3 ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԸ
Մի շարք պաշտոնյաների առանձնատները թալանած հայտնի «բանդա»-ի գործով դատական քննությունը 3 տարի է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է: Ու վերջին նիստերը սկսել են հետաքրքիր ընթացք ունենալ:
Երեկվա դատական նիստին մեղադրող Սասուն Խաչատրյանը միջնորդեց հրապարակել ամբաստանյալների՝ նախկինում դատվածությունների մասին փաստաթղթերը՝ պատճառաբանելով, թե դրանք անհրաժեշտ են նրանց մասին բնութագրեր հավաքելու նպատակով:
Թեեւ պաշտպանական կողմն ու ամբաստանյալներն առարկեցին միջնորդության դեմ, այդուհանդերձ դատարանն այն բավարարեց, եւ դատախազի կողմից առաջինը հրապարակվեցին «Գառնու լավաշի» սեփականատիրոջ՝ Սուրիկ Հակոբյանի որդու՝ Արտյուշա Հակոբյանի մասով դատավճիռները: Ներկայացվածից պարզ դարձավ, որ ամբաստանյալ Հակոբյանը նախկինում երկու անգամ դատապարտված է եղել ՀԽՍՀ ՔՕ 99, 203 եւ 208 հոդվածների հատկանիշներով: Մեղադրողը պարզաբանեց, որ դրանց չափանիշների համաձայն՝ Արտյուշա Հակոբյանը ավազակային հարձակումներ է կազմակերպել, ինչպես նաեւ անձի առգրավում՝ կյանքի համար վտանգավոր պայմաններով:
Նիստին հետազոտվեցին իրեղեն ապացույցները՝ Արտյուշա Հակոբյանի Hummer մակնիշի ավտոմեքենայի միջից հայտնաբերված մարիխուանա տեսակի թմրամիջոց, մոխրաման, ժապավեն եւ անհասկանալի սեւ հեղուկով սրվակ: Ամբաստանյալը չհերքեց, որ դրանք իրենն են՝ նշելով, որ չի հասկանում՝ ինչու են դրանք բերվել դատարան:
Իրեղեն ապացույցների թվում էին նաեւ գուլպաներ, որոնցից պատրաստվել էին ինքնաշեն դիմակներ: Պաշտպանական կողմը խնդրեց դատարանին ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ յուրաքանչյուր դիմակ համարակալված է, եւ նախաքննական մարմինն ավելի վաղ հայտնել է, թե ամեն մեկի վրա առկա է մեղադրյալներից յուրաքանչյուրի քրտնահետքը:
«Ինչպե՞ս կարող էին ամեն անգամ ավազակային հարձակում իրականացնելուց առաջ ամբաստանվածներն առանց շփոթելու կրել հենց իրենց դիմակը»,- մեղադրողից պարզաբանում խնդրեց Արտյուշա Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը, ինչին ի պատասխան՝ մեղադրողը ասաց, որ կասի իր մեղադրական ճառում:
Ի դեպ, նույն պաշտպանը հաճախ էր բորբոքում եւ բարձր տոնով դիմում մեղադրողին: Նա նույնիսկ խնդրեց Խաչատրյանին դիմել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին եւ նրանից պարզել, թե ինչու է «բանը հասել սրան»:
«Էս ամեն ինչը քյանդրբազություն է. դատարան են բերվել իրեր, որոնք գործի հետ ոչ մի առնչություն ունենալ չեն կարող»,-զայրացած շարունակեց պաշտպանը: Վերջինիս պաշտպանյալն էլ հայտարարեց, որ կապացուցվի իր անմեղությունը, եթե դատարանը դիտի իր ներկայացրած տեսասկավառակը:
Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց սեպտեմբերի 16-ին: Եվ նախագահողը ժամկետը համարեց ողջամիտ՝ վերջին խոսքերին եւ միջնորդություններին պատրաստվելու համար:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՆՇԱՆԱԿՎԵՑ
«Ժողովուրդ»-ը դեռեւս 15 օր առաջ հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը նշանակվելու է ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության պետ: Իհարկե, Օսիկյանն ինքը ամեն կերպ հերքում էր այդ տեղեկությունները, սակայն երեկ պաշտոնապես հաստատվեց մեր լուրի հավաստիությունը: Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրի համաձայն՝ Արթուր Օսիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից՝ նշանակվելով Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ:
ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈԽԵԼ
Armlur.am-ի հետ զրույցում պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը հայտնեց, որ սեպտեմբերի 16-ին Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Կարինե Ղազարյանի նախագահությամբ պետք է լսվի իր պաշտպանյալի վերաքննիչ բողոքը: Պաշտպանի փոխանցմամբ՝ Վերաքննիչից իր պահանջն արդարացումն է լինելու, եւ դրա չբավարարման դեպքում ինքը կպահանջի բեկանել վճիռը եւ կրկին ուղարկել առաջին ատյանի դատարան: «Այս պահանջներից գոնե մեկի չբավարարման դեպքում վերաքննիչը կարող է փոխել Ավետիսյանի պատժի չափը: Այն կարող է լինել 5 տարուց ոչ ավելի, որպեսզի հնարավոր լինի կիրառել համաներում»,-տեղեկացրեց պաշտպան Արա Զաքարյանը: Հիշեցնենք, որ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը 2000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեղադրանքով, դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:
ԳԱԶ ՉՈՒՆԵՆ
Ադրբեջանը դադարեցրել է Ռուսաստանին գազի մատակարարումները: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) մամլո ծառայությունը: Մատակարարումները չեն իրականացվի, քանի դեռ ամբողջովին չեն ավարտվի վերանորոգման աշխատանքները: SOCAR-ը չի հայտնել, թե որքան կտեւեն այդ աշխատանքները: Սա վերջին մեկ տարում Ադրբեջանից Ռուսաստան գազամատակարարման դադարեցման արդեն երկրորդ դեպքն է: Տարեսկզբից մինչեւ հունիսի սկիզբն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանից Ռուսաստան գազամատակարարում չի իրականացվել ավտոճանապարհի վերանորոգման պատճառով: Պլանի համաձայն, Ադրբեջանն օրական Ռուսաստանին հատկացնում էր 2 միլիոն խորանարդ մետր գազ:
ԴՐՍՈՒՄ ԵՆ
Մեկ տոննա հերոինի գործի նախաքննությունը թեեւ ավարտվել է, բայց ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում դեռ շարունակվում է դրանից անջատված մասի նախաքննությունը: Քննությանը մոտ կանգնած աղբյուրից «Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ գործը վերաբերում է թմրանյութի աննախադեպ մեծ այդ խմբաքանակի պատվիրատուներին ու կազմակերպիչներին: Ի դեպ, հետաքրքրական է, որ դրանք, ըստ քննությունը վարող մարմնի վարկածի, ոչ միայն հայաստանցիներ չեն, այլեւ հայտնի էլ չէ, թե ովքեր են: Իսկ նախաքննության ընթացքում տեղեկություններ կային, որ պատվիրատուն թմրամիջոցի խմբաքանակը պետք է դիմավորեր Ուկրաինայում: Այդուհանդերձ, գործը հարուցված է, ԱԱԾ-ն փորձում է բացահայտել նրանց:
ՊՈԱԿ-Ը ՏՈՒԳԱՆՎԵՑ
Հայաստանի ազգային պատկերասրահ ՊՈԱԿ-ը հայտնվել է Ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ օգոստոսի 7-ին պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը Ֆրանսիա է արտահանել 1 հատ գոբելեն, սակայն երբ լրացել է այն Հայաստան վերադարձնելու տասնօրյա ժամանակը, գոբելենը չի բերվել: Արդյունքում մաքսային մարմինը սկսել է քննություն իրականացնել եւ ստեղծված իրավիճակի մասին տեղյակ է պահել Փարավոն Միրզոյանին: Սակայն վերջինս այդպես էլ չի ներկայացել քննությանը: Ավելի ուշ Ֆինանսների նախարարությունը ՊՈԱԿ-ին տուգանել է 50.000 դրամով: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ. այս տարվա հունիսի 5-ին ՊՈԱԿ-ի տնօրենը Հայաստան էր ներմուծել նկարներ եւ քանդակներ, որոնց մասին հայտարարագիր չէր ներկայացրել, արդյունքում՝ տուգանվելով 50.000 դրամ:
ԲԼԹ
««Հրաշալիները» որքան շատ լինեն, այնքան լավ է՝ չորսը, հինգը: Իմ ցանկությունն այն է, որ ձեւավորվի առողջ ու գաղափարական ընդդիմություն»:
Վահրամ Բաղդասարյան «Իրավունք»
ՀՀԿ խմբակցության նոր ղեկավարը կրկնում է ոչ միայն նախկին ղեկավարի գործելաոճը, այլեւ նրա արտահայտչաձեւերը: Վահրամ Բաղդասարյանը նույնպես ուզում է տեսնել առողջ ու գաղափարական ընդդիմություն, եւ դա բոլոր ՀՀԿ-ականների ցանկությունն է, սակայն տարօրինակ կերպով այդ ցանկությունն այդպես էլ չի իրականանում: Հետաքրքիր է, տեսնես ո՞վ է խանգարում, տեսնես ո՞ւմ է ձեռնտու թույլ ու պառակտված ընդդիմություն ունենալը: Դժվար թե ընդդիմադիրներին ձեռնտու լինի սեփական թուլությունը, իսկ ա՛յ իշխող ՀՀԿ-ի շանսերը թույլ ընդդիմության դեպքում մեծանում են:
«Քաղաքական մեծամասնությունը նախաձեռնել է այդ բարեփոխումները, եւ մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք հարգել ժողովրդի ցանկացած որոշում»:
Հակոբ Հակոբյան «Հայոց Աշխարհ»
Այո, իհարկե, ՀՀԿ-ական պատգամավորն իրավացի է՝ իշխանությունները սահմանադրական բարեփոխումների դեպքում էլ կարող են հարգել ժողովրդի ցանկացած որոշում, ճիշտ այնպես, ինչպես հարգեցին ժողովրդի որոշումները նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ, ինչպես հարգեցին ժողովրդի որոշումը պարտադիր կուտակայինի ժամանակ, երբ արդյունքում օրենքի որոշ դրույթներ փոխվեցին, սակայն էությունը մնաց նույնը եւ կրկին՝ ի վնաս ժողովրդի: Հիմա էլ ի՞նչ իմաստ ունեն այս ձեւականությունները սահմանադրական բարեփոխումների հետ կապված, երբ իրենք արդեն ժողովրդի փոխարեն ամեն ինչ որոշել են:
«Ես որոշել եմ հացադուլ անել, բայց չգիտեմ կանեմ, թե ոչ, որովհետեւ չեմ ուզում ընկերներիս դեմ գնալ»:
Պարույր Հայրիկյան news.am
Իրեն անկախության սիմվոլ համարող ԱԻՄ առաջնորդը չի կարողանում հրաժարվել որդեգրած գործելաոճից, եւ ինչպես ընտրություններից հետո ՍԴ գնալու դեպքում, այնպես էլ հիմա կամուկացի մեջ է անե՞լ հացադուլ, թե՞ չանել. ահա թե ինչն է խնդիրը: Եվ այսպես, շեքսպիրյան ոգով եւ Եվրամիության ու Ուկրաինայի դրոշների ուղեկցությամբ ռուսական ԿԳԲ-ի «ահն ու սարսափը» կարող է երկար մտածել տալ նրան եւ որոշել իր անելիքը՝ որն է ճիշտ, հացադուլ անե՞լը, թե՞ չանելը: Բայց, թերեւս, ամենահետաքրքիր հարցն այստեղ այն է, թե ո՞ր քայլով առավել հեշտ կլինի պետբյուջեից ինչ-որ գումար «պոկել»:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ