ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԻ ՊՐՈՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԸ
2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մասին «Վիկիլիքս»-ի հրապարակած փաստաթղթերից հերթականը ներկայացնում է ՌԴ պաշտոնական արձագանքն ու վերաբերմունքը կատարվածին: Փաստաթուղթը հեղինակել է ՌԴ-ում 2005-2008թթ. ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Բիլլ Բարնսը՝ 2008թ. մարտի 3-ին: Նա մի շարք հանդիպումներ է ունեցել ՌԴ արտաքին հարաբերությունների պատասխանատուների եւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ՝ փորձելով հասկանալ նրանց մոտեցումներն ու կարծիքը ստեղծված իրավիճակի շուրջ: Զեկուցագրում ուղղակիորեն արձանագրված է, որ Ռուսաստանի կառավարող շրջանակները ոչ միայն շահագրգռված են եղել Սերժ Սարգսյանի հաղթանակով, այլեւ անգամ չեն թաքցրել իրենց աջակցության փաստը:
Ամերիկացի դիվանագետը նախ նշում է, որ ՌԴ ԱԳՆ-ն հանդես էր եկել հատուկ հայտարարությամբ՝ արտահայտելով իր ափսոսանքը մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ եւ «աջակցություն հայտնելով Քոչարյանին՝ երկրում խաղաղության ու կայունության վերականգնման գործողություններում»: Բարնսը փոխանցում է, որ ԱԳՆ պաշտոնյաներն իր առաջ պնդել են, թե ընտրությունները Հայաստանում անցել են արդար ու թափանցիկ, իսկ իրենք շարունակելու են հետեւել Հայաստանում իրադարձությունների զարգացմանը: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչները հայտնել են, որ իրենց տեղական թերթերը առաջին էջում տեղադրել են Մարտի 1-ի իրադարձությունների պատկերները, բայց դրանց՝ գունավոր հեղափոխության մասին հայտարարությունները չափազանցված են: Ավելին՝ ՌԴ ԱԳՆ-ից դեսպանին հայտնել են իրենց վստահությունն առ այն, որ Սերժ Սարգսյանը շարունակելու է Քոչարյանի պրոռուսական քաղաքականությունը:
Մասնավորեցնելով ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Բարնսը նկատում է, որ այն իրենից ներկայացնում էր կոչ՝ ուղղված բոլոր կողմերին, որ սկսեն խաղաղ երկխոսություն՝ հանուն քաղաքացիների անվտանգության ու երկրի կայուն զարգացման: ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իգոր Գրոմիկոն ամերիկացիների հետ զրույցում տեղեկացրել է, որ իր կառավարությունը հավատում է ՀՀ իշխանությունների պնդումներին, թե ընտրություններն ընթացել են առանց լուրջ խախտումների: Ավելին՝ իրենք հավատում ու աջակցում են Սարգսյանի հաղթանակին: ՌԴ պաշտոնյան հայտնել է, որ Ռուսաստանը կշարունակի հետեւել, բայց չի միջամտի: Գրոմիկոն պնդել է, որ Երեւանի կենտրոնում գտնվող հրապարակում տեղադրված վրանները հիշեցնում էին Ուկրաինայի «նարնջագույն հեղափոխությունը», սակայն նույն սցենարի գործարկումը Հայաստանում բացառված է: Հատկանշական է, որ հանրահավաքների բռնի կասեցումից ու անզեն քաղաքացիների գնդակահարությունից հետո մայրաքաղաքը զինվորականներով հեղեղելու ՀՀ իշխանության քայլերը, ըստ էության, միանգամայն ընդունելի են եղել առնվազն Ռուսաստանի համար:
ՌԴ ԱԳՆ հայկական բաժանմունքի ղեկավար Սերգեյ Վինոգրոդովն էլ ամերիկացիներին հայտնել է, որ հայաստանյան «ընդդիմության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը բողոքի համար իրականում ոչ մի հիմք չունի»: Ըստ նրա՝ ՌԴ կառավարությունը ՀՀ է ուղարկել մոտ 160 դիտորդ, ովքեր միանգամայն բավարարված են ընտրական գործընթացով: ՌԴ պաշտոնյան հավելել է, որ ինքն անձամբ է մասնակցել կարճաժամկետ մոնիտորինգային ծրագրին ու զարմացած է ընդդիմության հանրահավաքների փաստից: Վինոգրադովի համաձայն՝ ինքն անձամբ է այցելել 16 տեղամասեր ու կարող է պնդել, որ մեծ ու լուրջ խախտումներ չեն եղել, ինչպես որ պնդում է ըննդիմությունը: Հատկանշական է, որ Հայաստանում գործող ավելի քան 1900 ընտրատեղամասերի համար ռուսներն ուղարկել են ընդամենը 160 դիտորդ ու վստահ են, որ լուրջ խախտումներ չեն եղել: Ավելին՝ եթե Վինոգրադովը «մեծ» խախտումներ չի տեսել, ապա ստացվում է, որ տեսել է «մանր» խախտումներ: Բնականաբար, եթե դիտորդների ներկայությամբ են մանր խախտումներ կատարվել, ապա ինչե՜ր են արվել նրանց բացակայության պարագայում:
Վինոգրադովը նաեւ հավելել է, որ Տեր-Պետրոսյանը ընտրությունից առաջ այցելել է Մոսկվա, բայց քանի որ նրա այցը եղել է մասնավոր, ապա ոչ ՌԴ ԱԳՆ-ն, ոչ էլ հայկական դեսպանատունը մասնակից չեն եղել նրա մոսկովյան օրակարգին: Անդրանիկ Միհրանյանը, ում Բարնսը համարում է Կրեմլի հետ կապեր ունեցող մեկնաբան, ամերիկացիներին հայտնել է, որ ոչ թե զարմացած է, այլ հիասթափված Տեր-Պետրոսյանի պահվածքից: «Նա պնդում էր, որ Տեր-Պետրոսյանն առճակատման է գնացել, քանզի դա իշխանության գալու իր վերջին շանսն էր»: Միհրանյանի կարծիքով՝ Տեր-Պետրոսյանը նվազ աջակցություն ուներ ղեկավարող էլիտայի ու խորհրդարանի շրջանում, ուստի իշխանության հիմնական դեմքերի մեջ խզում չկա:
Զեկուցագրի հեղինակը ներկայացնում է նաեւ Վինոգրադովի համոզմունքն այն մասին, որ Քոչարյանի ռուսամետ աշխարհայացքը, Պուտինի հետ ունեցած մշտական խորհրդակցությունների հետ միասին, երաշխավորել են Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ լավ հարաբերությունները: Ըստ նրա՝ ՌԴ կառավարությունը վստահություն ունի, որ «Քոչարյանին հաջորդելու համար ընտրված Սարգսյանը կշարունակի նույն ուղին»: Ամփոփելով՝ արձանագրենք, որ ՌԴ իշխանությունները, փաստացիորեն, աջակցել են Սերժ Սարգսյանին՝ աչք փակելով 10 մարդու գնդակահարության ու հարյուրավորների վիրավորվելու փաստերի վրա: Նրանց հետաքրքրել է բացառապես Հայաստանի պրոռուսական կողմնորոշման պահպանումը:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՈՐՈՇՄԱՆԸ
«Ժողովուրդ»-ը բազմիցս անդրադարձել է Գյումրու անօթեւան ընտանիքների բնակարանային խնդիրներին: Հիշեցնենք, որ բնակարան ստանալու իրենց հերթին է սպասում մինչեւ 2008 թվականի նոյեմբերի մեկը քաղաքապետարան համապատասխան փաստաթղթեր ներկայացրած 432 անօթեւան ընտանիք: Այս քաղաքացիները դեռ 2 տարի առաջ պետք է բնակարանամուտ նշեին եւ տնակից տեղափոխվեին «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարաններ, սակայն 2012թ-ին շինարարական աշխատանքները կասեցվեցին:
Շիրակ կատարած իր վերջին այցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գյումրու քաղաքապետարանին հանձնարարեց խնդիրը լուծել բնակիչների ընտրությամբ: Քաղաքապետարանը հրավիրեց 432 շահառու ընտանիքի՝ քվեարկությամբ ընտրելու շարունակել շինարարությունը, թե իրենց հանձնել պետության կողմից տրվող բնակարանների գնման վկայականները: 432 ընտանիքից այս հարցմանը մասնակցեց 367-ը, իսկ մնացած 65 ընտանիքը չներկայացավ: 259 ընտանիք կողմ քվեարկեց ԲԳՎ-ին, իսկ 108-ը՝ բնակարանաշինությանը:
Թեեւ կառավարությունն այս դեպքում հաշվի է առնում անօթեւանի ցանկությունը, սակայն այդպես էլ չի հստակեցնում, թե վկայագրի արժեքն ինչքան է լինելու, կամ ինչ չափորոշիչով է այն տրվելու եւ վերջապես երբ է տրամադրվելու այդ գումարը: Մինչդեռ անօթեւանները շարունակում են մնալ անորոշության մեջ՝ վստահ լինելով, որ իրենց այնքան գումար չեն հատկացնելու, որպեսզի Գյումրիում կարողանան գնել կորցրած սենյակներին համարժեք բնակարաններ:
Բնակիչների մոտ նման հոռետեսությունն առաջ է եկել նախկին անհաջող փորձի հետեւանքով: Տարիներ առաջ անօթեւանության խնդիրը կրկին փորձեցին լուծել ԲԳՎ-ների տարբերակով, ինչի արդյունքում շատերը չկարողացան բնակարան գնել՝ գումարը չբավականացրեց, շատերն էլ գումարը ծախսեցին ոչ նպատակային եւ շարունակեցին անօթեւան մնալ:
Թե որքան գումար է հատկացնելու պետությունը եւ երբ այն կտրվի բնակիչներին, այս հարցերի պատասխանը Գյումրու քաղաքապետարանն ու Շիրակի մարզպետարանը չունեն, միայն ասում են, որ սպասում են կառավարության որոշմանը:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի
ԿԱՐԿՈՒՏԸ ՎՆԱՍԵԼ Է ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԸ
Երեկ երեկոյան ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ուժգին կարկուտ է տեղացել: Ճամբարակցիների պատմելով՝ 20 րոպե տեւողությամբ կարկուտը «հողին է հավասարեցրել» համայնքի բնակիչների ցանքատարածությունները, վնասել մեքենաների ապակիները, տների տանիքները:
Ճամբարակի բնակիչներից մեկը՝ 25-ամյա Վիգեն Հարությունյանը, տեղացած ուժգին կարկուտի մեծությունից զարմացած է: Նրա պատմելով, իր կյանքի քսանհինգ տարիների ընթացքում երբեւէ նման տարերային աղետի չի հանդիպել: «Կոնկրետ չգիտեմ, թե ինչ չափի վնաս հասցրեց, բայց որ ավերեց ամեն ինչ, դա հաստատ է: Ես առաջին անգամ նման մեծությամբ կարկուտ եմ տեսնում: Մեզ մոտ նման բան չի եղել»,- զարմացած պատմեց Վիգենը:
Ճամբարակցու խոսքով՝ կարկուտը վնասել է ոչ միայն ցորենի, գարու ցանքատարածությունները, այլեւ մարդկանց շինությունների տանիքները, մեքենաների անիվները, պատուհանները, պտղատու այգիները:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանի հետ. «Այս պահի դրությամբ վերջնական չենք հաշվարկել, թե կարկուտի պատճառած վնասներն ինչ չափի են: Բայց պատմության մեջ այս չափի կարկուտ մենք չենք տեսել: Պատկերացրեք, որ մարդկանց տների տանիքները ծակել է»:
Նրա խոսքով՝ Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան վարչության աշխատակիցները եկել են Ճամբարակ եւ ծանոթացել տեղի իրավիճակին: Առաջիկայում առանձին հանձնաժողով կձեւավորվի, որն էլ կուսումնասիրի վնասի չափը: «Ժողովուրդ»-ի հարցին՝ վնասներ կրած բնակիչներին փոխհատուցում տրվելու է, թե՝ ոչ, քաղաքապետ Ավալյանը պատասխանեց. «Փոխհատուցման մասով ոչինչ այս պահի դրությամբ չեմ կարող ասել: Բայց, Աստված ոչ անի, եթե անձրեւ սկսի տեղալ, ապա մարդկանց տները ջրով կլցվեն»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ