ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՐԲ ՓՈՂՈՑԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեկ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կոշտ պատասխան տվեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին՝ ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի հետ ունեցած բանավոր համաձայնության հիման վրա՝ հընթացս փորձելով փրկել ԱԺ-ի վաղուց կորած հեղինակությունը: Հիշեցնենք՝ նախարար Թովմասյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է մեկնաբանում 4 ուժերի նախաձեռնությունը ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ, կարճ ասել էր՝ «ղալաթ են անում»: Ա. Ռուստամյանն էլ երեկ հայտարարեց. «Նման պահվածքով արդարադատության նախարարը վիրավորում է ողջ ԱԺ-ին: Հետո փորձել է բացատրել, թե արաբերեն «ղալաթ» նշանակում է սխալ: Փաստորեն, ոչ թե զղջում է իր ասածի համար, այլ մի բան էլ բացատրում է: Եթե բառարաններով է, ուրեմն մենք էլ ենք տիրապետում բառարանների, եւ եթե մենք նրան ասենք` ղալաթ ես անում, չաթլա’խ, թող չնեղանա»: Ավելի ուշ Արմեն Ռուստամյանը բացատրեց, որ այդ բառը տաջիկերենից թարգմանաբար նշանակում է ճաք տված: Հավելենք, որ թուրքերենից այն թարգմանվում է «խելքից պակաս»: Իսկ Մալխասյանի բառարանում…
Նշենք, որ երեկ ՀՀԿ խմբակցության շատ պատգամավորներ «շիրա էին տալիս», որ եթե նախարարը Ռուստամյանին տեսնելիս տղամարդավարի պատասխան չտա վաղը ԱԺ-ում, ապա առնվազն դժվար կլինի այդ պիտակից ազատվել:

 

 

Որոտանի հէկ-ի վաճառքի վերաբերյալ սկանդալային փաստեր են ի հայտ գալիս. «Ժողովուրդ»-ին հաջողվել է ձեռք բերել հէկ-ը վաճառելու մասին կառավարության գաղտնի որոշումը: Այս գործարքն իրականացվել է կառավարության՝ 2013թ. նոյեմբերի 21-ի նիստում ընդունված «Որոտանի հէկ-երի համալիր» ՓԲԸ գույքի առքուվաճառքի պայմանագրին հավանություն տալու մասին» N1496-Ա որոշման համաձայն: Ընդ որում, որոշման նախագիծը մինչեւ վերջ գաղտնի է պահվել, այդ մասին որեւէ խոսք չկա անգամ կառավարության այդ օրվա նիստի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ: Ի դեպ, կառավարության` նոյեմբերի 21-ի նիստում ընդունվել է Որոտանի հէկ-ի մասին մեկ այլ որոշում կանոնադրական կապիտալն ավելացնելու վերաբերյալ: Այդպես Որոտանին է վերադարձվել ավելի քան 89 մլն դրամ արժողությամբ 4 ջրամբար, որոնք էլ, փաստորեն, վաճառվել են ամերիկյան ընկերությանը: Միայն թե այդ վաճառքը հակասում է «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքին, ըստ որի` պետական նշանակության ջրային համակարգերը ենթակա չեն մասնավորեցման:

 

 

Ըստ «Ժողովուրդ»-ի՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրների` ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու համար հարուցված քրեական գործը լուրջ ընթացք է ստացել: Մեղադրական սլաքներն ուղղվում են դեպի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ իր մերձավոր շրջապատը, որոնց անուններով տրվել են ջրօգտագործման թույլտվությունները: Վերջին օրերին «թիրախում» են հայտնվել նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ նրա խնամին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որոնց պատկանող ձկնաբուծարաններում իրականացված ստուգումների արդյունքում անխնա ջրօգտագործման փաստեր են հայտնաբերվել: «Վերեւից» հրահանգ կա նաեւ պատիժներ նշանակելու մասով: Սակայն ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Պարոն Ծառուկյանը որեւէ բան չէր անի, որ վնասեր ՀՀ բնությունը»: ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը եւս հերքեց տեղեկությունը, թե Աբրահամյանը կարող էր խախտում թույլ տալ:

 

 

2011թ. Սերժ Սարգսյանի հայտնի ելույթներից մեկը Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների համագումարում, թե «գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից», կարծես թե լավ չի ընկալվել: Համենայնդեպս, իշխանական «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, լինելով պետական պաշտոնյա, ունի սեփական բիզնես, որի ներկայացուցիչները թեեւ խախտում են օրենքը, սակայն ենթարկվում են ամենամեղմ պատժի: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Բաղդասարյանին պատկանող «Հայասի» ընկերությունն անհայտ ծագման դրոշմանիշեր է ունեցել, որոնց մի մասն ինքնագլուխ ոչնչացրել է: Երբ ՊԵԿ-ը ստուգել եւ հայտնաբերել է, ընկերության տնօրեն Պողոս Շահինյանը ճանաչվել է զանցառու եւ տուգանվել ընդամենը 50.000 դրամով: Իսկ 4700 դրոշմանիշերն առանց մաքսային մարմնին տեղեկացնելու ոչնչացնելու համար ենթարկվել է ընդամենը 8000 դրամ տուգանքի: Պատկերացնո՞ւմ եք, թե ՊԵԿ-ն ինչքան խիստ կլիներ, եթե նույն արարքն աներ շարքային որեւէ գործարար:

 

 

 

 

 
ՔՆՆԱԴԱՏԵՑ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ վերջապես որոշեց բավարարել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետաքրքրասիրությունը եւ ներկայացնել Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու շուրջ իր տեսակետը: Ուշագրավ է, որ ի հեճուկս ներկայիս իշխանությունների՝ նախկին նախագահը միանշանակ չի ողջունել Հայաստանի մուտքը ՄՄ: Ավելին՝ նա հնչեցրել է մի շարք մտահոգություններ` կապված ՀՀ տնտեսությանը սպասվող ցնցումների հետ. «Քանի որ ՄՄ մոտեցումներում ընկած է ՌԴ մաքսային օրենսգիրքը, հարց է առաջանում, թե ինչ խնդիր է լուծում Հայաստանն իր տնտեսության համար` բարձրացնելով մաքսատուրքերը ռուսաստանյան մակարդակի, եւ կհաջողի արդյոք անցնցում վերափոխել իր մոտեցումները: Այս հարցում ես չեմ կիսում մեր պաշտոնատար անձանց լավատեսությունը, քանի որ տնտեսությունը իներցիոն բնույթ ունի, եւ կտրուկ շրջադարձերը այստեղ հակացուցված են»,-նկատում է Քոչարյանը` որպես հնարավոր բարդություններ նշելով նաեւ ԵՄ կողմից արտոնությունների GSP+ համակարգի վերանայումը, ԱՀԿ շրջանակներում արդեն իսկ պայմանավորված մաքսատուրքերի փոփոխությունը եւ որպես դրա հետեւանք` պատասխան գործողությունների իրականացումը: «Թե ինչպես դա կազդի Հայաստանի տնտեսության եւ մեր երկրի երկարաժամկետ ներդրումային գրավչության վրա, դժվար է գնահատել»,-եզրափակում է Քոչարյանը:
Նկատելի է, որ իր ծավալուն վերլուծությունում նախկին նախագահը խուսափում է հստակ ասել` Մաքսային միությանն անդամակցությունը ճիշտ, թե սխալ որոշում էր: Փոխարենը նա շեշտում է այդ որոշման իրագործման սխալները` նախ նշելով, որ այդ հարցում «շտապողականությունը կարող է հանգեցնել անցանկալի հետեւանքների», ապա եւ խորհուրդ տալով անդամակցության գործընթացը տանել «հանգիստ եւ նվազագույնս քաղաքականացված»: Ասել է թե` Քոչարյանը բացահայտ քննադատում է Սերժ Սարգսյանին` ՄՄ-ին անդամակցության գործընթացը ոչ ճիշտ կազմակերպելու համար, միեւնույն ժամանակ հնարավորինս սիրաշահելով Ռուսաստանին: «Ես գիտակցաբար կանգ չեմ առնում այն բանի վրա, թե Հայաստանի համար ինչ վարկանիշային կորուստներով սկսվեց միացումը Մաքսային միությանը` տարակուսանքի առիթ դառնալով մեր եվրոպացի գործընկերների համար: Դա այլեւս չես շտկի: Չարժեր գնալ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմանը ՎՈՒԱՄ-ի երկրների ընկերակցությամբ, այն էլ` ակտիվ քարոզչությամբ: Դա գործընթացին աշխարհաքաղաքական երանգ հաղորդեց: Ռուսաստանի արձագանքը միանգամայն սպասելի էր»:
Ինչպես տեսնում ենք, «եվրոպացի գործընկերներին» ուղղված ազդակները բավականին անթաքույց են: Արդյոք Եվրոպան կգնահատի դա, թե ոչ` դժվար է ասել: Բայց այն, որ Քոչարյանն այդ ազդակները հաղորդեց Ուկրաինայում իրագործված հեղափոխությունից անմիջապես հետո, դժվար թե պատահականություն լինի:




Լրահոս