ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ո՞Վ Է ՊԱՐՏԱԿՈՒՄ «ՆԱԻՐԻՏ»-Ի ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԸ

 

Խորհրդարանական չորս խմբակցությունները՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը, իսկական գլխացավանք են դարձել իշխանությունների համար: ԱԺ-ում օրենսդրական նախագծերի քննարկումները պարբերաբար վերածվում են իշխանությունների հասցեին ամենասուր քննադատությունների: Հերթական առիթը ստեղծվել էր երեկ, երբ ԱԺ-ում արտահերթ կարգով քննարկվում էր «Նաիրիտ» գործարանի մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀՅԴ խմբակցության նախագիծը:

ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն ահազանգեց, որ իշխանությունները «Նաիրիտ»-ը տանում են կանխամտածված սնանկացման, ինչը մարտահրավեր է ՀՀ տնտեսությանը: «Ովքե՞ր են եւ ի՞նչ ձեւով են ազդել այս գործարանի գործունեության վրա: Որեւէ ձեւով հնարավոր չէ պարզել, որովհետեւ քրեական գործերն այս հարցով մերժվել են, եւ մութ պատմություններ են մնացել, իսկ գործարանը կուտակել է պարտքեր, 3000 աշխատակիցներն էլ հայտնվել են գործազուրկի կարգավիճակում»,-հայտարարեց նա՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակում ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելն այլընտրանք չունի:
Ուշագրավն այն է, որ ՀՅԴ նախագծի քննարկումը համընկավ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ՌԴ այցի հետ: Իսկ այնտեղ Տ. Սարգսյանը ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդեւի հետ քննարկել է ՀՀ-ում «Ռոսնեֆտ» ընկերության ներդրումային ծրագրերը, որոնցից մեկն էլ առնչվում էր հենց «Նաիրիտ»-ին:
Ի դեպ, ինչպես հայտնի է՝ Տ. Սարգսյանի եղբայրը՝ Աշոտ Սարգսյանը, տարիներ շարունակ եղել է «Նաիրիտ»-ի փոխտնօրենը, եւ այնտեղ կատարված չարաշահումները մշտապես կապվել են հենց Ա. Սարգսյանի անվան հետ: Սա էլ լավ առիթ էր, որ պատգամավորներն անդրադառնային վարչապետին: «Նայում ենք՝ մեկը վարչապետն է, մյուսը նրա եղբայրն է՝ տնօրեն, էն մյուս եղբայրը Չինաստանում դեսպանն է, որը գնում է, գործարար է դառնում, ՀՀ ֆինանսների նախարարը վարչապետի սանիկն է, ֆիննախի կինը ֆինանսական հաշտարարն է: Ամեն տեղ տեսնում ենք վարչապետին: Գնացե՛ք, պաշտպանե՛ք, ի՞նչ եք ուզում, Մայդա՞ն: Այո՛, մենք ձեզ չենք վստահում, մարդն ավիրում է՝ ոնց ուզում է, ձեր պրոբլեմն է իրեն արդարացնելը, ես չեմ ուզում նրան արդարացնել»,-երեկ հակադարձեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, տեղեկացնելով, որ կառավարությունը «Նաիրիտ»-ը գնահատել է 40 մլն դոլար, նշեց. «Եթե Տիգրան Սարգսյանն այդ գործարանի տարածքում վարդ էլ ցանի, լավ, թող մի մասում էլ պոմիդոր-վարունգ ցանի, այդ 40 մլն դոլարը կհանի: Ամբողջ փաստագրությունը նայում եմ, ծայրից ծայր օֆշոր է, ծայրից ծայր պարտք է: Էդ փաստերով արդեն 100 տարվա քրեական հոդված Տիգրան Սարգսյանին ու Արմեն Մովսիսյանին պիտի տրված լիներ»:
ՀՀԿ-ականները, սակայն, պնդում էին՝ ընդդիմությունը պարզապես զբաղված է շահարկումներով, եւ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը եւս այդ նպատակն ունի: ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը երեկ հայտարարեց, թե պետք չէ քաղաքական շահարկումներով վանել «Նաիրիտ»-ի պոտենցիալ ներդրողներին: Նրա խոսքով՝ հանձնաժողով կարելի է ստեղծել, բայց միայն այն ժամանակ, երբ ռուսական ներդրող «Ռոսնեֆտ» ընկերությունն ավարտի բանակցությունները հայկական կողմի հետ:
ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե ԱԺ-ում երկու ժամվա ընթացքում 32 անգամ հնչել է «քաղաքական շահարկում» բառակապակցությունը. «Երբ որ մեծամասնությունը պատասխաններ չի գտնում, ասում է քաղաքական շահարկում: Ի՞նչ է, ամեն ամիս նաիրիտցիները շքե՞րթ պիտի կազմակերպեն դեպի նախագահական եւ կառավարություն: Ի՞նչն է քաղաքական շահարկում: Այն, որ ասում ենք՝ նաիրիտցիների աշխատավարձը չեն տալիս, իսկ վարչապետի կրտսեր եղբայրը 42 մլն դրամ է ստանում, դա՞ է քաղաքական շահարկում: Ինչպե՞ս է լինում, որ «Նաիրիտ»-ի ողջ գույքը վարչապետի մյուս եղբայրն արտահանում է Չինաստան, եւ որպես ջարդոն՝ հիմա դա պիտի ապահովվի, դա՞ է շահարկում: Եթե չկա ցանկություն՝ հանձնաժողով ստեղծելու, եւ տարբեր մանիպուլյացիաներով փորձ է արվում ձախողել դա, այ սա է քաղաքական շահարկումը, որովհետեւ կա մեկ նպատակ՝ պարտակել տեղի ունեցածը»:
Այս քննարկումներին երեկ միջամտեց նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա վստահեցրեց, որ իշխանությունները կողմնակից են այս հանձնաժողովի ստեղծմանը, եւ խոստացավ հանձնաժողով ստեղծել աշնանը. «Ես խոստանում եմ ձեզ, որ ստեղծելու եմ հնարավորություն, որ այս հարցը նույնպես քննարկվի ԱԺ-ում, ինչպես որ խոստացա գազի հարցով հանձնաժողով ստեղծել»: Քանի որ դահլիճում կրքերը թեժացել էին, Հ. Աբրահամյանը, ում հարաբերությունները վարչապետի հետ լարված են, ստիպված էր պաշտպանել Տ. Սարգսյանին: «Հարիր չէ այս ամբիոնից ամեն րոպե վարչապետի անունը հնչեցնել, մեղադրել նրան այս, այն գործերի մեջ: Եթե կան խնդիրներ, դիմե՛ք, ուսումնասիրենք, վեր հանենք, պատասխանատվության ենթարկե՛ք, թե չէ ամեն անգամ ջանք չեք խնայում վարչապետին փնովել, վարչապետի եղբայրը, վարչապետը…»,-ասաց նա:
Հ.Գ. Մինչ խորհրդարանում ընթանում էր «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկումը, ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա էին անում «Նաիրիտ»-ի աշխատակիցները՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ՍԱՐՍԱՓԵԼԻ Է

Ջերմոցային տնտեսությամբ զբաղվող տնտեսվարողները նորից հայտնվել են անելանելի վիճակում: Նրանց մի մասն արդեն դադարեցրել է ջերմատան շահագործումը: Իսկ մյուս մասը սպասում է, թե երբ են վաճառելու իրենց արտադրանքը, որով կկարողանան վճարել կուտակած պարտքերը: «Ջերմոցային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Պողոս Գեւորգյանի խոսքով՝ գազի վարձերը վճարելու համար ջերմատան տերերը ստիպված վարկային կազմակերպություններից եւ բանկերից վարկեր են վերցրել. «Հենց հիմա ինձ մոտ կա այն տնտեսվարողների թիվը, որոնք վնասով են աշխատում: Ու կառավարության կողմից ոչ մի աջակցություն: Ավելին՝ սպառած գազի վարձավճարման ժամկետի ուշացման պարագայում տնտեսվարողներին տույժի են ենթարկում 0.1 տոկոսի չափով: Գոնե ընդառաջեին, բայց նման բան չկա»:

 

ԸՆԴՈՒՆԵԼԻ Է

Երեկ խորհրդարանի միջանցքում մի քանի ժամ իրարանցում էր, քանի որ «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների օր ՀՀ Ազգային ժողովում» վերտառությամբ միջոցառում էր կազմակերպվել: ԱԺ նիստի ընդմիջման ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ժպտերս մասնակցեց միջոցառմանը, որից հետո պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին: Հարցին, թե անցյալ տարի, երբ որոշվել էր ստեղծել մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով, Դուք երաշխավորեցիք, որ ստեղծվելու է հանձնաժողովը, սակայն վերջում հրաժարվեցիք, արդյոք այժմ Ձեր խոստումը կկատարեք, պատասխանեց. «Մենք ուզում ենք ասել, որ մենք ինքներս պատրաստ ենք յուրաքանչյուր հարցի շուրջ, որը արդիական է, որը հանրության համար մտահոգիչ է, մենք պատրաստ ենք վերհանել ու քննարկել: Եղել են հոդվածներ, որի շուրջ ընդհանուր հայտարարի չենք եկել, դա է եղել պատճառը, իսկ ընդհանուր գաղափարը մեզ համար ընդունելի է եղել»:

 

ԱԱԽ ՆԻՍՏՈՒՄ

Սերժ Սարգսյանը փետրվարի 25-ին հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել եւ հավանության է արժանացել «ՀՀ-ում պրոբացիայի ծառայության ներդրման հայեցակարգի» նախագիծը: Այն զեկուցել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Զեկույցով է հանդես եկել նաեւ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը` ներկայացնելով ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման հետ կապված խնդիրները: ԱԱԽ անդամները քննարկել եւ հավանության են արժանացրել նաեւ «Եվրոպական հարեւանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ. միջոցառումների ցանկի» նախագիծը:

 

 

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

 

ՆՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի համանախագահությամբ երեկ տեղի ունեցած ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի 15-րդ նիստի ընթացքում հայտնի է դարձել, որ մինչեւ տարեվերջ կպատրաստվի ՀՀ-ԵՄ համագործակցության նոր փաստաթուղթ:

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԿԱԽՎԱԾ

Հայաստանի բանկային համակարգով իրականացվող մասնավոր անձանց տրանսֆերտների զուտ ներհոսքը 2013թ. կազմել է $ 1,9 մլրդ՝ տարեկան կտրվածքով աճելով 10.8%: Տրանսֆերտների ճնշող մասը Ռուսաստանից է` 86%, որին հաջորդում են ԱՄՆ-ն` 4.4%, Ղազախստանը` 1,3%, Ուկրաինան` 0,9%, Գերմանիան եւ Ֆրանսիան` 0.8%: Ըստ ԿԲ-ի՝ դեպի Հայաստան ընդհանուր դրամական փոխանցումների տարեկան աճը պայմանավորված է բազմաթիվ երկրներից կատարվող փոխանցումների ընդհանուր ծավալների աճով: Մասնավորապես, Գերմանիայից` 32.2%-ով (15.6 մլն դոլար), ԱՄՆ՝ 23% ($ 82 մլն), Ֆրանսիա՝ 22.5% ($ 14.5 մլն), Ռուսաստան՝ 11% ($ 1,6 մլրդ), Ղազախստան՝ 5,3% ($ 23,7 մլն): Անկում է արձանագրվել Ուկրաինայից եկող փոխանցումներում` 10,5%, մինչեւ $ 17 մլն, ինչպես նաեւ Չինաստանից` ավելի քան 2 անգամ, մինչեւ $ 1.4 մլն: Ըստ ԿԲ տվյալների՝ ՀՀ-ից դուրս գնացող փոխանցումների կեսից ավելին ընկնում է ՌԴ-ին` $ 180.3 մլն, տարեկան աճը` 9.6%:

 

ԷԼ ՉԵՆ ՓՆՏՐՈՒՄ

Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի մոտ կոյուղագծերի դիտահորում փետրվարի 21-ից հետո ԱԻՆ փրկարար ծառայությունն այլեւս որոնողական աշխատանքներ չի իրականացրել: «Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատել է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ մայոր Նիկոլայ Գրիգորյանը` հավելելով, որ նման առաջադրանք իրենք այս օրերի ընթացքում ոստիկանությունից չեն ստացել:

 

ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԱՑՈՒՆԵՐ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, ուկրաինական «ՈՒԴԱՌ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հաստատել է Ուկրաինայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրությունը: Տեղեկություններ կան, որ այդ պաշտոնին հավակնում է նաեւ երկրի նախկին վարչապետ, օրերս բանտից ազատված Յուլյա Տիմոշենկոն, թեեւ վերջինս դեռ այդ մասին հայտարարություն չի արել: Ուկրաինայի նախագահի արտահերթ ընտրությունները կկայանան մայիսի 25-ին:




Լրահոս