Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի ու Սերժ Սարգսյանի՝ Ուելսում կայացած հանդիպման ժամանակ ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղության մեծ համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, այս մասին Բաքվում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար էլմար Մամեդյարովը:
«Ուելսում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին տեղեկացել է բանակցային գործընթացի ընթացքին, ուսումնասիրել նոր քայլերի հնարավորությունը»,- ասել է նախարարը:
Մամեդյարովը նշել է, որ սեպտեմբերի վերջին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
«Այդ հանդիպման նախապատրաստման համար մինչև ամսվա վերջ տարածաշրջան կայցելի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը»,- ասել է նա: