ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԿԱԴՐԵՐԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆ

Երեկ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել ՀՀ քննչական կոմիտեի մասին օրինագծին, եւ այն ընդգրկվել է ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգում: Գործող հինգ քննչական մարմիններից քննչական կոմիտեի կազմում առայժմ կընդգրկվեն միայն երկուսը` ՀՀ ոստիկանության եւ պաշտպանության նախարարության քննչական մարմինները: Երեկ այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի տեղակալ Արմեն Դանիելյանի հետ:

Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարվա սեպտեմբերին Սերժ Սարգսյանը կարգադրություն էր ստորագրել «Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին»: Հանձնաժողովի ղեկավար էր նշանակվել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Տեղեկություններ կան, որ Ա. Հովսեփյանից հետո ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից հրաժարական տված Ա. Դանիելյանը եւս լինելու է կոմիտեի կազմում:
-Պարո՛ն Դանիելյան, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից հեռանալուց հետո՝ մեզ հետ զրույցում, հայտարարեցիք, որ Դուք դեռ վերադառնալու եք այդ համակարգ: Այժմ ինչո՞վ եք զբաղված եւ ե՞րբ եք վերադառնալու:
-Այժմ բացառապես զբաղված եմ կրթական գործունեությամբ, հենց հիմա նստած հոդված էի պատրաստում: Մշտապես է եղել, որ ես զբաղվել եմ գիտակրթական գործունեությամբ, ուղղակի այժմ ավելի խորացված եմ ուսումնասիրում:
-Այսինքն՝ չե՞ք վերադառնալու իրավապահ համակարգ, ինչպես խոստացել էիք:
-Իհարկե կվերադառնամ, ես կարծում եմ, որ այն իրավաբաններն են պրոֆեսիոնալ, որոնք ոչ միայն համալսարաններում գիտական, մանկավարժական գործունեություն են ծավալում, այլեւ այդ տեսական գիտելիքներն օգտագործում են պրակտիկայում: Ու ես չեմ թաքցնում, որ ապագայում պրակտիկ գործունեություն եմ ծավալելու:
-Տեղեկություններ կան, որ Դուք եւս ընդգրկվելու եք ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորելիք քննչական կոմիտեում: Արդյո՞ք դա այդպես է:
-Վերադառնալու եմ իրավապահ համակարգ, կոնկրետ եթե ասեմ, այնքան էլ ճշմարիտ չի լինի, բայց իրավապահ համակարգում անպայման աշխատելու եմ: Ես մտածում եմ, որ ես շատ անելիքներ ունեմ:
-ՀՀ գլխավոր դատախազությունից Ձեր հեռանալուց հետո նշվեց, որ Ա. Հովսեփյանի «կադրերը» հեռանում են, որպեսզի աշխատեն նրա ղեկավարած համակարգում…
-Գիտեք, իրականում շատ շատերը, որոնք գնացել են համակարգից, կենսաթոշակի են անցել: Պետք է օրենսդրությունը նայել՝ հասկանալու համար՝ արդյոք այդ մարդիկ կվերադառնան, թե ոչ: Հնարավոր է՝ նրանք վերադառնան մասնավոր գործունեության: Ու ասել, թե դատախազության համակարգում պարոն Հովսեփյանի կադրերն են, կադրերը չեն, նման տարանջատում պետք չէ անել, նրանք դատախազության համակարգի ծառայողներ են: Իսկ ես առիթ ունեցել եմ ասելու, որ խորը հարգանք ունեմ պարոն Հովսեփյանի նկատմամբ, ես այդ մասով չեմ կարող որեւէ կարծիք ներկայացնել, թե ով կվերադառնա կամ չի վերադառնա, բայց, համենայնդեպս, ես մտածում եմ, որ շատ պրոֆեսիոնալ իրավաբաններ կան, որոնք պետք է անպայման աշխատեն այդ համակարգում: Կապ չունի` ես պարոն Հովսեփյանի հետ կաշխատեմ, թե ոչ, կարծում եմ, որ լավ իրավաբանները պետք է անպայման լինեն այդ ոլորտում:
-Այսօր իրավապահ համակարգում տարածված տեսակետ կա, որ միասնական քննչական մարմինը ձեւական բնույթ է կրում, եւ այն ստեղծվում է ընդամենը Ա. Հովսեփյանին չնեղացնելու եւ նրան հարմար պաշտոն ապահովելու համար: Ըստ Ձեզ` ՀՀ-ում իսկապե՞ս նման մարմին ստեղծելու անհրաժեշտություն կա:
-Հարցադրումն ունի տարբեր կողմեր. նախ՝ չէի ցանկանա, որ քաղաքական շահարկումների առիթ դառնար այս հարցը, որովհետեւ դա օրենսդիր մարմնի կողմից է ընդունվելու: Բայց իմ երկար տարիների գործունեությունը թույլ է տալիս ասել, որ քննչական մարմինը պետք է լինի բացարձակ անկախ: Նախաքննական մարմնի որակից, պրոֆեսիոնալիզմից, այնտեղ աշխատող քննիչներից շատ բան է կախված: Ուստի որեւէ գերատեսչության համակարգում քննչական մարմին ունենալը, իմ կարծիքով, արդարացված չէ: Եվ ժամանակն է, որ մենք իսկապես ունենանք նախաքննական անկախ մարմին մեկ համակարգում: Ապագայում, կարծում եմ, որ այն քննչական մարմինները, որոնք գտնվում են տարբեր գերատեսչությունների կազմում, կմիավորվեն մեկ միասնական կառույցում: Սա ուղղակի արդարադատության իրականացման համար հարկավոր է, որպեսզի մենք ունենանք որակյալ քննություն, որակյալ իրավապահ համակարգ: Իսկ գալով Ձեր հարցին, թե արդյոք դա պայմանավորված է պարոն Հովսեփյանի անձով, անկեղծ ասած՝ ես դա մշտապես լսում եմ, բայց իրականում շատ սխալ է նման բան հայտարարելը: Ուղղակի մի բան հստակ է. պարոն Հովսեփյանը երկար տարիներ դատախազության քննչական համակարգում է աշխատել եւ ունի մեծ փորձ, ու դա շատ կարեւոր է: Իսկ թե ով կնշանակվի, ես դրա շուրջ կարծիք հայտնելը վաղաժամ եմ համարում:

 

 

 

 

 

 

 

 

ՀՀԿ-ԱԿԱՆԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ՅԱՆՈՒԿՈՎԻՉԻՆ

 

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ու ընդդիմության առաջնորդներ Արսենիյ Յացենյուկը, Վիտալի Կլիչկոն ու Օլեգ Տյագնիբոկը ստորագրել են Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման մասին համաձայնագիր: Արարողակարգին ներկա են գտնվել նաեւ Լեհաստանի ու Գերմանիայի արտգործնախարարներ Ռադոսլավ Սիկորսկին ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Իսկ ավելի վաղ «Մայդանի խորհուրդ»-ը որոշակի պայմանների դեպքում ընդդիմադիր եռյակին լիազորել էր համաձայնագիր ստորագրել Վ. Յանուկովիչի հետ: Այս առիթով «Ժողովուրդ»-ը մի քանի հարց ուղղեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանին (Բուռնաշ):

-Պարո՛ն Աղաբաբյան, Դուք հետեւո՞ւմ եք Ուկրաինայում կատարվող իրադարձություններին, օր օրի զոհերի թիվն ավելանում է, սակայն իշխանությունները դեռեւս չեն ցանկանում «նահանջել»:
-Որոշակի չափով հետեւում եմ եւ ի սկզբանե ասել էի, որ այնտեղ լավ բան չի լինելու, իշխանություն է փոխվելու: Ուկրաինայի այսօրվա իշխանությունը հնարավորություն չի ունենալու վերականգնել իր նախկին դիրքերը, որովհետեւ այդ պրեզիդենտը, որը չունի աշխատանքի կազմակերպման անցած ճանապարհ եւ ընտրել է հանցագործության ճանապարհը, նա ո՞նց կկարողանա նման հսկա պետությունը կառավարել նման իրավիճակներում:
Եթե մի երկրի նախագահ, որն ինքը հանցագործ աշխարհի ներկայացուցիչ է եւ կյանքի քաղաքական փորձ չունի, քաղաքական դրսեւորումների փորձ չունի… բնականաբար, ճիշտ չվերաբերեց ինքն իր ժողովրդի նկատմամբ, ժողովրդին տեսավ իրեն համար կոնկրետ թշնամի, չտեսավ որպես ժողովուրդ, դրա համար էլ նմանատիպ ծայրահեղությունը բերեց նրան, որ դա կտանի իշխանափոխության, ու երկիրը կբաժանվի մի քանի մասի: Հավանական եմ համարում նաեւ, որ այնտեղ ռուսական խոսք պետք է ասվի, որպեսզի Ուկրաինայում ամեն ինչ պոտենցիալ լինի, ու երկիրը նորից կանոնակարգվի: Դրա համար էլ բաժանում է տեղի ունենալու՝ ամեն մեկը տարբեր նշանակություններով:
-Եթե նման բան տեղի ունենար ՀՀ-ում, արդյո՞ք իշխանությունները….
-Նման բան չի կարող լինել Հայաստանում, քանի որ մենք միատարր ազգ ենք, եւ մեր մեջ դժվար նման բաներ լինեն: Մի ժողովրդի կրոնը, եթե կարող է լինել ե՛ւ կաթոլիկ, ե՛ւ ուղղափառ, ո՞նց կարող է այնտեղ հակասություններ չլինեն:
-Ուկրաինայի խորհրդարանի իշխանական պատգամավորները դուրս եկան ու կանգնեցին ժողովրդի կողքին, Դուք Հայաստանում նման բան կանեի՞ք, ժողովրդի կողքին կկանգնեի՞ք:
-Դե բնական երեւույթ է, ու բոլոր պառլամենտներում էլ կարող են նման բաներ լինել, թույլերը միշտ ուժի կողմն են անցնում:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ՍԱՐՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ՄՈՏ

«Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե մարտի 1-ին իրենք լինելու են ազատամարտիկների կողքին՝ Սարյանի արձանի մոտ: «Երբ հունիս ամսին ազատամարտիկները սկսեցին նստացույց, եւ արդեն հաջորդեցին հանրահավաքներ, մեր կուսակցությունը որոշում է կայացրել ու հայտարարություն հրապարակել, որտեղ ասված էր, որ մեր կուսակցության քաղխորհուրդը, համակիրները պաշտպանելու են ազատամարտիկների գործընթացը: Դա մնում է ուժի մեջ եւ փոփոխման ենթակա չէ, ու մենք լինելու ենք նրանց կողքին, որովհետեւ ճշմարիտ ճանապարհը իրենց մոտ ենք տեսնում ու օգնելու ենք՝ մեր սուղ հնարավորություններից ելնելով: Իսկ այդ օրը ազատամարտիկները հավաքվելու են Սարյանի արձանի մոտ, մենք լինելու ենք նրանց կողքին»,-հայտարարեց Գ. Մարգարյանը: Հարցին, թե հնարավոր է՝ միանան Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնող ՀԱԿ-ին կամ Մյասնիկյանի արձանի մոտ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանին եւ «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանին, ասաց. «Մենք վաղուց ՀԱԿ անդամ չենք՝ պառլամենտական ընտրություններից հետո, Աստված բոլորի հետ, թող անեն, մենք հարգանքով ենք վերաբերում բոլոր այն գործընթացներին, որ ուղղված են այս հանցավոր ռեժիմից ազատվելու գործին»:

 

 

ՊԱՐԶ Է

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ արդյոք ինքը ճշտել է, թե ովքեր էին ԱԱԾ մի խումբ աշխատակիցները, որոնք հայտարարություն էին տարածել ու վարկաբեկել իրեն: «Իսկ ի՞նչ պետք է պարզեմ, ինձ համար պարզ է, թե ինչ է տեղի ունեցել, իսկ այդ աշխատակիցներ ասվածը մեկ հոգի է՝ Գորիկ Հակոբյանը: Նա վախենում է հոկտեմբերի 27-ից, քանի որ առաջին պատասխանատուներից մեկն է, այդ ժամանակ հսկայական վարչությունն իրեն էր ենթարկվում: Բա իրեն ինչի՞ համար էին պահում, եթե հոկտեմբերի 27-ը կանխեր»,-հայտարարեց Գ. Եղիազարյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ հանդես էին եկել հայտարարությամբ, որտեղ նշված էր, թե «ԱԱԾ աշխատակիցները լավ են հիշում նաեւ նրա վարքը մեկուսարանում, ուր նա կարող էր ձեռքերին ազատություն տալ, ստիպողաբար կեղծ ցուցմունքներ կորզել եւ դրանով իսկ խաղալ մարդկային ճակատագրերի հետ»: Այս եւ նմանատիպ մեղադրանքներ հնչեցին Գ. Եղիազարյանի հասցեին:

 
ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿՎԻ

Ուկրաինայի ռադայի որոշմամբ ազատ կարձակվի Ուկրաինայի նախկին վարչապետ, երկար ժամանակ կալանքի տակ գտնվող Յուլյա Տիմոշենկոն: Սա իսկական հաղթանակ է Մայդանում պայքարողներից շատերի համար:




Լրահոս