ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՆՉ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ԵՆ ՈՐՈՇԵԼ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հայաստանի յուրաքանչյուր ոլորտում կարելի է հանդիպել երկակի չափորոշիչների: Պարզվում է՝ անգամ սահմանամերձ գոտի հասկացություն սահմանելը «ծանոթով» կամ այլ եղանակներով է արվում: Հետաքրքիր զուգադիպությամբ Նոյեմբերյան քաղաքը սահմանամերձ չէ, իսկ Ճամբարակը սահմանամերձ է:

Բայց ամեն ինչի մասին հերթով: Սեպտեմբերի 1-ին եւ 2-ին ՎՏԲ բանկի Նոյեմբերյանի մասնաճյուղի շենքի առջեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանագոտու բնակիչների մեծ հերթ էր գոյացել: Պատճառը ԽՍՀՄ խնայբանկում ավանդադրված գումարներն են:
Բանկի մասնաճյուղի կառավարիչ Աշոտ Ամիրաղյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ հենց գոյացած հերթերի պատճառով սեպտեմբերի 2-ից իրենք ժամանակավորապես դադարեցրել են ԽՍՀՄ նախկին խնայբանկում ունեցած ավանդների վերաբերյալ սահմանագոտու բնակիչներին տեղեկանքների տրամադրումը: Նրա խոսքերով՝ այդ քայլին են դիմել, որպեսզի հերթեր չգոյանան, մասնաճյուղի աշխատանքը չխանգարվի: Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ սահմանամերձի կարգավիճակ ունեցող 8 գյուղերի բնակիչներին այդ ավանդների վերաբերյալ տեղեկանքներ տրամադրելու համար որոշակի կարգ կսահմանվի, օրինակ՝ համայնքների ղեկավարների հետ պայմանավորվածություն ձեռք կբերվի, որպեսզի այդ համայնքի բնակիչներին ավանդների վերաբերյալ տեղեկանք տրվի շաբաթվա որոշակի օրերին: Այդ կերպ հնարավոր կլինի խուսափել մեծ հերթից:
Տեղեկացանք, որ Ադրբեջանի հետ սահմանամերձ գյուղերի բնակիչներին ԽՍՀՄ խնայբանկում ունեցած ավանդների փոխհատուցման վերաբերյալ կառավարության որոշում դեռ չկա: Սակայն Նոյեմբերյանի սոցիալական ծառայությանը վերադասը բանավոր ցուցում է տվել, թե սահմանամերձ որ համայնքների բնակիչներին է վերաբերելու հիշյալ որոշումը: Դրա մեջ ընդգրկվելու է Հայաստանի թվով 29 սահմանամերձ բնակավայր:
Պարզվում է՝ Տավուշի մարզից նշված ցանկում ընդգրկվելու են Ներքին Կարմիրաղբյուր, Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Չինարի, Արծվաբերդ, Ներքին Ծաղկավան, Մովսեսգեղ, Դովեղ, Պառավաքար, Սեւքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեհովիտ, Այգեպար եւ Ոսկեպար գյուղերը: Նոյեմբերյանի սոցիալական ծառայությունից տեղեկացանք, որ չնայած կառավարության որոշման բացակայությանը, գործն արագացնելու համար ՎՏԲ բանկի մասնաճյուղերում այդ բնակավայրերի բնակիչներին ԽՍՀՄ խնայբանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ունեցած ավանդների վերաբերյալ տեղեկանքներ են տրվում:
Ինչպես «Ժողովուրդ»-ը պարզեց, սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի բնակիչների մեջ որոշակի դժգոհություն կա, որ Կողբ գյուղը համարվում է սահմանամերձ, իսկ Նոյեմբերյանը սահմանամերձի ցանկից դուրս է մնացել: Նոյեմբերյան քաղաքը, ինչպես եւ Կողբը, հողատարածքով սահմանամերձ է ադրբեջանական Ղազախի շրջանին: 1992թ. դեկտեմբերի 29-ին եւ 1993թ. դեկտեմբերի 29-ին ադրբեջանական «Գրադ»-ի համազարկերից Նոյեմբերյան քաղաքի տարածքում տասնյակ բնակիչներ զոհվեցին: Բնակիչները հիշեցրեցին, որ եթե կառավարության առաջիկա որոշումը վերաբերելու է միայն սահմանամերձ գյուղերին, ապա Նոյեմբերյանը 1996թվականից քաղաքի կարգավիճակ ունի, ինչպե՞ս է, որ այդ որոշման նախագծի մեջ է հայտնվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԿԻՑ

Շիրակի մարզում գտնվող Խարկով գյուղը, որը վերջերս անվանափոխվեց Նոր Շեն, ամբողջությամբ ամայի եւ քարուքանդ է: Գյուղը սահմանակից է Թուրքիային, գյուղի եկեղեցին էլ մնացած շինությունների նման ավերվել է: Ի դեպ, գյուղն ամայացել ու քարուքանդ է եղել ոչ թե թուրքական հարձակման պատճառով, այլ սոցիալական ծանր պայմանների հետեւանքով:
Սակայն որքան էլ տարօրինակ Է՝ քարուքանդ եղած գյուղում մարդկային շունչ կա։ Գյուղի միակ բնակչուհին 78-ամյա Վահանդուխտ Վարդանյանն է: Վահանդուխտը 5 երեխաների մայր է, սակայն դուստրերից ու որդիներից ոչ մեկն այսօր իր հետ չէ. բոլորն էլ դրսում են: Գնացել են ապրելու տարրական պայմաններ չունենալու պատճառով:
Վահանդուխտ տատից տեղեկացանք, որ 52 տարի առաջ, երբ Հոկտեմբերյանից այս գյուղ հարս է եկել, գյուղում 90-ից ավելի տնտեսություն է եղել, ապրելու համար էլ բավականին նպաստավոր է եղել: Գյուղի ամեն փլված տուն բնակիչ է ունեցել: Խոտառատ ու հացառատ է եղել Խարկովը, նույնիսկ յայլա է համարվել հարակից գյուղերի բնակիչների համար:
Սակայն ժամանակի ընթացքում բնակչության թվաքանակի կրճատմանը զուգահեռ գյուղի դպրոցն էլ է քայքայվել, դարձել է 4-ամյա: Շատերն էլ դուրս են եկել հենց երեխաների ուսման համար ու արդյունքում գյուղում այսօր միայն 78-ամյա տատիկն է ապրում:
Սակայն հետաքրքիր է, որ գյուղի միակ բնակիչը ձանձրանալու ժամանակ չի ունենում. տնտեսություն է վարում՝ մեղուներ է պահում, այծ, ոչխար, խոզ: Միայն մարդկային շնչի պակաս է զգում:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում տատը պատմեց, թե ինչու մինչ այսօր չի լքել ամայի տարածքը. «Ամուսինս երկու տարի առաջ մահացավ, գերեզմանն այստեղ է, թողնել չեմ կարող: Բացի այդ, սկեսուրս մահանալուց առաջ խնդրեց՝ թշնամուն չուրախացնենք: Ասում էր՝ որ ալյուր էլ չունենաք, թոնիր վառեք, որ ծուխ դուրս գա, թշնամին չիմանա դատարկված տարածք է: Միեւնույն է՝ մի օր էլ ես եմ մահանալու, պիտի բերեն էստեղ թաղեն, էլ գնում եմ ինչ անեմ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի

 

 
ԼՈՒՐԵՐ

ԱՂՔԱՏԻԿ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ
ՀՀ տրանսպորտի եւ կապի նորանշանակ փոխնախարար Գագիկ Թադեւոսյանն արդեն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ ունեցվածքի մասին հայտարարագիրը: Սակայն Թադեւոսյանի հայտարարագիրը բավականին աղքատիկ է. նա ունի 1 բնակարան, 1 «Վազ 2115» մակնիշի ավտոմեքենա: Նրա հաշվին կա ընդամենը 300 հազար ՀՀ դրամ: Տրանսպորտի փոխնախարարի եկամտի միակ աղբյուրը եղել է կենսաթոշակը՝ ամսական 42 հազար դրամի չափով: Հետաքրքիր է, թե փոխնախարար նշանակվելուց հետո Գագիկ Թադեւոսյանի եկամուտներն ու ունեցվածքը որքան կաճեն, եւ ինչ ժամանակահատվածում: Ի վերջո, պաշտոնյաների համար պաշտոնը հարստանալու լավ միջոց է. այդպես են վարվել նրա նախկինները, իսկ Գ. Թադեւոսյանն էլ արդեն պաշտոնյա է:

 

ՉԵՆ ՕԳՆՈՒՄ
Տարբեր երկրների կառավարություններից Իրաքի Շանգալ նահանգի եզդիներին ուղարկված հումանիտար օգնությունը քրդական կառավարությունը չի տրամադրում լեռներում ապաստանած եզդիներին, նրանց օգնում են միայն աշխարհի տարբեր մասերում բնակվող մեծահարուստ եզդիները: Երեկ «Եզդիների ազգային կոմիտե» հկ փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը, որը վերջերս է վերադարձել Թուրքիայում եզդի փախստականների ճամբարից, հայտարարել է, որ «Հիասթափեցնող է միջազգային հանրության արձագանքը, եթե մենք մի քանի օր առաջ լսում էինք, որ միջազգային հանրությունը մեծ օգնություն է ուղարկում, խոսելով փախստականների հետ, ովքեր եղել էին լեռներում, հասկացանք, որ միջազգային օգնությունը շատ քիչ է եղել եւ ուռճացված տվյալներ են ներկայացված, բացի այդ ուղարկված օգնությունը չի հասնում եզդիներին, այսինքն՝ միջազգային հանրությունը խոսում է, բայց կոնկրետ քայլեր չի անում»:

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՏՈՒԺԻ
Երեկ ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ռուսական ֆինանսական համակարգն ինտեգրված էր ե՛ւ եվրոպական, ե՛ւ ամերիկյան ֆինանսական համակարգերին, եւ այդ ամենն իրեն հնարավորություն էր տալիս բավականին մատչելի ֆինանսական միջոցներ ապահովել ռուսական շուկայում: «Խնդիրը կայանում է նրանում, որ այսօրվա աշխարհն այնպիսին է, որ տնտեսությունը զարգացնելու համար անպայման պետք է ինտեգրվել որեւէ համակարգի, եթե ընտրում եք այդ համակարգը, ապա պետք է այդ խաղի կանոններն էլ ընդունել: Բայց մյուս կողմն էլ կա. այնպես չէ, որ այս ամենը միակողմանի ազդեցություն է ունենում միայն Ռուսաստանի վրա, նույն եվրոպական տնտեսության խնդիրներն այսօր արդեն առաջ են գալիս. անսպասելի, անմիջական էր այդ ազդեցությունը նույն Գերմանիայի տնտեսության վրա»,-նշել է տնտեսագետը: Ըստ բանախոսի՝ ստեղծված տնտեսական պատերազմում շահողներ չեն լինելու, բայց լինելու են տուժողներ, եւ ամենաշատ տուժողներից լինելու է Հայաստանը, քանի որ ռուսական տնտեսության բացասական ազդեցություններն արդեն հասել են Հայաստան. «Եթե երեկվա Կենտրոնական բանկի հրապարակած թվերն ենք նայում՝ տրանսֆերների առումով, ապա տասը տոկոսով Ռուսաստանի տրանսֆերները պակասել են՝ նախորդ տարվա համեմատ, եւ այս միտումները կշարունակվեն»:

 




Լրահոս