ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՐԱԶԴԱՆԻ ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏԻ ՊԵՏՆ՝ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ

Այս տարվա մարտ ամսին Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության կողմից կաշառք ստանալու պահին կալանավորվել էր Հրազդանի զինվորական կոմիսարիատի 4-րդ բաժանմունքի պետ Սերգեյ Սարգսյանը: Սակայն դատարանի առաջ բացի Սերգեյ Սարգսյանից կանգնել է նաեւ Հրազդանի զինկոմիսարիատի պետ Արամ Պետրոսյանը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերգեյ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ լինելով Հրազդանի զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժանմունքի պահեստի զինվոր-սերժանտների հաշվառման, ամրագրման եւ նախորոշման խմբի պետ, կոչումով կապիտան` պաշտոնեական դիրքն օգտագործելով քաղաքացի Արմեն Ավետիսյանի գրքույկում զինվորական ծառայության պիտանելիության վերաբերյալ փոփոխություններ է կատարել: Բանն այն է, որ Սարգսյանը պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համար Արմենի զինվորական գրքույկում բարենպաստ գրառում կատարելու դիմաց 2014 թվականի մարտի 21-ին վերջինիցս պահանջել եւ 2014 թվականի մարտի 25-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում Հրազդանի զինվորական կոմիսարիատի իր աշխատասենյակում անձամբ ստացել է 124.311 ՀՀ դրամին համարժեք 300 ԱՄՆ դոլար կաշառք:
Նշենք, որ դեռեւս այդ ամիսներին Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը պաշտոնապես հայտարարել էր միայն Սերգեյ Սարգսյանի՝ կաշառք վերցնելու եւ կալանավորման մասին տեղեկությունը, սակայն օգոստոսի 11-ին գործը մտել է դատարան եւ այն էլ բավականին ուշագրավ հանգամանքներով:
Ըստ դատարանի՝ պարզվում է՝ Սերգեյ Սարգսյանից բացի ամբաստանյալի աթոռին է հայտնվել նաեւ Հրազդանի զինկոմի ներկայիս պետ Արամ Պետրոսյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար: Գնդապետ Պետրոսյանը զբաղեցնելով Հրազդանի զինվորական կոմիսարիատի պետի պաշտոնը ՀՀ ՊՆ 30.03.2006թ. թիվ 378-06 հրամանի 38 կետով որպես ոչ շարային ծառայության պիտանի զինապարտ հաշվառված Հրազդան քաղաքի բնակիչ Ալեքսանդր Ազիզյանին կորստյան հիմքով կրկնօրինակ զինգրքույկ տրամադրելիս չի ստուգել ենթակա անձանց կողմից կրկնօրինակ զինգրքույկում նրա՝ զինվորական ծառայությանը պիտանելիության վերաբերյալ լրացված տվյալները, առանց դրանք Ա. Ազիզյանի հաշվառման քարտում առկա տվյալների հետ համեմատելու իր ստորագրությամբ եւ կնիքով հաստատել է «պիտանի է շարային ծառայության համար» գրքույկ, որն էլ հանձնվել է Ա. Ազիզյանին:
Ասել է թե՝ զինկոմի պետ Արամ Պետրոսյանը ոչ շարային ծառայության պիտանի Ալեքսանդր Ազիզյանին, միգուցե, անփութության, կամ միտումնավոր կերպով «պիտանի է շարային ծառայության համար» նոր գրքույկ է հանձնել՝ կանաչ ճանապարհ բացելով Ազիզյանի համար:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հրազդանի զինկոմի պետ Արամ Պետրոսյանը վստահեցրեց, որ ինքը դա միտումնավոր չի արել. «Սամվել Սարգսյանին եմ հանձնարարել, որ նա տվյալ մարդու զինգրքույկի կրկնօրինակը պատրաստի ու տա քաղաքացուն, իսկ ես ուշադիր չեմ եղել եւ չեմ ստուգել, թե նա ինչ փաստաթուղթ է տվել: Ընդունում եմ, որ անփութություն եմ թույլ տվել: Միշտ վստահում եմ իմ աշխատակիցներին ու չէի կարող պատկերացնել, որ նման բան կարող էր անել: Ես օրենքը հարգում եմ, իսկ թե ինչ կորոշեն դատարանում, ոչինչ չեմ կարող ասել: Չգիտեմ, թե ինչ կլինի»:
Հարցին, թե արդյոք սա պատճառ չի՞ դառնա, որ իրեն հեռացնեն Հրազդանի զինկոմի պետի պաշտոնից, Արամ Պետրոսյանը պատասխանեց, որ դեռ ոչինչ հայտնի չէ եւ ինքը դեռ շարունակում է մնալ իր պաշտոնին:
Ի դեպ, հավելենք, որ մարտ ամսին Պն ռազմական ոստիկանության աշխատակիցները խոշոր չափի կաշառք ստանալու պահին ձերբակալել էին Նոր Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Զախարյանին եւ զորակոչային բաժնի տեսուչ Տիգրան Հովհաննիսյանին: Գրել էինք, որ Նոր Նորքի զինվորական կոմիսար Ռ. Զախարյանը ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գարիկ Գաբրիելյանի՝ Գելի հորաքրոջ որդին է: Հիշեցնենք, որ նրան պաշտոնանկ արեցին, քանի որ ոստիկանության զենք-զինամթերքը գաղտնի վաճառել էր:
Նկատենք, որ այս երկու դեպքերը բացահայտվել էին նույն ժամանակահատվածում, սակայն Հրազդանի զինկոմիսարիատում կաշառքի գործը մտել է դատարան, իսկ Նոր Նորքի զինկոմիսարիատի դեպքը՝ դեռ ոչ: Թե ինչու, դժվար է կանխատեսել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԼՈՒՐԵՐ

ԾԵԾԵԼ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ
Օգոստոսի 31-ին Կոմիտասի պողոտայում լուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ժամը 1:00-ի սահմաններում 36-ամյա Արմանը եւ 54-ամյա Վարդանը լեզվակռիվ են արել, իսկ ավելի ուշ սկսել են դաժանորեն ծեծի ենթարկել միմյանց: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Արմանը տաքսու վարորդ է եւ Վարդանի հետ վիճել է մեքենան նշված տարածքում կայանելու շուրջ: Նրանց հանդարտեցրել են տարածքը հսկող ոստիկանները:

 

ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՎԻՐԱՀԱՏԵՑԻՆ
Նոյեմբերյանի N զորամասում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանին երեկ վիրահատել են: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Դավիթի եղբայրը՝ Վարդան Խաչատրյանը: «Վիրահատությունից հետո կարողացել եմ խոսել հետը, ասաց, որ լավ է զգում իրեն եւ վիրահատությունը նորմալ է անցել: Այսօր արդեն կկարողանանք անձամբ գնալ եւ տեսնել, թե ինչ վիճակում է եղբայրս»,-ասաց Վարդանը՝ հավելելով, թե դեռ հայտնի չէ՝ երբ նրան կտեղափոխեն կալանավայր:

 

ՏՈՒՆԴԱՐՁ.am
ՀՀ կառավարության առաջիկա նիստում հաստատվելու է http://www.tundarc.am տեղեկատվական ինտերնետային համակարգի սպասարկման կարգը: Այս նախագիծը շրջանառության մեջ է դրվել 2013 թվականին: Ներկայում կայքէջի հետ կապված ծրագրային աշխատանքներն ավարտված են, եւ համակարգը տեղադրված է համացանցի http://www.tundarc.am տիրույթում: Այս համակարգը թույլ կտա «Դիմեք համակարգին» բաժնի միջոցով հարցով, խնդրով կամ առաջարկությամբ դիմել համապատասխան պետական մարմին ինչպես գրավոր դիմումով, այնպես էլ, առանձին դեպքերում, տեսակապի միջոցով առցանց ընդունելության համար:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել օտարերկրյա պետություններից ՀՀ վերադարձող քաղաքացիների համար վերադարձի եւ կայուն վերահաստատման գործընթացների վերաբերյալ տեղեկատվության հասանելիություն, մեկտեղել քաղաքացիների վերադարձի եւ վերաինտեգրման ծրագրերը մեկ ինտերնետային համակարգում, օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիների համար ստեղծել հայաստանյան պետական մարմիններին ժամանակակից էլեկտրոնային կապուղիներով դիմելու հնարավորություն: Նախագիծը ներկայացնելու է ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը: Հուսանք հաջողություն կունենա եւ կծառայի նպատակին:

 
ԲԼԹ

«Առողջապահական պետական տեսչության աշխատանքը պետք է բարձրացնի հանրության վստահությունը համակարգի հանդեպ»:

Արմեն Մուրադյան Med.news.am

Առողջապահության նախարարները փոխվում են, իսկ առողջապահության համակարգը մնում է նույնը, ժողովուրդը կրկին չի վստահում համակարգի ներկայացուցիչներին, կոռուպցիոն դրսեւորումները ինչպես կային, այդպես էլ մնում են: Եվ հիմա առողջապահության նախարարը հերթական ձեւական միջոցառումն է մեկնաբանում, հերթական անիմաստ քննարկումը: Ինչ օգուտ տեսչության ղեկավարների հետ հանդիպելուց եւ քննարկելուց, եթե բուժհաստատությունների մեծ մասի անձնակազմը նորմալ վերաբերմունք չի ցուցաբերում հիվանդների նկատմամբ, մտածում են առաջին հերթին գումար կորզելու, այլ ոչ թե մարդկանց փրկելու մասին:

 
«Այսօր դժվար է ասել, թե երբ եւ ինչ որոշում կկայացնի Թուրքիայի նախագահ Էրդողանը գալիք տարի ապրիլի 24-ին Երեւան այցելելու կապակցությամբ»:

Էդվարդ Նալբանդյան News.am

Նման արտաքին գործերի նախարար ունենալու պարագայում ոչ միայն Էրդողանի որոշումը, այլ, ընդհանրապես, ամեն ինչն էլ դժվար կլինի ասել եւ առանձնապես կարիք չկա Էդվարդ Նալբանդյանի գործունեությունից մեր օգտին որեւէ արդյունք ակնկալել: Նրա մոտ գերազանց է ստացվել միայն Սվազիլենդի, Վանուատուի եւ նման այլ պետությունների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը, իսկ ավելի կարեւոր հարցերում հաճախ չի զգացվում, որ մենք ընդհանրապես արտգործնախարար ունենք, ավելին՝ որոշ դեպքերում նրա պարտականություններն իր փոխարեն կատարում է պաշտպանության նախարարը:

 
«Դա մեզ տխրեցնում է: Ես այսօր ստորագրել եմ նման երեք դիմում, ընդհանուր դրանց թիվը 12-ն է: Եվ նրանք հիմնականում այն երիտասարդներն են, ովքեր լավ մասնագետներ են…»:

Արամ Սիմոնյան Tert.am

Իսկ որ ժամանակին ԵՊՀ-ի ռեկտորն իր օգնականների եւ ախալքալաքցիների «զորքերի» միջոցով աջակցում էր ՀՀԿ-ականնեին, ամեն ինչ անում էր իշխանություններին հաճոյանալու համար, կուտակայինին էլ սկզբից կարծես թե դեմ չէր, դասախոսների աշխատավարձերն էլ չէր ուզում բարձրացնել, չէր մտածո՞ւմ, որ մի օր այդ նույն կուտակայինի պատճառով այդ նույն դասախոսները պարզապես կհեռանան իր ղեկավարած բուհից: Եվ այդպես էլ եղավ, արդեն սկսում են հեռանալը: Իսկ Սիմոնյանը նոր է, կարծես թե, հասկանում, որ մայր բուհը տխուր վիճակում է հայտնվում, այնինչ՝ այդ մասին պետք է ժամանակին մտածեր:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 




Լրահոս