ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ ԴԵՍՊԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 80 ՏՈԿՈՍԻ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի մասնակցությամբ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ քննարկումը երեկ սկանդալային ընթացք է ունեցել: «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները հանդիպման կեսից մտել են դահլիճ` տապալելով միջոցառումը:

Խորհրդաժողովը, ի դեպ, կազմակերպվել էր կիսագաղտնի. հրավիրված է եղել մի քանի լրատվամիջոց: «Դ!եմ եմ»-ի ներկայացուցիչներն էլ, իմանալով միջոցառման մասին, դրոշակներով ու պաստառներով մտել են դահլիճ, պահանջել իրենց եւս ելույթ ունենալու հնարավորություն ընձեռել: Սակայն ակտիվիստներին բռնի ուժով հեռացրել են: Քիչ անց նրանք կրկին վերադարձել են ու կրկին պահանջել` ելույթի հնարավորություն ընձեռել: Երբ առաջարկվել է ելույթ ունենալ վերջում, ակտիվիստները չեն համաձայնել, արդյունքում` միջոցառումն ընդհանրապես դադարեցվել է: Այդ ընթացքում նաեւ փոքր վեճ է տեղի ունեցել «Դ!եմ եմ»-ի անդամների եւ ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ, էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի միջեւ. պաշտոնյան ակտիվիստներին անվանել է «անգրագետ»: Ակտիվիստները հակադարձել են նրան` «անգրագետը դուք եք»: Իսկ ավելի ուշ արդեն ակտիվիստներն իրեց ֆեյսբուքյան գրառումներում հիշեցրել են Երիցյանի պաշտոնավարման ժամանակ ՀՀ պետբյուջեի միջոցներով ձեռք բերված 124 մլն դրամ արժողության բիոզուգարանները, որոնք այդպես էլ չաշխատեցին:

Խոստովանեցի՞ր, զավա՛կս
Մինչեւ այդ միջադեպը, սակայն, վարչապետն ու ԱՄՆ դեսպանը հասցրել են ելույթ ունենալ: Տ.Սարգսյանն ուշագրավ խոստովանությամբ է հանդես եկել. այս համակարգը ներդնում են, քանի որ ՀՀ-ում արդեն ծերացող հասարակություն է: «Երիտասարդ սերնդի թոշակների խնդիրը մենք ինչպե՞ս ենք լուծելու, եթե ծերացող բնակչություն ենք»,-հարցրել է նա: Այն, որ Հայաստանում հասարակությունը ծերացող է, անվիճելի փաստ է: Միայն թե, Տ.Սարգսյանն այդ արձանագրումից հետո ճիշտ կաներ նաեւ խոստովաներ, թե ում մեղքով է ստեղծվել այս իրավիճակը, ում ապաշնորհ կառավարման արդյունքում է, որ ՀՀ-ում մի կողմից արտագաղթ է, մյուս կողմից գնալով նվազում են ծնունդների թիվը:
Երբ խախտում են էթիկան
Պակաս ուշագրավ չէր Ջոն Հեֆերնի ելույթը: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ներկաների համար դասախոսություն է կարդացել` համոզելու համար, թե որքան լավ բան է կուտակային կենսաթոշակային համակարգը, եւ ինչու պետք է այն ներդրվի Հայաստանում: Նա նաեւ հայտարարել է, թե իրենք աջակցել ու աջակցում են այդ նախագծին: «Ցանկանում եմ մեր շարունակական աջակցությունը հայտնել այս բարեփոխման հաջող իրականացմանը»,-նշել է դեսպանը: Մյուս կողմից, սակայն, Հեֆերնը հակասել է ինքն իրեն` հայտարարելով, որ կենսաթոշակային այդ բարեփոխումները խնդրահարույց են, եւ իրենք հասկանում են մարդկանց մտահոգությունները: «Հիշենք նաեւ, որ Խորհրդային Միության փլուզման հետեւանքով շատ հայաստանցիներ կորցրեցին երկար սպասված թոշակները: Հիշողությունները դեռ թարմ են: Դեռ ավելին` գոյություն ունի վստահության պակաս կառավարության, հայաստանյան հաստատությունների եւ քաղաքացիների միջեւ»,-ասել է դեսպանը:
Փաստորեն, անգամ օտարերկրացիներն են ընդունում, որ ՀՀ իշխանությունները չեն վայելում հասարակության աջակցությունը, որ ՀՀ քաղաքացիների եւ իշխանությունների միջեւ կա անջրպետ, եւ այդ մասին ասում են Տ.Սարգսյանի «երեսին»: Միայն թե, այսքանից հետո անհասկանալի է, թե ինչու այս ամենն իմանալով հանդերձ` դեսպանը սատարում է Հայաստանի հասարակության վստահությունը չվայելող իշխանություններին ու նրանց նախաձեռնություններին, մանավանդ որ նույն դեսպանի խոսքով` «ամեն շաբաթ մարդկանց տարբեր խմբեր իրենց մտահոգությունն են հայտնում այս նոր օրենքի կապակցությամբ»:
Կարելի է ենթադրել` ժողովրդավարության օրրան հանդիսացող երկրի դեսպանն անուղղակի կերպով դեմ է գնում հայ հասարակությանը (հիշեցնենք, որ ըստ Սերժ Սարգսյանի Հայաստանի բնակչության 80 տոկոսը դեմ է կուտակային կենսաթոշակային համակարգին): Եվս մեկ կարեւոր հանգամանք. եթե այս համակարգն այդքան լավն է, ապա ինչո՞ւ դեսպան Հեֆերնի հայրենիքում` ԱՄՆ-ում, այն չի ներդրվում: Տրամաբանական կլիներ, որ այս համակարգը գովեր այն երկրի դեսպանը, որի հայրենիքում պարտադիր կուտակային համակարգն իրեն արդարացրել է: Եվ վերջապես. մի՞թե սա դեսպանի կողմից միջամտություն չէ ՀՀ ներքին գործերին, ինչը համարվում է դիվանագիտական էթիկայի խախտում:
Նկատենք, որ դեսպանի այս հայտարարությունները քաղաքական դաշտում միանշանակ չեն ընդունվել: «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կատարվածը որակեց Սերժ եւ Տիգրան Սարգսյաններին պաշտպանելու քայլ: Իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը նշեց. «Ես կարծում եմ` այս իրավիճակում, երբ հասարակության կողմից նման հակադրություն կա օրենքին, տեղին չէին ամերիկացի դիվանագետի, դեսպանի հայտարարությունները: Օրենքը ստեղծված է ծառայելու մարդկանց, ու քանի որ մարդիկ դժգոհում են օրենքից, նշանակում է` այն լավը չէ»: Ըստ Մարգարյանի` ԱՄՆ դեսպանը հավանաբար իր հաշվարկներն անում է` ելնելով ԱՄՆ-ում վճարվող աշխատավարձերի չափից: «Հետո ի՞նչ, որ իրենք համագործակցել ու աշխատել են այդ նախագծի մասով: Այն ժամանակ, երբ իրենք սկսել էին աշխատել այս նախաձեռնության վրա, հույս կար, որ երկիրը կզարգանա, տնտեսական աճ կլինի: Բայց եղավ հակառակը: Ու հիմա տեղին չեմ համարում դեսպանի կողմից նման լարված վիճակում նման խոսքեր շռայլելը»,-ասաց նա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ԱՆՏԵՂՅԱԿ

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե Մաքսային միությանն անդամագրվելու ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների 30 տոկոսն իրականացվել է: Ու թեեւ ՀՀ-ն դեռ չի անդամակցել ՄՄ-ին, այնուամենայնիվ, ակնհայտ են բացասական հետեւանքները, մասնավորապես սպասվում է գնաճ: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին «Ժողովուրդ»-ը հարցրեց. «Հաշվարկե՞լ եք, թե ինչ վնասներ կարող է կրել ՀՀ-ն ՄՄ-ին անդամակցելիս»: «Հատկապես վնասներ չեմ կարողանում ասել»,-ասաց նա` փոխարենը համոզելով, թե կլինեն օգուտներ: Իսկ արդյոք մաքսային բարձր ռեժիմների պատճառով ՀՀ-ն կհրաժարվի ՄՄ-ին անդամակցելու գործընթացից. «Գործընթացից չենք հրաժարվի, բայց, բնականաբար, կառաջադրվեն այլ խնդիրներ, կլինեն առաջարկներ»: Նկատենք` ՀՀ իշխանություններն այնպիսի նվաստացած կարգավիճակով անդամակցեցին ՄՄ-ին, որ եթե ՌԴ-ն կամ ՄՄ անդամ մյուս երկրները որեւէ զիջումների գնան, դա կանեն խղճահարությունից ելնելով, իսկ նման դեպքերում հազիվ թե լուրջ զիջումներ լինեն:

 
ԿԱՐԵՎՈՐԸ ՆԱԽԱԳԱՀՆ Է

Նախորդ տարի խորհրդարանի կողմից վիճահարույց քվեարկության արդյունքում վավերացվեցին գազային համաձայնագրերը: Դրանցից մեկի համաձայն՝ ՀՀ պետական գերատեսչություններն իրավունք չեն ունենա ընդունելու որեւէ իրավական ակտ, որն այս կամ այն կերպ կանդրադառնա ՌԴ-ին հանձնված «Հայռուսգազարդ» ընկերությանը՝ այսօրվա «Գազպրոմ Արմենիա»-ին: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին «Ժողովուրդ»-ը հարցրեց, թե որպես օրենսդիր՝ ինքն արդյոք վատ չի զգում, որ իր ընդունած օրենքները չեն ազդի տվյալ ընկերության վրա: «Այդ համաձայնագիրն ԱԺ է եկել նախագահի միջոցով, ուրեմն նախագահն է դրա պատասխանատուն մեզ հետ միասին»,-ասաց նա:
Ի դեպ, «Գազպրոմ Արմենիա» անունը ստացած նախկին «Հայռուսգազարդ»-ի պաշտոնական կայքում ընկերությունը դեռեւս կրում է «Հայռուսգազարդ» անունը:

 
«ԱԼՖԱ ՖԱՐՄ»-Ի ՇՈՒՐՋ

2009թ. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշել էր վարույթ հարուցել դեղորայքի շուկայում գործող առավել խոշոր 19 ընկերությունների դեմ, քանի որ նկատվել էր դեղերի իրացման գների բարձրացում: Նրանց թվում էր նաեւ «Ալֆա Ֆարմ»-ը: Հիշեցնենք, որ Հայաստան «խոզի գրիպի» ներթափանցումից հետո դեղատներից սկսեցին պակասել հակավիրուսային միջոցներն ու հիգիենիկ դիմակները, իսկ գրիպի այդ տեսակի դեմ արդյունավետ դեղամիջոցներից «Տամիֆլու»-ի գինը բարձրացել էր մինչեւ 18.000 դրամի, այնինչ դրա գինը կազմում էր մոտ 4000 դրամ:
Ինչեւէ, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ հայտնի «Ալֆա Ֆարմ»-ն այս օրերին եւս հայտնվել է իրավախախտի կարգավիճակում: Ըստ տեղեկությունների՝ 2013թ. օգոստոսի 16-ին «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ն դեղեր եւ սննդային հավելումներ է ներկրել, որոնցից ոչ բոլորի համար է անհրաժեշտ հայտարարագրերը ներկայացրել: Արդյունքում՝ ընկերության տնօրենը տուգանվել է 50.000 դրամով:

 

 

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

 

ՆՈՐԻՑ ՀԻՇԵՑԻՆ

Ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես»-ը երեկ ստորագրահավաք է նախաձեռնել 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պահանջով:

 
ԻՆՍՈՒԼԻՆՆ ԱՆՈՐԱԿ Է

Դերասանուհի Ելենա Բորիսենկոյի հայրը, ով տառապում է շաքարային դիաբեդով, արդեն 5 օր է՝ բուժվում է «Նաիրի» ԲԿ-ում: Դերասանուհին TESADASHT.am-ին ասել է, թե պատճառը պոլիկլինիկայից ստացած անվճար ինսուլինի անարդյունավետությունն է: Դերասանուհին նաեւ նշել է, որ իր ծանոթներին, ովքեր եւս ընդունում են ինսուլին, հարցրել է եւ պարզել, որ վերջին մի քանի օրվա ընթացքում նրանց վիճակն էլ է վատացել: «Մտահոգությունս այն է, որ հարց բարձրացվի այս մասին, քանի որ կարող են տուժել այլ մարդիկ եւս: Գիտեմ, որ առողջապահության նախարարությունը հերքել է Հնդկաստանից ներկրված ինսուլինի որակի մասին խոսակցությունները, բայց փաստը մնում է փաստ, մարդիկ իրենց վատ են զգումե»,-ասել է դերասանուհին: Հիշեցնենք, որ հնդկական ինսուլինի անորակության մասին առաջինը ահազանգել էր «Ժողովուրդ»-ը:

 
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

Ինչպես «ժողովուրդը» տեղեկացրել էր դեռ 3 օր առաջ, Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայայի գլխավորած պատվիրակությունը Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով ժամանել է Հայաստան: Երեկ պատվիրակությանն ընդունել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Այսօրվա հանդիպումը լավ առիթ է կենդանի երկխոսության միջոցով պարզաբանելու գոյություն ունեցող խնդիրները»,-ասել է կառավարության ղեկավարը: Նա նաեւ տեղեկացրել է, որ իրեն ամեն շաբաթ զեկուցվում է «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների կատարման մասին:n

 

ԼԱՎ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ

ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավոր Ալվինա Գյուլումյանի տեղեկացմամբ` ներկայումս Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կա 1000-ից ավել չքննված դիմում, որոնց մեծ մասը ադրբեջանցիներ են ներկայացրել: Ի դեպ, մեկ տարուց լրանում է ՄԻԵԴ-ում Գյուլումյանի պաշտոնավարման ժամկետը: Հարցին, թե ում է տեսնում իրեն փոխարինողի դերում, նա պատասխանել է. «Դժվար է ինձ համար դա ասելը, քանի որ նոր կարգով պետք է ներկայացվեն թեկնածուները: Բացի այդ, շուրջ 10 տարի է՝ մի փոքր կտրված եմ Հայաստանից եւ հնարավոր թեկնածուներին այնքան էլ լավ չեմ ճանաչում»:

 




Լրահոս