ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՆՏԵՂՅԱԿ ԱՊՐՈՒՄ ԵՆ

Վերջին շրջանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շուրջ պտտվող խոսակցություններն անդադար են: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ՀՀ կառավարությունն այն պարտքի դիմաց հանձնել է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռին:

Կառավարության նման որոշումը բազմաթիվ արձագանքներ ունեցավ: Մարդիկ չեն հասկանում, թե մշակութային օրրան հանդիսացող կառույցն ինչպես կարող է հանձնվել ռազմական գերատեսչության կառավարմանը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սեփականատեր Բորիս Մուրադյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնել էր իր տարակուսանքն այս առիթով, սակայն հայրենի գործադիր մարմինն անդրդվելի մնաց եւ մարզահամերգային համալիրը տվեց ՊՆ-ին:
«Ժողովուրդ»-ը զրուցեց հայաստանյան շոու-բիզնեսի մի քանի ներկայացուցիչների հետ` հասկանալու, թե նրանք ինչ վերաբերմունք ունեն այս հարցի վերաբերյալ:
ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆ
-Տեղյա՞կ եք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանձնվել է ՊՆ-ին: Քանի որ Դուք մշակույթի ոլորտի ներկայացուցիչ եք, հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ վերաբերմունք ունեք այս իրավիճակի մասով։
-Անկեղծ ասած, տեղյակ չեմ այդ ամենից, այս պահի դրությամբ զբաղված եմ իմ մենահամերգով եւ լրահոսին առանձնապես չեմ հետեւում: Որեւէ կարծիք չեմ կարող հայտնել:

ԵՐԳԻՉ ՄԱՐՏԻՆ ՄԿՐՏՉՅԱՆ
-Լինելով հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչ, Ձեզ համար տարակուսելի ոչինչ չե՞ք գտել այն փաստի մեջ, որ մարզահամերգային համալիրը հանձնվել է ՊՆ-ին: Կարծեմ՝ հենց Դուք համալիրում նկարահանված տեսահոլովակ ունեք:
-Տեղյակ չեմ այդ ամենից, քաղաքում չեմ եղել, նոր եմ վերադարձել: Որեւէ կարծիք չեմ կարող հայտնել:

ԵՐԳԻՉ ԱՐԹՈՒՐ ԻՍՊԻՐՅԱՆ
-Համեմատած հայ երգիչ-երգչուհիներին, Դուք առավել տեղեկացված եք մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունններից։ Հետաքրքիր է՝ համալիրի ճակատագրի առնչությամբ ի՞նչ տեսակետ ունեք:
-Ասեմ, որ ես, լինելով մշակութային գործիչ, որեւէ դրական կամ բացասական վերաբերմունք չունեմ այս հարցի վերաբերյալ: Լավ կլիներ, որ Մշակույթի նախարարության հաշվեկշռում լիներ մարզահամերգային համալիրը եւ իր բուն առաքելությանը ծառայեր՝ այնտեղ կազմակերպվեին համերգներ եւ այնպիսի իրադարձություններ, որոնք նախատեսված են այդ տարածքի համար:
-Ըստ Ձեզ, ռազմական գերատեսչության հաշվեկշռում գտնվելը որեւէ կերպ կխանգարի՞ Ձեր նշած իրադարձությունների կազմակերպմանը:
-Ես որեւէ կոնկրետ բան չեմ կարող ասել, ինքս մտածում եմ , որ ավելի լավ կլիներ, եթե այն լիներ Մշակույթի նախարարության հաշվեկշռում, բայց եթե ՊՆ-ն է ստանձնել համալիրի տնօրինությունը, ուրեմն նախատեսում է այնպես անել, որ այս տարածքը դուրս չգա այն ենթատեքստից, որն առնչվում է մշակույթին, համերգների կազմակերպմանը:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ

Երեկ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» օրենքի նախագիծը:

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարել է, թե դա լավ մշակված նախագիծ է ու այլեւս ասելիք չկա այդ մասին: Նրա պնդմամբ, հանձնաժողովը պետք է դրական եզրակացություն տա նախագծին: Սակայն մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը բացասական է արտահայտվել այդ նախագծի մասին:
Հեղինե Բիշարյանը զարմացել է փոխնախարարի հայտարարությունից ու ասել, թե ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը դրական է արտահայտվել, ընդունել է այս օրենքը, ինչպե՞ս է հիմա Մշակույթի նախարարության ներկայացուցիչը բացասական գնահատական տալիս:
«Եթե պարոն Պողոսյանը տեղյակ չէ, ես մեղավոր չեմ: Պնդելու ցանկություն չունեմ, ես սա կյանքի գնով կյանքի եմ կոչել, 6 տարվա նախագիծ է, ոչ մեկը չեկավ զեկուցելու ԱԺ նիստում, ես եմ զեկուցել: Բազմիցս լրամշակվել է այս նախագիծը՝ տիկին Պողոսյանի մասնակցությամբ, քննարկումներ են եղել թատրոնների տնօրենների հետ»,-վրդովված հայտարարել է ՕԵԿ խմբակցության ղեկավարը:
Իսկ փոխնախարարը պնդել է, որ 2008-ից նախարարությունում է աշխատում եւ ոչ մի քննարկում չի եղել: Ի վերջո, հանձնաժողովն այդպես էլ դրական եզրակացություն չի տվել օրենքին, միայն երկու «կողմ» ձայն է ստացել նախագիծը:

 

 

ԼՈՒՐԵՐ

ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ Է ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼ
Երգիչ Սեւակ Ամրոյանի համար ամռան վերջին երկու օրերն անցել են աշխատանքային բուռն մթնոլորտում. նկարահանվել է «Ժողովրդական երգիչ» հեռուստանախագծի հաղթողի նոր տեսահոլովակը, որի ռեժիսորն ու օպերատորն Արվին Քոչարյանն է, ոճաբանը` Արամ Նիկոլյանը:
«Ախպերս ու ես» հայրենասիրական երգը նոր մոտեցմամբ գործիքավորել է Դեր Հովան, իսկ նկարահանումը տեղի է ունեցել տեսահոլովակի համար հատուկ պատրաստված տաղավարում:
Սեւակ Ամրոյանի պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը հայտնել է, որ տեսահոլովակում նկարահանվել են Գայանե Ասլամազյանը` մոր կերպարում, զինծառայողներ, ԴերՀովան, «The Beautified Project» խմբից կիթառահար Արմեն Շահվերդյանը եւ այլք:
«Ախպերս ու ես» տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 21-ին:
 

ՇՈՒՏՈՎ՝ «ԻՄ ՓՈՔՐԻԿ ՓԵՍԱՑՈՒՆ»
Դերասանուհի Արփինե Իսրայելյանը շուտով կրկին էկրաններին կլինի: Ամուսնությունից հետո տեւական դադարից հետո դերասանուհին նկարահանվել է նոր հեռուստասերիալում եւ գեղարվեստական ֆիլմում:
Արփինեի համար դադարը հեռուստատեսային էր, սակայն ոչ ստեղծագործական, քանի որ այս ընթացքում նա ներկայանում էր թատրոնում: Դերասանուհին վերջերս առաջարկ է ստացել նկարահանվել «Իմ փոքրիկ փեսացուն» ֆիլմում:
Ֆիլմի դերասանական կազմում են նաեւ Լիա Զախարյանը, Դիանա Գրիգորյանը, Աննա Մանուչարյանը, Արմեն Մարգարյանը, Գայանե Ավետիսյանը, Արթուր Պետրոսյանը, Արսեն Հակոբյանը, Բեն Ավետիսյանը, Լիդուշիկը, Լիլիթ Թոխատյանը եւ այլք: Սցենարի հեղինակը Անուշիկ Պետրոսյանն է, ով գրել է նաեւ «Խաղ իմ կանոններով» ֆիլմի սցենարը:
Նկարահանումները կայացել են օգոստոսին, այժմ ընթանում են մոնտաժային աշխատանքները, իսկ սեպտեմբերի վերջին կկայանա ֆիլմի պրեմիերան:
 

ՇԱՐԼԻԶ ԹԵՐՈՆԸ՝ ՈՍԿԵ ՀՈԼՈՎԱԿՈՒՄ
Արդեն երկրորդ անգամ է, ինչ հոլիվուդյան ճանաչված աստղերից մեկը` գեղեցկուհի Շարլիզ Թերոնը, դարձել է «Christian Dior» ապրանքանիշի «Jadore» բույրի գովազդային դեմքը:
39-ամյա օսկարակիր դերասանուհին տպավորիչ հոլովակում մարմնավորում է «ոսկե» կնոջ: «Անցյալը, հիշողությունը, երազանքը կարող են գեղեցիկ լինել, բայց պետք չէ ապրել դրանցով: Իսկ դուրս գալու միակ ուղին բարձրանալն է: Այնտեղ դրախտը չէ. սա նոր աշխարհ է: Ապագան ոսկի է»,-այս խոսքերը Շարլիզն ասում է Լոնդոն Գրամերի «Hey Now» երգի ներքո:
Դերասանուհին առաջին անգամ ներկայացել է «Jadore Dior»-ի գովազդային հոլովակում 2011 թվականին:

 




Լրահոս