ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՈՒՈԹԵՐՄԱՍՏԵՐ ԿԼԱՍԻԿ»-Ը՝ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2010թ. աշնանը ՀՀ կառավարությունը 600 հազար եվրոյով ձեռք բերեց «Ուոթերմասթեր կլասիկ III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորը, որը պետք է Սեւանա լիճը մաքրեր ջրի տակ մնացած ծառերից, թփերից ու արմատներից: Սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ տեխնիկան չի ծառայում իր նպատակին. այն օգտագործում են Սեւանա լճի ափին ամառանոցներ ունեցող պաշտոնյաներն` «իրենց բաժին» Սեւանը մաքրելու համար: Իսկ այն վայրերը, որտեղ պետք է աշխատեր մեքենան, գարշահոտ ճահիճ են հիշեցնում: Պարզելու համար, թե ինչու լիարժեք չի գործարկվում թանկարժեք էքսկավատորը` «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի ԺՊ Գրիշա Հովհաննիսյանի հետ:

-Պարոն Հովհաննիսյան, մեր տեղեկություններով՝ «Ուոթերմասթեր կլասիկ III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորն այսօր օգտագործվում է մաքրելու համար այն պաշտոնյաների ամառանոցների ափերը, որոնք տեղակայված են Սեւանա լճի ափին: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկությունը:
-Նման բան չկա: Դե, ասում են, հիմա շատերը կարող են շատ բան ասել: Դրանք ասեկոսեներ են: Մենք գործ ենք անում: Նույն այդ ասողները թող գան տեսնեն օլիգարխի տուն կա՞ այնտեղ, թե՞ ոչ: Շատ հեշտ է նման բաներ ասել:
-Իսկ ի՞նչ սկզբունքով են ընտրվում մաքրման ենթակա տարածքները:
-Գիտականորեն առաջարկվում են այն տարածքները, որոնք արդեն իսկ ջրի մեջ են: Ջուրը ինչ չափի որ բարձրանում է, աշխատում ենք այդ չափով անմիջապես ապահովել մաքրման աշխատանքները:
-Հատո՞ւկ մասնագետ է իրականացնում այդ աշխատանքները:
-Նախկինում, երբ այդ մեքենան բերել են հատուկ մասնագիտություն չի պահանջվել դրանով աշխատելու համար: Այսինքն՝ այն վարորդները կարող են աշխատել, ովքեր ժամանակին տրակտորների վրա աշխատել են:
-Մաքրման աշխատանքները սեզոնայի՞ն բնույթ են կրում, թե՞ կարող են իրականացվել ողջ տարին:
-Հիմա այս պահին Վարդենիսի տարածաշրջանում են ընթանում մաքրման աշխատանքները: Լինում է, որ ձմռանն էլ են աշխատում: Այս շաբաթ ցանկանում ենք բնապահպանական ակտիվ հասարակական խմբերի հրավիրել, ոչ թե` աշխատանքների ավարտին գան մասնակցեն, այլ ընթացքում, որպեսզի իրենք իրենց աչքով տեսնեն ամեն ինչ: Մենք ունենք նախարարի հանձնարարականը՝ մեր կողմից կատարված ծրագրերին եւ աշխատանքներին պետք է մասնակցություն ունենան նաեւ հասարակական կազմակերպությունները:
-Տարեկան որքա՞ն գումար է հատկացվում կոնկրետ այդ մեքենայով ափամերձ տարածքը մաքրելու համար:
-Մրցույթ է նախապես հայտարարվում: Տարեկան մաքրման աշխատանքների համար հատկացվում է մոտավորապես 122 մլն դրամ, եւ դրան գումարած 5 հա լրացուցիչ տարածքը, որն իրականացնում է կապալառու կազմակերպությունը:
-Իսկ այդ էքսկավատորի սպասարկումն ինչպե՞ս է իրականացվում: Որքա՞ն վառելիք է այն ծախսում:
-ՀՀ կառավարության որոշման համաձայն, երբ մրցույթով ընտրվում է կապալառու կազմակերպությունը, ապա այն հանձնվում է տվյալ հաղթող կազմակերպությանը: Այն տարեկան լրացուցիչ 5 հա տարածքով մաքրման աշխատանքներ է կատարում: Մաքրման այդ աշխատանքներն իրականացնում է «Ճամբարակ» ՍՊԸ-ն: Ի դեպ, այս առումով վերջին մրցույթն իրականացվել է 2013-ի նոյեմբեր ամսին: Իմ տեղեկությամբ՝ դիզվառելիքով է աշխատում այդ սարքավորումը: Դա 2010-ին է մեր պետությունը գնել ու բավականին հզոր մեխանիզմ է: Արտադրությունը ֆիննական է: Այս պահին էլ աշխատում է, կապալառու կազմակերպությունը շատ գոհ է: Պայմանագրի եւ կառավարության համապատասխան որոշման մեջ գրված է՝ եթե մարքման ընթացքում այն վնասվի, ապա անմիջապես ակտ է կազմվում եւ կապալառու կազմակերպությունն իր գումարների հաշվին պարտավորվում է այն վերանորոգել:
-Իսկ երբ, ի վերջո, լճի ափերի մաքրման գործընթացն ավարտվի, ի՞նչ եք անելու այդ թանկարժեք մեքենան:
-Տա Աստված, այդ աշխատանքներն ինչքան շուտ ավարտվեն, այնքան լավ կլինի մեր միակ Սեւանա լճի համար: Բայց աշխատանքները ծավալուն են եւ ըստ ծավալների՝ աստիճանաբար մաքրվում են: Ամեն տարվա համար հատկացված չափաքանակները կան եւ ըստ ժամանակացույցի՝ դրանք իրականացվում են: Գնումների մասին ՀՀ օրենքի համաձայն, եթե տվյալ կապալառուն ժամանակացույցը խախտի, ապա կտուգանվի: Իսկ մինչ այդ նման խախտումներ չեն եղել:
-Պարոն Հովհաննիսյան, Ձեր նախկին վերադասի` բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի կատարած աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում: Նրա հեռանալուց հետո անավարտ մնացած շա՞տ ծրագրեր կան:
-Նախկին պետերի մասին՝ ոչինչ: Բոլոր աշխատանքները կամ լինում են բավարար, կամ էլ՝ անբավարար: Ես նրա աշխատանքը գնահատում եմ բավարար:
-Առաջիկայում տնօրենի պաշտոնի համար մրցույթ է հայտարարվելու: Դուք հայտ ներկայացնելո՞ւ եք, թե՞ ոչ:
-Ես էլ եւ ցանկացողներն էլ հայտ կներկայացնենք ու կմասնակցենք մրցույթին:
Հ. Գ. Նշենք, որ եթե անտառը մնա ջրի տակ, ապա լիճ կլցվի մեծ քանակությամբ ազոտ եւ ֆոսֆոր, ինչը կարող է կործանարար լինել ոչ միայն ջրի, այլեւ ձկնատեսակների համար: Իսկ ամենից շատ ազոտ են պարունակում ծառերի տերեւներն ու ճյուղերը, որոնք մեծամասամբ չեն հանվում լճից: Հիշեցնենք, որ Սեւանի ափերի մաքրումը պատշաճ չկազմակերպելու եւ այդ նպատակով ՀՀ կառավարության տրամադրած միջոցները ռացիոնալ չօգտագործելու համար ՀՀ դատախազությունը ժամանակին քրեական գործ էր հարուցել, որն անհեթեթ պատճառաբանություններով կարճվեց:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 
ԼՈՒՐԵՐ

ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

36 տարվա պատմություն ունեցող Գյումրու Գեղագիտության ազգային կենտրոնն ընդամենը մեկ անգամ է հիմնանորոգվել: Շենքը գտնվում է անբարենպաստ գոտում. ստորգետնյա ջրերի պատճառով ներսում խոնավության առկայությունը մշտական է, եւ հետեւաբար շենքի վիճակն էլ՝ անմխիթար: 2013թ-ին պետբյուջեից ընդամենը 30մլն դրամ հատկացվեց 1200քմ կառույցում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար: Նշված գումարը բավականացրեց միայն ջեռուցման համակարգ անցկացնելուն եւ պատուհանները փոխելուն: Շինարարները, որոնց հատկացրել էր Շիրակի մարզպետարանը, աշխատանքները դադարեցրել են եւ հեռացել, երբ գումարն ամբողջությամբ ծախսվել է: Նոր ուսումնական տարվան ընդառաջ ճարահատյալ շենքի նորոգումը սեփական ներդրումների հաշվին ավարտին հասցրին կենտրոնի աշխատակիցներն ու սաների ծնողները: Վերջիններս հատկապես աջակցեցին շինանյութի տրամադրմամբ: Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Սուսաննա Մկրտչյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ չնայած խնդրանքներին քաղաքապետարանը ոչ մի տեսակի աջակցություն չի ցուցաբերել: Հիմա վերանորոգումն ավարտված է, սակայն տանիքն այդպես էլ փոխել չի հաջողվել, այն միայն «կարկատել» են: Տնօրենի խոսքերով՝ իրենք երջանիկ կլինեն, եթե որեւէ բարերար ցանկություն հայտնի աջակցել տանիքի վերանորոգման հարցում, այլապես` տանիքը չփոխելու դեպքում, արված ամբողջ աշխատանքը կարող է ջուրն ընկնել:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի

 

 

ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ

ԿՀԻԿ հիմնադրամը տեղեկացնում է, որ կուտակային բաղադրիչի մասնակիցների անհատական կենսաթոշակային հաշիվներում արդեն հասանելի է 2014 թ. հունվարի 1-ից մինչեւ հուլիսի 1-ը մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարները անկանխիկ եղանակով ստանալու մասին դիմումի ձեւը: Քաղաքացիները դիմումները կարող են ներկայացնել մինչեւ այս տարվա դեկտեմբերի 25-ը:
Դիմումները հնարավոր է ներկայացնել «www.epension.am» կայքում մուտք գործելով ԻՄ ՀԱՇԻՎԸ համակարգ կամ այցելելով հաշվի օպերատորներից որեւէ մեկին` ներկայացնելով անձնագիր եւ հանրային ծառայությունների համարանիշ, կամ միայն նույնականացման քարտ:
Դիմումը ներկայացնելիս մասնակիցը տեղեկացվում է, որ կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման ժամանակ կարող է գանձվել առավելագույնը 2% մարման վճար:
Հիշեցնում ենք, որ վերադարձվում են միայն մասնակցի կատարած պարտադիր կուտակային հատկացումները:
Եթե մասնակիցը ներկայացրել է սոցիալական վճարի պարտականությունից հրաժարվելու դիմում, ապա մինչեւ հուլիսի 1-ը նրա օգտին պետության կատարած հատկացումները փոխանցվում են պետական բյուջե:
Դիմումների ներկայացման ընթացակարգերի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ` զանգահարելով 114 անվճար թեժ գծին:

 
ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԳԱՂՏՆԻ ԿՊԱՀՎԻ

Տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով նախորդ տարի Ադրբեջանում հայտնված եւ օգոստոսի 26-ին գերությունից ազատ արձակված Հակոբ Ինջիղուլյանին 2 շաբաթից կտեղափոխեն երրորդ երկիր: Ինչպես «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց Ինջիղուլյանի եղբայրը` Հարությունը, այս պահին Հակոբը գտնվում է փախստականների համար նախատեսված ճամբարում (որի անունը գաղտնի է պահվում), եւ իրենք կարողացել են կապ հաստատել նրա հետ: «Քանի որ կամերա չկար «Skype»-ին, նրան տեսնել չկարողացանք, բայց ձայնը լսվում էր, տրամադրությունը բարձր էր: Կարեւորը նա ապահով է եւ Ադրբեջանում չէ»,-ասաց Հարությունը` հավելելով, որ Հակոբի գտնվելու վայրը իրենք պարտավոր են գաղտնի պահել` ելնելով նրա անվտանգությունից: Հիշեցնենք, որ շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը նախորդ տարվա օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով հայտնվել էր Ադրբեջանում, իսկ այս տարվա օգոստոսի 26-ին նրան Բաքվից տեղափոխել են Ժնեւ:

 

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԻ ԱՃ

Այս տարի Հայաստանում առաջին դասարան է գնացել մոտ 40 հազար երեխա: Այս մասին սեպտեմբերի 1-ին հայտարարել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ դա կանխատեսված ցուցանիշ է, իսկ մինչեւ սեպտեմբերի 10-15-ն արդեն բոլոր դպրոցներում կլինեն աշակերտների վերջնական թվերը: «Մենք «Այբբենարան» եւ մաթեմատիկայի դասագրքեր ենք տրամադրել բոլոր առաջին դասարանցիներին որպես նվեր»,-տեղեկացրել է Հովհաննիսյանը: Նա նաեւ հավելել է, որ 1-4 դասարանների դպրոցական դասագրքերը կտրամադրվեն անվճար, իսկ միջին եւ ավագ դպրոցներում նախատեսված է որոշակի վճար:

 

ՀԱՆՈՒՆ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ

Գնդեվազ գյուղի երիտասարդները նախօրեին բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ Ամուլսարի հանքավայրի շահագործման եւ ցիանային ֆաբրիկայի կառուցման: Ամուլսարի ծրագիրն իրականացնող «Գեոթիմ» ընկերության Տեղեկատվական կենտրոնի մոտ հավաքվել են շուրջ 40 գնդեվազցիներ՝ արտահայտելու իրենց բողոքը: Իրենց հերթին «Գեոթիմ»-ի աշխատակիցները պատասխանել են, որ իրենք 6-7 տարի է` աշխատում են հանքավայրում եւ առողջական ոչ մի խնդիր չեն ունեցել: Ակցիայի մասնակից, Գնդեվազի բնակիչ Կարեն Բարսեղյանի խոսքով՝ բնակիչները մտադիր են նամակ ուղղել ընկերության գլխավոր բաժնետեր Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին «(EBRD)»՝ պահանջելով դադարեցնել Ամուլսարի ծրագրի ֆինանսավորումը: Սկսվել է ստորագրահավաք, որին արդեն իսկ միացել է 150 հոգի:

 

 




Լրահոս