Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) ղեկավար Ռուբեն Թովմասյանն այսօր “Հայելի” ակումբում հայտարարեց, որ խոհրդարանական ընտրությունների արդյունքում Կոմկուսն ունենալու է ընտրողների ձայների 10-15 տոկոսը: ՀԿԿ ղեկավարի ասուլիսը դեռ նոր էր մեկնարկել, երբ հայտնվեց մի անձնավորություն, որը ներկայացավ իբրեւ Մյասնիկ Պատվականյան և ցանկացավ հարցեր հղել գլխավոր կոմունիստին: Սակայն Ռ. Թովմասյանի համակիրները նրան մամուլի սրահից այնպես դուրս հանեցին, որ Մյասնիկ Պատվականյանը նույնիսկ գլուխը խփեց պատին:Միջանցքում Մ. Պատվականյանը հայտարարեց, թե պարոն Թովմասյանը խաբեությամբ է զբաղվում և բոլոր երիտասարդներին հեռացնում է Կոմկուսի շարքերից: Մ. Պատվականյանը նաև մանրամասնեց. “Այդ մարդը 20 տարի զրպարտչական, կազմաքանդիչ գործունեություն է ծավալել, քանդել Կոմկուսը:Նա կոմկուսի շարքերից հեռացրեց մի շարք երիտասարդների, գաղտնի պլենում հրավիրեց, նախընտրական ցուցակը կազմեց, ինձ էլ խոստացել էր ընդգրկել ցուցակում, չընդգրկեց: Ես միշտ եղել եմ և կմնամ կոմունիստ, սակայն այդ անձը հակակոմունիստական և հակաժողովրդական քարոզչություն է իրականցնում: Իր 80-ամյա զառամյալ ծանոթ-բարեկամներին է բերում կուսակցություն: Պահանջում եմ, որ նրան հեռացնեն Կոմկուսի շարքերից”:Երբ լրագրողները վերադարձան մամուլի սրահ, գլխավոր կոմունիստի համակիրները Մյասնիկ Պատվականյանին սպառնացին. “Դու դեռ կտեսնես”:Միջադեպի կապակցությամբ Ռ. Թովմասյանն ասաց, թե գիտի՝ այդ անձնավորությունը որ ուժի կողմից է ուղղորդվում և պարզաբանեց. “Ես նրան չեմ խոստացել ընդգրկել ցուցակում, ինչո՞վ եմ հալածում, չեմ հասկանում: Եթե հավատում եք նրան՝ հավատացեք”:Շարունակելով ասուլիսը՝ պարոն Թովմասյանն ասաց, որ խորհրդարան մտնելով իրենք սկսելու են սահմանադրական բարեփոխումները և նկատեց. “Այս սահմանադրությունը չի համապատասխանում հայ ժողովրդի պատմությանը: Այն քսերոքս է արված”:
Միջադեպ՝ ՀԿԿ-Ի ասուլիսին (Տեսանյութեր)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ