«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրվա ՀՀԿ խորհրդի նիստը բավական «ցավոտ» է եղել հատկապես ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի համար, ում նախագահը հստակ հրահանգ է տվել՝ խելոք մնալ եւ կուսակցության գծի մեջ լինել: Խորհրդի նիստում հնչած ելույթների մի մասը վերաբերել է կուսակցական կարգապահությանն ու համախմբվածությանը, ինչն ակնհայտորեն դուր չի եկել Վարդան Այվազյանին: Նա իր ելույթում նման դրսեւորումները կոչել է տարակարծություններ եւ ժողովրդավարության դրսեւորում, սակայն Սերժ Սարգսյանը կշտամբել է նրան եւ նկատել, որ այդ տարակարծությունները կուսակցության խմբակցության քննարկումների ժամանակ պետք է հայտնել, իսկ երբ նախաձեռնությունը հասնում է ԱԺ, պետք է բոլորը համախմբված լինեն դրա շուրջ եւ միանման պահվածք դրսեւորեն: Մինչդեռ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Այվազյանը հաճախ է իրեն ընդդիմադիրի պես պահում, ընդամենը անցած շաբաթ հանձնաժողովի նիստում նա էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանին պատին է դեմ տվել: Պետք է ենթադրել, որ այս նիստից հետո զինվորական կարգապահություն կհաստատվի ՀՀԿ-ում, եւ սեփական կարծիքի նշույլները կվերանան»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: