ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԴԵՍՊԱՆԻ ԽՈՍՔԸ ՏԵՂԻՆ ՉԷՐ»

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը երեկ հայտարարել է, թե իրենք աջակցում են Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը: Մյուս կողմից, սակայն, նա հավելել է, որ կենսաթոշակային այդ բարեփոխումները խնդրահարույց են, եւ իրենք հասկանում են մարդկանց մտահոգությունները: «Գոյություն ունի վստահության պակաս կառավարության, հայաստանյան հաստատությունների եւ քաղաքացիների միջեւ»,-ասել է դեսպանը: Փաստորեն, ԱՄՆ դեսպանը թեեւ ընդունում է, որ ՀՀ իշխանությունները չեն վայելում հասարակության աջակցությունը, մյուս կողմից անհասկանալի ջանասիրությամբ սատարում է այդ նույն իշխանությունների նախաձեռնություններին: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս առնչությամբ ասաց. «Տեղին չեմ համարում դեսպանի կողմից նման լարված վիճակում նման խոսքեր շռայլելը: Օրենքը ստեղծված է ծառայելու մարդկանց, ու քանի որ մարդիկ դժգոհում են օրենքից, նշանակում է՝ այն լավը չէ»:

 
ԱՎԾ-ն երեկ հրապարակել է ՀՀ-ում աղքատության ցուցանիշները: Ըստ այդմ, 2010թ. այն եղել է 35.8, 2011-ին` 35, իսկ 2012-ին` 32.4 տոկոս: Պաշտոնական վիճակագրությունը փորձել է ցույց տալ, թե նվազել է նաեւ ծայրահեղ աղքատության մակարդակը. 2010-ի 3 տոկոսի փոխարեն այժմ 2.8 տոկոս է: Սակայն այս ցուցանիշները չեն նշանակում, որ ՀՀ-ում աղքատությունն իրոք նվազել է: Իրականում ժողովուրդը շարունակում է ապրել նույն վատ պայմաններում, բայց թվային աճպարարության հետեւանքով տպավորություն է, թե այդ ցուցանիշը նվազում է: Բանն այն է, որ իշխանություններն ամեն տարի հետեւողականորեն բարձրացրել են աղքատության շեմը` 33.5 հազար դրամից դարձնելով 37 հազար: Ասել է թե, եթե նախկինում աղքատ էր համարվում ամսական 33.5 հազար դրամ եկամուտ ունեցողը, ապա հիմա` 37 հազար դրամ ունեցողը: Աղքատության թվի նվազման վրա մեծ դեր է ունեցել այն հանգամանքը, որ նվազագույն աշխատավարձը մի փոքր բարձրացնելով՝ փորձեցին ցույց տալ, թե լուծում են սոցիալ-տնտեսական հարցերը:

 
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ միասնական քննչական մարմնի կազմավորումից հետո ստեղծվելու է իրավական ապահովման հանձնաժողով, որտեղ աշխատելու են ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի «կադրերը»: Տեղեկություններ կան, որ Ա. Հովսեփյանի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը եւս լինելու է կոմիտեի կազմում: Երեկ Ա. Դանիելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ սխալ է ասել Ա. Հովսեփյանի «կադրեր». «Ես խորը հարգանք ունեմ պարոն Հովսեփյանի նկատմամբ, ես այդ մասով չեմ կարող որեւէ կարծիք ներկայացնել, թե ով կվերադառնա կամ չի վերադառնա, բայց, համենայնդեպս, ես մտածում եմ, որ շատ պրոֆեսիոնալ իրավաբաններ կան, որոնք պետք է անպայման աշխատեն այդ համակարգում»: Ա. Դանիելյանը նշեց նաեւ, որ միանշանակ է՝ ինքը կվերադառնա իրավական համակարգ, բայց չցանկացավ փակագծերը բացել: Հավելենք, որ երեկ ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգում ընդգրկվել է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրինագիծը:

 
Արդեն մի քանի օր է, ինչ Երեւանի ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը 100 տոկոսով բարձրացրել է ոսկերիչների, թանկարժեք քարի արտադրամասերի տաղավարների վարձերը: Հիշեցնենք, որ «Վաղարշ եւ որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ն անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից 65 միլիոն դրամի չափով տուգանվեց: Շուկայի աշխատակիցները պնդում են, որ այս տուգանքի պատճառով է, որ Վ. Աբրահամյանը բարձրացրել է տաղավարների վարձերը եւ պահանջում է այդպես վճարել իր տուգանքը: Արդյունքում՝ ոսկերիչներից շատերը փակում են իրենց արտադրամասերն ու հեռանում: Իսկ այն ոսկերիչները, որոնք ունեն ավել թվով աշխատողներ, սկսել են կրճատումներ անել: Ի դեպ, առաջիկայում բարձրանալու է նաեւ ոսկու վաճառքի տաղավարների վարձի չափը: «Ժողովուրդ»-ին ահազանգած ոսկերիչները հայտնեցին, որ տաղավարների վարձակալության պայմանագրերը լրացված են մի շարք խախտումներով, որն էլ տնօրինությունը պարտադրում է ստորագրել: Ավելին՝ այն վարձակալողներին ներկայացվում է առանց կնիքի, իսկ բնօրինակն էլ չեն տրամադրում:

 

 

 

 

 

 

Ի ՑՈՒՅՑ ԴՆԵԼՈՎ

Սերժ Սարգսյանը երեկ այցելել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն, որտեղ մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել: Մասնավորապես, անդրադառնալով նախարար Յուրի Վարդանյանի գործունեությանը, նա ասել է, թե Հայաստանն իրեն շռայլություն է թույլ տվել ունենալու սպորտի նախարար, ով սպորտի կենդանի լեգենդ է եւ պետք է հազարավոր երեխաների հերոսն ու նմանվելու իդեալը դառնա: «Ես կարծում եմ, որ գիտեք` ձեր առաջնահերթ խնդիրը պետք է լինի Յուրի Վարդանյան լեգենդի օգտագործումը: Բոլորիդ եմ ասում, թող որեւէ մեկին չթվա, թե ես հաշվի եմ առել Յուրի Վարդանյանի կազմակերպչական մեծ ունակությունները, որ առաջարկել եմ նախարար: Ես առաջարկել եմ, որ այս մարդը, ով կենդանի լեգենդ է, դառնա նախարար, որպեսզի նրան որպես այդպիսին նաեւ ի ցույց դնենք»:
Փաստորեն, Սերժ Սարգսյանի ընկալմամբ` մեր երկրում նախարարի պաշտոն զբաղեցնելու համար առաջնային է ոչ թե կազմակերպչական ունակությունը, այլ ներկայացուցչականությունը, բրենդը, տվյալ դեպքում` սպորտային: Սա պարզապես ապշեցուցիչ մոտեցում է, որն էլ, թերեւս, բացահայտում է հայրենական սպորտի տխուր վիճակի պատճառները:
Տարակուսելի է, որ Յուրի Վարդանյանին որպես լեգենդ ընկալելու եւ նրա կերպարով երիտասարդներին ոգեշնչելու տարբերակ Ս. Սարգսյանը տեսել է Վարդանյանին նախարար նշանակելը: Այն դեպքում, երբ հենց դա միանգամայն հակառակ ազդեցությունը ունեցավ այդ լեգենդի հանրային ընկալման վրա: Ակնհայտ է, որ Յուրի Վարդանյանի հանդեպ համազգային սերը, մեղմ ասած, չավելացավ նրա նախարարական շրջանի պահվածքի արդյունքում, երբ, օրինակ, ԱԺ կատարած իր առաջին այցելության ընթացքում նա լրագրողների հարցերին անընդհատ պատասխանում էր` «որտեղ է զուգարանը, զուգարան գնալ եմ ուզում», կամ էլ մեկ այլ առիթով հոխորտում, թե ինչ ուզում եք, գրեք, «տանձիս չի»: Դե իսկ նրա որդու հետ կապված թմրանյութային սկանդալն էլ վերջնականապես վերացրեց լեգենդին ընդօրինակելու շատերի ցանկությունը:
Թերեւս չարժե նշել, թե հայրենական սպորտին որքանով օգուտ բերեցին Վարդանյանի չափազանց մեծ ամբիցիաները եւ ՀԱՕԿ-ի հետ ծավալվող հակամարտությունը: Եվ, ի վերջո, ի՞նչն էր խանգարում, որ մեր լեգենդին «ի ցույց դնեին» նրա նախկին` ՀՀ նախագահի խորհրդականի կարգավիճակով: Էլ չասած, որ մենք այսօր, բացի Յուրի Վարդանյանից, ունենք նաեւ այլ, ոչ պակաս լեգենդար մարզիկներ (օրինակ` Ալբերտ Ազարյանը), ինչո՞ւ Ս. Սարգսյանը չի մտածում նաեւ նրանց «ի ցույց դնելու» մասին:
Մի բանում, իհարկե, Սերժ Սարգսյանն իրավացի է. իսկապես մեծ շռայլություն է ունենալ Յուրի Վարդանյանի նման նախարար: Իսկ այդ շռայլության կոնկրետ հետեւանքները Սոչիի օլիմպիական խաղերում մեր մարզիկների արձանագրած չափազանց տխուր արդյունքներն են:

 




Լրահոս