Ծաղկաձորում բացվեց Ալեքսեյ Հեքիմյանի կիսանդրին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ ապրիլի 21-ին, Ծաղկաձոր քաղաքում սիրո, գնահատանքի և մեծարման տոն էր: Ինչպես Ծաղկաձորից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայ մեծանուն երգահան, բազմաթիվ սիրված երգերի հեղինակ, ԽՍՀՄ արվեստի վաստակավոր գործիչ, խորհրդային միլիցիայի գեներալ-մայոր Ալեքսեյ Հեքիմյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը:Միջոցառմանը ներկա էին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը, ոստիկանության բարձրաստիճան սպաներ, կիսանդրու համահեղինակներ` հայր և որդի Յուրի և Դավիթ Մինասյանները,  կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը,  ինչպես և մեծ երգահանի որդին՝ Միքայել Հեքիմյանը:Ողջույնի խոսքով հանդես եկավ Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը: Ոստիկանության պետն իր ելույթում անդրադարձավ մեծ հայի և հայ երգի անզուգական վարպետի անցած ուղուն, նրա թողած ժառանգությանն ու կատարած գործի կարևորությանը մեր և գալիք սերունդների կյանքում: “Կոմպոզիտորների մեջ գեներալ և գեներալների մեջ կոմպոզիտոր”,- այսպես էին կոչում Ալեքսեյ Հեքիմյանին:Իր հիշողություններով կիսվեց մեծ երգահանի ընկեր և բարեկամ` Երվանդ Երզնկյանը: Քանդակագործ Դավիթ Մինասյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության և նման պատասխանատու գործն իրեն վստահելու համար: 
Հանդիսավոր բացման արարողությունը վստահվեց Ալեքսեյ Հեքիմյանի որդուն` Միքայել Հեքիմյանին և քանդակագործ Դավիթ Մինասյանին: Հյուրերն ու ներկաները թարմ ծաղիկներ դրեցին մեծ երգահանի նորաբաց կիսանդրուն, ինչպես և հուշի եղևնի տնկեցին կիսանդրու մոտ:Արարողությունից հետո մասնակիցներն ունկնդրեցին Ալեքսեյ Հեքիմյանի հեղինակած երգերը:




Լրահոս