Ս. թ. սեպտեմբերի 15-21-ը Վիեննայում և Բուդապեշտում անցկացվելու են «Արևելյան Գորգերի Միջազգային գիտաժողով» կազմակերպության` «ԻԿՕԿ»-ի (ICOC) հերթական «Գորգի շրջագայությունը» և դրա շրջանակներում իրականացվող գիտաժողովը՝ նվիրված գորգին և տեքստիլին:
Առաջին անգամ այս կարևոր միջոցառմանը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ինչպես նաև Վիեննայի համալսարանի մշակութաբան-տեխնոլոգ Արթուր Թելֆեյանի և մի շարք անհատների ջանքերի շնորհիվ մասնակցելու են նաև ՀՀ և ԼՂՀ պատվիրակությունները` ի դեմս Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի և Ստեփանակերտի երկրագիտական թանգարանի: Միջացառման մասնակիցների թվում են նաև ԱՄՆ-ից Հայկական գորգերի ասոցիացիան, Փարիզից Բերճ Աշճյանը՝ իր անձնական հավաքածուով և Պետեր Գմյուրը՝ Շվեցարիայից, Վիեննայի Մխիթարյան միաբանությունը և Վիեննայի Գեորգ և Ազնիվ պատկերասրահը:
Միջազգային գիտաժողովի շրջանակներում Հայկական գորգերի ասոցիացիայի Եվրոպայի մասնաճյուղի ներկայացուցիչ Արթուր Թելֆեյանի նախաձեռնությամբ և մասնակի հովանավորությամբ Վիեննայի Սանս Սուսի (Sans Souci) սրահում կազմակերպվելու է հայկական արձանագրությամբ գորգերի ցուցահանդես, որի ընթացքում հայկական մշակույթն առավելագույնս արժևորելու նպատակով ներկայացվելու են նաև հայկական գորգի վերաբերյալ դասախոսություններ:
Գիտաժողովի շրջանակներում կազմակերպվող հայկական արձանագրությամբ գորգերի ցուցահանդեսում ներկայացնելու նպատակով՝ Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի հավաքածուից ընտրվել են 8 գորգ, 1 ասեղնագործ սրբիչ, իսկ Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանից՝ 2 գորգ:
Ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է հայկական արձանագրությամբ ձեռագործ հին գորգերի ու տեքստիլի ցուցադրման միջոցով հավաստելու գորգագործության հայկական ծագումը և համաշխարհային գորգարվեստում ունեցած մեծ դերը: Այն նաև ընդգծում է միջազգային ասպարեզում հեղինակություն վայելող «Գորգի շրջագայություններ» ծրագրում Հայաստանի Հանրապետության մասնակցության կարևորությունը: