«ԱՍԱԾ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ՝ ՄԻ՞ԹԵ ՉԿԱ ՈՒՐԻՇ ՏՂԱՄԱՐԴ»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախ պատգամավոր Վահան Բադասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Արկադի Ղուկասյանի վերադարձին երկու պետությունների ժողովուրդները չեն սպասում:
-Պարոն Բադասյան, Սերժ Սարգսյանը մեկնում է Միացյալ Թագավորություն ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը համաձայնվել է այնտեղ հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Նշվում է, որ հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը պատկանում է ԱՄՆ պետքարտուղար Զոն Քերիին: Ի՞նչ ակնկալիքներ ունի Արցախն այդ հանդիպումից:
-Ես անձամբ որեւէ ակնկալիք չունեմ այդ հանդիպումներից: Չեմ էլ ժխտում, որ պետք են նման հանդիպումները: Իսկապես նման հանդիպումներն անհրաժեշտ են, բայց ես այդ հանդիպումներից երբեւէ ակնկալիքներ չեմ ունենում: Իմ ակնկալիքներն այն կլինեն, որ առաջիկա ամսվա մեջ Հայաստանի իշխանությունները Մաքսային միություն մտնելով չկորցնեն ինքնիշխանությունն ու այդպես վտանգի տակ չդնեն Արցախի հարցը: Այսօրվա դրությամբ սա է իմ մտահոգությունը:
-Այսինքն՝ ըստ Ձեզ, եթե Հայաստանը Մաքսային միությանն ու ԵՏՄ-ին անդամակցի վտանգի տակ է դնելու նաեւ Արցախի՞ հարցը: Կարծում եք, որ նման դեպքում ՀՀ-ն կորցնելո՞ւ է իր ինքնիշխանությունը:
-Այո, որովհետեւ որեւէ մեկը չգիտի, թե այնտեղ ինչ պայմանագիր է, որեւէ մեկը տեղյակ չէ, թե իրենից ինչ է ներկայացնում այդ պայմանագիրը: Իսկ քանի որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Արցախը մեր պատկերացումների մեջ չի, ապա այդ նույն ոգով կստորագրվի նաեւ պայմանագիրն ու մաքսակետ կդրվի Արցախի ու Հայաստանի միջեւ, դրանով արդեն հարցը պետք է վերջանա: Իսկ այդ դեպքում Արցախը դժվարին կացության մեջ կդրվի: Այդ դեպքում ե՛ւ Արցախի ժողովրդի, ե՛ւ Հայաստանի ժողովրդի հարցը կմտնի փակուղի: Այժմ իմ ամբողջ մտահոգությունը վերաբերում է դրան: Ու ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին, որ իրենց ողջ մտահոգությունը, ուշադրությունը դարձնեն դրա վրա, որպեսզի, ի վերջո, նման երեւույթ տեղի չունենա:
-Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ իրենք խոչընդոտ չեն տեսնում ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության հարցում: Ի՞նչ եք կարծում, դա չի՞ նշանակում, որ Արցախի հարցը կարող է այդ դեպքում լուծելի համարել:
-Մի բան նշեմ, որ Նազարբաեւի վերջին հայտարարությունը նշանակում էր, որ ինքը չի ցանկանում, որպեսզի իր երկիրը կորցնի իր անկախությունը: Իսկ իրենք արդեն իրենց արածն արել են: Արդեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Արցախն իրենցը չէ: Այնպես է ստացվում, որ Արցախից հրաժարվելով լուծվում է ԵՏՄ-ին անդամակցելու հարցը: Իսկ այժմ մենք բոլոր քաղաքական ուժերով պետք է այնպես անենք, որ դա տեղի չունենա, որովհետեւ եթե դա տեղի ունենա՝ արդեն բոլոր հարցերը կդժվարանան:
-Այսօրվա դրությամբ կարելի է ասել, որ Հայաստանը որեւէ կերպ չի ցանկանում հրաժարվել Մաքսային միության եւ ԵՏՄ-ին անդամակցելու գաղափարից: Ըստ Ձեզ, ի՞նչ պետք է արվի, որպեսզի ՀՀ իշխանությունները հրաժարվեն այդ անդամակցություններից:
-Ես միշտ էլ ասել եմ ու կրկնում եմ, որ մեր բախտը կբերի նրանով, որ Մաքսային միությունն այդպես էլ չի կայանա ու իրական չի դառնա: Ես կարծում եմ, որ այդ ամենը իրականություն այդպես էլ չի դառնալու:
-Պարոն Բադասյան, այժմ ակտիվորեն քննարկվում է, որ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը ցանկանում է կրկին վերադառնալ նախագահի «աթոռին»: Դուք նրա վերադարձի հեռանկարը տեսնո՞ւմ եք:
-Ես որեւէ լավ բան չեմ տեսնում, որ դա հեռանկար համարեմ, որովհետեւ մենք երբեք չպետք է անցյալը հետ բերենք: Կարծում եմ՝ Արկադի Ղուկասյանի իշխանության տարիները նաեւ իր բացասական կողմերն ունեն: Մենք պետք է առաջ գնանք: Ինչ է, մենք որեւէ այլ քաղաքական գործիչ չունե՞նք, որ պետք է Արկադի Ղուկասյանի վերադարձից ակնկալիքներ ունենանք: Արկադի Ղուկասյանը ԼՂՀ նախագահ է եղել, իսկ այժմ էլ թող զբաղվի իր գործերով: Կարծում եմ՝ Արցախի ժողովուրդը դա միանշանակ չի ընդունում:
-Հայաստանում էլ այժմ քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հարցը…
-Նախ՝ չպետք է մոռանանք, որ Արկադի Ղուկասյանը Արցախը, որպես բանակցային կողմ… Արկադի Ղուկասյանը զիջեց Ռոբերտ Քոչարյանին: Իսկ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի դեպքում նույն կատաստրոֆան պետք է լինի Հայաստանի ժողովրդի համար, եթե Ռ. Քոչարյանը հետ գա: Ասած Ռոբերտ Քոչարյանի՝ մի՞թե չկա ուրիշ տղամարդ: Իհարկե կա, ուրեմն պետք է նոր, թարմ ուժեր բերել, որպեսզի կարողանան երկիրը զարգացնել:
Հ.Գ. Երեկ Karabakh-open.info-ն փորձել էր Արկադի Ղուկասյանից պարզել ԼՂՀ նախագահի պաշտոնի վերադարձի հարցը: Ա. Ղուկասյանը ո՛չ հերքել, եւ ո՛չ էլ հաստատել էր տեղեկությունը. «Ես համարում եմ, որ այն մարդը, ով 10 տարի ղեկավարել է Ղարաբաղը, չի կարող անտարբեր լինել նրա նկատմամբ, եւ այն բոլոր հարցերը, որոնք կան, իմն են: Այլ բան է, որ ամեն հարցի շուրջ չեմ արտահայտվում ԶԼՄ-ներով, բայց այդ բոլոր հարցերը քննարկում եմ ՀՀ եւ ԼՂՀ նախագահների հետ եւ այս տեսանկյունից ես երբեւե դուրս չեմ եղել այդ գործընթացներից»:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի տնտեսության ողբերգական վիճակի մասին փաստում են անգամ միջազգային կազմակերպությունները: Երեկ հրապարակվել է Մրցունակության համաշխարհային զեկույցը, որն անդրադարձել է համաշխարհային տնտեսության միտումներին, մրցունակության վիճակին:
Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն՝ Հայաստանն աշխարհի 144 երկրների մեջ զբաղեցրել է 85-րդ տեղը. նախորդ տարվա համեմատ, Հայաստանը 6 կետով նահանջ է ապրել: Երկրների տնտեսական մրցունակության ամփոփ գնահատականը տրվել է` հաշվի առնելով 12 գործոն: Հայաստանն առաջընթաց է գրանցել ենթակառուցվածքների, բարձրագույն կրթության ու տեխնոլոգիական պատրաստվածության մասով: Հայաստանն առաջընթաց է արձանագրել բջջային ու ֆիքսված կապի հասանելիության ոլորտում, ինտերնետից օգտվողների թվի ավելացմամբ: Իսկ ահա տնտեսության համար կարեւորագույն ցուցանիշների առումով Հայաստանը նահանջ է արձանագրել: Զեկույցի համաձայն, վեճերը կարգավորելու, կառավարության որոշումները բողոքարկելու առումով իրավական դաշտն առավել քան վատ է. այստեղ նահանջը եղել է 21-22 կետով: 13 կետով նահանջ է մակրոտնտեսական միջավայրի կայունության ցուցիչի առումով: Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն, Հայաստանում պետական քաղաքականությունը թափանցիկ չէ, իսկ պետական միջոցները ծախսվում են ոչ նպատակային, սեփականության իրավունքը ՀՀ-ում պաշտպանված չէ, եւ այսպես շարունակ: Իհարկե, անզեն աչքով էլ նկատելի է Հայաստանում տնտեսության վիճակի վատթարացումը, այդ մասին բազմիցս ահազանգել են տնտեսագետները, անգամ` պաշտոնական վիճակագրությունը չի կարողացել թաքցնել դա: Սակայն երբ դա փաստում են միջազգային մասնագիտական վերլուծական կենտրոնները, նշանակում է` ամեն ինչ առավել քան լուրջ է:
Իրավիճակը, սակայն, ավելի ակնհայտ է տարածաշրջանային մյուս երկրների համեմատ. նախկին ԽՍՀՄ երկրներից զգալի առաջընթաց են արձանագրել Ղրղզստանը (13 կետով, 108-րդ տեղ), Ռուսաստանը (11 կետով, 53-րդ տեղ) եւ Ուկրաինան (8 կետով, 76-րդ տեղ): Վրաստանն իր դիրքերը բարելավել է 3 կետով. այն ցուցակում 69-րդն է: Ադրբեջանը 38-րդն է, մինչդեռ` 2013թ. 39-րդ տեղում էր: 5 կետով անկում է գրանցել Թուրքիան` 44-րդ տեղից հայտնվելով 49-րդում, իսկ Իրանը` 82-րդից` 38-րդ տեղում:
Մրցունակության համաշխարհային զեկույցի առաջատարը շարունակում է մնալ Շվեյցարիան. որին հաջորդում են Սինգապուրը, ԱՄՆ-ը, Ֆինլանդիան ու Գերմանիան: Իսկ աղյուսակը եզրափակում են Անգոլան, Մավրիտանիան, Եմենը, Չադը, Գվինեան:
Նշենք, որ ըստ զեկույցի՝ համաշխարհային տնտեսությունը շարունակում են գնահատել ռիսկային. «Շատ երկրների դեռեւս լիովին չի հաջողվում իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ, որոնք անհրաժեշտ են տնտեսական աճի համար»: Իսկ երկրները, որոնք կարողացել են առաջընթաց գրանցել, ըստ զեկույցի՝ արել են «շնորհիվ համակարգված մոտեցման հիմնված պետություն-մասնավոր հատված սերտ համագործակցության վրա»:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՓԱԹԹԱԾ ՈՒՆԻ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի՝ դատավարության ժամանակ արած արտահայտություններից մեկը մեծ աղմուկ է հանել՝ ստիպելով փաստաբաններից մեկին դիմել Արդարադատության խորհուրդ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կրթության եւ գիտության նախկին նախարար Սերգո Երիցյանի կնոջ եւ դատավոր Սարգիս Երիցյանի մոր՝ Կարինե Տիտանյանի գործով քաղաքացիական դատական նիստի ժամանակ Ափինյանն ասել է. «Ինչ եք կարծում, օրինակ՝ մի ՓԲԸ կարա աշխատանքային օրենսգրքով աշխատի, հա՞, իսկ մի այլ ՓԲԸ կարող է փաթթած ունենա, հա՞ ու ընդհանրապես օրենքից դուրս աշխատի, ո՞նց հասկանանք»: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ փաստաբանը դատավորի «փաթթած ունենա» խոսքի առթիվ դիմել է Արդարադատության խորհուրդ, կցելով նաեւ ձայնագրությունը: Սակայն դեռ որեւէ պատասխան չի ստացվել: Իսկ թե ինչ որոշում կկայացնի Արդարադատության խորհուրդը, արդյոք Ափինյանի խոսքը կհամարի դատավորին ոչ հարիր արտահայտություն եւ պատասխանատվության կենթարկի նրան, դժվար է ասել: Ի դեպ նշենք, որ Փաստաբանների պալատը չի հրապարակում այդ փաստաբանի անունը՝ դեռեւս սպասելով նրանց պատասխանին:
ԲԺՇԿԱԿԱՆ ԽԱԼԱԹՈՎ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը գնացել են Երեւանի Կենտրոնական զինվորական հոսպիտալ: Վերջիններս այցելել են օրերս Տավուշի մարզում ականի վրա պայթած զինվորներին, տեղեկացել նրանց առողջական խնդրի մասին: Նշենք, որ Տավուշի մարզում օգոստոսի 28-ի երեկոյան ականի պայթյունից վիրավորվել էին 4 զինծառայողներ, որոնցից 2-ի ոտքերը կտրել էին, քանի որ պահպանել հնարավոր չէր եղել: Փաստորեն, իշխանական պատգամավորները որոշել են «նոր ոճով» հանդես գալ. դիրքերում զինվորների կողքին կամուֆլյաժով ֆոտոսեսիաներին գալիս են փոխարինելու բժշկի խալաթով հոսպիտալներ այցելելը:
ԶԱՅՐԱՑԱԾ ԵՆ
«Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած քաղաքացիներն այսօր ՀՀ կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա են անցկացնելու: Նրանք դժգոհ են, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այդպես էլ չի կատարել իր տված խոստումը: Հիշեցնենք, որ դեռ օգոստոսի սկզբին նա խոստացել էր միաժամանակ հանդիպել շինընկերությունից տուժած քաղաքացիների եւ «Արցախբանկ»-ի ներկայացուցիչների հետ: Այս խոստումից անցել է մեկ ամիս, սակայն հանդիպումը չի անցկացվել: Այսօր կառավարության շենքի առջեւ կհավաքվեն նաեւ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները, ովքեր տեւական ժամանակ է՝ պահանջում են իրենց աշխատավարձերը: Նրանք եւս զայրացած են վարչապետի անտարբեր պահվածքից. նաիրիտցիներին էլ նա խոստացել էր մինչեւ օգոստոսի վերջ լուծել աշխատավարձերի խնդիրը: Բայց նաիրիտցիներն այս ընթացքում աշխատավարձ այդպես էլ չեն ստացել: