«Մեռնեմ ես քեզ, տղես… գալու եմ մոտդ…». զոհված զինվորի մայր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր` ժամը 01:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շինության ետնամասում, ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերվել է պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Հարությունյանը:

Վերջինիս բնակարան այցելած Armlur.am-ի լրագրողը ահասարսուռ տեսարանի ականատես եղավ. պարզվեց, որ զոհված զինծառայողի հարազատները դեռևս չգիտեին դժբախտ դեպքի մասին:

Ողբալով որդու մահը` Սամվելի մայրը` տիկին Լիլյան, անդադար կրկնում էր. «Մեռնեմ ես քեզ, տղես… գալու եմ մոտդ… խի՞ հենց դու… »:

Քիչ հետո ժամանած ՊՆ աշխատակիցները փորձում էին հանգստացնել որդեկորույս ծնողներին և վերջիններիս անսպառ հարցերին` ինչու՞ այդպես եղավ, ո՞վ է մեղավորը, պատասխաններ չունեին:

Armlur.am-ի հարցին, արդյոք հավատու՞մ են ինքնասպանության վարկածին, հարևանուհի Լիզան պատասխանեց, որ նման քայլի Սամվելը չէր դիմի, քանի որ ինքը վստահ է, որ պատճառ չուներ ինքնասպան լինելու:

«Ընդամենը երեկ ենք հեռախոսով զրուցել Սամոյի հետ: Սովորականի պես հանգիստ էր: Գոնե երեկոյան՝ այդ քայլին գնալուց առաջ, կզանգեր, թեկուզ չասեր, որ ուզում է կյանքին վերջ տալ, բայց մոր ձայնը երեկոյան վերջին անգամ լսելու ցանկություն կունենար: Դա ինքնասպանություն չի կարող լինել»,- վստահեցրեց տիկին Լիզան` հիշելով, որ Սամվելը մերթընդմերթ բողոքում էր ծառայությունից, ու ասում էր, որ համածառայակիցների հետ երբեմն կոնֆլիկտ էր ունենում:

Սակայն հարևանուհին միաժամանակ կարծիք հայտնեց, որ կոնֆլիկտը նման աստիճանի չէր հասնի, և ամեն ինչ այսպես չէր ավարտվի:

«Գիտե՞ք, կարծում եմ` դա անզգուշության հետևանք է եղել: Կամ էլ, Աստված չանի, ինչ-որ մեկը գլխին սարքած լինի: Սա նույնպես չենք բացառում»,- շարունակելով խոսքն` ասաց զոհված զինվորի հարևանուհին:

Ի դեպ նշենք, որ Սամվելի քույրը` Իզան, ևս դեռ չգիտի եղբոր մահվան մասին: Հարևանուհու դուստրը` Տաթևը, ամեն կերպ փորձում էր ուժ հավաքել` այդ մասին տեղեկացնելու համար:

«Իզան ռեժիսուրայի բաժնում է սովորում: Եղբոր հետ շատ կապված էին: Չգիտեմ` ինչպես պետք է նրան հայտնեմ լուրը, երբ համալսարանից վերադառնա»,- ասաց Տաթևը:

Ժամանած ՊՆ աշխատակիցները հորդորում էին հարևաններին որդեկորույս ընտանիքի մոտից չհեռանալ և ապավեն լինել նրանց: Իսկ մեր հարցին` ի՞նչ վարկածներ ունեն իրենք, զինվորականները պատասխանեցին. «Ի՞նչ իմանանք, մենք ի՞նչ ասենք: Էղածն էղածա»:




Լրահոս