ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ՀԱՆՔԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԽՈՀԱՆՈՑԸ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության արդեն նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հեռացումը կապված է աղմկալի չարաշահումների հետ: Սակայն հարգելով նրա վաստակը, ընկերության սեփականատերերն ամբողջովին չեն հեռացրել աշխատանքից:

Եվ այսպես, այս տարվա հունիսի 24-ին կոմբինատի երկարամյա տնօրեն Մաքսիմ Հակոբյանն ազատվեց տնօրենի պաշտոնից՝ նշանակվելով կոմբինատի խորհրդի նախագահ: Որոշումից հետո կոմբինատի 75 տոկոսի բաժնետեր գերմանական «Քրոնիմետ մայնինգ» ընկերությունը մրցույթ հայտարարեց, որտեղ հաղթող ճանաչվեց ավստրալացի ինչ-որ մեկը՝ նշանակվելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն:
Օտարերկրացի տնօրենը կամաց-կամաց սկսել է իր թիմին ներգրավել կոմբինատի աշխատանքներում: Մաքսիմ Հակոբյանի մտերիմ բարեկամները, ովքեր նրա ղեկավարման տարիներին աշխատում էին կոմբինատում, նորանշանակ ավստրալացի տնօրենի թեթեւ ձեռքով հեռացվում են աշխատանքից, քանի որ, ըստ նորանշանակ տնօրենի, այսօր կոմբինատում 3 հազար 200 մարդ է աշխատում, եւ խիստ տնտեսվարման դեպքում հանգիստ կարելի է մոտ 1000 հոգի կրճատել, ու դրանից աշխատանքը չի տուժի:
Ինչեւէ, հիմա դառնանք մրցույթին: Մինչ այս ընթացքում հայտարարվում էր, թե Մաքսիմ Հակոբյանը տնօրենի պաշտոնը լքել է մրցույթում չհաղթելու արդյունքում, սակայն իրականում նրա հեռացման պատճառները կապված են աղմկալի չարաշահումների հետ: Մեր տեղեկություններով՝ Մ. Հակոբյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի պաշտոնից հեռացրել են այն պատճառով, որ կոմբինատից երկար ժամանակ դիզվառելիքի կորուստ է եղել, որը չի կանխվել: Բացի այդ, «Քրոնիմետ մայնինգ» ընկերությունը պարզել է, որ Մ. Հակոբյանը բազում դուստր ձեռնարկություններ է ստեղծել, գրանցել իր հարազատների անուններով, որոնք ամենատարբեր ապրանքներ են մատակարարել կոմբինատին: Նշվում է, որ անգամ Սյունիքի մարզպետ նշանակված Վահե Հակոբյանն է (Մաքսիմ Հակոբյանի որդին) ունեցել մի քանի այդպիսի ընկերություն: Կարճ ասած, կոմբինատի սեփականատերերը որոշել են կոմբինատում ստեղծված մենատիրությանը վերջը տալ եւ հայտարարաված մրցույթի արդյունքում Մաքսիմ Հակոբյանին հեռացնել պաշտոնից:
Սա դեռ վերջը չէ: Դեռեւս հունիսի 25-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ահազանգ էր ստացել Լոռու մարզի Շամլուղ քաղաքային համայնքի բնակիչներից այն մասին, որ «Ապառաժ մայնինգ» ՍՊԸ-ն իրենց համայնքի գերեզմանոցի մոտ ամենօրյա պայթեցումներ է անում, ինչի հետեւանքով ճաքում են բաց հանքին մոտ գտնվող գերեզմանաքարերն ու շենքերի պատերը: Տեղեկացրել էինք նաեւ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը «Ապառաժ մայնինգ»-ի արտադրանքի ու ներկրած պայթուցիկների միակ սպառողն է: Այդ ժամանակ կոմբինատի տնօրենը Մաքսիմ Հակոբյանն էր եւ մամուլում գրվեց, որ հենց նա էլ «Ապառաժ մայնինգ»-ի իրական սեփականատերն է: Սակայն ինքը՝ Հակոբյանը, բազմիցս հերքել է իր առնչությունն այդ ընկերության հետ՝ ասելով, թե պարզապես «Ապառաժ մայնինգը» պայթուցիկներ է մատակարարում կոմբինատին:
Սակայն «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Մ. Հակոբյանը ոչ միայն ուղիղ կապ ունի «Ապառաժ մայնինգ» ընկերության հետ, այլ նաեւ նրան կարելի է գրեթե ամեն օր տեսնել նույն այդ ընկերության կողմից շահագործվող Ախթալայի պղնձամոլիբդենային հանքում (տես լուսանկարը): Սա նշանակում է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից հեռացած Հակոբյանն իր տնօրինության տակ է վերցրել Ախթալայում գտնվող պղնձամոլիբդենային հանքավայրը, որը պատկանում էր ամերիկահայ գործարար, մանկապղծության մեղադրանքով դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին: Հանքի սեփականատերն այսօրվա դրությամբ դե յուրե 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբի կինն է՝ Մադլեն Թաշճյանը, իսկ դե ֆակտո՝ «Ապառաժ մայնինգը»: Տեղեկացնենք, որ ինքը՝ Մադլեն Թաշճյանը, անհետացել է. նրա տեղը ոչ ոք չգիտի:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց պարզաբանումներ ստանալ Մաքսիմ Հակոբյանից, սակայն վերջինս ասաց, որ ինքն այլեւս հանքերի հետ կապ չունի ու անջատեց հեռախոսը:
Հ. Գ. Հավելենք, որ Զանգեզուրի կոմբինատում կատարվածը թեեւ պետք է հայտնվեր իրավապահների ուշադրության կենտրոնում, սակայն հաշվի առնելով այն իրողությունը, որ Մաքսիմ Հակոբյանն իր գործունեության ընթացքում բազմաթիվ բարեգործություններ է արել, պետական լրջագույն ծրագրեր ֆինանսավորել, ուստի կոմբինատի սեփականատերերը սահմանափակվել են միայն նրան պաշտոնից հեռացնելով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԲՈՅԿՈՏՈՒՄ ԵՆ

Նախորդ տարվա սեպտեմբերի 14-ից մինչ օրս Կոտայքի մարզի Քասախ համայնքի ավագանու նիստերը չեն կայանում: Ավագանու ԲՀԿ-ական անդամները բոյկոտում են նիստերը: Արդյունքում ՏԻՄ մասին օրենքի համաձայն, համայնքի ավագանու լիազորությունները դադարեցվել են եւ այնտեղ նոր ընտրություններ են նշանակվել: Բանն այն է, որ ավագանու անդամներից հինգը ԲՀԿ-ական է եղել, իսկ մյուս հինգը՝ ՀՀԿ-ական: Եվ ավելի քան մեկ տարի է, ինչ պարալիզացված է համայնքի աշխատանքը: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի հետ:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը շաբաթներ առաջ ընդունեց Կոտայքի մարզի Քասախի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու, ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում: Այսպիսով, սեպտեմբերի 21-ին Քասախ համայնքում տեղի կունենա համայնքի ավագանու անդամների ընտրություն: Սակայն երեկ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ առաջադրված թեկնածուների ցանկում կան նաեւ ավագանու նախկին նույն ԲՀԿ-ական անդամները:
-Պարոն Մկրտչյան, ավագանու ԲՀԿ-ական նախկին անդամները կրկին առաջադրել են իրենց թեկնածությունը: Դուք ինչպե՞ս եք տրամադրված:
-Լավ եմ տրամադրված:
-Մեկ տարի է, ինչ գյուղի աշխատանքը պարալիզացված է, ի՞նչ եք կարծում՝ հաշտության եզրեր կգտնե՞ք նրանց հետ:
-Այս հարցը, հավանաբար, պետք է ուղղեք նրանց: Եթե իրենք կրկին ընտրվեն, ապա նույն խնդիրներն առաջ կգան:
-Ավագանու անդամների բոյկոտի պատճառով որքա՞ն է տուժել գյուղը:
-Տուժել է, բա ինչ է արել: Պատկերացրեք, որ մենք ոչ մի նախաձեռնություն չենք կարող կյանքի կոչել: Ավագանու անդամների նման պահվածքը գյուղի զարգացման վրա բացասական է ազդել: Օրինակ՝ եղել է մարդ, ով ցանկացել է ավտոտնակի տարածք գնի, բայց մենք չենք կարողացել հատկացնել այն: Այսինքն՝ ե՛ւ բնակիչն է տուժել, ե՛ւ համայնքը: Քանի որ այդ տարածքի վաճառքից գոյանում էր ֆոնդային բյուջեն, որով համայնքը կարող էր որոշ աշխատանքներ կատարել: Բացի այդ, մեր համայնքը պետք է ընդգրկվեր սոցներդրումների հիմնադրամի ծրագրով համայնքի մանկապարտեզի վերանորոգման ծրագրում: Այս դեպքում մենք պետք է ավելացնեինք 15 տոկոս համայնքի կողմից վճարներ: Բայց մենք այդ գումարը չունեինք ու ծրագրից դուրս մնացինք: Եվ համայնքի մանկապարտեզը չվերանորոգվեց:
-Լավ, իսկ զրուցե՞լ եք ավագանու անդամների հետ: Հետաքրքրվե՞լ եք, թե ինչու են իրենք նման կերպ վարվում: Ի՞նչ եք կարծում, միտումնավո՞ր են իրենք նման բան անում:
-Միտումնավոր են անում: Կարծում էին, որ իմ աշխատանքը դրանից ավելի շատ կձախողվի, բայց չէին ենթադրում, որ կարող եմ իմ սեփական բյուջեով աշխատել:
-Բնակիչներն ի՞նչ են մտածում այս մասին:
-Հիմա ոտքի են կանգնած: Իրենք իրենց ընտրության քվեով ցույց կտան դա:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 
ԳՈՒՆԱՎՈՐ ՊԱՏԸ ԿՊԱՇՏՊԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳՆԴԱԿՆԵՐԻՑ

Տավուշի սահմանագոտում կառուցվեց ադրբեջանական գնդակոծություններից առաջին պաշտպանիչ պատը: Օգոստոսի 31-ին Ներքին Կարմիրաղբյուրում կայացավ վերանորոգված մանկապարտեզի բացումը: Նշենք, որ «Փարոս» հիմնադրամն այդ նպատակով հատկացրել է 56 հազար ԱՄՆ դոլար: Այդ ծրագիրը ֆինանսավորվել է Նյու Յորքից փաստաբան Ժան-Մարի Աթամյանի կողմից: Մանկապատեզի նորոգումից զատ հենց խաղահրապարակին կից կառուցվել է գունագեղ պաշտպանիչ պատ, որի շնորհիվ երեխաները կարող են մանկապարտեզի բակում ապահով խաղալ: Նշենք, որ 1180 բնակիչ ունեցող գյուղի մանկապարտեզ է հաճախում 25 երեխա, գյուղապետ Մանվել Կամենդատյանն ասաց, որ մտադիր են երկրորդ խումբ բացել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 




Լրահոս