ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՐՔԵՐ. ԶԱՆԳԵԶՈՒՐԻՑ՝ ԱԽԹԱԼԱ

Դեռեւս հունիսի 25-ին «Ժողովուրդ»-ը ահազանգ էր ստացել Լոռու մարզի Շամլուղ քաղաքային համայնքի բնակիչներից այն մասին, որ «Ապառաժ մայնինգ» ՍՊԸ-ն իրենց համայնքի գերեզմանոցի մոտ ամենօրյա պայթեցումներ է անում, ինչի հետեւանքով ճաքում են բաց հանքին մոտ գտնվող գերեզմանաքարերն ու շենքերի պատերը: Տեղեկացրել էինք նաեւ, որ «Ապառաժ մայնինգ»-ի կողմից ներկրված պայթուցիկների միակ սպառողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է եւ որ իրականում այդ ընկերությունը դե ֆակտո պատկանում է կոմբինատի՝ արդեն նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանին: Սակայն Հակոբյանը շարունակում էր հերքել իր առնչությունն այդ ընկերությանը՝ ասելով, թե պարզապես «Ապառաժ մայնինգ»-ը պայթուցիկներ է մատակարարում կոմբինատին: Եվ ահա օրերս «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Մ. Հակոբյանը ոչ միայն ուղիղ կապ ունի «Ապառաժ մայնինգ» ընկերության հետ, այլ նաեւ նրան կարելի է գրեթե ամեն օր տեսնել նույն այդ ընկերության կողմից շահագործվող Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի բակում: Սա նշանակում է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից հեռացած Հակոբյանն իր տնօրինության տակ է վերցրել Ախթալայում գտնվող պղնձամոլիբդենային հանքավայրը, որը պատկանում էր ամերիկահայ գործարար, մանկապղծության մեղադրանքով դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին: Հանքի սեփականատերն այսօրվա դրությամբ դե յուրե 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբի կինն է՝ Մադլեն Թաշճյանը, իսկ դե ֆակտո՝ «Ապառաժ մայնինգ»-ը: Տեղեկացնենք, որ ինքը՝ Մադլեն Թաշճյանը, անհետացել է Հայաստանից. նրա գտնվելու վայրի մասին ոչ ոք ոչինչ չգիտի:

 

 
ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր Վահան Բադասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե Արցախի եւ Հայաստանի ժողովուրդը չի սպասում իրենց նախկին նախագահների վերադարձին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը եւս նպատակ ունի վերադառնալ իր նախկին պաշտոնին, ինչպես որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Մենք երբեք չպետք է անցյալը հետ բերենք: Կարծում եմ՝ Արկադի Ղուկասյանի իշխանության տարիներին նաեւ բացասական կողմեր ունի… Արկադի Ղուկասյանը բանակցային սեղանին ԼՂ դիրքերը զիջեց Ռոբերտ Քոչարյանին: Իսկ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի դեպքում նույն կատաստրոֆան պետք է լինի Հայաստանի ժողովրդի համար, եթե Ռ. Քոչարյանը հետ գա: Ասած Ռոբերտ Քոչարյանի՝ մի՞թե չկա ուրիշ տղամարդ»,-հայտարարեց ԼՂՀ պատգամավորը:

 

 

 

Համաշխարհային տնտեսական ֆորումի երեկ հրապարակած Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն՝ Հայաստանը տնտեսական ոլորտում հերթական հետընթացն է գրանցել: ՀՀ-ն աշխարհի 144 երկրների մեջ զբաղեցնում է 85-րդ տեղը՝ նահանջելով 6 կետով: Երկրների տնտեսական մրցունակության ամփոփ գնահատականը տրվել է` հաշվի առնելով 12 գործոն: Հայաստանն առաջընթաց է գրանցել ենթակառուցվածքների, տեխնոլոգիական պատրաստվածության մասով: Իսկ ահա տնտեսության համար կարեւորագույն ցուցանիշների առումով՝ մակրոտնտեսական միջավայրի կայունություն, վեճերը կարգավորելու, կառավարության որոշումները բողոքարկելու իրավական դաշտի առումով հետընթաց է արձանագրվել: Զեկույցում նշված է, որ համաշխարհային տնտեսությունը շարունակում են գնահատել ռիսկային. «Շատ երկրների դեռեւս լիովին չի հաջողվում իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ, որոնք անհրաժեշտ են տնտեսական աճի համար»:

 

 
Կոտայքի մարզի Քասախ գյուղում սեպտեմբերի 21-ին կայանալիք ավագանու արտահերթ ընտրությունները խոստանում են թեժ անցնել: Բանն այն է, որ նախորդ տարվա սեպտեմբերի 14-ից մինչ օրս ավագանու ԲՀԿ-ական անդամների բոյկոտի պատճառով նիստերը չեն կայացել. նրանք այդ քայլին էին գնացել ՀՀԿ-ական գյուղապետ Արա Մկրտչյանի հետ հակասությունների պատճառով: Արդյունքում ՏԻՄ մասին օրենքի համաձայն՝ ավագանու լիազորությունները դադարեցվել են եւ այնտեղ նոր ընտրություններ են նշանակվել: Նշենք, որ ավագանու 11 անդամներից 5-ը ԲՀԿ-ական է, 5-ը՝ ՀՀԿ-ական, 1-ը՝ անկուսակցական: «Ժողովուրդը»-ը երեկ տեղեկացավ, որ այս ընտրություններին ավագանու աշխատանքները բոյկոտած ԲՀԿ-ականները կրկին առաջադրել են իրենց թեկնածությունն ու մտադիր են ընտրվել: Իսկ Քասախի ՀՀԿ-ական գյուղապետն առաջադրել է իր թեկնածուներին ու փորձելու է ավագանու կազմում իր թիմի միջոցով մեծամասնություն ձեւավորել: Արդյունքում ավագանու 11 տեղի համար պայքարում է 20 հոգի:

 

 
ՏԱՐԵԼԻՑՅԱՆ

Սեպտեմբերի 3-ի մեկամյա տարելիցի կապակցությամբ երեկ ողջ լրատվական դաշտը հեղեղված էր քաղաքական գործիչների եւ փորձագետների մեկնաբանություններով, եւ որ ուշագրավ է` անգամ մեկ տարի անց այդ վերլուծությունների մեծ մասը վերացական էր, քանզի չափազանց դժվար է կոնկրետ դատողություններ անել մի բան շուրջ, որն իբրեւ այդպիսին գոյություն չունի:
Այդուհանդերձ` մի կողմ թողնելով թեր ու դեմ կարծիքների գնահատումը, արձանագրենք, որ սեպտեմբերի 3-ը մենք մշտապես հիշելու ենք որպես տարելից, քանզի հենց այդ օրը պարզ դարձավ, որ Հայաստանի քաղաքացիների կարծիքը երկրի համար ամենավճռորոշ հարցում կարող է ոչ միայն անտեսվել, այլեւ, բառիս բուն իմաստով, բռնաբարվել` միանգամայն անպատիժ եւ անհետեւանք: Անկախ այն բանից` ազգային շահերի տեսանկյունից էր պարտադրված Սերժ Սարգսյանի որոշումը, թե այդ պարտադրանքն ուներ զուտ անձնական կամ կլանային բնույթ (իսկ որ դա պարտադրված որոշում էր, որեւէ մեկը չի կասկածում) Սերժ Սարգսյանը, փաստորեն, միանձնյա վճռեց մի ողջ երկրի ճակատագիրը, եւ դա նրան հաջողվեց առանց որեւէ ցնցման:
Եթե Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնում ընտրված լիներ 90-95 տոկոս քվեներով, եւ եթե այդ ընտրություններն անցկացված լինեին բացարձակապես առանց կեղծիքների, այդ դեպքում, թերեւս, հասկանալի կլիներ հակազդեցության բացակայությունը: Մինչդեռ Ս. Սարգսյանն, ինչպես հիշում ենք, նախագահ ընտրվեց, մեղմ ասած, ոչ կատարյալ ընտրությունների արդյունքում եւ ձայների` ամենեւին ոչ բացարձակ մեծամասնությամբ: Հետեւաբար` անհասկանալի է, թե ինչու նրա քաղաքական հակառակորդները` ի դեմս ԱԺ-ում ներկայացված ոչ իշխանական ուժերի, որեւէ կերպ չհակազդեցին Ս. Սարգսյանի` միանձնյա որոշումը ժողովրդի վզին փաթաթելու գործելաոճին: Բացառությամբ, իհարկե, «Ժառանգություն» խմբակցության ներկա եւ նախկին պատգամավորների, որոնց հայտարարություններն էլ, ինչպես լինում է բոլոր բացառությունների դեպքում, հաստատեցին կանոնը. տվյալ դեպքում` ՀՀ քաղաքական ուժերի ռուսահպատակության կանոնը։
Եվ այստեղ խնդիրն անգամ այն չէ` արդյոք Սերժ Սարգսյանի` ՄՄ-ին անդամակցելու որոշման արդյունքում մենք ավելի ապահով եւ բարեկեցիկ կապրենք, թե հակառակը: Խնդիրն այն է, որ սեպտեմբերի 3-ից հետո պարզ դարձավ, որ Հայաստանում ժողովուրդը բացարձակապես անպաշտպան է, քանզի նրա շահերի առաջին պաշտպանը` ինստիտուցիոնալ ընդդիմությունն, այսօր վերածվել է իրավիճակային, մանր խնդիրներ հետապնդող ոչ իշխանական (անգամ ընդդիմություն բառն է արդեն շրջանառությունից դուրս եկել) միավորման, որին ամենեւին չեն հուզում այնպիսի «մանր-մունր» հարցեր, ինչպես ժողովրդի կամքի անտեսումն է:

 

 




Լրահոս