ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱՐԴԿԱՆՑ ԶՐԿՈՒՄ ԵՆ ՄԻ ԿՏՈՐ ՀԱՑԻՑ

 

Ինչպես հայտնի է Ռուսաստանի Դաշնությունն իր տարածքում առանց վիզա մուտքի իրավունք ունեցող երկրների, այդ թվում ՀՀ քաղաքացիների համար կեցության նոր կանոններ է սահմանել: Արդյունքում արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների համար լրջագույն դժվարություններ են ստեղծվել: Ի՞նչ են անելու այն մարդիկ, որոնք նախկինում միայն այս ճանապարհով էին կարողանում կերակրել իրենց ընտանիքները: Հնարավո՞ր է, որ այս փոփոխությունների արդյունքում նվազի արտագաղթը, եւ եթե նման միտում արձանագրվի, ապա արդյոք դա երկրի ներսում էլ ավելի չի սրի սոցիալական լարվածությունն ու աղքատությունը:

Նշենք, որ 2014թ. հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ են մտել «ՌԴ-ից ելքի եւ ՌԴ մուտքի մասին» եւ «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն` 2014թ. հունվարի 1-ից սկսած` ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների (այդ թվում` Հայաստանի Հանրապետության) քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում: Ըստ նոր կարգի` այդ պետությունների քաղաքացիները Ռուսաստանում 90 օր գտնվելուց հետո այսուհետ չեն կարող հատել Ռուսաստանի սահմանը եւ անմիջապես հետ վերադառնալ, ինչպես անում էին նախկինում: Ի դեպ, կարգը խախտողների համար սահմանվել է ՌԴ մուտք գործելու արգելք 3 տարի ժամկետով: Օրենքն ուղղված է անօրինական միգրացիայի դիմակայմանը:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանը համոզված է, որ այս օրենսդրական փոփոխությունների պատճառով ՀՀ քաղաքացիների, հատկապես Շիրակի մարզի բնակիչների սոցիալական վիճակն էլ ավելի կվատթարանա: «Պետք է աշխատեն մարդիկ, չէ՞: Շիրակի մարզում բոլորն էլ արտագնա աշխատանքով են իրենց ընտանիքներին պահում: Իսկ եթե մնան, ապա զբաղվելու են միայն շինարարական աշխատանքով»,-լրացրեց պատգամավորը:
Իսկ հոգեբան Սամվել Խուդոյանը լավատեսորեն է տրամադրված. «Գիտեք, այսօրվա դրությամբ, ընտանիքը կերակրելու պրոբլեմից զատ, մենք կանգնած ենք արտագաղթի պրոբլեմի առաջ: Եվ սա ինչ-որ տեղ կթուլացնի արտագաղթը: Շատերը չեն գնա: Գուցե ես սխալվում եմ, բայց դրական ինչ-որ նշույլ եմ տեսնում: Նրանք, ովքեր ՌԴ-ում աշխատում են, կարող են այստեղ էլ այդ աշխատանքը գտնել եւ գումար վաստակել»:
Սակայն հոգեբանն առաջարկում է, որպեսզի պետությունն աջակցության ծրագրեր մշակի, որոնցով քաղաքացին կկարողանա գումար աշխատել:
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վանեւան համայնքի ղեկավար Նորայր Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց գյուղացիների մեծ մասը մտադիր էր գարնանը մեկնել, սակայն այս նոր կարգի հաստատումից հետո մարդիկ այլեւս չեն համարձակվում: «Հակառակ դեպքում մնալու են ու կարտոֆիլի մշակությամբ զբաղվեն: Մեր հայ ժողովուրդը սովոր է նեղության մեջ ապրել: Ի՞նչ անենք, մեծ ուրախություն կլինի, որ աշխատատեղեր բացվեն, ու ոչ մի ջահել չգնա այլ երկրում աշխատելու»,-նկատեց համայնքապետը:
Ձորաշենի բնակիչներն այս տարի նույնպես հանդիպել են դժվարությունների: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչ են անելու արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիները, նույն համայնքի ղեկավար Գառնիկ Սահակյանը պատասխանեց. «Ոչ մի բան, ի՞նչ պետք է անեն: Գյուղում ի՞նչ կա, որ ի՞նչ անեն: Գյուղացիների եկամտի աղբյուրն անասնապահությունն է, որն էլ չի բավարարում մեզ, քանի որ մեզ մոտ լեռնային գոտի է, հնարավորություն չկա շատ անասուն պահել: Ամենքը մի հինգ-վեց անասուն են պահում, հիմնականում այդ արտագնա աշխատանքն էր, որ ժողովուրդը կգոյատեւեր: Իսկ հիմա վիճակն ավելի կբարդանա: Օգուտ էր, էլի’, գոնե ձեռքներին գումար էր գալիս, իսկ հիմա կսպասեն գարնանը, որ կովերը մի քանի լիտր կաթ տան, որպեսզի ձեռքներին գումար ունենան»:
Փաստի առաջ կանգնած մեր հայրենակիցները համոզված են, որ չեն կարող իրենց հարմար աշխատանք գտնել Հայաստանում: Նրանց կարծիքով` եթե մարդուն մի կտոր հացից զրկում են, ապա դա դրական կողմ չունի: Իշխանության ներկայացուցիչներից ոմանք պնդում են, որ գյուղացիները կզարգացնեն անասնապահությունը, սակայն հարց է առաջանում, թե ինչ գումարով են նրանք անասուն ձեռք բերելու այն դեպքում, երբ խանութից հացը պարտքով են գնում: Մյուս կողմից էլ, մասնագետները պնդում են, որ սոցիալական վիճակն ինչքան վատանա, այնքան հանցագործությունների թիվը կավելանա: Չէ՞ որ մարդն իր երեխային պահելու համար ստիպված է լինում դիմել ամենածայրահեղ քայլերի:

 

 

 

 

 

 

 

ԳՈՂՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԶԲԱՂՎԵԼՈՒ

 

ՀՀ Արագածոտնի մարզի Դդմասար համայնքում այս տարվա մարտի 9-ին համայնքապետի ընտրություններ են տեղի ունենալու: Առաջադրված թեկնածուները երկուսն են՝ ներկայիս ՀՀԿ-ական համայնքապետ Ռաշիդ Օսեյանը եւ ԲՀԿ-ական Ազիզ Ալոյանը: 114 բնակիչ ունեցող եզդիաբնակ այս համայնքն այսօր բազմաթիվ խնդիրներ ունի: Ինչի պատճառով գյուղը օր օրի դատարկվում է, իսկ Դդմասարի 8-ամյա դպրոց հաճախում է ընդամենը 16 աշակերտ: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Դդմասարի համայնքապետ Ռաշիդ Օսեյանի հետ:

-Քանի՞ տարի է, ինչ գյուղապետ եք:
-12-րդ տարին է լրանում արդեն: Եթե վերընտրվեմ, ապա չորրորդ անգամը կլինի:
-Քիչ ժամանակ է մնացել ընտրություններին, լարվածություն կա՞ Ձեր եւ Ձեր մրցակցի միջեւ:
-Իրա թիկունքին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է կանգնած: Ես ՀՀԿ-ական եմ: Բայց առաջին անգամ է առաջադրվում:
-Պայքարո՞ւմ եք
-Դե պայքարում ենք: Բայց հիմա լրիվ նորմալ ա:
-Այս 12 տարվա ընթացքում ի՞նչ եք արել գյուղի համար:
-Ջուրն եմ քաշել, 2-3 հատ ծորակ ենք ավելացրել, անասունի խմելաջրի գռներն (անասունի ջուր խմելու համար նախատեսված առու) ենք նորոգել: Էդ ա …
-Եթե վերընտրվեք, ի՞նչ խնդիր եք լուծելու:
-Գյուղ չկա, որ խնդիր չունենա: Գյուղամիջյան ճանապարհները, դպրոցի տանիքը պետք է վերանորոգվեն: Ուժի սահմաններում կլինի:
-Առ այսօր պետությունն ինչո՞վ է օգնել Ձեզ, գյուղին:
-Պետությունը չի օգնում, որ օգնի, ամեն ինչն էլ կարվի: Հույս ունենք: Գյուղի բնակիչներին խոստացել եմ, որ ճանապարհները կսարքենք:
-Եզդիների ուղիղ կեսն արտագաղթում է երկրից: Ձեր գյուղում է՞լ է նույնը:
-Մեր գյուղում առաջ 130-140 ընտանիք էր ապրում, հիմա՝ 20-30 ընտանիք հազիվ է մնացել: Երիտասարդ էլ չունենք: Գնացել են:
-Գյուղից արտագնա աշխատանքի մեկնող կա՞:
-Մի քանի հոգի ունեինք, որ գնում էին, բայց հիմա ամեն ինչ խառնվել ա իրար. վիզայի հետ կապված հարցեր են ծագել:
-Մնան, ի՞նչ են անելու:
-Գողություն, ուրիշ ի՞նչ պետք է անեն: Ինչո՞վ զբաղվեն խեղճ մարդիկ:
-Ո՞վ ունի, որ գողանան: Ումի՞ց են գողանալու:
-Մեկը մեկից: Բա ի՞նչ անեն: Անելու բան չկա:
-Մարդիկ Ձեզ կընտրե՞ն, թե՞ ոչ:
-Կընտրեն, կընտրեն:
-Իսկ Ձեր մրցակիցն ինչպե՞ս է «համոզում» մարդկանց, որ իրեն ընտրեն:
-Առաջ խոսում էր, հիմա չի խոսում: Մի յանի է քաշվել: Բայց համերաշխ ենք, նույնիսկ իմ ձայնն էլ ես իրեն կարող եմ տալ:

Նյութերը` ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 

 

 

 

ՄԱՐԶԵՐ

 

ԱՆԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ

Օրերս ադրբեջանական զինուժը, խախտելով օլիմպիական հրադադարը, դարձյալ գնդակոծել էր Վազաշեն-Պառավաքար ճանապարհը: «Ժողովուրդ»-ը Պառավաքարի գյուղապետ Լորիկ Բադիրյանից հետաքրքրվեց, թե արդյոք ներկայումս ճանապարհը գործո՞ւմ է: Գյուղապետի խոսքով` ճանապարհը մե’կ բացում են, մե’կ փակում: «Արդեն մեկ շաբաթ է, ինչ Իջեւան-Բերդ ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածով երթեւեկողները զգուշացվում են ադրբեջանական գնդակոծության վտանգի, գնդակոծության համար ավելի խոցելի հատվածներն արագ անցնելու անհրաժեշտության մասին»,-նշեց Բադիրյանը` հավելելով, որ ճանապարհի երկու կողմից` Պառավաքարի խաչմերուկի մոտ եւ Վազաշենում, կանգնած են ոստիկաններից, ռազմական ոստիկաններից եւ զինվորներից կազմված պահակախմբեր, որոնք վտանգի մասին զգուշացնում են վարորդներին: Միայն թե պարզ չէ, թե այդ զգուշացումներն ինչ օգուտ կարող են տալ վարորդներին եւ ուղեւորներին. եթե ադրբեջանական զինուժը կրակ բացի վերոհիշյալ հատվածում, մարդիկ ադրբեջանական զինուժի գնդակոծությունից ինչպե՞ս են փրկվելու:

 

ՄԱՀԱՆՈՒՄ ԵՆ

Փետրվարի 24-ին Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղում վերջին հրաժեշտը տվեցին 41-ամյա Մաքսիմ Ջանվելյանին: Նախկինում Նոյեմբերյանի ոստիկանությունում աշխատած Մ. Ջանվելյանը ավտովթարից զոհվել էր Ռուսաստանի Դաշնությունում: Ըստ գյուղացիների` նա եղել էր վարորդի կողքին: Կոթեցիները մեզ հայտնեցին, որ այս տարի գյուղում բազմաթիվ են մահվան դեպքերը: Փետրվարի 21-ին Կոթիում հուղարկավորեցին Ռուսաստանի Ռոստովի մարզի Վոլգոդոնսկ քաղաքում շինարարական աշխատանքներ կատարելիս վնասվածքներ ստացած Կոթի գյուղի 50-ամյա բնակիչ Աշոտ Հեպինյանին: Ազբոշիֆերն ընկել էր Աշոտի վրա, որի հետեւանքով նա, բարձրությունից ընկնելով, բազմաթիվ վնասվածքներ էր ստացել: Կոթիի սահմանները պաշտպանելիս աչքի ընկած Աշոտ Հեպինյանը այդ դեպքից հետո շուրջ մեկ ամիս բուժվել էր Վոլգոդոնսկի հիվանդանոցում, ինչից հետո նրա հարազատները հոգացել էին Աշոտի` Հայաստան տեղափոխման ծախսերը: Նոյեմբերյան քաղաքից Վոլգոդոնսկ էր մեկնել ռեանոմոբիլ` բժշկական խմբով: 2013թ. նոյեմբերի 13-15-ը այդ մեքենան Աշոտին Հայաստան վերադարձնելու համար կտրել էր շուրջ 2500 կմ ճանապարհ: Սակայն, ցավոք, Աշոտի կյանքը Երեւանում էլ չհաջողվեց փրկել: Մի քանի օր առաջ էլ Կոթիում վերջին հրաժեշտը տվեցին հիվանդության հետեւանքով կյանքից հեռացած մեկ այլ համագյուղացու` 50-ամյա Պապիկ Մելիքյանին: Իսկ տարեսկզբին` հունվարի 20-ին, Վաղարշապատի հիվանդանոցում մահացել էր 18-ամյա զինծառայող, կոթեցի Էդիկ Շահնազարյանը: Վերջինս մահացել էր ներարկումից հետո, ըստ նրա հարազատների` ռազմական բժիշկների անփույթ վերաբերմունքի պատճառով: Բացի նշված դեպքերից` այս տարի շատ են եղել տարեց կոթեցիների մահվան դեպքերը: Կոթեցիներն ասում են, որ գրեթե ամեն օր լինում են գյուղի գերեզմանոցում` համագյուղացիների թաղմանը, իրիկնահողեքին, մահվան 7-րդ, 40-րդ օրվա տարելիցներին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս