«ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԲՈԼՈՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ»
Փետրվարի 20-ին աշխարհահռչակ հայ ջութակահար Նիկոլայ Մադոյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ առանց նոտաների կատարեց Նիկոլո Պագանինիի բոլոր վեց կոնցերտները եւ սպասում է իր ռեկորդի հաստատմանը Գինեսի ռեկորդների գրքի գրանցման կոմիտեի կողմից։
Այդ իրադարձության մասին զրուցեցինք Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի հետ, ով ասաց. «Մեզ համար կարեւոր չէր՝ համերգը գինեսային է, թե ոչ, ամենակարեւորն այն էր, որ մենք կարողացանք այդ վեց կոնցերտը նվագել։ Եվ ես շատ ուրախ եմ, որ Նիկոլայ Մադոյանի նման մեծ երաժշտի հետ համագործակցեցինք, որովհետեւ նվագախումբն էլ ստացավ այն երաժշտական օգուտը, որը կոչվում է փորձեր, Մադոյանի հետ երաժշտական առումով շփում։ Ինչ վերաբերում է Գինեսի ռեկորդին, ապա, կրկնեմ, դա արդեն երկրորդական հարց է, եւ այստեղ, կարծում եմ, ավելի կարեւոր է մարդկային ուժը եւ կոնցենտրացիան, որը ցույց տվեց Նիկոլայ Մադոյանը։ Հավատացեք, իսկապես շատ բարդ էր մեկ համերգից տեղափոխվել երկրորդը, ապա երրորդը, չորրորդը…»։
Մեր զրուցակիցը դա համարեց գերմարդկային ուժի արտահայտություն եւ հավելեց. «Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել նաեւ շատ լավ հանդիսատեսի առկայությունը։ Որեւէ մեկը սխալ տեղը չծափահարեց, եւ մենք այն տպավորությունն ստացանք, որ դահլիճում բոլոր ներկաները պրոֆեսիոնալներ են, գիտեն բոլոր վեց կոնցերտները»։ Օգտվելով հարմար առիթից՝ Կ. Դուրգարյանը շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին, որը շատ լավ լիցքեր ու էներգիա է տվել իրենց։ Հետաքրքրվեցինք` իսկ նվագախումբը կգրանցվի՞ ռեկորդների գրքում։ «Ոչ։ Կգրանցվի Նիկոլայ Մադոյանը։ Անշուշտ, կնշվի, որ Հայաստանի օպերային թատրոնում է եղել, որ… Բայց մենք դա չենք կարեւորում. հավատացեք, մենք պարզապես փորձեցինք առավելագույնն օգտակար լինել այդ մեծ երաժշտին»,-պատասխանեց Դուրգարյանը։
Համերգից մի քանի օր առաջ պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի կապակցությամբ երաժիշտների կողմից «Անուշ» օպերան բոյկոտելու մեր հիշեցմանն ու հարցին` արդյոք նվագախմբում նման խմորումներ, հարցադրումներ եղե՞լ են, Դուրգարյանը պատասխանեց. «Չեմ ուզում հարցն այդպես դնել՝ բոյկոտեցին, խմորումներ եղան… Մենք արեցինք մեր գործը։ Իսկ այն, ինչը որ կապված է թատրոնի ներքին կյանքի հետ, դա թատրոնի ներքին կյանքն է, ներքին խոհանոցը… Հույս ունեմ, որ ամեն ինչ դրական ավարտ կունենա»։ Ի վերջո, նվագախմբի բոլոր երաժիշտնե՞րն են մասնակցել համերգին։ «Բոլոր անհրաժեշտ երաժիշտները՝ այո»,-եզրափակեց մեր զրուցակիցը։
Ռ. ԹԱԹՈՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԶԱՐՄԱՑՐԵԼ Է ԱՅԼԱԶԳԻՆԵՐԻՆ
Այս ամիս Վահագն Ստեփանյանը «Yere1» նախագծի մյուս անդամների հետ հյուրախաղերով Միացյալ Նահանգներում էր: Ճամփորդության ընթացքում նրան ուղեկցել է կինը` Ռուզաննան, ում հետ այլազգիներին զարմացնելու առիթ են ունեցել: Վահագնը կնոջ հետ օտար հողում նշել է Տեառնընդառաջը: «Քանի որ մեր համատեղ կյանքի առաջին Տրնդեզն էր, իսկ ամերիկյան պայմաններում մի փոքր դժվար է իրականացնել կրակի վրայով թռչելու ծեսը, չինացիները, մեքսիկացիները եւ այլ ազգերի ներկայացուցիչներ զարմացած նայում ու չէին հասկանում, թե ինչ է կատարվում»,-պատմել է դերասանը:
ՄՈՆՏԵՎԻԴԵՈՅԻ ԿԱՌՆԱՎԱԼ
Բրազիլական կառնավալն իր գունազարդությամբ երեւի թե աշխարհում առաջինն է, սակայն տեւողությամբ զիջում է ուրուգվայականին, այն տեւում է մոտավորապես երեք ամիս: Մոնտեվիդեոյի 80-օրյա կառնավալը սկսվում է հունվարին եւ շարունակվում մինչեւ մարտի կեսերը: Այս ամբողջ ընթացքում քաղաքում տիրում է խելահեղ ուրախությունն ու տոնական տրամադրությունը: Հանդես են գալիս կրքոտ պարուհիները, փողոցային տաղանդավոր երաժիշտները, դիմակավոր կերպարները, ամեն ինչ մատուցվում է բարձր որակով եւ շարունակվում ուրախ նոտաներով` մինչեւ վերջին պահը: Ներկայում կառնավալն իր ընթացքի բարձրակետում է:
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ
Հայաստանում մեկնարկել է Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը, որի հյուրերն են «Պարզամիտ Ջիմը» ֆիլմի ռեժիսոր Մեթ Հալսը եւ Բրիտանական խորհրդի ֆիլմերի բաժնի խորհրդատու Քրիսթին Բարդսլինը: «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցած բացման արարողությանը ներկաներին ողջունել են Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ըմայաս Մորզը եւ ուրիշներ: Փառատոնը մեկնարկել է «Ամառը փետրվարին» ֆիլմով, որի ցուցադրման ժամանակ դահլիճը լեփ-լեցուն է եղել: