ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» դուրս եկան ԱԺ հաշվիչ հանձնաժողովից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» դուրս եկան ԱԺ հաշվիչ հանձնաժողովի կազմից: Այսօր հանձնաժողովի կազմի մասին քննարկման ժամանակ այս մասին հայտարարեցին խմբակցության ներկայացուցիչները:

Հաշվի առնելով, որ մի շարք մեքենայություններ տեղի ունեցան տարբեր ընտրական գործընթացների ժամանակ, մենք արդեն հայտարարել ենք, որ ՀԱԿ-ը հաշվիչ հանձնաժողովում իր ներկայացուցչին չի ուղարկելու և չի մասնակցելու ապօրինություններին եւ ընտրակեղծարարությանը»,-հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նրան հետևեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը. «Քանի դեռ ՀՀ ԱԺ-ում հաշվիչ հանձնաժողովի կազմը թելադրում է մեկ քաղաքական ուժի դոմինանտություն, խախտելով բազմակարծությունը, ԲՀԿ-ն ևս շարունակելու է այս հաշվիչ հանձնաժողովում չներկայացնել որևէ ներկայացուցիչ»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նույնպես միացավ այս հայտարարություններին: «Մենք մեր դիրքորոշումը ևս չենք փոխել: Ցավոք քաղաքական մեծամասնությունը որևէ քայլ չարեց, որ կարողանար բալանսավորված հակակշիռ ապահովող հանձնաժողով ունենար: Մենք անդամ չենք ունենալու հաշվիչ հանձնաժողովի կազմում», – նշեց նա:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ հակադարձեց. «Բոլոր ժողովրդավարական երկրների պառլամենտերում դոմինանտ է մեծամասնությունը»:




Լրահոս