Ֆրանսիայի նախագահական ընտրություններում, ձայների 99.9%-ի հաշվարկի արդյունքում, սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդը ավելի քան 1.5%-ով գերազանցում է գործող նախագահ Նիկոլա Սարկոզիին։ Ինչպես հաղորդում է ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության տվյալներին, Օլանդը հավաքել է ձայների 28.61%-ը, իսկ Սարկոզին՝ 27.08%-ը։ Երրորդ տեղը զբաղեցրել է “Ազգային ճակատի” առաջնորդ Մարին Լե Պենը՝ հավաքելով ձայների 18.05%-ը՝ և այդ կերպ գերազանցելով իր հոր՝ Ժան-Մարի Լե Պենի ցուցանիշը, ով 2002թ. նախագահական ընտրությունների առաջին փուլում հավաքել էր 16.86%։
Այսպիսով, Օլանդը և Սարկոզին վերջնական հաղթանակի համար կպայքարեն երկրորդ փուլում, որը տեղի կունենա Մայիսի 6-ին, այսինքն Հայաստանի խորհրդարանական ընտրությունների օրը։ Առաջին փուլում տարած հաղթանակից անմիջապես հետո ելույթ ունենալով՝ Օլանդը շնորհակալություն հայտնելով ընձեռված վստահության համար, նաև ակնարկել է մյուս թեկնածուների աջակցության մասին, ինչին արդեն արձագանքել են “Ձախ ճակատի” առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը՝ 11.4% և “Կանաչների” թեկնածու Էվու Ժոլին՝ 2.5%։