ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌՈՒՍՆԵՐԸ ԲԱՑԱՌՈՒՄ ԵՆ ՄԱՅԴԱՆԻ ՍՑԵՆԱՐԸ ՀՀ-ՈՒՄ

Արդյո՞ք հնարավոր է Մայդանի սցենարը Հայաստանում. այս հարցին է անդրադարձել ռուս վերլուծաբան Գերոգի Տորգովցեւը www.ritmeurasia.org կայքում հրապարակած «Ցանկանում է արդյոք Եվրոպան Ուկրաինայի ճակատագիրը Հայաստանին» հոդվածում: Վերլուծաբանը նշել է, որ այս հարցը նույնիսկ քննարկվել է ՌԴ հասարակական պալատում, քանի որ ռուսական կողմի մոտ կա մտավախություն, որ նմանատիպ սցենար կարող է զարգանալ նաեւ Հայաստանում:

Վերլուծությունում մասնավորապես ասվում է. «Հիշեցնենք, որ մայդանի փորձ այստեղ եղել է արդեն 2008 թվականին, երբ Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքը գրեթե 2 շաբաթ շարունակվելուց հետո ցրեցին: Զոհվեց 10 մարդ, եւ չնայած հասարակության զգալի մասը տեղի ունեցածի համար մեղադրում էր Հայաստանի այն ժամանակվա գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իրականում ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ, եւ պատասխանատվություն կրում են հակամարտության բոլոր կողմերը: Երկրորդ նախագահը հաշվարկել էր բոլոր հնարավոր քայլերը եւ եկել եզրակացության, որ ցուցարարներին կարելի է ստիպել գնալ տուն միայն ուժ կիրառելով: Ռ. Քոչարյանը շատ լավ գիտակցում էր, որ զոհերն անխուսափելի են: Հանրահավաքը ցրեցին, սպանվեց 10 մարդ, չնայած իրականում կարելի էր խուսափել զոհեր տալուց. ընդդիմության առաջնորդները գիտեին նախապատրաստվող քայլերի մասին, բայց ոչ ոքի ոչինչ չասացին: Քոչարյանն արեց այն, ինչը, իր կարծիքով, պետք է աներ պետության ղեկավարը, ով պատասխանատու է կայունության համար:
Իսկ Վիկտոր Յանուկովիչի համարձակությունը չհերիքեց միանգամից անցնել ցուցարարներին ուժով ցրելուն, հավանաբար չհերիքեց նաեւ քաղաքական կամքը: Բացի այդ՝ մայդանի դեպքերի զարգացումներով հետաքրքրվող կողմերը բավականին շատ են, իսկ Հայաստանը ներկայումս քչերին է հետաքրքրում: Հայաստանի միջինվիճակագրական քաղաքացու համար բացարձակապես մեկ է՝ Եվրոպա, Մաքսային միություն, թե ինչ-որ ուրիշ մի բան, որովհետեւ նա վստահ է, որ վերջնական արդյունքում, միեւնույն է, ինքը կլինի «քցվածի» դերում, ուստի հանրահավաքի գնալու փոխարեն փորձում է ինքնուրույն կարգավորել իր կյանքը: Քիչ դեր այստեղ չեն խաղում նաեւ Արեւմուտքի փողերը, որոնք Հայաստանում երբեք շատ չեն եղել: Այս պահին մնացել են գործող մեկ-երկու հիմնադրամ, եւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ որոշ տվյալների, ֆինանսական դժվարություններ ունի եւ ի վիճակի չէ բազմահազար հանրահավաք ֆինանսավորելու: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ բողոքի ակցիաներին մասնակցության համար վճարվում է: Իհարկե, վճարում են ոչ բոլորին, այլ միայն ակտիվիստներին, բայց նրանցից էլ պետք է հավաքել 100-200 մարդ եւ յուրաքանչյուրին օրական վճարել գոնե 10 ԱՄՆ դոլար:
Օրերս եվրոպական հիմնադրամներից մեկը հայտարարեց Հայաստանում քաղաքացիական հասարակության ֆինանսավորումը շարունակելու իր պատրաստակամության մասին: Հիմնադրամի նախագահ Յեժի Պոմյանովսկին հայկական «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցի ժամանակ նշել է, որ հիմնադրամը Հայաստանում աջակցելու է նրանց, ովքեր գտնում են, որ Եվրոպան ու եվրոպական արժեքները երկրի համար ճիշտ ընտրություն են: Նրա տրամաբանությունից հետեւում է, որ Հայաստանը դեռ պետք է ապացուցի իր եվրոպական պատկանելությունը: Ինչպե՞ս: Հավանաբար, Եգիպտոսի եւ Ուկրաինայի փորձի կրկնությամբ»:
Գեորգի Տորգովցեւը գտնում է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ուկրաինան միշտ էլ հնարավորություն ունեցել են ընտրելու եվրաինտեգրման ճանապարհը, եւ այստեղ խնդիրն իրականում հայ-ռուսական հարաբերությունները բարդացնելու մեջ է. «2013-ի սեպտեմբերի 3-ից հետո, երբ Հայաստանի նախագահը հայտարարեց Մաքսային միություն մտնելու մտադրության մասին, նորից մոդայիկ դարձավ զարգացման եվրոպական ուղու մասին խոսելը: Սակայն քաղաքացիների մեծամասնությունը լավ հիշում է, թե ինչպես ընդամենը մեկ տարի առաջ Հայաստանի ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդը հրապարակային հայտարարում էր, որ հայ ժողովրդին հաղթանակ կբերի Մոսկվայից, Վլադիմիր Պուտինից: Դա ոչ այլ ոք էր, քան Րաֆֆի Հովհաննիսյանը…
Ասենք ավելին, Երեւանում ժամանակին մի կողմ քաշվեցին եվրաինտեգրացիոն քաշքշուկներից: Իսկ այն քաղաքական գործիչները, ովքեր դեռ աղաղակում են եվրաինտեգրացիայի մասին, չեն տեսել համաձայնագրի ամբողջական տեքստը: Գտնվեցին նաեւ այնպիսիք, որոնք եվրաինտեգրման հետ կապում էին նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը՝ առանց հասկանալու, որ Եվրոպայի համար Ղարաբաղի հարցն առաջնային չէ:
Եվ վերջին դիտարկումը. հայերն ընդհանրապես ընդունակ չեն երկար ժամանակ դիմակայել իշխանություններին ցանկացած հարցում: Եթե նրանք նույնիսկ դուրս չեկան Ազատության հրապարակ գազի գնի դեմ բողոքելու, ապա հանուն իշխանափոխության առավել եւս դուրս չեն գա, որովհետեւ չկա ընտրություն, չկան փոխարինողներ: Կգան նույն տիպի մարդիկ: Այնպես որ, պարոն Պոմյանովսկին եւ նրա գործընկերները պետք է հաշվի առնեն, որ եթե ուզում են Երեւանում կազմակերպել հերթական «մայդանը», ապա մեկ ցուցարարի հաշվարկով անհրաժեշտ կլինի շատ ավելի մեծ գումար եւ կազմակերպչական ուժեր, քան Ուկրաինայում: Սա պարադոքսալ երեւույթ է, սակայն նաեւ լավ է, որովհետեւ ոչ ոք խոշոր փողեր չի ներդնի մի նախաձեռնության մեջ, որի ելքն արդեն իսկ կանխորոշված է: Նաեւ` երեքմիլիոնանոց Հայաստանը քառասունութմիլիոնանոց Ուկրաինան չէ»:
Հ.Գ. Ռուս վերլուծաբանը Ռուսաստանի դիրքորոշումն ու շահերն արտահայտող իր հոդվածում, սակայն, հաշվի չի առել ամենակարեւոր հանգամանքը. Հայաստանի բնակիչներն իրականում ընտրելու հնարավորություն չեն ունեցել, քանի որ այդ հնարավորությունը մեր երկրում կենտրոնացած է մի քանի մարդու ձեռքում:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ՉԻ ՕԳՆՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզի 67 բնակիչ ունեցող Վանեք համայնքն այսօր բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք շտապ լուծում են պահանջում: Այս գյուղում վերջին երեխան ծնվել է 4 տարի առաջ, իսկ ծերացող մարդկանց թիվը գերազանցում է երիտասարդների թվին: Սամվել Առաքելյանը երկու տարի է, ինչ Վանեքի համայնքապետն է:

-Հնարավորություն չունեմ թերթ գրվելու: Շատ ենք ուզում կարդալ, բայց ի՞նչ արած: Ներող կլինեք: Համայնքի բյուջեն չեմ կարողանում կարգավորել: Այնքան փոքր է, որ իմ աշխատավարձը կազմում է 56 հազար դրամ: Հունվարի 1-ից նոր աշխատող ենք ընդունել գյուղապետարանում՝ մեխանիզատորչիկ, դեռ ոչ մի կոպեկ չի ստացել: Մարզպետարանից խոստացել էին, որ կողքից օգնեին, բայց ոչ մեկն էլ ոչ մի բանով չի կարողանում օգնել: Ստիպված պետք է ես տամ համայնքի բյուջեից: Իսկ նա մեր գյուղացիների համար փայտ է բերում, արտերն է հնձում եւ այլն:
-Դժգո՞հ եք, որ հիմա գյուղապետ եք:
-Բա էս պայմաններն ի՞նչ են: Չկան պայմաններ: Ուղղակի չէի պատկերացնում, որ գյուղացու կյանքն այդքան դժվար է: Ամեն մի էրեխու համար վազում եմ, ամեն մի ընտանիքին պարտական եմ, դողում եմ նրանց համար: Բայց իմ պաշտոնավարման ժամկետը լրանալուն պես հրաժեշտ եմ տալու, ցանկություն չունեմ շարունակելու:
-Ի՞նչ խնդիրներ ունի գյուղը:
-Շատ կան, է՜… (հառաչում է-Ս. Հ.): Ճանապարհները պետք է վերանորոգվեն, գյուղապետարանի շենք չկա, ամբողջը խնդիրներ են, դրան գումարած գյուղացու հոգսերը: Անցյալ տարի քամին շատ վնաս տվեց, բոլորի տանիքները փլվեցին: Ընկերական շրջապատից եմ գումար հայթայթել, որպեսզի մի մասին օգնեմ: Դժվար է: Ամեն անգամ մարզպետարանից խոստանում են օգնել, բայց…
-Գյուղացիներն ինչո՞վ են ապրում:
-Անասնապահությունով, մեղվաբուծությամբ, հողագործությամբ: Թե չէ աշխատատեղ չկա: Գյուղից երկուսը դպրոցում են աշխատում. մեկը հավաքարարն է, մյուսը՝ տնտեսվարը, իսկ չորսն էլ՝ գյուղապետարանում:
-Ինչի՞ց են շատ դժգոհում:
-Դժգոհում են էս կառավարությունից, որ չեն կարողանում կարգին ապրել: Էնքան է, որ իրենք իրենցով ապրեն, թող կառավարությունը վնաս չտա: Գյուղապետի աշխատավարձով ինչպե՞ս ընտանիք պահեմ: Դրա համար էլ անասնաֆերմա եմ հիմնել:
-Մարդիկ գնո՞ւմ են գյուղից:
-Բնակիչներ ունեմ, որ հիմա էլ տեսնեմ, հնարավոր է՝ չճանաչեմ: Գնացել են ու չեն վերադարձել: Հիմա չեն գնում, բայց չեն էլ կարողանում ապրել:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

 

 

 

ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՉԵՆ

«Ինտերֆաքս» միջազգային տեղեկատվական խումբը հրապարակել է հետխորհրդային երկրների (ԱՊՀ, Բալթյան երկրներ եւ Վրաստան) բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշային աղյուսակը: Այն կազմվել է առաջատար համալսարանների համաշխարհային վարկանիշը մշակող բրիտանական QS (Quacquarelli Symonds) գործակալության մեթոդաբանական մոտեցումներով: Հայկական բուհերից աղյուսակում առաջատարը Երեւանի պետական համալսարանն է, որը գրավել 11-րդ հորիզոնականը:
Ընդհանուր առմամբ, վարկանիշավորվել է հետխորհրդային տարածքի 405 համալսարան: Աղյուսակը գլխավորում է Մոսկվայի պետական համալսարանը, 2-րդ տեղում Բելառուսի պետական համալսարանն է, իսկ 3-րդ տեղում՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը: Կիեւի համալսարանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, իսկ Վիլնյուսինը 5-րդն է: Երեւանի պետական համալսարանը աղյուսակում զբաղեցրել է 11-րդ տեղը: Տարածաշրջանի բուհերից Թբիլիսիի պետական համալսարանը զբաղեցնում է 51-րդ տեղը, իսկ Բաքվի պետական համալսարանը՝ 61-րդ:
Տեղեկացնենք, որ ներառված են եղել նաեւ ՀՀ այլ բուհեր. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը «կիսում» է 126-150-րդ տեղերը, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը՝ 151-200-րդ հորիզոնականները: Մ. Հերացու անվան պետական բժշկական ու Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանները հայտնվել են 201-301-րդ հորիզոնականներում: Ինչ վերաբերում է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարաններին, ապա դրանց գործունեության վերաբերյալ տեղեկատվության պակասը թույլ չի տվել կատարել համապատասխան գնահատում:
Զարմանալի է, բայց Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանն ընդգրկված չի եղել այս վարկանիշային աղյուսակում՝ չնայած այն բանին, որ ՀՀ վարչապետ, համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը մշտապես հայտարարել է, թե Մանկավարժականը վարկանիշային առումով առաջին տեղում է:
ՀՊՄՀ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե որն է դրա պատճառը: «Միջազգային կազմակերպությունների ուսումնասիրությունները, որպես կանոն, բավականին երկարատեւ են լինում եւ հիմնվում են տարբեր ցուցանիշների վրա, այդ թվում` առաջին անհրաժեշտության տեղեկատվական աղբյուրի՝ պաշտոնական կայքէջի վրա: Մանկավարժական համալսարանը մինչեւ 2011թ. դեկտեմբեր ամիսը կայքէջ չուներ, ու շատ անգամ այդ պատճառով դուրս էր մնում միջազգային կառույցների ուսումնասիրություններից: Համալսարանում բարեփոխումների նոր փուլը սկսվել է 3 տարի առաջ. 2012 թվականից արդեն Մանկավարժական համալսարանն ունի պաշտոնական կայքէջ: Ինչ վերաբերում է Մանկավարժականի այսօրվա վարկանիշին, օրերս ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրապարակեց ՀՀ-ում բուհերի վարկանիշավորման ազգային համակարգը: Վարկանիշային ցուցակում Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը զբաղեցնում է երկրորդ տեղը»,-փոխանցեցին բուհի լրատվականից:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս