ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Արարատի մարզում
Երեկ ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Մասիս գյուղի վարչական տարածքում բախվել են Toyota Land Cruiser մակնիշի 31 ՍQ 333 համարանիշի եւ Վազ 2109 մակնիշի 33 TՍ 756 համարանիշի ավտոմեքենաները: Վարորդները 1 ժամ սպասել են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, ի՞նչ է լինում, երբ երաշխավորը հրաժարվում է վճարել վարկի ամսական մարման գումարը: Այսինքն՝ ո՞վ է պարտավորվում վճարել այն։ Արդյոք տվյալ գործն անցնում է դատարան։ Եվ կցանկանայի իմանալ, երաշխավորը կարո՞ղ է հրաժարվել այդ վարկից։
Միսակ Դավթյան (33 տարեկան, մենեջեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի պարտատիրոջ առջեւ պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար: Վարկառուի հետ լինելով համապարտ պարտապան Վարկառուի կողմից վարկային պայմանագրով ստանձնած վարկային պարտավորությունների համար՝ Երաշխավորը նույնպես պատասխանատվություն է կրում վարկային պարտավորությունների կատարման համար: Տեղեկացնում ենք նաեւ, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Պարտավորությունը կատարած երաշխավորին են անցնում այդ պարտավորությամբ պարտատիրոջ իրավունքները եւ պարտատիրոջ՝ որպես գրավառուի պատկանող իրավունքներն այն ծավալով, որով երաշխավորը բավարարել է պարտատիրոջ պահանջը: Երաշխավորն իրավունք ունի նաեւ պարտապանից պահանջել հատուցելու պարտատիրոջը վճարած գումարի տոկոսներն ու պարտապանի փոխարեն պատասխանատվությունը կրելու կապակցությամբ իր կրած այլ վնասները: Այսինքն՝ պարտատիրոջ պահանջները կատարած երաշխավորը հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում պարտապանի նկատմամբ իր կատարածի չափով:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նման անախորժ պատմությունների մեջ չհայտնվելու եւ ավելորդ գումարներ չվատնելու համար, ցանկալի է, որ յուրաքանչյուր քաղաքացի նախքան պարտավորությունների ստանձնումը մանրակրկիտ ձեւով հաշվարկի բոլոր ռիսկերը:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, գյուղատնտեսական ապրանքների վաճառքի դեպքում հնարավո՞ր է արդյոք ՀԴՄ չկիրառել, թե՞ դա պարտադիր է անգամ այս պարագայում։
Անդրանիկ Գեւորգյան (52 տարեկան, գյուղատնտես)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Գեւորգյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել «ՀԴՄ կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի զ ենթակետի, ըստ որի՝ կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներ կատարելիս կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չէ առեւտրի իրականացման վայրերում (առեւտրի կենտրոններում, սպառողական ապրանքների շուկաներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, տոնավաճառներում եւ ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերում) գտնվող բաց վաճառասեղաններից գյուղատնտեսական արտադրանքի եւ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառքի մասով:
Հայաստանի Հանրապետության հարկային ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ քաղաքացու նշած դեպքում ՀԴՄ-ների կիրառումը պարտադիր չէ. լավ է, որ գործում են բացառություններ եւ որոշ դեպքերում շարքային քաղաքացիներն ազատվում են այս «ծանր» բեռից։