Գյումրիում պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա շուրջ 3500 անօթևան ընտանիքների շարքում կան նաև այլ մարզերից Գյումրի տեղափոխված և տնակներում ապրող հարյուրավոր ընտանիքներ: Այդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու որևէ ծրագիր դեռևս նախատեսված չէ և անհայտ է, թե քանի տարի ևս նրանք կարող են գոյատևել խոնավ և վաղուց շարքից դուրս եկած ժամանակավոր կացարաններում:
Տնակային ավաններ մեր կատարած այցելություններն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գրեթե յուրաքանչյուր նման ծանր պայմաններում ապրող ընտանիքում կան խրոնիկական հիվանդությամբ տառապող երեխաներ, ինչն անշուշտ նաև բնակկոմունալ և կենցաղային վատ պայմանների ուղղակի հետևանքն է:Այդպիսի կարգավիճակում են հայտնվել նաև Գյումրու Կոշտոյան 231/356 տնակում 9 անձով բնակվող Դրմեյանների ընտանիքը: Ընտանիքի անդամներից 4-ը անչափահաս են: Նախկինում այս ընտանիքը բնակվել է Արմավիրի մարզում: Ընտանիքի մոր` Ալինա Դրմեյանի խոսքերով, նրանց ավագ դուստրը փոքր հասակում տառապել է ալերգիկ հիվանդությամբ, ինչն առավել սրացել է Արմավիրում: Հիմնականում այդ պատճառով, դեռևս 12 տարի առաջ նրանք տեղափոխվել են Գյումրի, որտեղ գնել են տնակ և բնակվում են մինչ օրս: Երկու տարի առաջ նրանք մեծ դժվարությամբ կարողացել են հաշվառվել Գյումրու այդ տնակի հասցեում, ինչը հնարավորություն է տվել նրանց օգտվել սոցիալական նպաստից: Դրմեյանների ընտանիքի ավագ որդին` 22-ամյա Ալբերտը, 2 տարի առաջ, բանակից զորացրվելուց անմիջապես հետո մեկնել է Ռուսաստան արտագնա աշխատանքի: Ընտանիքի մայրը նշեց, որ որդին չի ցանկանում վերադառնալ` տնակում նույնիսկ քնելու տեղ չունենալու պատճառաբանությամբ: