ԿԵՆՏՐՈՆԻ ԴԱՏԱՎՈՐԸ՝ ՓԵՍԱՅԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Երեւանի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իր փեսան որեւէ կապ չունի քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործի հետ:
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 27-ին՝ գիշերը, իր տան բակում արձակված կրակոցներից սպանվել էր Արթուր Սաֆարյանը: Փետրվարի 3-ին ոստիկանությունը բերման ենթարկեց Իսրայել Սարգսյանին (Իսո), ով Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից էր, եւ Տիգրան Ասատրյանին: Ավելի ուշ, Իսոյին մեղադրանք առաջադրվեց իր ընկերոջ Մոսոյի սպանությունը պատվիրելու համար: Թեւոսիկի եղբոր սպանության գործով քննությունը սկզբում իրականացնում էր ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը, բայց երբ տեղափոխվեց Ազգային անվտանգության ծառայության վարույթ, պարզվեց՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժնի նախկին օպերլիազոր Գրիգոր Ղուկասյանն առնչություն ունի գործի հետ: Ի դեպ, նա Երեւանի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի փեսան է:
Լուրեր կան, որ Արթուր Սաֆարյանի սպանությունից մի քանի օր անց նախկին օպերլիազոր Գրիգոր Ղուկասյանը Իսրայել Սարգսյանին ցույց է տվել Մովսես Ներսիսյանի` Մոսոյի լուսանկարը եւ ասել, թե ոստիկանները Արթուրի սպանության համար նրան են փնտրում: Այսինքն՝ ոստիկանության օպերատիվ աշխատանքները տապալել է: Ու դրանից հետո սպանվել է Մոսոն, որի դին ոստիկանները մինչ օրս չեն կարողանում գտնել կոյուղու դիտահորից:
Գրիգոր Ղուկասյանի այս արարքի մասին «Ժողովուրդ»-ը զրուցեց նրա զոքանչի՝ Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի հետ:
-Տիկին Կարախանյան, լուրեր տարածվեցին, որ Ձեր փեսան` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժնի նախկին օպերլիազոր Գրիգոր Ղուկասյանը, անցնում է քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր սպանության գործով:
-Ես բացարձակապես որեւէ առնչություն չունեմ այդ քրեական գործի հետ եւ ոչ էլ իմ փեսան որեւէ առնչություն ունի: Իմ անունը շահարկել եք, որ ժողովուրդը կարդա, թե չէ, եթե մենակ իմ փեսայի անունը նշեիք, ով կիմանար, թե ինչ էր: Ես այնքան գործ ունեմ, հիմա էլ նստեմ մտածեմ, թե դա ինչ գործ է: Կրկնում եմ՝ չեմ հետաքրքրվում:
-Բայց խոսքը Ձեր փեսայի մասին է:
-Կարախանյանը ի՞նչ կապ ունի իր փեսայի հետ: Կապ ունի՞:
-Ձեզ չի մտահոգո՞ւմ, որ Ձեր հարազատ փեսան աղմկալի սպանության գործով է անցնում:
-Այո, նա իմ փեսան է, բայց ես իմ փեսայի գործերի հետ կապ ունե՞մ:
-Ցանկանում ենք հասկանալ, թե ի՞նչ կապ կարող է նա ունենալ Արթուր Սաֆարյանի սպանության հետ:
-Ինչ մասնակցության մասին է խոսքը, երբ ինքը ընդամենը օպերատիվ աշխատանք է կատարել այդ գործով: Իմ փեսան կարող է 15 գործով օպերատիվ ախատանք իրականացնել եւ ես չեմ կարող իմանալ ու հետաքրքրվել: Փեսաս այս գործով չի անցնում, ո՞նց կարող է փեսաս այդ գործով անցնել: Բոլորը, ովքեր աշխատել են այս գործով, բոլորին էլ տարել հարցաքննել են, նույնը իմ փեսային: Շատ այլ պաշտոնատար անձանց էլ են կանչել, ինչո՞ւ նրանց անունները չեք գրում:
-Ասեք՝ գրենք:
-Ես ինչու պետք է ասեմ, ես ձեր համար իմֆորմացիա տվո՞ղ եմ:
-Ըստ լուրերի՝ Ձեր փեսան իմֆորմացիա է դուրս տվել եւ տապալել է սպանության գործի բացահայտումը:
-Նման տեղեկություն չունեմ: Նա չէր կարող տեղեկություն դուրս տալ: Ով ձեզ նման տեղեկություն է տվել իրանից գնացեք եւ իմացեք: Կրկնում եմ՝ չեմ տիրապետում, հիմա գործը Ազգային անվտանգությունում է, կավարտվի, կիմանանք, էլի:
-Դուք մտավախություն չունե՞ք, որ քննության ավարտից հետո Ձեր փեսան կարող է հայտնվել ճաղերի հետեւում:
-Բացարձակապես, ինչո՞ւ պետք է մտավախություն ունենամ: Իմ փեսան մեկ տարվա ընթացքում բազմաթիվ գովասանագրեր է ստացել: Ունի մի շարք բացահայտումներ, որ մարդիկ 30 տարվա մեջ աշխատում են, սակայն մի գործ չեն կարողանում բացահայտել: Կրկնում եմ՝ նման բան գոյություն չունի: Ոնց որ դուք ձեր աշխատանքը կատարեք եւ ձեզ մեղադրեն ձեր աշխատանքը կատարելու մեջ: Թյուրիմացություն է եղել, եւ իմ կարծիքով՝ այդ թյուրիմացությունը հետագայում կճշտվի:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԳԵԼԻ ՀՈՐԱՔՐՈՋ ՈՐԴԻՆ
Նոր Նորքի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի կցագրման գծով տեսուչ, ավագ ենթասպա Տիգրան Հովհաննիսյանին կալանքից ազատ են արձակել եւ նրա դեմ հարուցված քրեական գործը շուտով կկարճվի:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 20-ին Նոր Նորքի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետի աշխատասենյակում հիվանդ զորակոչիկներից 3900 ԱՄՆ դոլար խոշոր չափի կաշառք վերցնելուց անմիջապես հետո ձերբակալվել էին Նոր Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Զախարյանը եւ զորակոչային բաժնի տեսուչ Տիգրան Հովհաննիսյանը:
Պարզվում է՝ այս գործով նոր բացահայտումներ են ի հայտ գալիս: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Տիգրան Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործը մի քանի օր հետո ՀՀ քր. դատ. օր. 31 հոդվածի հատկանիշներով կկարճվի, քանի որ հանցակազմ չկա: Նշենք, որ գործը դատարան չմտնելու հիմնական պատճառը նշանակված դատաբժշկական փորձաքննություններն են, որոնց եզրակացությունները ստանալը բավականին երկար ժամանակ են պահանջում: Նշենք, որ Նորքի զինվորական կոմիսար Ռ. Զախարյանը ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գարիկ Գաբրիելյանի՝ Գելի հորաքրոջ որդին է:
ՋՐԻ ԿՌԻՎ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղի դաշտերից մեկում բարեկամների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել: Գյուղի բնակիչներ Վալերիկը, Վահանը եւ մի երիտասարդ տղա ոռոգման ջրի շուրջ չեն կարողացել միմյանց հասկանալ եւ ծեծել են միմյանց: Հետաքրքիրն այն է, որ ծեծից հետո «հակամարտող բարեկամները» առանձին-առանձին դիմել են ոստիկանություն եւ մեկը մյուսի վրա բողոք գրել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը: Ծեծի ենթարկվածներից Վալերիկին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն:
ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ
Երեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի որդու` 30-ամյա Դավիթ Վարդանյանի դատավճիռը: Մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխման համար Դավիթ Վարդանյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Առայժմ հայտնի չէ` արդյոք այս վճիռը կբողոքարկվի:
ԱՅՍ ՄԵԿՆ ԷԼ` ՖԻՆՆԱԽԻՆ
Երեկ ավարտվել է 9 մլրդ դրամ արժողությամբ «Միկա» մարզահամալիրի աճուրդի վերջնաժամկետը, սակայն ԴԱՀԿ ծառայությունն այդպես էլ որեւէ առաջարկ չի ստացել: Արդյունքում՝ կառավարության որոշման համաձայն, «Միկա»-ն իր ողջ գույքով անցել է Ֆինանսների նախարարության հաշվեկշռին: Հարկ է նկատել, սակայն, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, աճուրդի չկայանալու դեպքում՝ երեք օր անց պետք է կազմակերպվեր նոր հարկադիր էլեկտրոնային աճուրդ, որի ժամանակ գինը պետք է իջեցվեր 10 տոկոսով: Նոր աճուրդ, սակայն, չի հայտարարվել: Այդպիսով` մարզահամալիրի անշարժ գույքն ամրագրվեց ՀՀ ֆինանսների նախարարության հաշվեկշռում՝ Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ավիաընկերության եւ «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ի՝ ՀՀ պետբյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունների դիմաց:
ԲԼԹ
«Ես չեմ էլ պատրաստվում ուրախացնել նախկին, ներկա եւ ապագա կաշառակերներին, որոնք շատ կուզենան, որ ես այս պաշտոնում չլինեմ»:
Գեւորգ Կոստանյան Armlur.am
ՀՀ գլխավոր դատախազը հերքում է շրջանառվող այն լուրերը, թե ինքը նշանակվելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Հայաստանի ներկայացուցիչ եւ առիթը բաց չի թողնում իրեն ներկայացնելու որպես կաշառակերության դեմ պայքարող արդարության սիմվոլ: Բայց, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ Գեւորգ Կոստանյանի գործունեության վրա Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու կրակոցների գործը սեւ բիծ է թողել: Հիշո՞ւմ եք՝ Խաչատրյանի որդին կրակեց Ավետիք Բուդաղյանի վրա, սակայն ազատվեց պատասխանատվությունից, իսկ նրա արաքը որակվեց ինքնապաշտպանություն:
«Ես համարում եմ, որ մարդը, ով 10 տարի ղեկավարել է Ղարաբաղը, չի կարող անտարբեր լինել նրա նկատմամբ… Այդ բոլոր հարցերը քննարկում եմ ՀՀ եւ ԼՂՀ նախագահների հետ»:
Արկադի Ղուկասյան 168.am
ԼՂՀ նախկին նախագահն այսպիսով չհերքեց այն լուրերը, որ 3 տարի անց կրկին պատրաստվում է դառնալ Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածու: Ամենակարեւորը, որ Արկադի Ղուկասյանը Ղարաբաղին վերաբերող հարցերը քննարկում է ՀՀ եւ ԼՂՀ նախագահների հետ, ինչից կարելի է ենթադրել, որ իրենց մեջ արդեն իսկ ամեն ինչ որոշված է, իսկ Ղարաբաղի ժողովրդի կարծիքը՝ անկախ նրանից, թե այն ինչպիսին է, այդքան էլ կարեւոր չէ: Հայկական երկու հանրապետություններում էլ նախագահներ նշանակելու գործընթացը կատարվում է նույն ոճով, իսկ ընտրությունները զուտ ձեւական բնույթ են կրում:
«Ինչ մնում է Քոչարյանին հայտ ներկայացնելուն՝ վերադառնալ ակտիվ քաղաքականություն, ասեմ, որ Քոչարյանը շատ կողմնակիցներ ունի… Իր պոտենցիալը մեծ է նաեւ այսօր»:
Արամ Հարությունյան «ԳԱԼԱ»
Ահա թե որտեղից է փչում քամին «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահի համար: Տարիներ շարունակ՝ աշխատելով որպես նախագահի մշտական թեկնածու եւ ընտրություններին ռեկորդային քիչ քանակությամբ ձայներ հավաքելով, այս գործիչը հանելուկ էր դարձել շատերի համար, հետեւաբար ենթադրություններ կային, թե ով է կանգնած նրա հետեւում: Այժմ արդեն ամեն ինչ ավելի պարզ է դառնում, քանի որ Արամ Հարությունյանը ոգեւորված բացահայտ պաշտպանում է Քոչարյանին եւ հասկացնում, որ նրա վերադառնալու դեպքում ինքը կդառնա նրա թիմակիցը, համենայնդեպս՝ կցանկանա դառնալ:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ