Ընկերոջս աղջկա հետ սիրային կապ չունեմ. Պոլիտեխնիկի ռեկտորը` սեքս-սկանդալի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկու օր է` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, Երևանի ավագանու անդամ Հովհաննես Թոքմաջյանը գտնվում է ողջ համացանցի, ավելին` հանրապետության ուշադրության կենտրոնում:

Ավելորդ չհամարելով` նշենք, որ Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը հայտնվել է սեքս-սկանդալի կենտրոնում: Համացանցում տարածվել է բուհի աշխատակցուհիներից մեկի հետ նրան վերագրվող ֆեյսբուքյան մի նամակագրություն ՝ գռեհիկ բառապաշարով, ինտիմ զրույցներով:

Այդ երկխոսության ընթացքում ակնարկ կա նաև մեկ այլ աշխատակցուհու հետ ռեկտորի ունեցած սիրային կապի մասին: Զրույցում տեղ են գտել գռեհիկ արտահայտություններ՝ ուղղված կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին:

Armlur.am-ի հետ զրույցում նույնպես, բնականաբար, ռեկտորի պաշտոնակատարը հերքեց տարածված լուրերն իր մասին` վստահեցնելով, որ այս ամենը հերյուրանք է իր անձի նկատմամբ:

Հովհ. Թոքմաջյանը փոխանցեց, որ իր ընկերոջ դստեր հետ, ում մասին խոսվում է լուրերում, նման բան լինել չէր կարող: Եվ ընդհանրապես, ում մասին էլ խոսքը լիներ, ինքը որևէ կնոջ հետ այդ կերպ չէր խոսի:

«Իմ նմատմամբ լիքը մարդ կարար էդպիսի բան աներ: Գործով այս պահին զբաղվում է 6-րդ վարչությունը: Մանրամասների մասին բոլորդ էլ կիմանաք: Մի՛ սպասեք, որ ես իմ արածների մասին բարձրաձայնեմ: Ինչքան սարքեր բերեցի սպորտ կոմպլեքսի համար, դպրոցների համար դրամահավաք կազմակերպեցի, շատ բան եմ արել, ինչը շատերին դուր չի գալիս, ու էդ մարդիկ ուզում են, որ Պոլիտեխնիկը մնա ճահճի մեջ»,- վստահորեն ասաց ռեկտորի պաշտոնակատարը:

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ իր նկատմամբ իրականացվող հերյուրանքների պատճառը նաև այն է, որ Պոլիտեխնիկն ավելի առողջ մթնոլորտում է գործում, այնտեղ առավել գրագետ է վարվեցողությունը, ինչը ևս շատերի սրտով չէ:

«Փաստորեն հետամուտ եմ լինելու, որպեսզի այս ամենը բացահայտվի, քանի որ իրականությանը չի համապատասխանում: Շատերին եմ կասկածում այս ամենում, սակայն անուններ նշել չեմ կարող. քննությունն ամեն ինչ կպարզի»,- ասաց Հովհաննես Թոքմաջյանը:

Վերջինիս խոսքերով` ինքն այս պահին ֆեյսբուքյան իր էջ մտնել չի կարողանում, քանի որ այն գտնվում է իրավապահների հսկողության տակ, սակայն երբ արդեն կարողանա մտնել, ի ցույց աշխարհի կներկայացնի, թե ինչպիսի երկխոսություն է եղել իր և ընկերոջ դստեր միջև: Բոլորը կտեսնեն, որ իր հետ վարչության պետ Ռուզաննա Հայրապետյանը մեծ պատկառանքով է խոսել, անգամ պարոնով է դիմել, իսկ խոսակցությունը եղել է զուտ աշխատանքային բնույթի:

Ռեկտորի պաշտոնակատարը վստահեցրեց, որ մարդիկ նպատակ ունեն նաև Ռ. Հայրապետյանին վարկաբեկելու:




Լրահոս