ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆ ՄՏՆՈՂ ՓՈՂԵՐԻ ՀՈՍՔԸ ՓՈՔՐԱՑԵԼ Է

Չնայած տարեսկզբին իշխանությունները որոշեցին փոխել օտարերկրյա ներդրումների հաշվարկման մեթոդոլոգիան՝ թերեւս այս ոլորտում շարունակվող սոսկալի անկումը թաքցնելու համար, սակայն հնարքը ժամանակավոր էֆեկտ ունեցավ:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը օրերս հրապարակել է օտարերկրյա ներդրումների՝ այս տարվա առաջին կիսամյակի վիճակագրությունը, որից պարզ է դառնում, որ այստեղ անկումն ընթանում է երկրաչափական պրոգրեսիայով: Ընդ որում, երբ համադրում ես Տիգրան Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի կառավարությունների պաշտոնավարման երեք ամիսների ցուցանիշները, վիճակն առավել քան մտահոգիչ է: Իհարկե, օտարերկրյա ներդրումների ծավալների անկումը Հայաստանում սկսվել է Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման սկզբից եւեթ՝ 2008թ.-ից, եւ այս ողջ ընթացքում իրավիճակը միայն խորացել է: Բայց կառավարության փոփոխությունից հետո դեռեւս վիճակը չի բարելավվել:
ԱՎԾ տվյալների համաձայն, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 249 մլրդ 963 մլն դրամ: Իսկ առաջին եռամսյակում այդ թիվը 201 մլրդ 892,6 մլն դրամ էր: Ասել է թե՝ երկրորդ եռամսյակում իրականացվել է ընդամենը 48 մլրդ դրամի ներդրում: Այնինչ, ներդրումների աճը պետք է լիներ նկատելի. ի վերջո, ՀՀԿ-ականները ջանք ու եռանդ չէին խնայում համոզելու, թե Հովիկ Աբրահամյանը տնտեսությունը կփրկի կործանումից, նրա վարչապետության օրոք տնտեսությունը կծաղկի, ներդրումները կավելանան եւ այլն, եւ այլն։ Բայց այդ խոսքերն առայժմ հեքիաթի ժանրից են:
Քանի որ ԱՎԾ-ն փոխել է օտարերկրյա ներդրումների հաշվարկման մեթոդոլոգիան, հնարավոր չէ այս ցուցանիշները համեմատել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ. թվերը պարզապես համադրելի չեն: Սակայն անգամ այսպես դժվար չէ ընդհանուր պատկեր կազմել:
ԱՎԾ-ի համաձայն, առաջին կիսամյակում ՌԴ ուղղակի ներդրումները կազմել են 196.8 մլրդ դրամ: Առաջին եռամսյակի համեմատ այդ թիվն ավելացել է 20.4 մլրդ-ով: Ռուսական հիմնական ներդրումներն արվել են էլեկտրականության, գազի մատակարարման ոլորտում: Սրանք «Գազպրոմ Արմենիա» եւ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունների ներդրումներն են՝ 192.6 մլրդ դրամ: Սակայն, ներդրված գումարները ռուսական ընկերությունները բավականին հաջող կերպով ՀՀ քաղաքացիներիցս հետ են տարել՝ բարձրացնելով գազի ու էլեկտրաէներգիայի սակագները: Ավելին, «ՀայՌուսգազարդ»-ի հայկական մասնաբաժինը ՌԴ-ին պարտքի դիմաց հանձնելն ու «Գազպրոմ Արմենիա» ընկերության վերակազմավորելն իշխանությունները ներկայացրել են որպես ներդրում: Իսկ ահա սննդամթերքի արտադրության, հանքարդյունաբերության եւ մի շարք այլ ոլորտներում ռուսական ներդրումները նվազել են: Ներդրումների թվով երկրորդ տեղում Միացյալ Թագավորություններն են՝ 11.8 դրամ. նրանց գործունեության հիմնական ոլորտը խմիչքների արտադրությունն է, նաեւ հանքարդյունաբերությունը: Ներդրումների թվով երկրորդ տեղում Գերմանիան է, երրորդ տեղում՝ Լիբանանը: Գերմանական ընկերությունների ուշադրության կենտրոնում հիմնականում եղել է հանքագործական արդյունաբերությունը, իսկ Լիբանանը գումարներն ուղղել է սննդամթերքի արտադրության ոլորտ: Ի դեպ, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից միայն ՌԴ-ն է աչքի ընկել ներդրումներով. Բելառուսինը եղել են շատ քիչ՝ 0.1 մլն, իսկ Ղազախստանի ներդրումների մասին ԱՎԾ հրապարակման մեջ խոսք չկա:
Նշենք, որ օտարերկրյա ներդրումների ծավալները երկրի տնտեսության ամենակարեւոր ցուցիչն են. եթե տնտեսական վիճակը լավ է, ուրեմն՝ ներդրումներն ավելանում են, հակառակ դեպքում՝ ոչ: Հայաստանում օտարերկրյա ներդրումների նվազելը հետեւանք է տնտեսական ոլորտի, հարկային ու մաքսային դաշտերի անկայունության, ՀՀ իշխանությունների հանդեպ անվստահության եւ տարածաշրջանում տիրող քաղաքական անկայուն վիճակի: Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին տարիներին ներդրումների ծավալները միայն պակասել են. 2012թ. նախորդ տարվա համեմատ օտարերկրյա ներդրումների ծավալները նվազել էին 27.5 տոկոսով, 2013-ին՝ 35.3 տոկոսով: Եվս մեկ ուշագրավ փաստ. այս տարվա հունիսի 2-ին ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը խոսել էր դիվանագիտության տնտեսական բաղադրիչի ակտիվացման անհրաժեշտության մասին: Նա ընդգծել էր, որ ՀՀ-ում օտարերկրյա ներդրումներ ապահովելու համար անհրաժեշտ է առավել ճանաչելի դարձնել հայաստանյան տնտեսությունը եւ ճիշտ ներկայացնել Հայաստանում ներդրումներ կատարելու առավելությունները: Դատելով ներդրումների ծավալներից, նրա հանձնարարականները մնացել են օդից կախ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 
ԼՈՒՐԵՐ

«ԱՏԿԱՏ»-ՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
ՀՀ վերահսկիչ պալատն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով է ներկայացրել 2013թ. իր տարեկան հաշվետվությունը: Երեկ էլ հանձնաժողովում քննարկվում էր ՎՊ փաստաթղթի նախագիծը: ՎՊ հայտնաբերած խախտումները բավականին շատ են ու խոսուն: Օրինակ՝ գնումների ոլորտում շարունակվում են խախտումները. ըստ ՎՊ հաշվետվության՝ «Առանձին գնման համար պատասխանատու պատվիրատու գերատեսչության ներկայացուցիչները խտրական վերաբերմունք ցույց տալով, որոշ ընկերությունների թույլ են տալիս կնքել բարձր գներով պայմանագրեր, որոնց արդյունքում պետական միջոցները չեն տնտեսվում, իսկ որոշ անձինք ստանում են գերշահույթ»: Շատ են դեպքերը, երբ մի ապրանքը տարբեր կազմակերպությունների վաճառվում է տարբեր գներով, եւ այսպես շարունակ: Հիշեցնենք, որ դեռ 2012թ. Սերժ Սարգսյանը սկզբում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության անդամների հետ, այնուհետեւ՝ մի շարք նախարարություններում անցկացված խորհրդակցությունների ժամանակ խոսել էր այս խնդրի մասին: Սակայն ինչպես տեսնում ենք՝ իրավիճակը շարունակում է մնալ նույնը եւ գնումների, «ատկատ»-ների անվան տակ շարունակվում է դատարկվել պետական բյուջեն:

 

ՀԵՌԱՑՐԵԼ Է
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը որոշել է ազատվել նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պատճառը նախարարի ու աշխատակազմի ղեկավարի միջեւ լարված հարաբերություններն են, ավելին՝ վերջինս համարվում է նախկին նախարար Արամ Հարությունյանի կադրը: Նշենք, որ Փիրումյանն այդ պաշտոնը զբաղեցնում է 2011թ. փետրվարից, իսկ մինչ այդ՝ 2010թ. նոյեմբերից ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել: Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է Փիրումյանին աշխատանքից ազատելու հարցը:

 

ՓՆՏՐՎՈՒՄ Է
Օրերս Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահից համալսարանի պրոռեկտոր դարձած Սեւակ Խաչատրյանը դեռեւս աշխատասենյակ չունի: Արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ»-ը փորձում է «գտնել» Սեւակ Խաչատրյանին՝ նրան մի քանի հարցեր ուղղելու համար, սակայն ապարդյուն: Համալսարանի աշխատակիցները հայտնեցին, որ Ս. Խաչատրյանը դեռեւս աշխատասենյակ չունի ու իր սովորության համաձայն լինում է ուսխորհրդում: Այնտեղից էլ «Ժողովուրդ»-ին ասացին, թե Ս. Խաչատրյանին չեն տեսել: Հետաքրքիր է՝ որտե՞ղ էր ուսումնական առաջին օրը «աշխատում» «սաքուլիկ» մականունը ստացած պրոռեկտոր Սեւակ Խաչատրյանը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նա «հանգստի կարեւոր գործերով» գտնվում է Փարիզում:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Ս.թ. սեպտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրադրությանը եւ փոխադարձ վստահության ամրապնդման միջոցներին առնչվող հարցեր:

 

ՓԱԿ ՓՈՂՈՑՆԵՐ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 2-ից ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտա, Տերյան եւ Հին Երեւանցու փողոցների խաչմերուկի հատվածում: Վարորդները նշված հատվածը կարող են շրջանցել Թումանյան, Եզնիկ Կողբացի եւ Պուշկինի փողոցներով:

 

ՆՈՐ ՊԱՏ
tesankyun.am-ը գրում է, որ օգոստոսի 31-ին սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում կայացավ վերանորոգված մանկապարտեզի բացումը: Ուշագրավն այն է, որ մանկապարտեզի խաղահրապարակին կից կառուցվել է Հայաստանում առաջին պաշտպանիչ պատը, որի շնորհիվ երեխաները կարող են մանկապարտեզի բակում ապահով խաղալ: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը վստահեցրել է, որ պաշտպանիչ պատը կապահովի երեխաների անվտանգությունը:

 

ԹՈՇԱԿԸ ԿՏԱՆ
2014թ. սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի սեպտեմբերի 3-ից «Հայփոստ» ՓԲԸ բոլոր բաժանմունքներում: Այս մասին Armlur.am-ը տեղեկանում է «Հայփոստ» ընկերության մամուլի ծառայությունից:

 

ՀԱՐՑ ՉԿԱ
Ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Մաքսային միության կազմից Ղազախստանի դուրս գալու հնարավորությունը: Լավրովին հարցրել են, թե ինչպես է գնահատում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարությունն այն մասին, որ եթե Ռուսաստանը հետագայում նույնպես Ուկրաինայի հանդեպ վարի իր քաղաքականությունը, ապա Աստանան կդիտարկի Մաքսային միությունից դուրս գալու հնարավորությունը: Լավրովը հայտարարել է, որ մասնակցել է Մինսկում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահների հանդիպմանը, ուր քննարկվել է Ուկրաինայի հարցը. «Այստեղ որեւէ տարակարծություն չի եղել եւ չի էլ կարող լինել նիստին մասնակից Մաքսային միության անդամների միջեւ: Մենք բացարձակապես միասնական մոտեցում ունենք, որ Մաքսային միությունը ինքնիշխան պետությունների միավորում է, որոնք միավորման մեջ շահ են տեսնում իրենց տնտեսական, առեւտրային ու ներդրումային պոտենցիայի համար: Հենց դա է ծառայում որպես ձգողական գործոն մյուս երկրների համար, որոնք ցանկանում են համագործակցել Մաքսային միության հետ, մտնել նրա կազմի մեջ, իսկ հետո դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ: Դա շատ հաջող նախագիծ է»:

 




Լրահոս