Երևանում կանցկացվի «Գրական տապան» միջազգային փառատոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 18-28-ը Երևանը կվերածվի միջազգային գրականության յուրօրինակ հարթակի: «Գրական տապան» ամենամյա փառատոնի շրջանակներում Հայաստան կայցելի 15 գրող՝ աշխարհի 13 երկրներից: Համաշխարհային գրականությունը ներկայացնող հյուրերը կմասնակցեն մասնագիտական քննարկումների, կհանդիպեն հայաստանյան բուհերի ուսանողների հետ, իրենց փորձն ու պատկերացումները կկիսեն ժամանակակից հայ գրողների հետ:

Այս տարի «Գրական տապանի» մասնակիցները կուղևորվեն նաև Արցախ, ուր ևս նախատեսված են բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ:

Փառատոնի ծրագրից կարելի է առանձնացնել սեպտեմբերի 27-ին նախատեսված միջոցառումներից մեկը: Հայ դասական երաժշտության հայր, բանաստեղծ, բանահավաք, ազգագրագետ, երաժշտագետ, խմբավար և մանկավարժ Կոմիտաս Վարդապետի ծննդյան օրը համաշխարհային գրականության ներկայացուցիչները կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ կմիանան «100 հազար պոետ՝ հանուն փոփոխության» նախաձեռնությանը՝ արվեստի միջոցով աշխարհը փոխելու վճռականությամբ:

Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս «Գրական տապանը» անակնկալներ է պատրաստել հայ ընթերցողների համար: Փառատոնի այս տարվա առանցքային հյուրերից են լեհ հանրաճանաչ գրող Յանուշ Լեոն Վիշնևսկին և բրիտանացի Մեգ Ռոսոֆը:

Փառատոնի շրջանակներում «Կասկադ» համալիրում կցուցադրվի Մ. Ռոսոֆի ստեղծագործության հիման վրա նկարահանված «Ինչպես եմ ապրում հիմա» ֆիլմը:




Լրահոս