Շարմազանովը հանդիպեց ԱՊՀ երկրներում հունական համայնքների խորհրդի նախագահի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից armlur.am-ին տեղեկացնում են, որ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 22-ին հանդիպեց ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, ԱՊՀ երկրներում հունական համայնքների խորհրդի նախագահ Իվան Իգնատևիչ Սավվիդիի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում հունական համայնքի ղեկավար Արկադի Խիտարովը:Պարոն Շարմազանովը բարձր գնահատեց Իվան Սավվիդիի վաստակը քաղաքականության ու գործարարության ասպարեզներում, ԱՊՀ երկրներում հույների ինքնակազմակերպման ու ինտեգրման, հունական մշակույթի և քրիստոնեական արժեքների տարածման գործում` գոհունակությամբ արձանագրելով, որ իր ուրախությունն ու գնահատանքը մեծապես պայմանավորված են նաև իր հունական արմատներով: ԱԺ փոխնախագահը նկատեց, որ հայ-հունական սերտ հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն, այսօր էլ շարունակվում են պետական մակարդակով, իսկ ազգային, կրոնական և ընդհանրապես արժեհամակարգային ընդհանրությունները հիմք են տալիս երկու ազգերին էլ  միմյանց յուրային ընդունել աշխարհի չորս ծագերում:Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-հունական տնտեսական, մշակութային, կրթական հարաբերությունների  ակտիվացմանն առնչվող խնդիրներ:
Պարոն Սավվիդին տեղեկացրեց, որ Հույների միության նպատակն է հնարավորություն ստեղծել, որ աշխարհով մեկ սփռված հույները պաշտպանված լինեն,  կարողանան ինքնադրսևորվել ու պահպանել իրենց ազգային ինքնությունը,  օգտակար լինել իրենց հայրենիքին: Նա տեղեկացրեց, որ այս համատեքստում Ռուսաստանի հայկական ու հունական համայնքները սերտորեն համագործակցում են ոչ միայն ներքին կենսական խնդիրների լուծման, այլ և համազգային նպատակների իրականացման հարցերում: Արկադի Խիտարովն էլ նշեց, որ պարոն Սավվիդիի աջակցությամբ Վանաձորում շուտով բացվելու է գիտաուսումնական ձեռնարկություն:Քննարկվեց նաև Հունաստանում հայ, իսկ Հայաստանում հույն գործարարների կողմից ներդրումներ կատարելու հնարավորության հարցը: Պարոն Շարմազանովը հյուրի խնդրանքով անդրադարձավ  նախորդ դարասկզբին հույների հանդեպ Թուրքիայի իրականացրած ցեղասպանությանը` տեղեկացնելով, որ Հայաստանում  պետական մակարդակով միշտ էլ Հայոց ցեղասպանության հետ միասին հիշատակվել ու դատապարտվել է  հույն և ասորի ժողովուրդների հանդեպ իրականացված եղեռնագործությունը: Հանդիպմանը Իվան Սավվիդին առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաջողություն մաղթեց Հայաստանի հանրապետական կուսակցությանն ու Էդուարդ Շարմազանովին, իսկ Արկադի Խիտարովը հավաստիացրեց, որ իրենք սատարելու են ՀՀԿ-ին:




Լրահոս