Ազգային ժողովի այսօրվա նիստում Գալուստ Սահակյանը քվեարկության դրեց մի քանի օրենքի նախագծի քվեարկութուն: Դրանց թվում էր նաև ընդդիմադիր պատգամավորների կողմից անընդունելի համարվող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ արատավոր աշխատելաոճը շարունակվում է:
«Բազմիցս ասել ենք՝ հապճեպ, առանց մասնագիտական քննարկման՝ նման հարցեր Ազգային ժողով մի՛ ներկայացրեք: ԲՀԿ-ն չի մասնակցի այս օրենքի նախագծի քվեարկությանը», – հավելեց Նաիրա Զոհրաբյանը:
Օրենքի նախագիծը, այդուհանդերձ, 72 կողմ, 10՝ դեմ և 5՝ ձեռնպահ ձայնով ընդունվեց:
Նշենք, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը փաստաթղթերի այն փաթեթն է, որում ընդգրկված է նախատեսվող գործունեության իրականացման վերաբերյալ ամբողջական և համապարփակ տեղեկատվություն: