ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՀԱՍԱՎ ԱԴԿ-ԻՆ

ՀՀ կառավարությանը անվստահություն հայտնելու ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների անհաջող փորձից հետո տեղեկություններ տարածվեցին, թե «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը որոշել է առանձին հանդես գալ այդ առաջարկով: Կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը որոշում է կայացրել հենց իրենց կուսակցության անունից, բոլորից անկախ ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնել, քանի որ ԱԺ ոչ իշխանական ուժերին դա չի հաջողվում: Երեկ Խ. Քոքոբելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չհերքեց այդ տեղեկությունը՝ նշելով, թե դեռեւս սպասում է քաղաքական զարգացումներին:

-Պարո՛ն Քոքոբելյան, իսկապե՞ս Ձեր ղեկավարած կուսակցությունը եւ Դուք պատրաստվում եք անվստահություն հայտնել ՀՀ կառավարությանը: Ի՞նչ փուլում են գտնվում այդ ուղղությամբ տարվող աշխատանքները:
-Իրավացի եք, ես այդ մասին խոսել եմ, ես գտել եմ ու հիմա էլ գտնում եմ, որ կառավարության հրաժարականը երբեւիցե ավելի ակտուալ չի եղել, քան այսօր: Ես կարծում եմ, որ բոլոր ընդդիմադիրները եւ նաեւ ՀՀ-ի ճակատագրով մտահոգ ԱԺ պատգամավորները պարտավոր են ուղղակիորեն ձեռնամուխ լիներ այդ խնդրի լուծմանը: Առաջիկա զարգացումները ցույց կտան, թե այդ ինչի շուրջ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ Ձեր կողմից նշված խմբակցությունները, ինձ համար դա խիստ անհասկանալի է:
-Իսկ գուցե իրենցից պարզեի՞ք, թե ինչու չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ: Այդ հարցի շուրջ զրուցե՞լ եք ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
-Բնականաբար որոշակի պարզաբանումներ փորձել եմ լսել, եւ գոնե ինձ համար դրանք հիմնավոր չեն: Բայց կառավարության հրաժարականին հասնելու համար կարեւոր է հասնել եւ ոչ թե ուղղակի պահանջել, կիսում եմ այդ կարծիքը: Սակայն նախեւառաջ պետք է գործընթաց սկսել, առանց գործընթաց սկսելու հստակ չէ, թե ինչ է կատարվում: Եվ այդ գործընթացն ընդհանրապես չսկսելը ճիշտ չեմ համարում մեր՝ ընդդիմադիրներիս համար, այդ թվում նաեւ իմ:
-Այդ դեպքում Ձեզ ի՞նչն է խանգարում այդ գործընթացն առաջինը սկսել, նախաձեռնել:
-Զարգացումները ցույց կտան, թե դա ոնց կանենք, բայց որ դրա անհրաժեշտությունը կա, անհերքելի իրողություն է: Բնականաբար, այսօր անվստահություն հայտնելու համար ոչ մի քաղաքական ուժ, այդ թվում նաեւ «Ազատ դեմոկրատներ»-ը, ինքնաբավ չի կարող լինել, դրա համար պետք է մտածել այն մարտավարությունը, որը, ինչու չէ, իշխանական պատգամավորներին… ինչու չէ, նաեւ ակնհայտ է ու տրամաբանական այն առումով, որ իշխանության կողմնակիցները եւս պետք է «կողմ» քվեարկեն այդ ամենին: Իսկ դա կլինի հասարակական ճնշման տակ, հանրային ավելի մեծ շրջանակների ընդգրկմամբ, պետք է անցնել ավելի լայն աջակցություն ձեռք բերելու, հնարավորություն ստեղծելու, միայն այդ պարագայում կարելի է արդյունքի հասնել: Այսինքն՝ ոչ միայն ԱԺ պատգամավորները, այլեւ հասարակության լայն շրջանակները պետք է ընդգրկված լինեն այդ գործընթացի մեջ: Ես արդեն որերորդ անգամ կրկնում եմ, որ այսօրվա քաղաքական օրակարգը ձեւավորվել է, դա Հայաստանի այսօրվա ամենածանր սոցիալական իրավիճակն է ստիպել՝ սոսկալի արտագաղթը, անարդարությունը, կոռուպցիան: Այսօր ՀՀ քաղաքացին գտնվում է սոցիալական ծայրաստիճան ծանր վիճակում, եւ կարծում եմ՝ դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Ու, բնականաբար, դրա թիվ մեկ պատասխանատուն ՀՀ իշխանություններն են՝ ի դեմս կառավարության:
-Կոնկրետ երբվանի՞ց է Ձեր ղեկավարած կուսակցությունը սկսելու աշխատանքները, եւ ե՞րբ եք պատրաստվում անվստահություն հայտնել ՀՀ կառավարությանը: Խնդրում եմ՝ ժամկետներ նշե՛ք:
-Ոչ իշխանական խմբակցությունները խնդիրը քննարկում են, մենք ԱԺ-ում խմբակցություն չունենք, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է անմասն մնանք պրոցեսներից, ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող իրադարձություններից: Ու անմասն չենք մնում, ես ինքս եմ եղել այդ առաջարկի հեղինակներից մեկը ու այժմ էլ գտնում եմ, որ դա խիստ ակտուալ է, ու կրկնում եմ` դա ձգձգման կարիք չունի: Ես հստակ ասում եմ, որ քաղաքական պրոցեսները… օր անգամ ուշացումը խանգարող երեւույթ է ու պետք է անցնել ավելի լայն հասարակական աջակցման, որը հնարավորություն կտա ԱԺ-ում այդ որոշումը կայացնելու: Կուսակցությունում հարցը քննարկվում է, ու մենք սպասում ենք հետագա պրոցեսներին` մեր գործողությունները սկսելու համար:

 

 

 

 

 

 

 

«ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿՐԱԿԵԼ, ՄԵԶ ՎՐԱ ԵՆ ԿՐԱԿԵԼ»

 

Դեռեւս փետրվարի 5-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե ներքին զորքերի նախկին հրամանատար, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ) իրեն է ներկայացրել ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարականի դիմումը: Այնուհետեւ ԲՀԿ-ականները հայտարարեցին, թե Գ. Գրիգորյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, ինչի պատճառով էլ հրաժարվել է հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից: Տեւական ընդմիջումից հետո երեկ խորհրդարան էր եկել Գ. Գրիգորյանը, որին էլ «Ժողովուրդ»-ը մի քանի հարց ուղղեց:

-Պարո՛ն Գրիգորյան, ինչո՞ւ հրաժարվեցիք ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից: Տեղեկություններ կան, որ պատրաստվում եք Ձեր պատգամավորական մանդատից եւս հրաժարվել, արդյոք այդպես է:
-Ես չգիտեմ, թե ինչու է դա շահարկումների առիթ դարձել, բայց եթե դուք նախորդ տարի հետեւած լինեք, կիմանաք, որ ես շուրջ երեք ամիս հիվանդանոցում եմ եղել, դրա համար էլ ես եմ խնդրել, որ մի քիչ թեթեւացնեն: Մանդատի հետ կապված էլ` նման բան չկա:
-Տեղեկություններ կան, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ լուրջ խոսակցություն եք ունեցել այդ թեմայով…
-Նման թեմա չկա ու չի էլ եղել, որովհետեւ ես ոչ օլիգարխ եմ, որ իբրեւ թե տեղեկություններ կային, թե ես ընտրությունների ժամանակ մեծ ծախսեր եմ արել, այժմ էլ պահանջում եմ, սուտ է, նման բան չկա: Պարոն Ծառուկյանն էլ տեղյակ է, որ ես իսկապես առողջական լուրջ խնդիրներ ունեմ: Իսկ մանդատի մասին որեւէ խոսակցություն չի եղել:
-Պարո՛ն Գրիգորյան, ԱԺ ՀԱԿ խմբակցությունը կրկին մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ է հանդես եկել: Դուք մարտի 1-ի օպերացիան իրականացնողներից մեկն եք եղել: Ինչպե՞ս եք վերաբերում նոր հանձնաժողովի ստեղծման գաղափարին:
-Մարտի 1-ի հանձնաժողովի հետ կապված՝ ասեմ, որ մի անգամ եւս հանձնաժողով ստեղծվել է, ես այդ հանձնաժողովում եղել եմ 4 ու կես ժամից ավել, բոլոր հարցերին սպառիչ պատասխանել եմ: Եթե այսօր կրկին կստեղծվի հանձնաժողով, թող ստեղծվի, եթե ես նորից կհրավիրվեմ այդ հանձնաժողովի աշխատանքներին, պատրաստ եմ նորից իմ եւ ինձ ենթակա ստորաբաժանումների մասով սպառիչ պատասխաններ տալ: Ես ո՛չ էն ժամանակ եմ խուսափել եւ ո՛չ էլ հիմա եմ խուսափում որեւէ հարցի պատասխանելուց: Եթե 4 տարի առաջ այդ ամենը թարմ էր, ու ոչ մի բան չբացահայտվեց, չգիտեմ՝ այս հանձնաժողովն ինչ է բացահայտելու: Ու ես չգիտեմ, թե ինչու նախկինում որեւէ բան չբացահայտվեց:
-Բայց այդ օրը կրակել են ցուցարարների վրա, ու մշտապես տեղեկություններ են եղել, որ հրահանգ տվողներից մեկը…
-Մենք չենք կրակել, ընդհակառակը` մեզ վրա են կրակել: Իմ կողքին զոհված զինվորի մեղքը ո՞րն էր, որ կրակել են. այդ հարցի պատասխանն էլ ես չգիտեմ:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

«ԳԵՂԱՄԱ» ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ինչպես նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը «Գեղամա» ռեստորանային համալիրում մասնակցել են ճաշկերույթի: «Ժողովուրդ»-ը դատական դեպարտամենտի միջազգային հարաբերությունների եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանից հետաքրքրվեց, թե ինչ հանդիպում է եղել, եւ ինչ են քննարկել վերը նշված անձինք: Ըստ նրա՝ բանկերի միության կողմից կազմակերպվել է աշխատանքային հանդիպում, որին մասնակցել է նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: Մեր հարցին, թե ինչն էր միավորել բանկերին, դատարանին ու փաստաբաններին, եւ, առհասարակ, ինչ են քննարկել կողմերը, արդյոք որեւէ փաստաթուղթ ստորագրվել է, Արսեն Բաբայանը պատասխանեց. «Կայացել է առաջին աշխատանքային հանդիպումը: Փաստաթղթեր չեն ստորագրվել: Անհրաժեշտության դեպքում դատական դեպարտամենտը կամ բանկերի միությունը կտարածի պաշտոնական տեղեկատվություն»: Իսկ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանից տեղեկացանք, որ քննարկման թեման բանկային հարաբերություններում արբիտրաժի հետ կապված հարցերն են եղել. «Հետագայում բանկերի միությունը կներկայացնի խնդիրները եւ դրանց հետ կապված օրենսդրական կամ պրակտիկայի կիրառման առաջարկությունները»:

 

ՆԻՍՏ ԿԱՆԵՆ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Հանրապետական կուսակցությունն իր ամենշաբաթյա գործադիր մարմնի նիստն անելու է ուրբաթ օրը՝ ժամը 18:00-ին: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ԳՄ անդամ Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե այդտեղ որեւէ արտառոց բան չկա, իրենք ընդամենը փոխել են նիստի օրը. «Այսինքն՝ այդ օրը Սահմանադրությամբ կանոնակարգված չէ, մենք ընդհանուր հարցեր ունենք քննարկելու, ու որոշվել է, որ այդ օրն է լինելու նիստը: Օրակարգը դեռեւս պարզ չէ, քանի որ հենց տեղում անդամների միջոցով կորոշվի, թե ինչ հարցեր ենք քննարկելու»: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ԳՄ նիստին քննարկվելու են ԱԺ-ում ստեղծվելիք գազի հարցով ժամանակավոր հանձնաժողովի, մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու հարցերը:

 

ԴԻՄԵԼ ԵՆ ՀԱԱԳԱ

Ուկրաինայի Գերագույն Ռադան դիմել է Հաագայի միջազգային քրեական դատարան՝ հայցելով քրեական պատասխանատվության ենթարկել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին, նախկին գլխավոր դատախազ Պշոնկային, ինչպես նաեւ մի քանի այլ պաշտոնյաների՝ մարդկության դեմ գործած հանցագործությունների համար: Հիշեցնենք, որ Ուկրաինայում զանգվածային բողոքի ակցիաների ընթացքում զոհվել է 82 մարդ:




Լրահոս