ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ՑԱԾՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ
Օրեր առաջ «Ժողովուրդ»-ը ՀՀ բնապահպանության նախարարության բնության պահպանության պետական թանգարան ՊՈԱԿ-ի այցելուներից տեղեկացավ, որ թանգարանի աշխատակիցներն իրենց հետ անկեղծացել են ու նշել, որ թանգարանում գտնվող ձկնատեսակների համար նախատեսված կերերն իրենք իրենց սեփական միջոցներով են ձեռք բերում: Այս առիթով, «Ժողովուրդ»-ը զրուցեց թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանի հետ:
-Ի՞նչ միջոցներով է ֆինանսավորվում թանգարանը:
-ՀՀ բնապահպանության նախարարությունը մեր ֆինանսական բոլոր խնդիրները հոգում է: Մյուս թանգարանների մուտքերը վճարովի են եւ այդ գումարներով էլ իրենք իրենց հարցերն են լուծում: Ի դեպ, մշակույթի հետ կապված հարցերը լուծվում են Մշակույթի նախարարության կողմից: Մենք աշխատում ենք Մշակույթի նախարարության հետ, բայց մեր ֆինանսական ծախսերը հոգում է ԲՆ-ն:
-Իսկ տարեկան որքա՞ն գումար է ՀՀ պետբյուջեից հատկացվում Բնության պետական թանգարանին:
-Որոշակի գումար է հատկացվում: Հիմա ի՞նչ, փակագծերը բացե՞մ: Այս պահին կոնկրետ չեմ կարող ասել: Ընդհանուր բյուջեի ֆինանսավորում է, մենք սուբսիդիայով ենք աշխատում. այսքան գումար գազի, էլեկտրաէներգիայի եւ այլ ծախսերի համար: Մենք չունենք եկամուտ, շահ, որը կարողանանք օգտագործել: Մերը զուտ պետական բյուջեի ֆինանսավորում է:
-Տիկին Ղազարյան, թանգարանի աշխատակիցներից մեկն այցելուների մոտ անկեղծացել է եւ դժգոհել ֆինանսավորման իսպառ բացակայությունից: Նա նշել է, որ անգամ ձկների կերը իրենց սեփական միջոցներով են ձեռք բերում: Թանգարանի աշխատակիցները նաեւ դժգոհել են ցածր աշխատավարձերից: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
-Մենք թանգարանի բյուջեից գումար ենք հատկացնում համապատասխան ծախսերի համար: Նման բան չի կարող լինել: Մենք ունենք գնումների պլան, հատկացված բյուջեից ֆինանսավորում՝ ձկան կեր գնելու համար: Գուցե այլ կերպ է հասկացել այցելուն: Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա ողջ հանրապետությունում մարդկանց աշխատավարձերը ցածր են, ինչի՞ մասին է խոսքը: Եթե երկրի վիճակն այդպիսին է, ապա մենք էլ այս երկրի մի փոքր մասնիկն ենք: Բայց աշխատավարձերն ամեն ամիս ստաբիլ ստանում ենք, ոչ մի խնդիր չկա: Ի դեպ, հուլիս ամսին բարձրացան նաեւ մեր թանգարանի աշխատակիցների աշխատավարձերը:
-Իսկ այցելուների ցուցանիշի աճ կա՞։ Մարդիկ հետաքրքրվա՞ծ են Հայաստանի բնությամբ:
-Հիմնականում դպրոցահասակ երեխաներ են գալիս, բայց վերջին տարիներին զբոսաշրջիկներն էլ են սկսել հաճախել: Օրինակ, այս տարի բավականին շատ այցելուներ ենք ունեցել: Ի դեպ, մեր թանգարանը տարեկան մինչեւ 25 հազար այցելու է ունենում:
-Այս ցուցանիշներով հնարավո՞ր է առաջիկայում թանգարանի մուտքը վճարովի դառնա:
-Անկեղծ ասած, մենք այս պահին մտածում ենք այդ մասին: Ցանկություն կա ինչ-որ սիմվոլիկ թիվ նշանակել, իհարկե դպրոցականների համար այն անվճար կլինի: Բայց այս հարցը դեռ քննարկման փուլում է գտնվում:
-Լավ, իսկ ի՞նչ խնդիրներ ունի թանգարանը: Կա՞ն խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն:
-Մենք տարածքի հետ կապված խնդիր ունենք, որը, կարծում եմ, արդեն չի լուծվի: Մեր տարածքը շատ փոքր է: Մեկ այլ խնդիր էլ ունենք. Երեւանի քաղաքապետարանն ու Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանը ոչնչով չցանկացան աջակցել: Բանն այն է, որ մեր թանգարանի երկրորդ հարկում արվեստի դպրոց է գործում: Երկրորդ հարկում երգում-պարում են, բայց չէ՞ որ դա անհամատեղելի է թանգարանային իդեալական լռության հետ:
-Դիմե՞լ եք երկու կառույցներին: Ի՞նչ են պատասխանել:
-Ինչ պետք է պատճառաբանեն: Ոչ մի բան: Արվեստի դպրոցն է ու ոչինչ այլեւս հնարավոր չէ անել: Այ որ թանգարանի շենքի մուտքի մոտ նայեք՝ կտեսնեք, որ գրված է՝ Բնապահպանության նախարարության Հայասատանի բնության պետական թանգարան, իսկ վերեւի մասում՝ արդեն երկրորդ հարկում, մի մեծ ցուցանակ է կախված, որտեղ գրված է՝ Բարսեղ Կանաչյանի անվան դպրոց: Եվ այս ցուցանակն ավելի տեսանելի է: Անկեղծ ասած, թանգարանային գիշերներ միջոցառման օրերին, երբ հեռուստատեսությամբ լրագրողն անցորդներին հարցերի միջոցով ստուգում էր՝ գիտեին, թե որ թանգարանն է, անցորդները պատասխանում էին, թե Բարսեղ Կանաչյանի անվան բնության պետական թանգարան: Ցավում եմ, բայց սա է այսօրվա պատկերը: Մեր խնդիրը միայն սա է:
-Իսկ բնապահպանության նախարարն ի՞նչ է մտածում այս մասին: Տեղյա՞կ է խնդրին:
-Վաղուց եմ դիմել: Նախկին նախարար Արամ Հարությունյանի պաշտոնավարման տարիներին եմ դիմել: Բայց հարցն այդպես էլ լուծում չստացավ: Հիմա էլ՝ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում արվեստի դպրոցում: Ախր արվեստի դպրոցի ղեկավարությունը կապ չունի այս ամենի հետ: Իրենք մեղավոր չեն, որ այսօր այս պատկերն է ստեղծվել: Միայն տեղաբաշխումը ճիշտ չի կատարվել: Անհամատեղելի է: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ներքեւում էքսկուրսիա է ընթանում, 30 երեխա լռության մեջ լսում է, ու հանկարծ վերեւից առաստաղը ցնցվում է, պարի դասն է:
-Դուք երկու նախարարների հետ էլ աշխատել եք: Ինչպե՞ս կգնահատեք նախկին նախարարի աշխատանքը:
-Նախկին նախարարի մասով ոչինչ չեմ կարող ասել: Ներկա նախարարը մեր հրավերները մշտապես ընդունել է եւ այցելել է մեզ: Կարճ ասած՝ մեր նկատմամբ նա շատ ուշադիր է:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ԽՆԴՐԱՆՔԸ «ՑԵԼՈՖԱՆԵ» ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՆ Է
«Ժողովուրդ»-ն օրերս երիտասարդ կնոջ խնդրանքով եղավ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող անբարեկարգ հանրակացարանային շենքերից մեկում, որտեղ երեք տարուց ավելի է, ինչ ապրում է 24-ամյա Քնարիկն իր փոքրիկի եւ հաշմանդամ ամուսնու հետ:
Բնակարանն ընդամենը 18քմ է՝ առանց խոհանոցի եւ լոգասենյակի: Պատուհանները ցելոֆանից են, իսկ դրսի դուռը գրեթե պոկված: Մի խոսքով՝ ծայրահեղ վատ պայմաններ: «Ժողովուրդ»-ը զրուցեց տանտիրուհու՝ Քնարիկի հետ՝ պարզելու, թե նման պայմաններում ապրող ընտանիքին ինչպես է հաջողվում գոյատեւել: Մեր զրուցակիցը նշեց, որ ընտանիքին օգնող ոչ մի ձեռք չկա, նրանք մենակ են իրենց դժվարությունների հետ: Բնակարանային անբարենպաստ պայմաններին գումարվել է նաեւ հացի խնդիրը, որի լուծումը երիտասարդ կնոջ ուսերին է:
Սակայն մեզ հետ զրույցում մոր առաջին խնդրանքը եղավ՝ օգնել պատուհանները փոխել, քանի որ ձմռանն այդ պայմաններում ապրելն անհնար է լինելու: «Գիշերը՝ ժամը 4-ից Երեւանի փողոցներն եմ ավլում, որպեսզի հոգամ երեխայի ապրուստը: Վաստակածս 40000 դրամ է, ամուսինս անաշխատունակ է, բուժման համար տոկոսներով գումար եմ վերցրել, պարտքեր եմ արել, չգիտեմ՝ ոնց եմ փակելու»,-պատմեց Քնարիկը:
Սակայն երիտասարդ կնոջ ցավն այսքանով չի ավարտվում. դուստրը՝ 1 տարեկան 7 ամսական Հասմիկը, տառապում է ձախ երիկամի ավազային լայնացմամբ: Պայմանները, որոնց ականատես եղանք մենք, անմարդկային էին հիվանդ փոքրիկի համար: Հասմիկը զուրկ է վիտամիններով հարուստ կերակուրներից, հագուստից, խաղալիքներից, իսկ մայրն անգամ հիգիենայի տարրական պայմաններով չի կարողանում ապահովել իրեն եւ փոքրիկին: Պետական աջակցություն այս ընտանիքին չի տրվում, Քնարիկի խոսքերով՝ միայն երբեմն բարի մարդկանց օգնությունն է որոշ չափով մեղմում իրենց ծայրահեղ ծանր կացությունը: Դիմելով մեզ՝ երիտասարդ կինը հույս է փայփայում, որ կլինի իրենց օգնող բարի ձեռք:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ