքների հետ:
Պարզվում է՝ նախորդ տարի ներքին շուկայում բավականին լայն տարածում է գտել Վրաստանի Հանրապետությունից ներկրված լայմը, որի 1 կգ-ն արժեցել է 700-800 դրամ: Դրա փոխարեն այսօր ներքին շուկայում վաճառվում է այլ երկրներից ներկրված լայմը, որի 1 կգ-ն արժե 1800 դրամ: «Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացիները հետաքրքրվում են, թե ինչու այս տարի ներքին շուկայում չեն վաճառվում վրացական լայմերը:
Փորձեցինք պետական գերատեսչություններից հետաքրքրվել, թե ինչու է այդ մրգատեսակի գինն ընդամենը մեկ տարվա ընթացքում կրկնակիից ավելի բարձրացել: Առաջին տպավորությամբ լայմի բիզնեսը վերցրել է ինչ-որ ազդեցիկ գործիչ, դրա համար էլ շուկայում գինը կտրուկ աճել է:
Սակայն ուշագրավն այն է, որ պատկան կառույցները՝ Էկոնոմիկայի եւ Գյուղատնտեսության նախարարությունները բացարձակապես տեղյակ չեն, թե ինչ է տեղի ունենում լայմի շուկայում: Երկու կառույցից էլ «Ժողովուրդ»-ը ստացավ նույն պատասխանը. «Այդ հարցը մեր նախարարության գործառույթների շրջանակներում չէ»:
Մինչդեռ հենց նույն նախարարություններն են ամեն պատեհ ու անպատեհ առիթով հայտարարում, թե ամեն ինչ անում են ՀՀ գործարար դաշտը բարելավելու համար:
«Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն՝ պարզելու, թե տարեսկզբից մինչ օրս որքա՞ն լայմ է ներկրվել Հայաստան եւ ո՞ր երկրներից: Պարզեցինք, որ տարեսկզբից մինչ օրս Հայաստան է ներկրվել 2.7 տոննա լայմ՝ Բրազիլիայից, Պերուից, Մեքսիկայից եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Իսկ Չինաստանից, Թուրքիայից, Բրազիլիայից, Արգենտինայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից եւ Վրաստանից ՀՀ է ներմուծվել մոտ 839 տոննա կիտրոն: Ինչպես «Ժողովուրդ»-ին վստահեցրեցին ՍԱՊԾ-ից, ներկրված մրգերը ենթարկվել են ե՛ւ լաբորատոր փորձաքննության, ե՛ւ սահմանային հսկողության:
Իսկ թե ինչ ընկերություններ են ներկրել, մեզ պարզել չհաջողվեց, քանի որ ՀՀ ֆինանսների նախարարությունը հարցերին պատասխանելու «սովորություն չունի»: Ու, թերեւս, հենց այդտեղ է թաղված շան գլուխը. ո՞վքեր էին նախկինում ներկրում լայմը եւ ո՞վ է անում հիմա: Գուցե էլի գործին խառնվել է Հայաստանին բանան մատակարարող «Քեթրին գրո՞ւպը», որը պատկանում է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՔՈՉԱՐՅԱՆՆԵՐԻ ԱՆԾԱՅՐԱԾԻՐ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում անդրադառնալով ՀՀ տնտեսության ներկայիս վիճակին` մասնավորապես ասել էր. «Ցավոք, մեր տնտեսության իրավիճակի եւ հեռանկարի լավատեսական գնահատականի համար ոչ ներքին ու ոչ էլ արտաքին պատճառներ չունեմ: Ավելին, ի հայտ են եկել գլոբալ բնույթի նոր սպառնալիքներ, որոնց ազդեցության աստիճանը դեռ գնահատման կարիք ունի: Ինչպե՞ս կազդեն Արեւմուտքի եւ Ռուսաստանի փոխադարձ պատժամիջոցները համաշխարհային տնտեսության վրա, ինչպե՞ս կարձագանքի դրան ռուսական տնտեսությունը, որքա՞ն երկար կտեւի դա, կավելանա՞ն պատժամիջոցները, թե՞ ոչ եւ այլն: Անհասկանալի է, թե ինչ կկատարվի Հայաստանի տնտեսության տարածաշրջանային բաղադիչի հետ Եվրասիական տնտեսական միություն մտնելուց հետո (խոսքը վերաբերում է Իրանի եւ Վրաստանի հետ ապրանքաշրջանառությանը): Եվ ընդհանրապես, տեխնոլոգիական առումով ինչպե՞ս է գործելու միասնական մաքսային տարածքը Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ սահմանված պատժամիջոցների պայմաններում: Այս հարցերի պատասխանները կամ չկան, կամ կրում են ենթադրական բնույթ, իսկ դա նշանակում է, որ մենք բացասական սպասումների մեծ շրջան ենք մտել»:
Ինչ խոսք, միանգամայն հասկանալի են Քոչարյանի մտահոգությունները, առավելեւս, որ նա անձամբ շատ մեծ բան ունի կորցնելու՝ «բացասական սպասումների» իրականացման դեպքում: Քոչարյանի աստղաբաշխական հարստության մասին պարբերաբար հրապարակումներ են եղել թե՛ հայկական, թե՛ ռուսական մամուլում: Ստորեւ ներկայացնում ենք ռուսական «versia.ru» կայքի հրապարակած` Քոչարյանի ունեցվածքի եւ բիզնեսների ցուցակը, որը, վստահաբար, ամբողջի մի մասն է միայն:
Եվ այսպես. «Արցախբանկ», ՄԱՊ (50%). (հիշեցնենք, որ ընկերության հիմնադիրը ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանն է), «Յունիբանկ» (համասեփականատեր), «ABB» բանկ (համասեփականատեր), «Renko Construction», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան» (90 տոկոսից ավելի), «Արդշինինվեստբանկ» (50 տոկոսից բարձր), «Կոնվերս Բանկ» (տարբեր տվյալներով 30-50 տոկոս), «Կապուտակ Սեւան» համալիր (100 տոկոս), «Նաիրի» բժշկական կենտրոն»։ Այնպիսի բրենդներ, ինչպիսիք են՝ «Emporio Armani», «Stefano Ricci» եւ այլն, «Հ2» հեռուստաընկերություն (համասեփականատեր), «SAS» խանութների ցանց (50 տոկոս), «Նոյ» կոնյակ-գինիների գործարան (50 տոկոս՝ համասեփականատեր Գագիկ Ծառուկյանի հետ), Մեծ առեւտրի կենտրոն՝ Մոսկվայում, Խաղատուն՝ Մոսկվայում, Բջջային հեռախոսների ներկրում. այս շուկայի 80 տոկոսը պատկանում է Քոչարյաններին: «Ղ-տելեկոմ» (չի նշվում, թե որքան փայաբաժին ունեն Քոչարյաններն այս ընկերությունում): «Արարատցեմենտ» գործարան (այս ընկերությունում Քոչարյանները 33 տոկոս մասնաբաժին ունեն, համասեփականատերը Գագիկ Ծառուկյանն է: «Կոնվերս բանկ» (մեծ տղայի՝ Սեդրակ Քոչարյանի միջոցով), Հայաստանում «TOYOTA» ընկերության ներկայացուցչություն: