ՍՐԲԱԳՐՈՒՄ ԵՆ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Հովիկ Աբրահամյանը որոշել է Տիգրան Սարգսյանի սիրելի Ռամկավար Ազատական Կուսակցությանը տրված տարածքը հետ վերցնել: Պարզվում է՝ երբ ՀՀ նախկին վարչապետը փորձում էր ավանդական կուսակցությունները միավորել՝ իրեն քաղաքական հենարան կառուցելու համար, այդ ընթացքում նաեւ պետության հաշվին «լավություններ» է արել քաղաքական որոշ անկենդան կառույցների: 2013թ. հունիսի 13-ի որոշմամբ՝ Երեւան քաղաքի Հանրապետության 47 հասցեում գտնվող ավելի քան 840 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շենքը եւ համապատասխան հողամասը Տ. Սարգսյանը 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով ուղղակի վաճառքի ձեւով օտարել էր Ռամկավար Ազատական Կուսակցությանը՝ պայմանով, որ կուսակցությունը 18 ամսվա ընթացքում պետք է 800 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում իրականացնի: Բացի այդ, մինչեւ 2014թ. մարտի 31-ը պետք է մաս-մաս վճարեր վաճառքի գինը: Սակայն կուսակցությունը որեւէ վճարում չի կատարել: Թերեւս նրանք պայմանավորվածություն են ունեցել Տիգրան Սարգսյանի հետ, որ քանի դեռ նա վարչապետ է, ՀՌԱԿ-ը պետք է «կոնֆետ ուտի»: Սակայն ՀՀ կառավարությունը խաթարել է կուսակցության ծրագրերը եւ չեղյալ է ճանաչել 2013-ի որոշումը՝ տարածքը հետ վերցնելով ՀՌԱԿ-ից: Այսպիսով, Տիգրան Սարգսյանի մատուցած նվերը չստացվեց:
ՀՀ կառավարության շենքի մոտ իրենց 18 ամսվա աշխատավարձը վճարելու պահանջով բողոքի ակցիա անող «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ուշագրավ հայտարարություն է արել. ռուսական ընկերությունը հայկական ձեռնարկության վերաբերյալ առաջարկություններ չի ներկայացրել: «Բայց մենք հույսներս չպետք է կապենք միայն ռուսական ընկերության հետ»,-ասել է նա: Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 25-ին «Ռոսնեֆտ», «Պիրելի Տայր Ռուսիա» եւ «Ռոսնեֆտ-Արմենիա» ընկերությունների ներկայացուցիչները Երեւանում փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել` կաուչուկի արտադրության համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ: Այս տարվա փետրվարի 24-ին էլ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Սոչի այցի ժամանակ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ պայմանավորվածություն էր ձեռքբերվել «Նաիրիտ»-ում «Ռոսնեֆտ»-ի կողմից 500 մլն դոլարի ներդրումներ կատարելու մասին: Ու հիմա պարզվում է՝ ամեն ինչ հօդս է ցնդել:
ՀՀ կառավարությունը գումարներ չի խնայում Դիլիջանում Ֆինանսների նախարարության Պետեկամուտների ուսումնական կենտրոնի վերակառուցման ու վերանորոգման համար: Այժմ ընթանում է ուսումնական կենտրոնի վերակառուցման 4-րդ փուլը, որի համար ՀՀ պետբյուջեից ծախսվել է 1 մլրդ 138 մլն 231 հազար դրամ կամ մոտ 3 մլն դոլար: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ այդ աշխատանքներն իրականացնում է «Սահակյանշին» ընկերությունը: Վերահսկողական գործառույթն իրականացնում է «Հուսալի կամար» ընկերությունը` 12 հազար ԱՄՆ դոլարի դիմաց: Ուշագրավ է, որ կենտրոնի վերակառուցման մասին պայմանագրերը թեեւ կնքվել են օգոստոսին, այնուամենայնիվ դրանցում նշված է «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» ձեւակերպումը: Մինչդեռ այս կառույցն ապրիլից միացվել է ՀՀ ֆիննախարարությանը: Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախարար Գագիկ Խաչատրյանը վերանորոգում է նաեւ ֆին.նախ-ի շենքը, որտեղ նախարար նշանակվելուց ոտք չի դրել: Նա շարունակում է «նստել» նախկին ՊԵԿ-ի շենքում, որտեղ էլիտար առավել պայմաններ են:
Այն օրվանից, երբ Արամայիս Գրիգորյանը նշանակվեց ՀՀ բնապահպանության նախարար, նրա աշխատանքի արդյունքներն առայժմ զգացվում են նախկին նախարար Արամ Հարությունյանի կադրերից ազատվելու դրսեւորումներով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նոր նախարարը 100-ից ավելի փորձագետների է հեռացրել, ովքեր նշանակված են եղել նախարարության տարբեր վարչություններում, բաժիններում: Մեզ հայտնի է դարձել, որ այդ փորձագետներին նախկին նախարարը նշանակել է հստակ նպատակով, որպեսզի ամենուր վերահսկողություն ունենա: Ու քանի որ գործադիր մարմնի աշխատակիցներն ընտրվում են հիմնականում քաղծառայության քննությունների միջոցով, ուստի Ա. Հարությունյանը քաշքշուկներից խուսափելու, ինչպես նաեւ իր ցանկալի եւ ոչ պրոֆեսիոնալ մարդկանց անհրաժեշտ տեղում նշանակելու համար գտել է բավականին հեշտ տարբերակ. նրանց պարզապես ձեւակերպել է որպես փորձագետ: Երեկ «Ժողովուրդ»-ը բնապահպանության նախարար Ա. Գրիգորյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են ազատվել փորձագետները. «Իմ նշանակվելու ժամանակ որոշ փորձագետներ են եղել եւ ես հրաման եմ արձակել նրանց աշխատանքից ազատելու մասին: Նրանց թիվը հստակ չեմ հիշում»:
ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ
Այն, որ Արեւմուտք-Ռուսաստան հակադրության աննախադեպ սրման ֆոնին նոր վտանգներ էին առաջանալու Ղարաբաղի համար` սպասելի էր արդեն անցած օգոստոսից, երբ սահմանային լարվածությունը փորձագետների մի մասը կապում էր բացառապես Ռուսաստանի հետ, մյուս մասն էլ պնդում, թե դրանում խառն է ԱՄՆ-ի մատը: Երկու դեպքում էլ, սակայն, կասկածի տակ չէր դրվում, որ այդ լարվածության հրահրման հանձնարարությունը Ալիեւին տրվել էր դրսից: Դատելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի` Բաքվում արած վերջին հայտարարություններից եւ Ղարաբաղի հարցը ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգում ընդգրկելու քայլից` առաջիկայում հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն հրահրողների շրջանակն ընդլայնվելու է:
Ս. Սարգսյանի` երեկ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ունեցած ելույթը, որտեղ նա բավականին կոշտ եւ հստակ ձեւով ՆԱՏՕ-ին հորդորեց ձեռնպահ մնալ թուրքա-ադրբեջանական լոբբինգի ազդեցությունից եւ չընդունել այնպիսի փաստաթուղթ, որը կհակասի ԵԱՀԿ ՄԽ բառապաշարին` ցույց է տալիս, որ իրավիճակը լուրջ է: «Երկու տարբերակ կա. կամ կընդունվի ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միակ մասնագիտացված միջազգային կառույցի` ԵԱՀԿ ՄԽ բառապաշարը…, կամ կրկին կանցնի սեփական ժողովրդի աչքում մեր հարեւան բռնապետի դեմքը փրկել ցանկացող մեկ այլ անդամ երկրի լոբբինգը, որը, հավատացնում եմ ձեզ, որեւէ լավ տեղ չի տանում»,-զգուշացրեց Սարգսյանը, որի` Ուելս մեկնելը, թերեւս, պայմանավորված էր հենց ընդունվելիք փաստաթղթի հակահայկականությամբ:
Նկատենք, որ 2008թ-ից ի վեր` սա ՆԱՏՕ-ի առաջին գագաթաժողովն է, որին Հայաստանը ներկայանում է նախագահի մակարդակով: Մինչ այս եղած 2009-ի, 2010-ի եւ 2012-ի գագաթաժողովներին Հայաստանից մասնակցել են ԱԳ նախարար Է. Նալբանդյանը եւ Պնախարար Ս. Օհանյանը: Ընդ որում, նկատենք, որ այն ժամանակ նախ` Հայաստանը վարում էր եվրոպամետ արտաքին քաղաքական կուրս, եւ երկրորդ` Արեւմուտք-Ռուսաստան ներկայիս հակադրությունը չկար: Եվ եթե այն ժամանակ Ս. Սարգսյանը խուսափում էր մասնակցությունից, ըստ ամենայնի` չցանկանալով Ռուսաստանին նյարդայնացնել, ապա հիմա` ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցելու որոշման եւ Ռուսաստանի միջազգային մեկուսացման գործընթացի ֆոնին նրա մասնակցության համար պետք է որ լիներ չափազանց կարեւոր շարժառիթ, որն էլ, ինչպես արդեն պարզ դարձավ, Ղարաբաղի հարցով անբարենպաստ փաստաթղթի ընդունումը եւ Ղարաբաղը որպես ՆԱՏՕ-Ռուսաստան շահերի բախման գործիք օգտագործելու հեռանկարի կանխումն է:
Կհաջողվի արդյոք դա Ս. Սարգսյանին` դժվար է ասել: Իհարկե` ԱՄՆ պետքարտուղար Քերիի նախաձեռնած Ալիեւ-Սարգսյան հանդիպումն ու դրան հետեւած Քերիի հայտարարությունը, ինչպես նաեւ` Օլանդի հետ հանդիպումն ու Փարիզում կայանալիք Ալիեւ-Սարգսյան-Օլանդ եռակողմ հանդիպման ամրագրումը որոշակի հույսեր ներշնչում են: Սակայն ինչպես հայտնի է` քաղաքականությունը հնարավորի արվեստ է, իսկ Թուրքիայի հնարավորությունները, ցավոք, բավականին մեծ են: