ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՆՉՈՒ ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆԸ ԺՅՈՒՐԻԻ ԱՆԴԱՄ ՉԷ

«Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Հայաստանի ձայնը» նախագծի այս եթերաշրջանի ժյուրիի կազմում են Հայկոն, Սոնան, Արմեն Մարտիրոսյանը եւ Եվա Ռիվասը: Քրիստինե Պեպելյանը ժյուրիի կազմում չկա: Շրջանառվող լուրերի համաձայն, երգչուհին որոշակի անհամաձայնություններ ունի նախագծի կազմակերպիչների հետ եւ այդ պատճառով լքել է ժյուրիի անդամներին:

«Ժողովուրդ»-ը զրուցեց երգչուհու հետ` տեղեկանալու` ինչու նա չկա այս եթերաշրջանի «Հայաստանի ձայնը» նախագծի ժյուրիի կազմում:
-Համաձայն շրջանառվող լուրերի՝ «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Հայաստանի ձայնը» նախագծի այս եթերաշրջանում Դուք չկաք ժյուրիի կազմում, քանի որ խնդիրներ ունեք նախագծի կազմակերպիչների հետ: Իսկապե՞ս դա է պատճառը:
-«Արմենիա» հեռուստաընկերության հետ երբեւէ կոնֆլիկտ չեմ ունեցել: Այս հեռուստաընկերության հետ իմ հարաբերությունները մշտապես եղել են բավականին լավ: Հիշեցնեմ, որ վարել եմ «Բարի լույս հայեր» ծրագիրը, որը հեռարձակվում է «Արմենիա»-ով: Ես դեռ ամիսներ առաջ եմ ունեցել հրավեր` լինելու «Հայաստանի ձայնը» նախագծի ժյուրիի կազմում, բայց բավականաչափ հագեցած իմ առօրյան եւ առաջիկայում սպասվելիք շրջագայություններն այդ հնարավորությունը չեն տալիս: Ես ինքս եմ մերժել այդ հրավերը: Որեւէ խնդիր չկա ու պետք չէ որեւէ բան փնտրել:
-Ի՞նչ շրաջագայությունների մասին է խոսքը: Ձեր ստեղծագործական կյանքում ինչ-որ փոփոխությունների կհանգեցնե՞ն ճամփորդությունները:
-Պատրաստվում եմ նոր` անգլալեզու երգ ներկայացնել հանդիսատեսի դատին: «My one and only» երգի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 17-ին: Ստեղծագործական ակտիվություն աշխատում եմ միշտ ունենալ: Իսկ առաջիկայում համերգներ եմ ունենալու Ռուսաստանի մի քանի շրջաններում: Շուտով կթողարկվեն երկու տեսահոլովակներ: Նախատեսում եմ նաեւ մի քանի ֆոտոշարք ներկայացնել հանրությանը:
Հավանաբար նոյեմբեր ամսին արդեն եթերում կլինի «Հայաստանի ձայնը» նախագծի՝ իմ թիմի մասնակից Արամ Գինեսյանի հետ խոստացված դուետի տեսահոլովակը: Ես իմ խոստումը պատվով կատարել եմ: Ձայնագրման աշխատանքները ընթացքի մեջ են:
-Թեմայից դուրս, բայց կարեւոր մի խնդրի շուրջ կուզենայի զրուցել: Վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական եւ հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող անհանգիստ վիճակին մարդիկ ամենատարբեր կերպ արձագանքեցին: Ձեր գործընկերներից շատերը, գուցե իրենց հեղինակության նշաձողը բարձր պահելու համար, մեկնում էին շփման գիծ` զորակցելու զինվորներին, լուսանկարվելու նրանց ֆոնին: Ձեզ չտեսանք «կամուֆլյաժով»:
-Ինքս այդ շրջանում բավականին հագեցած առօրյա եմ ունեցել եւ չեմ կարծում, որ միայն սահման մեկնելով կարելի է զորակից լինել զինվորին: Շատ գնահատում եմ իմ գործընկերների քայլը, ովքեր մեկնել են դիրքեր: Այդ արարքը միայն գովեստի է արժանի: Մարդիկ իրենք են որոշում ուր գնալ եւ երբ, բայց զինվորին զորակցելը չեմ կարծում, որ ձեւական բնույթ կարող է կրել:
Ես բազմիցս հանդես եմ եկել բազմաթիվ բարեգործական համերգներով, մեկնել եմ տարբեր զորամասեր՝ համերգային ծրագրերով: Հենց սահմանամերձ տարածքներում՝ Հորադիսում, Եղնիկներում, Հադրութում եմ բարեգործական համերգներով հանդես եկել:
Աստված չանի, բայց եթե դրա անհրաժեշտությունը լինի, ես ինքս էլ պատրաստ եմ մեկնել դիրքեր, գտնվել խրամատներում եւ հնարավորություններիս սահմաններում օգնել մեր զինվորներին:
Աստված տա, որ այս թեմայի մասին խոսելու անհրաժեշտությունը երբեք էլ չլինի, թող որ մեր երկրին երբեք էլ պատերազմ չսպառնա, եւ մեր զինվորները կատարեն հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը եւ ողջ ու առողջ վերադառնան տուն:

ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Քաղաքացի Էֆրիկ Ավետիսյանը դիմել է «Ժողովուրդ» թերթի խմբագրություն՝ ներկայացնելով իր բողոքն՝ ուղղված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների աշխատանքները համակարգող հանձնաժողովի անդամներին: Ստորեւ ներկայացնում ենք նամակը:

Հարգելի հանձնաժողովի անդամներ, հանձնաժողովի ստեղծման գաղափարն անշուշտ ողջունելի է, կարծում եմ՝ նրա գործունեությունը Ձեր օգնությամբ կնպաստի միջազգային արենայում Հայոց ցեղասպանության լայն ճանաչման գործընթացին, եթե, իհարկե, այս առաջարկությանը լիարժեք ազգային մոտեցում ցուցաբերեք, ոչ թե անտարբերության մատնեք եւ անհեթեթություն համարեք։
Հարգելի տիկնայք եւ պարոնայք, համոզված եմ, հիշում եք, որ անկախության ձեռքբերման այն խառնաշփոթ օրերին մեր նորելուկ պետական այրերն անհեռատեսություն թույլ տվեցին եւ, առանց ժողովրդի ձայնը լսելու, Հայոց լեռնաշխարհի արքա Արարատի բնապատկերը զինանշանից կամացուկ դեն նետեցին։ Բիբլիական Արարատի բնապատկերի առկայությունը զինանշանում Ցեղասպանության լուռումունջ վկան էր, հայ ժողովրդի ոգեղեն կապը Արեւմտյան Հայաստանի հետ, որ տարիներ շարունակ գտնվելով Խորհրդային Հայաստանի զինանշանում, մեզ հիշեցնում էր անմեղ զոհերին, որոնք նահատակվեցին, նույնիսկ գերեզման էլ չունեցան հայրենի հողում։
Նույնիսկ այդ խայտառակ սխալից հետո մեր պետական այրերը, առանց խղճի խայթի, Սահմանա դրության մեջ որպես ծաղրանք սուտ ու սխալ նշեցին, որ Հայաստանի զինանշանի կենտրոնում, վահանի վրա պատկերված է Արարատ լեռը, ինչը, ինչպես համոզվում ենք, տեսողական խաբկանք է, ստախոսություն, քանի որ ոչ մի իրեն հարգող հայորդի, ինչպեսեւ Դուք, այնտեղ ինչպես անցյալում, չի կարող տեսնել ալեհեր Մասիսի բնապատկերը, ցավում եմ, որ սա նման է «Անունը կա, իսկ ինքը չկա» ասացվածքին։ Ստացվում է, որ մենք ազգովի ստիպված ինքներս մեզ ենք անամոթաբար խաբում եւ Ցեղասպանությունից խոսում։
Ճիշտ է, գործող զինանշանը եւս գալիս է մեր պատմության խորքերից, սակայն ցավում եմ, որ տեսողական առումով, ինչպես Խորհրդային Հայաստանի ժամանակ, այն խաբված եւ շփոթված այլ ազգերին ոչինչ չի հուշում Օսմանյան կայսրության բարբարոս արարքների մասին։ Այսօր Թուրքիան լայնածավալ կերպով խոչընդոտում է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, սակայն որքան էլ խոչընդոտի, նրա ջանքերը ապարդյուն կլինեն, քանի որ հանրությունը ինչպես եւ իրենք հիշում են Բեռլինյան դատավարությունը, երբ Սողոմոն Թեհլերյանին դատապարտում էին որպես մարդասպանի, սակայն դատարանի դահլիճից մեղադրյալը ազատ արձակվեց որպես մեղադրող։
Վերջապես եթե այսօր կոտորածի կազմակերպիչ Ահմեդ Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալն է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ դնում ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի, ապա նրանք մտավախություն ունեն, որ վաղ թե ուշ ոչ միայն միջազգային հանրությունը, այլեւ թուրք հասարակությունը կդատապարտի իրենց կայսրության բարբարոս քաղաքական գլուխգործիչներին, քանի որ ագրեսիվ ժողովուրդ չի լինում, լինում են ագրեսիվ քաղաքական անհատներ, որոնց պատճառով, հայ ժողովրդի հսկայական հատվածը նահատակվեց բարբարոս քաղաքական գործիչների կամքով, ոչ թե թուրք հասարակության պահանջով։
Հարգելի հանձնաժողովի անդամներ, վերջապես, ինչպես տեսնում եք, այս ամենը բխում է հայ ժողովրդի շահերից, այնպես որ առաջարկությանը լիարժեք ազգային մոտեցում ցուցաբերեք, համարձակություն ունեցեք, հանրաքվե անցկացրեք, լսեք ժողովրդի ձայնը եւ, Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ուղղեք այդ չարաբաստիկ սխալը, Արարատի բնապատկերը վերադարձրեք զինանշան՝ իր նախկին տեղը։ Ճիշտ է, այս առաջարկությունը իրականացնելով Դուք ժողովրդին երջանկություն չեք պարգեւի, սակայն ուրախություն կպարգեւեք։
Իսկ եթե առաջարկությունը անհեթեթություն համարեք եւ անտարբերության մատնեք, անխոսք Արեւմտյան Հայաստանն էլ ծովից ծով Հայաստանի բախտին կարժանացնեք, ուստի, եթե չեք ուզում ազգանպաստ գործ անեք, այն, ինչ որպես ծաղրանք, սուտուսխալ նշված է Սահմանադրությունում, որ իբր «ՀՀ զինանշանի կենտրոնում վահանի վրա պատկերված է Արարատ լեռը», հանեք, դա Հայաստանին պատիվ չի բերում եւ Ցեղասպանությունից եկեք քիչ խոսենք։
Հույսով եւ հարգանքներով՝
Էֆրիկ Ավետիսյան, իրավաբան

 

 
ԼՈՒՐԵՐ

ԶԱՅՐԱՑԱԾ Է
Վերջին շրջանում բավականին հաճախ են լինում դեպքեր, երբ փորձում են օգտագործել հայտնի մարդկանց անունները՝ դրամաշորթության համար: Նմանատիպ խարդախության զոհ է դարձել նաեւ երգիչ Մարտին Մկրտչյանը: Մոտ երկու ամիս առաջ անհայտ մեկը, ներկայանալով Մարտին Մկրտչյանի անունից, զանգահարել է մի քանի հայտնի կազմակերպությունների եւ խնդրել իր` առաջիկայում կայանալիք համերգի տոմսերը գնել: «Ժողովորդ»-ի հետ զրույցում երգիչ Մարտին Մկրտչյանն ասաց, որ շատ զայրացած ու զարմացած է այս ամենից. «Անտանելի զայրացած եմ, ես ինչպե՞ս կարող եմ նման բանով զբաղվել: Նույնիսկ իմ համերգների ժամանակ հովանավորներ չեն եղել»:

 

ԿԱՆԽԱԶԳԱՑԵԼ Է
Օրերս լույս աշխարհ է եկել դերասան-հաղորդավարներ Նարբե Պողոսյանի եւ Աստղիկ Ալավերդյանի առաջնեկը: Ծնողները նշել են, որ փոքրիկն այս ընթացքում արդեն հասցրել է փոխել իրենց կյանքը: Պարզվում է` նորաթուխ հայրիկը կանխազգացել է, որ որդին ծնվելու է հենց աշնան առաջին օրը. «Երազում էի, որ այս տարեմուտին` հունվարի 1-ին իմանանք` երեխա ենք ունենալու: Այդպես էլ եղավ: Կնոջս հղիության ողջ ընթացքում էլ զգում էի, որ փոքրիկս հենց սեպտեմբերի 1-ին է ծնվելու»: Երեխայի անվան ընտրության հարցում ամուսինները համակարծիք են եղել: «Որդուս անվանակոչել ենք Մոնթե` մեր ազգի հերոս, քաջ մարդ Մոնթե Մելքոնյանի պատվին: Աննկարագրելի զգացողություններ ունեմ»,-նշել է Նարբեն եւ հավելել. «Տղայիս առաջին անգամ տեսա ծնվելուց րոպեներ անց: Գիշերը, երբ տուն վերադարձա, անընդհատ նրա նկարներն էի նայում, այսօր էլ վաղ առավոտյան հիվանդանոց եկա, որովհետեւ կարոտը խեղդում էր»:

 




Լրահոս