ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՑԱՎՈՒՄ ԵՄ, ՈՐ ՄԱՐԴԻԿ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ ՔԻՉ ԵՆ ԿԱՐԴՈՒՄ

Սեպտեմբերմեկյան տոնական տրամադրությունները հրաշալի առիթ են եւս մեկ անգամ խոսելու օրվա խորհրդի՝ գիտելիքի մասին: Գիտելիքի մասին մարդկային պատկերացումներն, իհարկե, բազմազան են: Սրընթաց զարգացող տեխնոլոգիաները, ինտերնետային «հրաշալիքները» մարդկության մեծ մասին կտրել է գրքերից եւ նետել համացանցային սարդոստայնը:

Եթե տարիներ առաջ՝ խորհրդային իշխանության օրոք, գիրք կարդալը համարվում էր կենսական անհրաժեշտություն, ապա այսօր տպագիր տարբերակով որեւէ բան ընթերցելը նույնացվում է հնացած ավանդույթի հետ: Ինչո՞ւ է այս իրավիճակը ստեղծվել, ի՞նչ է պետք անել՝ իրապես գիտելիքահեն հասարակություն ունենալու համար: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նախկին լրագրող, հաղորդավարուհի-դերասանուհի Զառա Արամյանի՝ «համով Զառայի» հետ:
-Սիրելի համով Զառա, մեր այսօրվա հասարակության կրթվածության մակարդակն ինչպե՞ս կգնահատեք:
-Մարդիկ բավականին տեղեկացված են, ճկուն մտահորիզոն ունեցող երիտասարդների ներկայությունը մեր հասարակությունում բավականին ոգեւորիչ է:
-Այսօր գրեթե բոլոր ոլորտներում խոսվում է այն մասին, որ մեր երիտասարդները բավականին քիչ են կարդում: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Ցավով պիտի նշեմ, որ այսօր մարդիկ բավականին քիչ են կարդում: Ես ինքս շատ եմ սիրում կարդալ, բայց իմ երեխաներին չեմ կարողանում ստիպել, որ իրենք էլ կարդան: Մի տեսակ մարել է կարդալու «մոլուցքը»:
-Ձեր կարծիքով՝ մարդիկ իրենց գիտելիքների բացն այլ տեղեկատվական միջոցներո՞վ են լրացնում, թե՞ պարզապես այսօր արդեն «նորաձեւ» չէ կրթված, կարդացած լինելը:
-Այո, անշուշտ լրացնում են մարդիկ իրենց տեղեկատվական քաղցը: Առաջ որեւէ թեմայից խոսելիս, այդ թեմայի շրջանակներում ակտիվ զրույց ծավալելու համար, պետք էր առնվազն տասը գիրք կարդացած լինել, իսկ հիմա կարելի է մի փոքրիկ հոդված կարդալով, թեմայի մասին բավականին լուրջ ինֆորմացիայի տիրապետել: Այս ամենը նկատի ունենալով` ցավում եմ, որ մարդիկ մեր օրերում քիչ են կարդում:
-Ձեր նշած հոդվածերն արդյոք բավարա՞ր են համակողմանի եւ հիմնավոր գիտելիքներ ձեռք բերելու համար: Թե՞ այդ ամենը նմանվում է «ֆասթ-ֆուդ»-ի՝ արագ, կշտացնող, բայց անորակ…
-Չեմ կարծում, որ համացանցում առկա հրապարակումները բավարար են, բայց առանց դրա ավելի սոսկալի վիճակում կհայտնվի մեր հասարակությունը: Գիրք կարդալը շատ կարեւոր է, բայց եթե չեն կարդում, գոնե նման միջոցներով լրացնեն իրենց տեղեկատվական բացը:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

ԼՈՒՐԵՐ

 

ՄԵՆԱՀԱՄԵՐԳ ԿՈՒՆԵՆԱ

Երգչուհի Սոնա Ռուբենյանն ու «The Beautified Project» խումբը շուտով նոր տեսահոլովակ կներկայացնեն: Երգչուհին առաջիկայում ցանկանում է համերգով հանդես գալ նաեւ երեւանցիների համար:
«Ուզում եմ կարճ ժամկետներում համերգ կազմակերպել եւ սեպտեմբերին ներկայանալ հանդիսատեսին: Դա կլինի իմ առաջին մենահամերգը»,-ասել է երգչուհին` նշելով, որ խոսքն ակումբային համերգի մասին չէ: Նրա խոսքով՝ այս փուլում մենահամերգով ներկայանալու պահանջ ունի, քանի որ ամեն օր ուզում է երգել. «Երկար ժամանակ ծրագրում էի մենահամերգ ունենալ, սակայն ինչ-ինչ պատճառներով չէր ստացվում, կարծում եմ՝ հիմա ճիշտ ժամանակն է»:

 

ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

Հայտնի ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը իր մոտոցիկլետով վթարի է ենթարկվել: Վթարը տեղի է ունեցել Լոս Անջելեսի փողոցներից մեկում: «Shamrock Tattoo» սրահից դուրս գալիս նա նկատել է, որ սրահի մոտ պապարացիներ են հերթապահում: Նստելով մոտոցիկլետը՝ նա փորձել է ազատվել լուսանկարիչներից, սակայն մի պահ կորցրել է վերահսկողությունը եւ ընկել մոտոցիկլետից:
Բարեբախտաբար, աստղը լրջորեն չի տուժել: Նա մի քանի թեթեւ վնասվածքներ է ստացել, մոտոցիկլետը նույնպես շատ չի վնասվել:

 

«ՕՍԿԱՐ-2014»-Ի ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐԸ

Ամերիկյան կինոակադեմիայի ղեկավար խորհուրդը ներկայացրել է 2014թ. պատվավոր «Օսկար»-ների արժանացածների ցանկը:
Սպասված մրցանակին արժանացել են ֆրանսիացի դերասան, սցենարիստ ու գրող Ժան Կլոդ Կարիերը, ճապոնացի անիմատոր Հայաո Միյաձակին ու իռլանդացի դերասանուհի Մորին Օ Հարան:
Ջին Հերշոլթի անվան մարդասիրական մրցանակը կստանա ամերիկացի դերասան, երգիչ ու հասարակական գործիչ Հարրի Բելաֆոնտեն:
Մրցանակների շորհման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2014թ. նոյմբերի 8-ին «Hollywood & Highland Center» կինոկենտրոնի «Dolby Ballroom» սրահում:

 

ՇԱԿԻՐԱՆ ԿՐԿԻՆ ԿՄԱՅՐԱՆԱ

Երգչուհի Շակիրան կրկին հղի է: Օրերս նա հաստատել է, որ շուտով կմայրանա: Ապագա երեխայի սեռը դեռեւս հայտնի չէ: Հիշեցնենք, որ 37-ամյա երգչուհին եւ նրա սիրելին` 27-ամյա ֆուտբոլիստ Ժերար Պիկեն, արդեն 4 տարի է՝ միասին են: Մոտ մեկ եւ կես տարի առաջ ծնվեց գեղեցիկ զույգի առաջնեկը` Միլանը: Այս ընթացքում Շակիրան ու Ժերարը մի քանի անգամ անվանվել են աշխարհի ամենագեղեցիկ եւ օրինակելի զույգերից մեկը: Սիրահարները դեռեւս չեն շտապում պաշտոնապես ամուսնանալ, սակայն Շակիրայի` մեծ ընտանիք ունենալու երազանքը աստիճանաբար իրականություն է դառնում: Մի քանի տարի առաջ երգչուհին հայտնել էր, որ ցանկանում է Ժերարից 9 երեխա ունենալ: Գուցե մոտ ապագայում գեղեցիկ զույգն, իսկապես, սեփական ֆուտբոլային թիմը կազմի։

 

388.000 ԴՈԼԱՐԱՆՈՑ ՁԵՌՆՈՑՆԵՐԸ

Այն ձեռնոցները, որոնցով 1971-ին բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալին պայքարել է ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար եւ ամերիկացի Ջո Ֆրեյզերի հետ մենամարտում իր կյանքում առաջին անգամ պարտություն կրել, աճուրդում վաճառվել են 388.000 դոլարով: Աճուրդը կազմակերպվել է ԱՄՆ Քլիվլենդ քաղաքում:
«Այս ձեռնոցները, ինչպես եւ շատ այլ ձեռնոցներ, որոնցով կռվել է Ալին, պատրաստվել են հատուկ պատվերով հայտնի վարպետ Սեմի Ֆրեգերի կողմից: Հետագայում ձեռնոցները փոխանցվել են Ալիի մարզիչ Անջելո Դանդիին, ով դրանց վրա թողել է իր ստորագրությունը»,- պատմել է աճուրդի տան ներկայացուցիչը:
1971թ. մարտի 3-ին կայացած մենամարտը ժամանակակիցներն անվանել են «դարի մենամարտ», այն հեռարձակվել է աշխարհի 35 երկրներում:

 

«ԱՅՐՎՈՂ ՄԱՐԴ» ՓԱՌԱՏՈՆԸ

ԱՄՆ-ի Նեւադա նահանգի Սեւ ժայռ անապատում անցկացվում է «Այրվող մարդ» «(Burning Man)» 27-րդ ամենամյա մշակութային եւ արվեստների փառատոնը, որի ժամանակ հազարավոր մասնակիցներ տասնյակ հսկա կառույցներ ու քանդակներ են կառուցում, ապա այրում: Անցյալ ուրբաթ փառատոնի շրջանակներում այրվել է կնոջ եւ տղամարդու հսկա քանդակը: Այն ստացել է «Գրկախառնություն» անվանումը, որը խորհրդանշում է «տոնակատարությունը բոլոր հարաբերություններում»: Ավելի քան 72 000 կգ փայտից քանդակի բարձրությունը կազմում էր մոտ 22 մետր: Քանդակի կառուցումն արժեցել է 266 000 դոլար, իսկ կառուցման աշխատանքներն իրականացրել են կամավորները:




Լրահոս