ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԵՐՈՆ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ ՀՀԿ-Ի ՏՎԱԾ ԽՈՍՏՈՒՄԸ

Այս տարվա մարտի 1-ից Երեւանի պոլիկլինիկաներում ամբուլատոր ծառայությունների մի մասը դառնալու է վճարովի, այսինքն՝ գործելու է համավճարի սկզբունքը: Ծրագիրն այս պահին կիրառվելու է միայն Երեւանում: Սակայն առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը քաղաքական հարթության մեջ է դիտարկում այս խնդիրը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա մտահոգվեց` նշելով. «Ի՞նչ եղավ, չէ՞ որ 5-6 տարի առաջ ամբուլատոր պոլիկլինիկական ծառայության ամբողջությամբ անվճար լինելը ՀՀԿ-ի համար կարեւորագույն խնդիր էր: Իսկ հիմա` երկրորդական, եւ կարելի է այն վճարովի դարձնել»։

Փոփոխությունները նախատեսված են ՀՀ կառավարության դեկտեմբերի 26-ի որոշմամբ, որը կանոնակարգում է պետական պատվերի գործընթացն առողջապահության ոլորտում, եւ որը հնարավորություն է տալիս որոշակի ծառայությունների համար կիրառել համավճարի սկզբունքը:
Կլինիկական հետազոտությունների համար համավճարները կազմելու են 500-800 դրամ, իսկ ուլտրաձայնային եւ այլ նմանատիպ հետազոտությունների համար` 1000 դրամ: Նշենք, որ համավճարը չի տարածվելու, օրինակ, հղիների, զինծառայողների, երեխաների եւ այլ արտոնյալ խմբերի վրա: Բացի այդ` պոլիկլինիկաները հնարավորություն կունենան կատարվող հետազոտությունների 20%-ի չափով արտոնություններ տրամադրել այն անձանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով ներառված չեն սոցիալապես անապահովների խմբում, բայց իրականում անապահով են:
Լրացուցիչ գումարները տնօրինելու են ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունները, 50 տոկոսն ուղղվելու է աշխատավարձի ֆոնդին, իսկ գումարի մյուս մասը` պոլիկլինիկաների տեխնիկական հագեցվածությանը եւ ծառայությունների որակի բարելավմանը:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը, անդրադառնալով կատարվելիք փոփոխություններին` «Ժողովուրդ»-ին ասաց. «Առաջինը մենք դրանով կկարողանանք կարգավորել պոլիկլինիկական ոլորտի ծառայությունները. առավել որակյալ բուժսպասարկումը կարգավորելու համար սա կլինի խթան: Մենք նպատակ ունենք ակտիվացնելու, դրանով բեռնաթափելու հիվանդանոցային ծառայությունները: Իրական արդյունքը համակարգի վրա կլինի շատ ավելի գնահատելի»: Վարչության պետի խոսքերով` ծրագիրն այս պահին կիրառվելու է միայն Երեւանում. «Հաջորդ փուլում մարզերն են, բայց մարզերի հետ կապված` դեռեւս ուսումնասիրությունների եւ քննարկումների փուլ է: Պետք է հասկանալ` վճարունակ է մարզի բնակիչը, թե ոչ»:
Իսկ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը, անդրադառնալով այս որոշմանը, հիշեցրեց, որ մինչեւ 2006 թվականը ամբուլատոր պոլիկլինիկական ծառայությունները բաղդատված էին, առաջնահերթ բուժօգնության համակարգում բավականին մեծ ծավալի վճարովի ծառայություններ կային, իհարկե սոցիալապես անապահով խավն այդ ծառայություններից անվճար էր օգտվում:
Սակայն Մկրտչյանն այս խնդիրը քաղաքական հարթության մեջ է դիտարկում: Նրա պատմելով` դեռեւս 2006-ին իշխող կուսակցության` ՀՀԿ-ի կողմից «ամպագոռգոռ» հայտարարություններ արվեցին այն մասին, որ ամբուլատոր պոլիկլինիկական համակարգն իրենք դարձրել են անվճար: «Ե՛վ նախագահական, ե՛ւ ԱԺ-ի ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն, դրոշը վերցրած, հաշվետու էր լինում, որ մենք անվճար առաջնային բուժօգնության համակարգ ստեղծեցինք մեր երկրում: Բայց արի ու տես, որ հիմա այդ նույն հանրապետականն իր սկզբունքներից հետ է կանգնում: Մենք էլ հոդաբաշխ մեկնաբանություն չենք ստանում. ինչո՞ւ: Մոտեցումնե՞րն են փոխվել, թե՞ քաղաքական ինչ-որ սկզբունքներ, թե՞ լրացուցիչ ինչ-որ միջոցներ են ուզում ներգրավել առողջապահական համակարգ: Ինձ համար ավելի շատ անհասկանալի է այս հայտարարության քաղաքական մոտիվը նախկին` բարձրագոչ հայտարարությունների ֆոնին, քան սրա առողջապահական բաղադրիչը»,-նշեց Ա. Մկրտչյանը` հավելելով, որ նույնիսկ վճարելուց հետո էլ, միեւնույն է, «մուտքերը նվազ են լինելու եւ գրեթե ոչինչ չեն փոխելու համակարգում»: «Նախկինում ինչու քաղաքականացրին խնդիրը եւ անվճար դարձրին, ժողովուրդը սովորել էր: Հիմա էլ հակառակն է: Անհասկանալի է: Այսինքն՝ հարցը խորն ուսումնասիրված չէր: Էս ի՞նչ պատահեց: Խոստանում են, կատարում, հասցնում բացարձակ անվճարի, եւ որոշ ժամանակ անց նույն քաղաքական ուժը հակառակ ճանապարհն է սկսում բռնել»:
Հիշեցնենք, որ դեռեւս անցյալ տարվա սեպտեմբերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ մեր հանրապետությունում կան ձեռնարկություններ, որոնք աշխատում են վնասով, եւ նախարարությունները պատշաճ վերահսկողություն չեն իրականացնում: «Եթե պետական ձեռնարկությունն աշխատում է վնասով, անհապաղ պետք է փոխել տնօրենին: Պետական ձեռնարկության տնօրենը պետք է իմանա` եթե ինքը վնաս է ցույց տալիս, պետք է դիմում գրի եւ ազատվի աշխատանքից»,-զգուշացրել էր վարչապետը: Գուցե սա էլ իր հերթին է նման որոշման պատճառ դարձել:
Վերջում հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն իր՝ 2013-ի նախընտրական ծրագրում պարտավորվել էր Հայաստանը դարձնել առողջապահության գերազանցության տարածաշրջանային կենտրոն եւ չշեղվել ստանձնած պարտավորությունից: Սակայն, փաստորեն հակառակն է ստացվում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 

 

 

ՄԵՐ ԽՈՒՄԲԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՈՒԺԵՂ Է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ֆրանսիայի Նիցցա քաղաքում տեղի ունեցած ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականն ընդգրկվել է 9-րդ խմբում: Մեր թիմի մրցակիցները կլինեն Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի եւ Ալբանիայի հավաքականները: Վիճակահանության արդյունքների մասին զրուցեցինք «Ֆուտբոլ-365» թերթի գլխավոր խմբագիր Գեւորգ Բուռնուչյանի հետ։

-Մեր խումբը բավականին ուժեղ է։ Ընդհանուր առմամբ, վիճակահանության արդյունքում հավասարազոր խմբեր են կազմվել՝ մեկ-երկու բացառությամբ։ Օրինակ՝ նախընտրելի կլիներ խաղալ համեմատաբար թույլ` 6-րդ խմբում։
-Ինչպե՞ս կգնահատեք մեր հավաքականի՝ հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները։
-Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլն անցկացվելու է նոր ձեւաչափով. եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք են բերելու 1-2-րդ տեղեր զբաղեցրած եւ 3-րդ տեղերի պայքարում լավագույն արդյունք ունեցող թիմերը։ Երրորդ տեղեր զբաղեցրած մնացած 8 թիմերը փլեյ-օֆֆում կորոշեն վերջին 4 ուղեգրերի ճակատագիրը։ Այսինքն, այսպես ասած, երկուսուկես մասնակից դուրս է գալիս, եւ մեր շանսերը բավականին բարձր են։
-Արկադի Անդրեասյանն ասել էր, որ մեր հավաքականն ի վիճակի է ընդամենը չորրորդ տեղի համար պայքարել Ալբանիայի հավաքականի հետ։
-Ֆուտբոլ վաղուց արդեն թվերը չեն խաղում։ Եթե այդպես լիներ, պետք է նայեինք պատմությանը եւ խաղադաշտ դուրս չգայինք, ասեինք՝ այս թիմն այս թիմին պետք է հաղթի, այն թիմը՝ մյուսին… Ռեալ հաշվարկները ցույց են տալիս, որ 12 միավորն անցողիկ է լինելու փլեյ-օֆֆի համար, ինչը նշանակում է, որ եթե Հայաստանի հավաքականն Ալբանիային երկու խաղում էլ հաղթի եւ մնացած 6 խաղում թեկուզ երկու հաղթանակ տանի, փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք կբերի։
-Մանավանդ, եթե նայում ենք վիճակագրությանը, Դանիային հաղթելու փորձ էլ ունենք, մյուսների հետ էլ հավասար պայքարել ենք։
-Վիճակագրությունը… Մենք տարբեր ժամանակների եւ մակարդակի հավաքականներ ենք ունեցել, եւ պետք չէ արդյունքներից եզրահանգումներ անել։
-Մեր խմբում 5 թիմ է, այսինքն՝ ավելի քիչ հանդիպումներ ենք անցկացնելու, դա ինչպե՞ս կանդրադառնա մեր խաղի վրա։
-Շատ չմանրամասնեմ, ընդամենը նշեմ՝ ստացվում է, որ մենք պետք է սկսենք վիրտուալ 6 միավորով, ու դրա համար եմ ասում՝ 12 միավորը մեզ կտա առնվազն փլեյ-օֆֆի ուղեգիր։
-Հավաքականը մի քանի օրից ընկերական հանդիպում է անցկացնելու Ռուսաստանի ընտրանու հետ, բայց մենք դեռեւս գլխավոր մարզիչ չունենք, դա չի՞ խանգարի մեր ընտրանուն՝ լավ նախապատրաստվել խմբային մրցաշարին։
-Մարզիչ, կարծում եմ, այս շաբաթ կունենանք։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

 

 

 

 

 

 

ՃԱՌԵՐՆ ՈՒ ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐԸ

 

Երկնագույն ներկված այս զուգարանը գտնվում է միջպետական ճանապարհի հարեւանությամբ` Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհի եզրին: Մի քանի տարի առաջ պետական բյուջեի միջոցներով Տավուշի մարզում կառուցվեցին լավ կահավորված զուգարաններ: Սակայն ինչպես Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելի մուտքի մոտ գտնվող հասարակական զուգարանը, այս մեկը եւս գտնվում է ողբալի վիճակում: Զուգարանի դռները ջարդված են, այն լցված է կղանքով: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ հաճախ են անցնում այդ զուգարանի կողքով ձգվող ճանապարհով, նրանք չե՞ն տեսնում զուգարանի անմխիթար վիճակը: Մինչդեռ Տավուշի մարզպետն ու այլ ղեկավարներ հաճախ են խոսում Տավուշի չքնաղ բնության, մարզում զբոսաշրջությունը զարգացնելու անհրաժեշտության մասին: 2013թ. հոկտեմբերի 12-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում մարզպետարանի զարգացման ծրագրերի բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը հայտարարել էր, որ Տավուշի մարզի զարգացման հիմնական ուղղություններից է զբոսաշրջությունը, որ այդ մասին նշված է մարզի 2012-2015թթ. զարգացման ծրագրում: Մարզխորհրդի այդ նիստում Դիլիջանի «Դիլնետ սերվիս» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Հովհաննիսյանը ներկայացրեց անգլերենով Տավուշի մարզի զբոսաշրջային քարտեզը, ուր առկա են մարզի բոլոր համայնքները: Նշվեց, որ Տավուշը Հայաստանի միակ մարզն է, որն ունի նման քարտեզ: Մարզխորհրդի նշված նիստում Արմեն Ղուլարյանն ասաց, որ մարզում առկա են լավագույն հնարավորությունները զբոսաշրջության զարգացման համար եւ այստեղ տուրիզմը պետք է զարգանա մարզի բոլոր` 62 համայնքներում: Նա նաեւ նշեց, որ Տավուշում պետք է ստեղծվի զբոսաշրջության կենտրոն: Արմեն Ղուլարյանը զբոսաշրջության զարգացման համար կարեւորեց մարզի եկեղեցիներ տանող ճանապարհների բարելավումը, Դիլիջան քաղաքում իրականացվող տարբեր ծրագրերը:
Նկատենք, որ զբոսաշրջության զարգացման մասին ամպագոռգոռ ճառեր ասելու փոխարեն նախ` հարկ է, որ նորոգվեն մարզի ճանապարհներին գտնվող ջարդված զուգարանները: Արտասահմանցի տուրիստներն իրենց բնական կարիքները հոգալու համար ստիպված են պատսպարվել Տավուշի մարզի ճանապարհամերձ թփերում` ռիսկ անելով դառնալ զանազան տհաճ պատահարների զոհ: Հուսանք, որ մարզպետ Արմեն Ղուլարյանը մի օր կտեսնի ճանապարհամերձ ջարդված զուգարանները, եւ դրանք ի վերջո կնորոգվեն:

 

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս