ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԹԵՎՈՍԻԿԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ` ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ

Քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունից անցել է չորս շաբաթ, սակայն մինչ օրս գործով կալանավորվածները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը: Իսկ ահա սպանվածի հարազատները վստահ են, որ Արթուրը թշնամիներ չի ունեցել, իրական մեղավորներն էլ հաստատ մի օր կպատժվեն:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել այս տարվա հունվարի 26-ին՝ ժամը 21-ի սահմաններում: Արթուրին սպանել էին հենց իր տան շենքի բակում: Որոշ ժամանակ անց կալանավորվեց Արթուրի մտերիմ ընկեր Իսրայել Սարգսյանը՝ Իսոն, որը «Դուքենդո» ֆեդերացիայի անդամ է: Ստուգումներ իրականացվեցին նաեւ ֆեդերացիայում, որտեղ հայտնաբերեցին ահռելի թվով զենք-զինամթերք: Մինչդեռ ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը հայտարարեց, թե այդ ամենը ձեռք են բերել ֆիլմերի նկարահանման համար եւ օրինական փաստաթղթեր ունեն:
Ավելի ուշ կալանավորվեց նաեւ սպանված Արթուր Սաֆարյանի սանիկը` Տիգրան Ասատրյանը: Այս պատմության մեջ մինչ օրս առեղծվածային է մնում Մոսոն: Բանն այն է, որ ըստ ոստիկանության՝ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, որից հետո սպանել է նրան եւ դին նետել կոյուղու խողովակը: Սակայն դին մինչ օրս չի հայտնաբերվել: Իսկ ահա կալանավորվածները չեն ընդունում իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքները: Ավելին՝ Տիգրան Ասատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը կարծիք էր հայտնել, թե Մովսեսը ողջ է. «Ես, միանշանակ, որպես հաստատված փաստ չեմ կարող պնդել, որ վերջինս մահացած է, սակայն այն, ինչ ներկայացվում է ոստիկանության կողմից, հիմք է տալիս ենթադրելու, որ նա ողջ է»:
Եվ այսպես, Թեւոսիկի եղբոր սպանության գործով «Ժողովուրդ»-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ այդմ՝ Թեոսիկի եղբոր սպանությունը կապված է քրեական լրջագույն «ռազբորկաների» հետ, մասնավորապես, սպանված Արթուրը, կալանավորվածներ Իսոն, Տիգրանը եւ անհետացած Մոսոն ունեցել են ընդհանուր ֆինանսական խնդիրներ: Նրանք չեն կարողացել միմյանց մեջ կիսել շուրջ 1.5 մլն դոլար:
Մեր տեղեկություններով՝ վերջիններս ընդհանուր մի գործ են արել, եւ դրանից Իսոյին ու Տիգրանին հասանելիք բաժինը այդպես էլ նրանց չի տրվել: Նույնիսկ տղաներին խոստումներ են տվել, թե իրենց հասանելիք գումարը կստանան Եվրոպայում: Սակայն այնտեղ եւս հարցը չի լուծվել, ավելին՝ այլ քրեական խմբավորումներ Հայաստանից Եվրոպա մեկնածներին ասել են, թե այդ գումարը «օբշյակի» փողն է:
Ստեղծված լարվաճ դրությունը Արթուրի, Իսոյի եւ Տիգրանի միջեւ շատ վաղուց է եղել, եւ գործով կալանավորված Տիգրանն իրավիճակը հարթելու համար իր դստեր հարսանիքի քավոր է դարձրել Թեւոսիկի եղբորը՝ Արթուրին: Սակայն նրանց միջեւ ստեղծված սուրբ կապերն էլ իրավիճակը չփրկեցին, եւ սպանության գաղափարը հանգիստ չտվեց կողմերին:
Սա դեռ վերջը չէ. դեպքից հետո ոստիկանները Իսրայել Սարգսյանի բնակարանում երկու օր շարունակ խուզարկություն են իրականացրել, սակայն որեւէ կասկածելի բան չեն հայտնաբերել: Խուզարկվել է նաեւ նրա հայրական տունը, որտեղից որոշ իրեր են տարել: Մեզ հասած տեղեկություններով՝ Իսրայելի հայրական տանից տարել են նրա հոր բաճկոնը եւ գլխարկը: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը գրել էր, թե այն մեքենան, որի մեջ ձերբակալել են Իսոյին, նրանը չի եղել: Ավելին՝ այդ օրը Իսոն եղել է իր երկու ընկերների հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ Իսոյի դուստրը, որն ուսանող է, դեպքից հետո անգամ դասերի չի գնում:
Ի՞նչ են մտածում կատարվածի շուրջ քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի հարազատները: Մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ն այցելեց սպանված Արթուր Սաֆարյանի տուն: Նրա կինը՝ Նառա Սաֆարյանը, հաստատեց, որ կալանավորվածներն իրենց ծանոթ-բարեկամներ են եղել: Մեր հարցին, թե արդյոք նրանք կարող էին սպանել կամ պատվիրել, որ սպանեն իր ամուսնուն, Նառան չցանկացավ պատասխանել:
«Ով արել է, Աստծուց կգտնի իր պատիժը: Ինձ ընդհանրապես հետաքրքիր չէ, իմ վիշտն այնքան մեծ է, որ անգամ հետաքրքիր էլ չէ՝ դա Տիգրանն է արել, Իսրայելը կամ չգիտեմ թե ով: Թող իրենք իրենց Աստծուց պատիժ ստանան»,-ասաց Նառան: Երբ նրան փոխանցեցինք, որ մեղադրյալների հարազատներն ասում են, թե շոկի մեջ են, Արթուրի կինը նշեց. «Նրանց շոկը չի կարող իմ ունեցած շոկի նման լինել»:
Ըստ սպանվածի կնոջ՝ իր կորցրածը էլ հետ չի գալու, իսկ մնացածն արդեն իրենց չի հետաքրքրում: Մեր այն հարցին, թե մինչ դեպքն իր ամուսինը որեւէ խնդիր կամ թշնամիներ ունեցել է, Նառան պատասխանեց. «Իմ ամուսինը բացարձակ ոչ մի թշնամի չի ունեցել եւ ոչ էլ խնդիր»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ԱՂՋԻԿՆԵՐԻ ԾԵԾԿՌՏՈՒՔԸ

Փետրվարի 20-ին «Ակապելլա» կարաոկեում մի խումբ աղջիկների միջեւ ծեծկռտուքը սկսվել է նախանձից ու սարսափելի հարբած վիճակից: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց կարաոկեի մենեջեր Դիանա Գասպարյանը: Ըստ նրա՝ գիշերը՝ ժամը երեքին, կարաոկեում են եղել երկու հայ աղջիկներ, իսկ նրանց դիմացի սեղանին նստած են եղել ռուս աղջիկներ: «Շատ հարբած էին: Սկսեցին պարել, ու մեկ էլ այս հայ աղջիկը դիտմամբ գնաց ու հրեց ռուս աղջկան: Ռուսը ասաց, թե ինչու ես հրում, հայ աղջիկը պատասխանեց՝ լավ եմ անում: Արդյունքում հայը աղջիկը հարվածեց: Մի խոսքով՝ անբարոյականություն: Ի՞նչ գործ ունի աղջիկը գիշերվա այդ ժամին կարաոկեում, նա պետք տանը քնած լիներ»,-ասաց կարաոկեի մենեջերը՝ հավելելով, թե այդ հայ աղջկա մուտքը մի շարք կարաոկեներում արգելված է, իսկ այդ օրը «Ակապելլա» մտել է պատահականորեն: Դիանայի կարծիքով՝ հայ աղջիկներն իրականում նախանձել են ռուս աղջիկներին, քանի որ վերջիններս հայ տղաներին հեշտությամբ են գրավում:

 
ԲԱԶՈՒՄ ԴԻՄՈՒՄՆԵՐ

Օրերս Սայաթ-Նովայի թիվ 10, 12 շենքերի բնակիչները համապատասխան պահանջներով դիմել են ՀՀ առողջապահության, բնապահպանության նախարարություններ եւ Երեւանի քաղաքապետարան: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ բնակիչների իրավաբան Ալբերտ Կանդալյանից, որն էլ միաժամանակ տեղեկացրեց, թե շինությունը խանգարում է ուրիշի սեփականությանը: «ԲՆ են դիմել, քանի որ շինարարության պատճառով օդը աղտոտվել է, եւ պահանջել են, որ համապատասխան մասնագետներն ուսումնասիրություն կատարեն եւ փորձաքննություն անցկացնեն: Պատասխանեցին, որ դա իրենց իրավասության շրջանակներում չէ: ԱՆ են դիմել, քանի որ սանիտարական նորմերը խախտվել են, եկան, ուսումնասիրեցին, բայց դեռ արդյունքները չկան»,-հայտնեց իրավաբանը:
Հիշեցնենք, որ այս գործով բնակիչները երկու հայցադիմում էին ներկայացրել ՀՀ վարչական դատարան. առաջինը մերժվել էր, որն էլ իրավաբանը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան, հիմա էլ պատրաստվում է բողոքարկել ՀՀ վճռաբեկ դատարան: Իսկ երկրորդ հայցադիմումը վարույթում է, սակայն դեռ դատական նիստի օրը պարզ չէ: «Հիմա պատրաստում ենք դատարան ներկայացնել երրորդ հայցադիմումը»,-նշեց իրավաբանը:

 
ԶԵՆՔԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ այս օրերին քաղաքացիների բնակարաններ են այցելում ոստիկանության աշխատակիցները եւ գրանցված զենքերի մասով ստուգումներ իրականացնում: «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած քաղաքացիները պատմեցին, որ ոստիկանները ստուգում են, թե ինչ պայմաններում է պահվում գրանցված զենքը, եւ արդյոք չեն խախտվել տանը զենքը պահելու տարրական կանոնները: Խախտումների դեպքում նույնիսկ տուգանքներ են եղել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ ստուգումները պայմանավորված են ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման համար իրականացվող միջոցառումներով:

 

 

 

 

 

 

ԲԼԹ

 

«ՄՄ-ի անդամակցությամբ Հայաստանի առջեւ ԵՄ-ի դռները չեն փակվելու, ավելին՝ տարվելու է «ե՛ւ, ե՛ւ»-ի քաղաքականություն»:

Սուքիաս Ավետիսյան 1in.am
ՀՀԿ-ական պատգամավորը կարծես թե ինչ-որ բանից ուշացել է, չի հետեւում իրադարձություններին կամ էլ պարբերաբար մոռանում է նույնիսկ ամենավերջին զարգացումները: «Ե՛վ, ե՛ւ»-ի անհնարինությունն արդեն տասնյակ անգամներ ակնհայտ դարձավ, ռուսական ու եվրոպական կողմերի դիրքորոշումներն էլ այդ ուղղությամբ արդեն պարզ դարձան, միայն Սուքիաս Ավետիսյանն է հավանաբար շարունակում ապրել պատրանքներով: Ավելին՝ մարդը, ում մոտ իրականության գիտակցման խնդիր է նկատվում, ասես թե կարծում է, որ նույն սինդրոմն առկա է նաեւ իր խոսքերի ունկնդիրների մոտ: Բայց ո՛չ:

 

 

«Այսինքն՝ 100 մարդ եթե մահացել է, ուրեմն բռնակա՞լ կա»:

Գագիկ Սահակյան «Նյուզ»
Սպիտակի քաղաքապետի նմանօրինակ վրդովմունքի պատճառն այն էր, որ Կիեւում մի խումբ ակտիվիստներ որոշել էին Վիկտոր Յանուկովիչի անվան փողոցը վերանվանել Եվրամայդանի իրադարձությունների առաջին զոհ, հայազգի Սերգեյ Նիգոյանի անունով: Այս հանգամանքը, պարզվում է, բնավ դուր չի եկել կամավոր հիմունքներով Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի անձնական օմբուդսմենի պարտականությունները ստանձնած Սպիտակի քաղաքապետին: Ավելին՝ միգուցե Սահակյանը կարծում է, թե իր ասելո՞վ է որոշվելու վերանվանել-չվերանվանելու հարցը… Իսկ 100 զոհի եղածն ի՞նչ է որ, ի՞նչ բռնակալության մասին է խոսքը:

 

«Այս ամեն ինչը չեմ հասկանում՝ ում է հարկավոր կամ ինչի համար, ամեն րոպե հոլովվում են իմ անունը սխալ տեղեր: Ես ոչ մի բանի հետ կապ չունեմ, ոչ մի բանի մեջ չեմ խառնվում»:

Գոռ Վարդանյան «Նյուզ»
Եթե մի մարդուն պատկանող տարածքում մի ամբողջ զինանոց է հայտնաբերվում, եւ նույն մարդու ղեկավարած կառույցի անդամն էլ սպանություն է իրագործում, մի՞թե դա արդեն բավարար հիմք չէ այդ մարդու անունը թեկուզ ամեն րոպե հոլովելու համար: Լիովին անհասկանալի է «Դուքենդո» կարատեի ֆեդերացիայի նախագահի վրդովմունքը: Նույն հաջողությամբ բոլոր հանցագործությունների հետ կապ ունեցող մարդիկ կարող են ասել, թե իրենք ոչ մի բանի հետ կապ չունեն, բայց չէ՞ որ մեծ քանակությամբ զենք-զինամթերքը ֆեդերացիայում դժվար թե հայտնված լինի՝ առանց ֆեդերացիայի նախագահի իմացության:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս