ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

 

 

Լուսանկարն արվել է Խարկովի Կաչանովսկու գաղութում

Առաջին հայացքից մի փոքր անհավատալի է, որ սա կարող է լինել բանտախուց: Բայց հավատացե՛ք, որ այս «խցում» իր պատիժն է կրել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն: Սա Խարկովի Կաչանովսկու գաղութի N54 VIP սենյակն է: Հետաքրքիր է` Հայաստանում քանի ընտանիք կցանկանար նման պայմաններում ապրել:

 

 

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ գումար վերցնել բանկից, բայց դրա համար առանձին փոխառության պայմանագիր է անհրաժեշտ: Դա իրենից ի՞նչ է ներկայացնում:

Սեդա Մեսրոպյան (30 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Փոխառության պայմանագրի կարգավորմանն է նվիրված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 46-րդ գլուխը, որի 877-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միեւնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի եւ նույն տեսակի ու որակի գույք: 879-րդ հոդվածի համաձայն՝ փոխառության պայմանագրի կնքման պահին տոկոսների չափը չի կարող գերազանցել ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը: Նշենք, որ ՀՀ ԿԲ-ի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքը ներկայումս կազմում է տարեկան 12%, հետեւաբար, փոխառության պայմանագրի համաձայն, տոկոսների չափը չի կարող գերազանցել տարեկան 24%-ը:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մի կողմից ուրախալի է, որ բանկերից գումար վերցնելը դյուրին գործընթաց է, եւ շատերը կարող են օգտվել դրանից, մյուս կողմից, սակայն, պետք է նկատել, որ վարկային պայմաններն ու տոկոսադրույքները չափազանց հեռու են մատչելի լինելուց:

 

 

ՀԱՐՑ. Ամուսնության ընթացքում ձեռք է բերվել անշարժ գույք, սակայն ամուսիններից մեկի անունը՝ որպես համասեփականատեր, գույքի ձեռքբերման փաստաթղթերում եւ կադաստրի վկայականում ընդհանրապես նշված չէ: Ի՞նչ կարելի է անել, որպեսզի գրանցման վկայականում նշվի նաեւ ամուսնու անունը՝ որպես համասեփականատեր:

Լիլիթ Սեդրակյան (36 տարեկան, բուժքույր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած եւ նրանց համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ գրանցվել է ամուսիններից միայն մեկի սեփականության իրավունքը այն հիմքով, որ իրավունքի գրանցման համար հիմք հանդիսացած իրավահաստատող փաստաթղթերում որպես իրավատեր նշված է եղել միայն ամուսիններից մեկը, ապա նման գրանցման գործողության ընթացքում ամուսինների համատեղ դիմումի հիման վրա այդ գույքի նկատմամբ կարող է գրանցվել ամուսինների համատեղ սեփականության իրավունքը:
Համատեղ դիմումին կից՝ պետք է ներկայացվի ամուսնության վկայականի բնօրինակը կամ սահմանված կարգով վավերացված պատճենը: Ամուսնության վկայականի բնօրինակը ներկայացնելու դեպքում դիմումն ընդունող աշխատակիցն այն պատճենահանում է եւ բնօրինակը վերադարձնում դիմողներին:
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե ցավալի է, բայց շատ են գրանցվում դեպքեր, երբ ամուսնական հարաբերություններն ունենում են նման ցավալի ավարտ` հանգուցալուծվելով երկարատեւ գույքային վեճերով: Ավելացնենք, որ ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի` 2013թ. հունվար-դեկտեմբերին 18,363 ամուսնություն է գրանցվել: 2012 թվականի համեմատ՝ ամուսնալուծությունների թիվն աճել է 15,6%-ով՝ կազմելով 3756:

 

 

ՀԱՐՑ. Ընկերս ապրանքներ է ներմուծել ՀՀ տարածք, բայց մաքսային վճարները մի քանի օր ուշացրել է: Ուզում ենք իմանալ, թե ապրանքների համար գանձվող մաքսային վճարներն ուշացնելու դեպքում արդյոք տույժեր հաշվարկվում են: Եթե այո, ապա ի՞նչ չափով:

Գեւորգ Հունանյան (38 տարեկան, ապրանքագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Հունանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ մաքսային վճարների վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում սահմանված են տույժեր` համապատասխան օրենքներով սահմանված կարգով եւ չափով: Մաքսատուրքի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու համար պատասխանատվությունը սահմանված է ՀՀ մաքսային օրենսգրքի 108-րդ հոդվածով, մաքսավճարի վճարումն ուշացնելու համար պատասխանատվությունը՝ 113-րդ հոդվածով: Ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում պատասխանատվությունը սահմանված է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով, ճանապարհային վճարի վճարումը եւ բնապահպանական վճարի վճարումը՝ համապատասխանաբար «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով եւ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով:
ՀՀ մաքսային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս ամենից հետեւություն, որ պետական բոլոր տուրքերն ու վճարներն անհրաժեշտ է կատարել ժամանակին: Ավելին՝ պարտադիր է պահպանել պետվճարների բոլոր կտրոնները՝ հետագայում խնդիրներ չունենալու համար:




Լրահոս