ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԽՔ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ «ՀԱՅԱՍԻ»-Ն ՏՈՒԳԱՆՎԵՑ

Մինչ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը իր ելույթներով կոչ է անում օրենքի երկիր կառուցել, հենց իրեն պատկանող ձեռնարկություններում օրինազանցություն է տեղի ունենում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014թ. փետրվարի 12-ին եւ 19-ին «Հայասի գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Պողոս Շահինյանը մաքսային կանոնների խախտումներ է իրականացրել, որի համար ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Մինչ վերջին խախտումներին անդրադառնալը, հիշեցնենք՝ դեռեւս 2012թ. տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող գինու եւ կոնյակի արտադրությամբ զբաղվող «Հայասի» գործարանը պետբյուջեին պարտքեր ունի: Ավելին՝ ընկերությունը շշեր էր ներմուծել Հայաստան եւ չէր մաքսազերծել: Թեեւ ՍՊԸ-ի իրավաբանը հերքել էր տեղեկությունը՝ ասելով, թե ընկերությունը ՊԵԿ-ում ունի գերվճար, այնուամենայնիվ, պետեկամուտների կոմիտեն պաշտոնապես «7օր»-ին հայտնել էր, որ «Հայասի գրուպ» ՍՊԸ-ի պարտավորությունը ՀՀ պետական բյուջեի նկատմամբ կազմում է 5962 դրամ՝ բնապահպանական տույժի վճար, ինչպես նաեւ ընկերությունն ունի շուրջ 66 մլն դրամ չվճարված մաքսային վճար: Այսինքն՝ 2012թ. տվյալներով ընկերությունը առնվազն 66 միլիոն դրամի պարտք ուներ, որը կազմում է ավելի քան 170 հազար դոլար:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս օրերին նույն «Հայասի» ընկերությունը թույլ է տրվել մաքսային կանոնների խախտում: Ըստ այդմ՝ 2012թ. դեկտեմբերի 18-ին «Հայասի գրուպ» ՍՊԸ-ն Վրաստանից Հայաստան է ներմուծվել 22 հազար հատ ակցիզային դրոշմանիշ: Սակայն դրանք սահմանված ժամկետում որեւէ մաքսային ռեժիմով չեն վերահայտարարագրվել եւ չեն հանձնվել մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը: Ուստի փաստի առթիվ 2014թ. հունվարի 20-ին «Հայասի գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Պողոս Շահինյանի նկատմամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: Ավելին, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ հունվարի 22-ին մաքսատունը Շահինյանից պահանջել է տեղեկություններ տրամադրել ներմուծված ակցիզային դրոշմանիշերի գտնվելու վայրի եւ քանակի մասին: Ի պատասխան այս ամենի՝ ընկերության տնօրենն ասել է, թե ակցիզային դրոշմանիշերի 17.120 հատը գտնվում է Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում: Իսկ ահա մնացած մասը, ըստ Շահինյանի, աշխատակիցների անփութության հետեւանքով ոչնչացվել է:
«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավարին պատկանող ընկերության տնօրենի խոսքերի հավաստիությունը ստուգելու նպատակով մաքսատան աշխատակիցները զննել եւ հայտնաբերել են 17.263 հատ ակցիզային դրոշմանիշ:
Պողոս Շահինյանը ճանաչվել է զանցառու եւ տուգանվել է ընդամենը… 50.000 դրամով: Բացի այս՝ «Հայասի գրուպ» ՍՊԸ-ի տնօրենը փետրվարի 19-ին 22,000 հատ ակցիզային դրոշմանիշերից 4737 հատը առանց մաքսային մարմնին տեղեկացնելու ոչնչացնելու համար ենթարկվել է վարչական տույժի: Թեեւ տնօրեն Շահինյանին տեղեկացվել է գործի քննության եւ վայրի մասին, սակայն վերջինս այդպես էլ չի ներկայացել. հավանաբար իմացել է, որ տուգանքը սիմվոլիկ է լինելու. ՊԵԿ-ը դրոշմանիշերն այրելու համար տուգանել է ընդամենը 8171 դրամով:
ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ նրա աշխատակիցների այսքան մարդասիրական վերաբերմունքը բոլորի մոտ էլ բնական հարցեր է առաջացնում. ինչո՞ւ է Գագիկ Խաչատրյանը որոշել մեկ տարի 2 ամիս հետո տուգանքի ենթարկել ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի ընկերությանը: Ինչո՞ւ են հակասում «Հայասի»-ի տնօրենի եւ ՊԵԿ-ի կողմից ներկայացված ակցիզային դրոշմանիշերի քանակը. Շահինյանն ասում է 17.120 դրոշմանիշ, սակայն ՊԵԿ-ի զննությամբ հայտնաբերվել է 17.263 դրոշմանիշ: Եվ, վերջապես, արդյո՞ք ՊԵԿ նախագահը շարքային օրինախախտումներին եւս այսքան «մարդասիրական է» մոտենում:
Մեզ մնում է թերեւս հիշեցնել 2011թ. Սերժ Սարգսյանի հայտնի ելույթներից մեկը Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների համագումարում. «Գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից: Պետությունը եւ գործարարը պետք է հանդես գան որպես վստահելի գործընկերներ, քանի որ հակառակ դեպքում անարդյունավետ է լինելու մասնավոր ձեռներեցությանն աջակցելու որեւէ ծրագրի իրագործումը»:
Իսկ ահա Արթուր Բաղդասարյանի օրինակով մենք տեսնում ենք, որ գործարարությունը ոչ միայն չի տարանջատվում պետական կառավարման համակարգից, այլեւ գործարարությամբ զբաղվող պաշտոնյայի ընկերությունն իրեն արտոնյալ է զգում, շրջանցում է օրենքը՝ վստահ լինելով, որ սիմվոլիկ տուգանքների է ենթարկվելու:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՉԵ՞Ն ՎԱԽԵՆՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գյումրեցիները մտավախություն ունեն, որ Արտյոմ Կարապետյանի՝ Շեկոյի մահվան դեպքով մեղադրյալ Վարդան Ղուկասյանի եղբորորդու գործով նշանակված նոր դատավորը եւս կարող է ինքնաբացարկ հայտնել: Ըստ գյումրեցիների՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «իրենով» է արել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը եւ դատավորներին, ուստի վերջիններս, որեւէ պատճառ բռնելով, հրաժարվում են քննել նրա եղբորորդու գործը: Այս գործը մակագրվել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Մովսեսյանին, սակայն վերջինս ինքնաբացարկ էր հայտնել՝ նշելով, թե Քավոր Հարութն իր հարեւանն է: Իսկ ահա նորանշանակ դատավոր Աշոտ Մանուկյանը, մինչեւ գործը չուսումնասիրի, չի կարող ասել, թե ինչ քայլի կգնա. «Գյումրիում ով ում ծանոթ չէ, բոլորն էլ ծանոթ են իրար, բայց նախ պետք է ծանոթանամ գործի նյութերին, դա բազմահատոր գործ է»: «Ժողովուրդ»-հարցին, թե Գյումրու նախկին քաղաքապետն իսկապես «իրենով» է արել դատավորներին, արդյոք ինքն էլ կհայտնվի ինքնաբացարկ հայտնող դատավորների շարքում, Ա. Մանուկյանը պատասխանեց. «Ես այն դատավորներից չեմ, դատավորները չեն վախենում, եւ, առհասարակ, կաշկանդվելու որեւէ խնդիր չկա»:
Հիշեցնենք, 2013թ. ապրիլի 23-ին Գյումրիում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով հիվանդանոցում Շեկոն մահացել էր: Ավելի ուշ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ 24-ամյա Վահե Ղուկասյանը, խոստովանել էր, որ հանցագործությունը ինքն է կատարել: Նշենք, որ Քավոր Հարութը եւ Շեկոն նախկինում խնդիրներ են ունեցել Վարդան Ղուկասյանի հարազատների հետ:

 

ՍՊԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԵՆ

Շուրջ մեկ տարի է, ինչ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Արդեն այնպիսի վիճակ է ստեղծվել, որ նրա հարազատները սպասելիք չունեն, թե սպանությունը կբացահայտվի: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց սպանված գյուղապետի եղբորորդին՝ Հակոբ Մուրադյանը՝ հավելելով, որ առայժմ որեւէ քայլ չեն պատրաստվում իրականացնել: Հիշեցնենք, որ դեռեւս 2013թ. Պռոշյանի տասնյակ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ գյուղապետի հարազատները մի քանի անգամ բողոքի ակցիաներ էին անցկացրել ՀՀ գլխավոր դատախազության շենքի եւ նախագահական նստավայրի մոտ՝ պահանջելով բացահայտել սպանության իրական պատվիրատուներին: Նշենք, որ այս գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանը եւս ազատ է արձակվել, քանի որ նախաքննական մարմինը նրա մասնակցությունը հանցագործության կատարման գործում չի հաստատել:

 

ԻՆՉՊԵ՞Ս Է ԵՂԵԼ

Դերասան Վարդան Պետրոսյանի դատաքննությունը կկայանա Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ: Ըստ մեղադրական եզրակացության` դերասանը 2013թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի, 04 ՍԼ 920 պ/հ ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ: Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին. ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն 71 կմ/ժ արագությամբ եւ այդ ընթացքում հեռախոսով է խոսել՝ ինքն իրեն զրկելով ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից:

 

 

 

 

 
ԲԼԹ

 

«Մենք ոչ թե իշխանափոխության, այլ քաղաքական կուրսի փոփոխության կողմնակից ենք»:

Միքայել Մելքումյան Թերթ.am
«Այլընտրանքային հեքիաթի» յուրաքանչյուր նոր գլուխ, կարելի է ասել, նախորդից առանձնապես չի տարբերվում՝ անկախ նրանից, թե ում կողմից է այն մատուցվում: Հերթական ԲՀԿ-ական պատգամավորն է հաստատում իշխանության եւ ընդդիմության արանքում մանեւրող՝ քաղաքական այս ուժի խորամանկ քաղաքականությունը: Քաղաքական կուրսի փոփոխության կողմնակիցները, հատկապես եթե իրենց համարում են քաղաքականության մեջ հմուտ, պետք է քաջ գիտակցեն, որ մեր երկրում քաղաքական կուրսը թելադրում են իշխանությունները, եւ պահանջել միայն վարչապետի հրաժարական առանց նախագահի հրաժարականի` առնվազն թատերական բեմականացում է:

 

 

«Քանի որ մենք ունենք շատ մեծ քանակ անիրազեկ ու անգրագետ քաղաքացիների, մենք նրանց փոխարեն պատասխանատվություն ենք ստանձնում»:

Ներսես Երիցյան «Արարատնյուզ»
Քանի որ մեր երկրում կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնը կարող է զբաղեցնել մի մարդ, որը զուրկ է տարրական տատկի զգացողությունից այն աստիճան, որ իր երկրի քաղաքացիներին անգրագետ է անվանում, ապա այս երկրից նման պաշտոնյաների պարագայում որեւէ առաջընթաց ակնկալելն անիրատեսական կլինի: Ի՞նչ է նշանակում անիրազեկ ու անգրագետ քաղաքացիներ, քաղաքացին անիրազեկ կարող է լինել այն դեպքում, եթե չկա իրազեկող, այսինքն` համապատասխան պաշտոնյաները չեն կատարում իրենց պարտականությունները, պատշաճ կերպով տեղեկատվություն չեն տրամադրում նույնիսկ ԶԼՄ-ներին, որ վերջիններս էլ իրազեկեն հանրությանը:

 

 

«Դուք Ձեր հարցի ձեւակերպման մեջ ոնց որ թե թելադրում եք պատասխանը, արդարությունը կապեցիք անպայման ՀՀԿ-ի երիտասարդական թեւին պատժելու հետ, հակառակ դեպքում` արդարություն չկա»:

Գագիկ Համբարձումյան «Հրապարակ»
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության ղեկավարը, որը, գաղտնիք չէ, որ իշխանամերձ գործարար Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) մտերիմն է եւ շատ դեպքերում չի կարող հաշվի չառնել նրա կարծիքը, հետեւաբար եւ չի կարող ձեռնարկել որեւէ օրինական գործողություն՝ ընդդեմ ՀՀԿ երիտթեւի: Իսկ արդարությունը ՀՀԿ-ի երիտասարդական թեւին պատժելու հետ կապելու միտումը գալիս է հենց նույն երիտթեւի ներկայացուցիչներ սաքուլիկների եւ հայկուլիկների պահվածքից ու գործողություններից եւ ոչ միայն Մաշտոցի պողոտայի իրադարձությունների հետ կապված, այլեւ առհասարակ այդ տեսակի գոյության:

 

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս