Ի՞ՆՉ ՏՎԵՑ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՄԵԿ ՏԱՐԻՆ
Հինգ տարի շարունակ դեպի Եվրոպա ընթացող Հայաստանն ուղիղ մեկ տարի առաջ այս օրը կտրուկ փոխեց քաղաքական վեկտորը: Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարեց Մաքսային միությանը ՀՀ անդամակցության մասին: Աշխարհաքաղաքական կտրուկ շրջադարձից մեկ տարի անց պետք է փաստել, որ հրաժարվելով եվրոասոցացումից Հայաստանը որեւէ տեղ էլ չի գնացել: Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու գործընթացը շարունակվում է ձգձգվել: Ընդ որում, ՄՄ-ին անդամակցելու մասին հայտարարելով Հայաստանն այդպես էլ որեւէ բան չշահեց, ընդհակառակը՝ միջազգային հանրության մոտ ձեռք բերեց անվստահելի գործընկերոջ համբավ: Եվ, ընդհանրապես, հարց է՝ ՀՀ-ն կշահի՞, եթե, ի վերջո, գլուխ գա ԵՏՄ-ին ու ՄՄ-ին անդամակցելու գործընթացը, թե՞ կորուստներ կունենա:
ՀՀազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում իրականացված օտարերկրյա ներդրումների վիճակագրությունը: Սակայն հետաքրքիր է, որ տարվա ներդրումների մասին տվյալները ԱՎԾ-ն ներկայացրել է նոր մեթոդոլոգիայով, ինչը հնարավորություն չի տալիս այն համեմատել նախորդ տարվա նույն ժամանակահատվածում իրականացված ներդրումների չափերի հետ: Ասել է թե՝ իշխանությունները որոշել են կոծկել օտարերկրյա ներդրումների ծավալների շեշտակի նվազումը: Բայց երբ «Ժողովուրդ»-ը համեմատեց Տիգրան Սարգսյանի կառավարության վերջին, եւ Հովիկ Աբրահամյանի կառավարության առաջին եռամսյակների տվյալները՝ հունվար-մարտ եւ ապրիլ-հունիս կտրվածքով, արձանագրեց, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 249 մլրդ 963 մլն դրամ: Իսկ առաջին եռամսյակում այդ թիվը 201 մլրդ 892,6 մլն դրամ էր: Ասել է թե՝ երկրորդ եռամսյակում իրականացվել է ընդամենը 48 մլրդ դրամի ներդրում:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանին առաջիկայում կփոխարինի Մոսկվայից նշանակվելիք ռուս ներկայացուցիչը: Արդեն տեւական ժամանակ է, ինչ այս լուրերը համառորեն պտտվում են: Խոսակցություններն է՛լ ավելի թեժացան, երբ «ՀայՌուսգազարդ»-ը վերանվանվեց «Գազպրոմ Արմենիա» եւ կառուցվածքային փոփոխությունների ենթարկվեց: Մեր լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ Վարդան Հարությունյանը հնարավոր է առաջիկայում տեղափոխվի Մոսկվա եւ նշանակվի այլ պաշտոնում: Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամլո խոսնակ Շուշան Սարդարյանի հետ, ով ասաց. «Ձեր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»: Ի դեպ, «Գազպրոմ Արմենիա» պաշտոնական կայքէջում ընկերությունը դեռեւս անվանափոխված չէ եւ կոչվում է «ՀայՌուսգազարդ»:
Այսօր աշխարհում ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ հիվանդությամբ տառապում է գրեթե 350 հազար մարդ: Այս հիվանդությամբ տառապողներին օգնելու նպատակով մոտ մեկ ամիս առաջ աշխարհում մեկնարկեց «Սառցե դույլ» ակցիան, որի մասնակիցը պետք է սառույցով լի ջրադույլը լցներ գլխին, ապա որոշակի գումար փոխանցեր այս հիվանդությամբ տառապողներին օգնելու համար: Այս ակցիան հասավ նաեւ Հայաստան՝ վերածվելով շոուի: «Ժողովուրդ»-ը նյարդաբան Հովհաննես Մանվելյանից հետաքրքրվեց, թե «Սառցե դույլ» ֆլեշմոբը, որը Հայաստանում կարծես թե կրում է ավելի շատ ձեւական բնույթ, հոգեբանորեն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հիվանդների վրա. «Եթե հայաստանցի մեկը ցույց տար կտրոնը, որով գումար է ուղարկել ինչ-որ մի տեղ եւ սառույց է լցրել գլխին, կասեմ՝ բրավո: Այս հիվանդներին օգնելու ոչ մի հնարավորություն չկա: Այս ակցիան խաղի վերածելու փոխարեն կես կիլոգրամ միս կամ մի կիլոգրամ շաքարավազ ուղարկեք մանկատուն: Կամ գնացեք ու նման հիվանդությամբ տառապող մարդու հետ գեթ մեկ օր անցկացրեք, ձեռքը սեղմեք»:
ԵՌԱՉԱՓ ՇԱՀԵՐ
Քառյակի խոստացած «թեժ աշնան» գալստյան հետ ավելի ու ավելի տեսանելի է դառնում, որ անկախ սպասվող հանրահավաքային պայքարից` աշունը թեժ է լինելու նախ եւ առաջ հենց իր` Քառյակի համար: Արդեն իսկ հայտնի երեք ուղղություններով Քառյակի ներսում առկա տարաձայնություններին օրերս ավելացավ չորրորդը, եւ ըստ ամենայնի` ամենավճռորոշը՝ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հեռանկարը: Սահմանադրական բարեփոխումների, Կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքը ՍԴ-ում կրկին վիճարկելու, իշխանափոխության պահանջի եւ ամենակարեւորը` Քոչարյանի վերադարձի հետ կապված հարցերում Քառյակի ներսում առկա են լուրջ հակասություններ, որոնք չհաղթահարելու դեպքում Քառյակը մոտ ապագայում կարող է վերածվել առնվազն եռյակի:
Գաղտնիք չէ, որ Քառյակի երկու ուժերը դեմ չեն նպաստել Քոչարյանի քաղաքական ռեաբիլիտացիային: Եվ եթե ՀՅԴ-ի դեպքում այս պահին կարելի է խոսել ընդամենը լոյալ վերաբերմունքի մասին, ապա ԲՀԿ- Քոչարյան անքակտելի կապը որեւէ մեկի մոտ կասկածի տեղիք չի տալիս: Ինչ վերաբերում է «Քոչարյանի անունը լսել անգամ չցանկացող» ՀԱԿ-ին եւ «Ժառանգությանը», ապա այդ երկուսից առաջինը, թերեւս, ինչ-որ մի պահի տեղի տա` հետեւելով իր առաջնորդի «քաղաքագիտական վերլուծության» ուղերձներին, մինչդեռ «Ժառանգություն»-ը դժվար թե բավականաչափ շարժառիթներ ունենա սեփական հեղինակության վտանգման գնով Քոչարյանի կողքին կանգնելու համար: Ասել է թե` այս հարցում Քառյակը սպառնում է վերածվել առնվազն եռյակի:
Հաջորդ կարեւոր մարտահրավերը իշխանափոխության պահանջի հնչեցումն է` լինի դա ամբողջական, թե մասնակի` կառավարության հրաժարականի պահանջի տեսքով: Այստեղ եւս սպասելի է, որ մոտեցումները միանշանակ չեն լինի: Քանզի ԲՀԿ-ի համար իշխանափոխության պահանջի անհրաժեշտությունը պայմանավորված է լինելու Քոչարյանի` վերադառնալու որոշմամբ (որը, կարծես թե ավելի հավանական է, քան երբեւէ): Ինչն էլ իր հերթին նշանակում է, որ այդ դեպքում նույն «Ժառանգություն»-ը չի ցանկանա անուղղակիորեն հեշտացնել Քոչարյանի հետդարձի ճանապարհը: ՀԱԿ-ն այս հարցում խնդիր չունի, քանզի ի սկզբանե էլ հնչեցրել է ամբողջական իշխանափոխության պահանջ, իսկ Դաշնակցությունն էլ, ինչպես հայտնի է, Քոչարյանի երբեմնի քաղաքական հենարանն է, եւ անհրաժեշտության դեպքում հաճույքով կերկրորդի իշխանափոխության կոչերը: Ստացվում է, որ այս հարցում եւս Քառյակը հանդես կգա որպես եռյակ:
Դե իսկ Սահմանադրական բարեփոխումների հետ կապված Քառյակի երեք ուժերի միակարծիքությունն արդեն իսկ հայտնի է, տարբերվում է միայն ՀՅԴ դիրքորոշումը: Եվ դարձյալ` Քառյակը խաղալու է եռյակի ռեսուրսով:
Իսկ ամենաուշագրավն այս «հրաշալի փազլում» այն է, որ ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը բոլոր կոմբինացիաներում էլ մնայուն տեղ ունեն, ինչը փաստում է այս ուժերի` միասնական քաղաքական խաղի մասին` ցանկացած եղանակի: