Բողոքի երթ Իտալիայում՝ ադրբեջանական գազ մատակարարող գազատարի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայում բողոքի ալիք է բարձրանում տրանսատլանտիկ գազատարի (TAP) դեմ, որն ադրբեջանական գազը պետք է հասցնի Եվրոպա, այդ թվում՝ Իտալիա: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական աղբյուրները, չնայած այն բանին, որ գազատարի օգտին հանդես է գալիս Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, որը ներկայումս «Շահդենիզ» կոնսորցիումի խորհրդատուն է, գազատարի երթուղին փոփոխելու պահանջները չեն դադարում:

Գազատարի մի մասը պետք է անցնի Իտալիայի Ադրիատիկ լողափին գտնվող Սալենտո նահագով, սակայն տեղաբնակներն ու բնապահպանները համարում են, որ գազատարը վնաս կհասցնի շրջակա միջավայրին, կվտանգի պատմական հուշարձաններն ու կբերի ձիթապտղի այգիների վերջնական ոչնչացման:

Իտալական լրատվամիջոցները տեղեկացնում են գազատարի դեմ պատրաստվող ակցիայի մասին: Հեծանվորդների բողոքի երթը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 20-ին. այն կավարտվի հանրահավաքով, որին կարող են միանալ բոլոր ցանկացողները:

Միջոցառման ժամկետը պատահական չի ընտրված: Բանն այն է, որ այդ օրը Բաքվում նախատեսվում է TANAP գազատարի շինարարության հիմնադրման արարողությունը: Այս գազատարի շինարարությունը երկու խոշոր ծրագրերից մեկն է, որոնց նպատակն է ադրբեջանական գազը հասցնել Եվրոպա: Արարողությանը ներկա են լինելու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին և նախագծի այլ մասնակից երկրների ներկայացուցիչներ:




Լրահոս