ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՅ ԱԶԳԻ ՎԱՏ ՏԵՍԱԿՆ ՈՒ ՏԱՄՈԺՆԻ ԳԱԳՈՅԻ ՏՈՐԹԸ

Երբ անցած տարի Ծառուկյանի եկեղեցաշինության ընթացքում հոգեւոր երաժշտության ուղեկցությամբ հայ հասարակության ստամոքսի կողմից ստրկացված մի ստվար զանգված, ինչպես գիշատիչների սոված ոհմակ, հարձակվեց ծառուկյանական սեղանների վրա, մի ամբողջ ազգ ներքին խայտառակություն ապրեց:

Կարծես թե ինքներս մեզ խաբելով՝ մոռացել էինք այդ սահմռկեցուցիչ խայտառակությունը, մոռացել էինք մեկ անգամ, գոնե, կուշտ ստամոքսով հաց ուտելու համար իրենց արժանապատվությունը ծոցաջեբը դրածներին, երբ կրկին այսօր ականատեսը եղանք նույնատիպ մի խայտառակության. ուղղակի այս անգամ ծառուկյանական սեղանները վերածվել էին գագիկխաչատրյանական տորթի:
Փետրվարի 21-ին հայ գնորդի առաջ իր դռները բացեց Երեւանի խոշորագույն կառույցներից մեկը՝ «Երեւան մոլ»-ը, որը կառուցվում էր դեռեւս 2010 թվականից: Նախ նշենք, որ շինությունը զբաղեցնում է 59.900 քմ ընդհանուր տարածք, իսկ ներքին հարդարման համար սեփականատերերը ժլատություն չեն արել: Ճարտարապետական լուծումները փոքր-ինչ հիշեցնում են ուրարտական ժամանակաշրջանի արվեստը, նույնիսկ կարելի է տեսնել այդ ժամանակներին բնորոշ սեպագիր արձանագրություններ:
Բացումից դեռ մեկ ժամ առաջ «Երեւան մոլ»-ի դռների առջեւ էր հավաքված նույն այն ենթաստամոքսային գեղձի արտադրանքով ապրող ամբոխը, որոնց կարծես թե ամեն անգամ հատուկ հավաքագրում են, որպեսզի մեծացնեն արժանապատիվ հայերի հիասթափությունն այդ մասսայի նկատմամբ, որ ամեն անգամ օգտագործվում է որպես «ազգային խայտառակության» խորհրդանիշ, եւ ստիպեն այս ամենից զզված մարդկանց դարձյալ արտագաղթել եւ հրաժարվել ազգանունների վերջին «յան»-ից: Երբ նախատեսված 18:00-ից մի փոքր ժամանակ անցավ, գազազած ամբոխը սկսեց դժգոհություններ հայտնել, նույնիսկ մի կին փորձեց քաղաքական ենթատեքստ տալ իրենց «ստրուկների ժողովին»՝ բացականչելով ազա՜տ, անկա՜խ Հայաստան:
Բացումին անմիջապես հետեւեց մի նոր խայտառակություն. հինգ հազար տարվա «քաղաքակրթություն ունեցողները», իրար քաշքշելով ու հրմշտելով, ներս մտան, բայց ոչ թե գնումներ կատարելու, այլ ներքեւի հարկում տեղադրված հինգհարկանի տորթը հոշոտելու: Այդ քստմնելի տեսարանը նկարագրելու համար մեծ ջանքեր են հարկավոր. միայն կարելի է ավելացնել, որ եթե այս ամենը տեսած լիներ վերածննդի դարաշրջանի հանճարեղ մտածող Դանթեն, ապա իր «Դժոխք»-ում մի ամբողջ գլուխ կտրամադրեր այս ամենը նկարագրելու համար:
Զավեշտալին այն է, որ գազի թանկացման կամ պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի դեմ պայքարի ակցիաների ժամանակ, երբ այդքան անհրաժեշտ է հայ քաղաքացու ներկայությունը, մարդիկ անտարբեր են եւ շարունակում են իրենց վասալային գոյատեւումը, իսկ երբ նպատակադրված ցանկանում են վերջնականապես կոտրել հայի գենը պահողներին ու դրանով հպարտացողներին, ապա սրանց նմանները պատրաստ են մի օրվա կուշտ փորի համար վաճառել իրենց մարդկային հպարտությունն ու քաղաքացիական եւ ազգային բոլոր արժեքները:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՍԱՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

«ԵՐԲ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՄԵԶ ՆՎԵՐ ԷԻՆ ՏԱԼԻՍ»

Փետրվարի 23-ը, որը տարիներ առաջ նշվում էր որպես Սովետական բանակի օր, այսօր Ռուսաստանի Դաշնությունում համարվում է Հայրենիքի պաշտպանի օր։ Չնայած մեզ մոտ այն արդեն քանի տարի պաշտոնապես չի նշվում, սակայն շատերը հիշում են այդ օրը, շնորհավորում միմյանց։ Ի՞նչ է նշանակում փետրվարի 23-ը երգահան, երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանի համար։

«Փետրվարի 23-ը իմ հիշողության մեջ մնացել է առաջին հերթին նրանով, որ այդ օրը դպրոցում մեր դասարանի աղջիկները տղաներին նվերներ էին տալիս։ Իհարկե, նրանք ակնկալում էին, որ մենք էլ մարտի 8-ին իրենց ավելի լավ նվերներ կմատուցենք,-ծիծաղելով ասաց մեր զրուցակիցը, ապա հավելեց,-իսկ եթե ավելի լուրջ, ապա իմ երկու պապն էլ մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, եւ, բնական է, այդ օրը մեր տանը նշվել է։ Ունեմ նաեւ ավագ ընկերներ, հարազատներ, որոնք ծառայել են խորհրդային բանակում, եւ նրանց համար էլ այդ օրը յուրահատուկ տոն է. հիշում են ընկերներին, ծառայությունը, մի խոսքով՝ երիտասարդության երկու տարիները։ Իսկ ընդհանրապես, ես սովետականությանը եւ ռուսականությանը դեմ մարդ եմ, եւ այդ տոնն էլ ինձ համար տոն չէ»։
Մեր զրուցակցին հիշեցրինք, որ ամեն դեպքում ռուսական բազան Հայաստանում է, եւ, այսպես թե այնպես, այդ տոնը նշվում է նաեւ մեր երկրում: «Լավ է, որ այստեղ է. ուրիշ ճար չկա։ Ավելի վատ կլիներ, եթե այստեղ չլիներ: Բայց շատ ավելի վատ է, որ ռուսական գոյությունը մեր քաղաքական դաշտում կա»,-նշեց Դ. Ամալյանը։
Փորձեցինք ճշտել՝ իսկ հունվարի 28-ը նրա համար հարազա՞տ է. «Ինձ ընդհանրապես հարազատ են առաջին եւ երրորդ հանրապետությունները, բայց այնպես չէ, որ երկրորդը պետք չէր։ Բնական է, հունվարի 28-ը հարազատ է։ Իսկ ընդհանրապես ինձ համար բանակի օր, տոնական այլ օրեր՝ որպես այդպիսին, գոյություն չունեն։ Ինձ համար տարվա 365 օրը այն երեւույթի, արժեքի օրն է, ինչը սիրում եմ։ Իսկ բանակն էլ մեր արժեքն է, եւ չի կարելի այն սիրելու հատուկ օր առանձնացնել։ Ասենք, սեպտեմբերի 1-ը կամ նոյեմբերի 5-ն էլ վատ օրեր չեն բանակը սիրելու համար»։
Նա նաեւ ընդգծեց, որ ինքը բանակում չի ծառայել, քանի որ 16 տարեկանից ընկերների հետ մասնակցել է մարտական ջոկատի կազմավորման աշխատանքներին. «1973-1976թթ. ծնված տղաներ էինք։ Ջոկատը կազմավորվեց 1990թ., մասնակցեց մարտական գործողությունների, ուսումնամարտական պարապմունքների, ապա ընդգրկվեց պետական գումարտակի կազմում եւ շարունակեց մասնակցել մարտական գործողությունների արդեն պետական բանակի համակարգում»։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

«ՍԻՐՈ ԿԱՄՈՒՐՋ»

«Սիրո կամուրջ» առաջին հայկական մասշտաբային մյուզիքլի պրեմիերայից արդեն երկու ամիս է անցել, սակայն հանրությունը չի դադարում քննարկել դերասանների եւ երգիչների միջեւ եղած հարաբերությունները: Այս անգամ բամբասանքների կիզակետում են հայտնվել Սոնա Ռուբենյանն ու Վլադիմիր Բարխոյանը: Ըստ շրջանառվող լուրերի` նրանց սիրային կապը շարունակվում է նաեւ բեմից դուրս: Սակայն դերասանները հերքել են դա` ասելով, որ այդպիսի բան չկա եւ չի էլ կարող լինել: «Մենք ներկայացում ենք խաղում, եւ այդ ամենը մնում է բեմում, ինչպես յուրաքանչյուր ներկայացման ժամանակ: Եթե այդպես լիներ, ուրեմն ամեն նոր ներկայացումից հետո դերասանները պետք է ամուսնանային եւ այդպես շարունակ»,-ասել է Սոնան:

 

ԵՐԳՆ ԸՆՏՐՎԱԾ Է

Հայաստանի հանրային հեռուստաընկերության տեղեկացմամբ` արդեն ընտրվել է «Եվրատեսիլ-2014» մրցույթի հայաստանյան մասնակցի երգը: Մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ: «Եվրատեսիլ» մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերով: Ընտրված երգը համանուն տեսահոլովակով հանրությանը կներկայացվի մինչեւ մարտի 15-ը: Մրցույթն այս տարի կրում է Join us («Միացե՛ք մեզ») խորագիրը:

 

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄԱՅՐԱՆԱԼ

Հայտնի երգչուհի Քրիստինա Ագիլերան հայտարարել է, որ պատրաստվում է կրկին մայրանալ: Նա, սակայն, չի մանրամասնել, թե երբ է լույս աշխարհ գալու իր 2-րդ երեխան: Հիշեցնենք, որ Քրիստինան մեկ շաբաթ առաջ նշանվել է իր պրոդյուսեր Մեթյու Ռաթլերի հետ, ում հետ վաղուց արդեն հանդիպում է:

 

1000 ԱՆԳԱՄ ԹԱՆԿ

Բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսի «Համբուրվող ախոռապանները» կտավը 575 հազար դոլարով վաճառվել է Մայամիում կազմակերպված աճուրդի ժամանակ: Գրաֆիտին գնվել է բջջային հեռախոսով, գնորդի մասին տվյալներ չկան: Սեւ ու սպիտակ «համբուրվող ախոռապանները» առաջին անգամ հայտնվել է 2005թ. Բրայտոնում «Արքայազն Ալբերտ» փաբի պատին: Այն պատկերում է համբուրվող երկու ոստիկանների: Ի սկզբանե ստեղծագործությունը գնահատվել էր ընդամենը 500-700 ԱՄՆ դոլար:




Լրահոս