ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕՖՇՈՐԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՄԱՅՔԸ

ՀՀ իշխանություններն առանձնահատուկ սեր ունեն օֆշորային ընկերությունների նկատմամբ: Խոսքն ամենեւին էլ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային հայտնի սկանդալի մասին չէ, այլ պարզվում է` ավելացել են օֆշորային գոտում գրանցված, ինչպես նաեւ ոչ ռեզիդենտ ընկերությունների մասնակցությամբ պետական գնումները (նշենք, որ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն ոչ ռեզիդենտ են համարվում օտարերկրյա պետություններում ստեղծված, բայց Հայաստանում գործունեություն ծավալող կազմակերպությունները):

Նմանատիպ ընկերությունների` պետական գնումների ոլորտում ակտիվացումը չի վրիպել անգամ ՀՀ վերահսկիչ պալատի ուշադրությունից: Եվ այս առումով, ՀՀ ՎՊ 2013թ. հաշվետվության մեջ հանդիպում ենք ուշագրավ բացահայտումների. «Ակնհայտ կերպով ավելացել է ոչ ռեզիդենտ ընկերությունների մասնակցության ակտիվությունը պետական գնումներում: Տվյալ դեպքում ռիսկային է համարվում այն, որ ոչ ռեզիդենտները մրցույթներում ստանում են շահեկան դիրք: Այդ ընկերությունների համար շահեկան է նաեւ այն, որ կախված իրենց կազմակերպաիրավական տեսակից, ՀՀ-ում պետական հսկողություն եւ վերահսկողություն իրականացնող մարմինները տվյալ գնման դեպքում չեն կարողանում լիարժեք կերպով իրականացնել վերահսկողություն»,- նշված է այնտեղ:
ՎՊ հաշվետվության այս հատվածը լավագույնս բացահայտում է օֆշորային գոտում գրանցված, ինչպես նաեւ ոչ ռեզիդենտ ընկերությունների հմայքը, նաեւ` կոռուպցիոն եւս մեկ սխեմա: Փաստորեն, այդ ընկերություններն, ըստ էության, դուրս են ՀՀ պատկան մարմինների վերահսկողությունից, ինչն էլ նշանակում է` լավ հնարավորություն ամենատարբեր ֆինանսական մանիպուլյացիաների, «ատկատ»-ի եւ այլնի համար: Ավելին, պարզվում է` այդ ընկերությունների հիմնադիրները հենց հայաստանցիներն են. ՎՊ բացահայտումներից պարզ է դառնում, որ հիմնականում այդ ոչ ռեզիդենտ կամ օֆշորային գոտում գրանցված կազմակերպությունները ստեղծվել են արհեստականորեն` գնումների մասնակցելու համար: «Որեւէ մրցույթով հետաքրքրված տեղական ընկերությունը միտումնավոր ստեղծում է որեւէ ոչ ռեզիդենտ ընկերություն կամ կապ է հաստատում համանման ընկերության հետ, որպեսզի շահեկան դիրք գրավելու արդյունքում կարողանա հաղթող ճանաչվել մրցույթում եւ կնքել պայմանագիր: Արդյունքում, որոշ ոչ ռեզիդենտների մասնակցությունը պետական գնումներին դառնում է զուտ ձեւական, գումարները փոխանցվում են հանրապետությունից դուրս: Նվազում է նաեւ վերահսկելիությունը: Որպես օրինակ կարելի է նշել՝ 2012 թվականին տոհմային երինջներ մատակարարելու համար 19.12.2011թ.-ին Գյուղատնտեսության նախարարությունը պայմանագիր է կնքել «ԴԱԽԽԱՆ» ՍՊԸ եւ Ա/Ձ Սամվել Ամիրխանյան կոնսորցիումի հետ: Ընկերությունը երինջները ձեռք է բերել Agro-Vest Plus s.r.o. չեխական ընկերությունից, որը ստեղծվել է 2012թ. փետրվարի 29-ին` ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ պայմանագիրը կնքելուց եւ գումարը փոխանցելուց հետո: Դրա հիմնադիրը հանդիսանում է Էդիկ Ամիրխանյանը, ով կոնսորցիումի մասնակիցներից «ԴԱԽԽԱՆ» ՍՊԸ-ի տնօրեն Ռադիկ Ամիրխանյանի եւ Չեխիայում գրանցված Ա/Ձ Սամվել Ամիրխանյանի եղբայրն է: Մատակարարված երինջների մաքսային հայտարարագրերի համաձայն, մեկ երինջի մաքսային արժեքը կազմել է 1,371,195 դրամ (ընդամենը 287,950.9 հազ. դրամ` 210 երինիջի համար) այն դեպքում, երբ պայմանագրի արժեքը եղել է 270,900.0 հազ. դրամ: Հետեւաբար` կոնսորցիումը, ըստ ներկայացված փաստաթղթերի, իբրեւ կրել է 17,050.9 հազ. դրամի վնաս: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պայմանագիրը կնքել էր 210 երինջների ձեռքբերման համար, սակայն նախարարության անունով մաքսազերծվել է 230-ը: Agro-Vest Plus s.r.o. չեխական ընկերության հաշիվ-ապրանքագրերով բոլոր 230 երինջների համար, որպես գնորդ, նշված է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, իսկ որպես վճարող` «ԴԱԽԽԱՆ» ՍՊԸ-ն»,-նշված է ՎՊ զեկույցում: Խոստովանենք` մեծ երեւակայություն է հարկավոր նման մեխանիզմ ստեղծելու եւ այդպես գումարներ գրպանելու համար: Ընդ որում, դժվար է պատկերացնել, որ Գյուղատնտեսության նախարարությունից տեղյակ չեն եղել այդ ընկերությունների ստեղծման պատմությանը: Ուստի, կարելի է պնդել` այս ամենն իրականացվել է առնվազն իշխանությունների թողտվությամբ:
Մեկ այլ ուշագրավ դեպք էլ ՎՊ-ն բացահայտել է կիպրոսյան ընկերության հետ կապված: Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտների 2-րդ ռազմավարության իրականացման դրամաշնորհային ծրագրի շրջանակում համապատասխան աշխատանքների ձեռքբերման համար «Four Assist Development Consulting Limited» (Կիպրոս) կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր: Ըստ ՎՊ հաշվետվության, այդ նպատակով 704.1 հազ. ԱՄՆ դոլար փոխանցվել է Կիպրոս՝ ընկերության հաշվին: «Կիպրոսյան ընկերությունն իր հերթին պայմանագրի կնքման նույն օրը, պայմանագրով նախատեսված խորհրդատվական ծառայության 10 մատուցման համար, 288.0 հազ. ԱՄՆ դոլար արժեքով ենթամատակարարի պայմանագիր է կնքել ՀՀ-ում գրանցված «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի հետ: Պայմանագրով նախատեսված աշխատանքների ողջ ծավալը ենթամատակարարի պայմանագրով իրականացրել է «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ն»,- նշված է ՎՊ հաշվետվության մեջ: «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց պարզել, թե ովքեր են «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ն հիմնադիրները. կառավարության էլեկտրոնային ռեգիստրում որպես հիմնադիր նշված էր. «Բաժնետերերը»: Ասել է թե՝ այս ընկերության հիմնադիրների անունները գաղտնի են պահվում, իսկ դա չի կարող լինել պատահական: «Ժողովուրդ»-ն, իհարկե, կփորձի պարզել, թե ովքեր են կանգնած այս ընկերության թիկունքում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 
ԼՈՒՐԵՐ

ՆԱՏՕ-Ն ՈՒ ԼՂ ԽՆԴԻՐԸ
Սերժ Սարգսյանը մեկնելու է Մեծ Բրիտանիա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում սեպտեմբերի 4-ին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի առաքելության մասնակից գործընկեր երկրների ղեկավարների հանդիպմանը: Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը ե՛ւ 2010, ե՛ւ 2012թթ. չի մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովներին՝ փոխարենն ուղարկելով ԱԳ նախարարին: Ենթադրվում է, որ այս անգամ նա մեկնելու է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման նպատակով: Հիշեցնենք, որ վերջերս ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջ.Ուորլիքը հայտարարել էր, թե ՆԱՏՕ-ի գագաթաժողովը լավ առիթ է՝ ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունների նպատակով Սարգսյան-Ալիեւ հանդիպման համար: Ի դեպ, Թուրքիայի նորընտիր նախագահ Էրդողանը, ով առաջին այցը կատարել է Բաքու, Ալիեւի հետ հանդիպումից հետո խոստացել է ԼՂ խնդիրը ներառել սեպտեմբերի 4-5-ը Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգ: «Ադրբեջանին տրված ՆԱՏՕ-ի խոստումները պետք է կյանքի կոչվեն, եւ Թուրքիան պատրաստ է վճռականություն ցուցաբերել այդ հարցում»,-հայտարարել է Էրդողանը՝ ընդգծելով, որ ԼՂ խնդրի կարգավորումը Թուրքիայի համար առաջնային հարց է: Նա նաեւ նշել է, թե հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն ԼՂ խնդրի լուծումից հետո:

 

ԴԵՍՊԱ՞Ն
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի պաշտոնավարմանը հաշված օրեր են մնացել. բանն այն է, որ նրան ցանկանում են նշանակել Լեհաստանում ՀՀ դեսպան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարության այսօրվա օրակարգում արտահերթ քննարկվելու է նաեւ մարզպետի պաշտոնանկության հարցը: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Ժողովուրդ»-ն իր հրապարակումներից մեկում անդրադարձել էր այս հարցին՝ նշելով, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի ցանկանում մարզպետի հետ աշխատել: Թե ով կնշանակվի Վայոց Ձորի մարզպետ, մնում է անհայտ: Երեկ փորձեցինք այս տեղեկությունները ճշտել անձամբ մարզպետ Ղազարյանից, սակայն նա ասաց, թե մեր հարցերին կպատասխանի մեկ ուրիշ օր:

 

ԿՌԻՎ Է ԸՆԿԵԼ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի «աթոռի» համար կուսակցությունում կրկին կռիվ է ընկել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Զարուհի Փոստանջյանն ԱՄՆ-ից վերադառնալուց հետո ցանկանում է «պաշտոնաթող» անել Ռուբիկ Հակոբյանին: Սակայն «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այդ հարցի հետ կապված դեռեւս վերջնական որոշում չի կայացրել: Չի բացառվում, որ այդ որոշումը լինի հօգուտ Փոստանջյանի, քանի որ Ր.Հովհաննիսյանը ներկուսակցական հարցերում շատ է գործում պատգամավորուհու ասածներով: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է տեղեկությունը ճշտել Ռ.Հակոբյանից, սակայն վերջինս ասաց, որ իրականում նման հարց չի քննարկվել:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՉԻ ԼՔԻ
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը չի պատրաստվում լքել գլխավոր դատախազի պաշտոնը եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Ալվինա Գյուլումյանին փոխարինելու մտադրություն չունի: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում վստահեցրել է գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում շրջանառվող լուրերին, որոնց համաձայն՝ Գեւորգ Կոստանյանը պետք է անցնի նոր պաշտոնի: Գլխավոր դատախազի խորհրդականը նշեց, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչն է: Նա նաեւ ընդգրկված է «ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող հանձնաժողովում»: «Ինչ վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազի աշխատանքից «դժգոհությունների» մասին լուրերը մեկնաբանելուն, ապա հիմարությունները մեկնաբանելու անհրաժեշտությունը չեմ տեսնում: Գլխավոր դատախազի աշխատանքից, անշուշտ, կդժգոհեն բոլոր նրանք, ովքեր զրկված են օրենքը շրջանցելու, ծաղկող կոռուպցիոն գործունեություն ծավալելու հնարավորությունից: Ըստ այդմ, նման անհեթեթ լուրեր տարածելով՝ գլխավոր դատախազի աշխատանքը վարկաբեկելու փորձերը չափազանց պարզունակ են, որը բնորոշ է անլուրջ ե՛ւ դատախազական համակարգի, ե՛ւ աշխատանքի մասին խեղաթյուրված պատկերացում ունեցող մարդկանց»,-եզրափակեց խորհրդականը:

 

ՐԱՖՖԻՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին: Հանդիպմանը քննարկվել են արտաքին եւ ներքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է Հայաստանի եւ Արցախի քաղաքական ուժերի միջեւ սերտ համագործակցությունը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու Արցախի միջազգային ճանաչման գործում:

 

ԷԼԻ ԿՐԱԿՈՒՄ ԵՆ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ օգոստոսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 




Լրահոս