ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

 

Լուսանկարն արվել է Հայաստանի ամերիկյան համալսարանում

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի ամերիկյան համալսարանի կենտրոնում, որին մասնակցել են նաեւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը եւ այլք: Ինչպես երեւում է, Հայաստանը հատկապես վերջին շրջանում դարձել է անիմաստ խորհրդակցություններով հագեցած առօրյայի «սեփականատեր»:

 

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես ցանկանում եմ օգտագործված անվադողեր ներմուծել ՀՀ տարածք: Դրանց ներմուծման հետ կապված որեւէ սահմանափակում գործո՞ւմ է, թե՞ կարող եմ ազատ ներմուծել:

Գագիկ Հովսեփյան (46 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Հովսեփյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 8-ի «ՀՀ վտանգավոր եւ այլ թափոնների ներմուծումը, արտահանումը եւ հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրումը կարգավորելու մասին» թիվ 97 եւ 2004 թվականի հուլիսի 8-ի «ՀՀ կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 8-ի N 97 որոշման մեջ փոփոխություն կատարելու եւ ՀՀ արգելված վտանգավոր թափոնների ցանկը հաստատելու մասին» թիվ 1093 որոշումների համաձայն՝ հին դողերը եւ մաշված անվադողերը համարվում են վտանգավոր թափոններ, եւ արգելվում են դրանց ներմուծումը, արտահանումը, ինչպես նաեւ տարանցիկ փոխադրումը ՀՀ տարածքով:
ՀՀ մաքսային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չնայած սահմանված օրենքով մաշված անվադողերը համարվում են թափոններ, եւ դրանց ներմուծումն արգելված է, բայց մեր հարեւան երկիր մեկնող գրեթե յուրաքանչյուր անձ «դատարկաձեռն» չի վերադառնում՝ բերելով կա՛մ մաշված անվադողեր, կա՛մ այլ պահեստամասեր:

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, գործատուն կարո՞ղ է փորձաշրջանի ընթացքում աշխատողին ազատել աշխատանքից: Նման օրենք կա՞:

Նարինե Եփրեմյան (31 տարեկան, գործավարուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ ԱՕ 91-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ՝ նախատեսված աշխատանքին աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ՝ առաջարկվող աշխատանքին իր համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով»:
Եթե գործատուն գտնում է, որ նախատեսված աշխատանքում աշխատողի համապատասխանության ստուգման նպատակով սահմանված փորձաշրջանի ընթացիկ արդյունքներով աշխատողը չի համապատասխանում առաջադրված պահանջներին, ապա կարող է մինչեւ փորձաշրջանի ժամկետը լրանալն աշխատողին ազատել աշխատանքից՝ այդ մասին 3 օր առաջ գրավոր ձեւով ծանուցելով նրան: Եթե փորձաշրջանը սահմանվել է աշխատանքի ընդունվողի ցանկությամբ՝ առաջարկվող աշխատանքին իր համապատասխանությունը որոշելու համար, ապա փորձաշրջանի արդյունքները գնահատում է աշխատողը: Փորձաշրջանի ընթացքում աշխատողն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը՝ այդ մասին երեք օր առաջ գրավոր ձեւով ծանուցելով գործատուին:
Այսպիսով, եթե փորձաշրջանը սահմանվել է գործատուի ցանկությամբ, ապա նա իրավունք ունի փորձաշրջանի ընթացքում լուծել աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը, պահանջվող աշխատանքին վերջինիս անհամապատասխանության դեպքում, հակառակ դեպքում փորձաշրջանի արդյունքները գնահատում է աշխատողը:
«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ճիշտ է, օրենքն օրենք է, եւ այն գործում է, բայց կարելի է ասել, որ սա էլ խորամանկության մի տարբերակ է. շատ գործատուներ, առիթն օգտագործելով, նախքան աշխատանքային պայմանագիր կնքելը, աշխատողին անվճար աշխատեցնում են եւ փորձաշրջանն անցնելուց հետո նրան աշխատանքից հեռացնում:

 

 

ՀԱՐՑ. Մորաքույրս վերջերս վիրահատվել է, հեռացրել են նրա ոտքը: Հիմա նա ցանկանում է հաշմանդամության անժամկետ կարգ ձեռքբերել, բայց նրան տեղեկացնում են, որ անժամկետ կարգ տրամադրել չեն կարող: Ինչո՞ւ վերջույթների անդամահատմամբ անձանց հաշմանդամության խումբն անժամկետ չի սահմանվում:

Ալլա Հարությունյան (29 տարեկան, թարգմանչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վերջույթների ամպուտացիայի դեպքում հաշմանդամության խմբի սահմանումը կապված է ամպուտացիայի մակարդակից, ծայրատի վերքի առկայությունից կամ բացակայությունից, մաշկի եւ սպիի վիճակից, պրոթեզի առկայությունից, կարճ ժամանակահատվածում պրոթեզավորման իրականացման հնարավորությունից, վերջույթի բացակայության դեպքում ֆիզիկական եւ հոգեբանական հարմարողականության առկայությունից, ինքնուրույն տեղաշարժվելու կարողության, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության եւ ինքնասպասարկման ապահովման ունակության կենսագործունեությունների սահմանափակման աստիճաններից: Քանի որ նշված գործոնները կայուն չեն, եւ դրանց բավարար վերականգնման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված, ուստի սահմանվում է հաշմանդամության ավելի բարձր խումբը` օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետով: Հետագա պրոթեզավորման, ֆիզիկական եւ հոգեբանական հարմարողականության վերականգնման գործընթացից հետո, համաձայն ՀՀ կառավարության 13.06.2003թ. N 780-Ն որոշմամբ հաստատված չափանիշների, սահմանվում է հաշմանդամության երրորդ խումբ անժամկետ:
ՀՀ ԱՍՀՆ բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ ԱՎԾ-ի տվյալների համաձայն` 2014թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 193,836 անձ, որոնցից միայն 11,053-ը կամ 5,7%-ն ունեն 1-ին կարգ: 2-րդ կարգի հաշմանդամները 86,886-ն են կամ 44,8%-ը, 3-րդ կարգինը՝ 87,726 կամ 45,3%:




Լրահոս